Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունը
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


14:16

Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունը

Երբ դառնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը, Իր քավության միջոցով Նա մեզ փրկում է կյանքի փոթորիկներից։

Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունն այն դժվարություններից, որոնց մենք բախվում ենք այս կյանքում։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ինձ հանձնարարեց նվիրագործել Կասպերի (Վայոմինգ) տաճարը անցյալ տարվա վերջին։ Դա խոր, հուզական և հոգևոր փորձառություն էր։ Այն հստակեցրեց տաճարների դերը Փրկչի Քավության միջոցով Աստծո զավակների փրկության գործում։

Կասպերի (Վայոմինգ) տաճարի շրջանում գտնվող ցցերը ներառում են ցամաքային ճանապարհի մի հատված, որով 1847-1868 թվականների ընթացքում անցել էին վերջին օրերի ռահվիրաները։ Տաճարի նվիրագործմանը նախապատրաստվելիս ես որոշ բաներ վերընթերցեցի Կասպերի մոտ գտնվող Պլատե գետի մոտով անցնող և մինչև Սոլթ Լեյք Սիթի ձգվող ճանապարհի պատմությունից։ Արևմտյան հարյուր հազարավոր գաղթականների համար այդ ճանապարհը փոխադրման ուղի էր։ Իմ հիմնական շեշտը ավելի քան 60000 վերջին օրերի ռահվիրա սրբերն էին, որոնք անցան այդ ճանապարհով։

Մեր ռահվիրաներից շատերը սայլերով եկան, սակայն մոտ 3000-ը եկան ձեռնասայլերի 10 խմբերով։ Ձեռնասայլերի այս խմբերից ութը հոյակապ ճամփորդություն կատարեցին՝ նշանակալից հաջողությամբ և քիչ զոհերով։ 1856 թվականին Վիլլի և Մարթին ձեռնասայլերի խմբերը բացառություններ էին։

Ես վերանայեցի Վիլլի և Մարթին ձեռնասայլերի խմբերի պատմությունները այն պահից, երբ սկսվեցին եղանակային սարսափելի պայմանները: Ես մոտիկից ծանոթացա այն դժվարություններին, որոնց նրանք բախվեցին Սվիթվոթր գետով, Մարթինի ծովախորշով, Ռոքի լեռնեզրով և Ռոք Քրիք հովիտով անցնելիս։

Ձեռնասայլերով տեղափոխվող ռահվիրաները ձյան մեջ

Փոթորիկների միջև, Էլբին Վեսելկա

Նախքան նվիրագործումը՝ ես Կասպերի տաճարի ներսում չէի եղել։ Երբ մտա նախամուտք, անմիջապես ուշադրությունս գրավեց ձեռնասայլի ինքնատիպ մի նկար, վերնագրված՝ Between Storms [Փոթորիկների միջև]։ Ակնհայտ էր, որ նկարը պատահած դժբախտությունները ներկայացնելու միտում չուներ։ Նկարին սևեռվելիս մտածեցի․ «Այս նկարը ճիշտ է, ձեռնասայլերով ռահվիրաների մեծամասնությունը ողբերգություններ չի ապրել»։ Ես զգացի, որ սա ընդհանուր առմամբ նման է կյանքին: Երբեմն մենք փոթորիկների միջև ենք, երբեմն էլ՝ ամպերի ու արևաշողի։

Սվիթվոթր գետը

Երկնքի նախամուտք, Ջիմ Վիլքոքս

Երբ շրջվեցի դեպի մյուս պատի բնօրինակ նկարը՝ վերնագրված Heaven’s Portal [Երկնքի նախամուտք], ես հասկացա, որ այս գեղեցիկ ամառային նկարը, որը կոչվում էր «Սատանայի դարպաս», որի միջով հոսում էր հանդարտ ու պարզ Սվիթվոթր գետը, ներկայացնում էր Տիրոջ արարչության գեղեցկությունը, այլ ոչ միայն այն մարտահրավերները, որոնց բախվեցին ռահվիրաները այդ սարսափելի ձմռանը:

Ապա նայեցի առաջ՝ երաշխավորագրի գրասեղանի հետնամասին, և տեսա Փրկչի մի գեղեցիկ նկար։ Սա անմիջապես առաջ բերեց երախտագիտության մեծ զգացում: Հրաշալի գեղեցկության այս աշխարհում կան նաև վիթխարի մարտահրավերներ։ Երբ դառնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը, համաձայն Հոր ծրագրի՝ Իր քավության միջոցով Նա մեզ փրկում է կյանքի փոթորիկներից։

Ըստ իս, նախամուտքը կատարյալ նախապատրաստություն էր տաճարային արարողությունների սենյակների համար, որոնք մեզ թույլ են տալիս ստանալ վեհացման արարողությունները, սրբազան ուխտեր կապել, և լիովին ստանալ ու զգալ Փրկչի քավության օրհնությունները։ Հոր երջանկության ծրագիրը հիմնված է Փրկչի քավիչ փրկության վրա։

Ռահվիրաների փորձառությունը վերջին օրերի սրբերին ապահովում է յուրահատուկ պատմական ավանդույթով և հզոր հավաքական հոգևոր ժառանգությունով։ Ոմանց համար գաղթը տարիներով շարունակվում էր այն բանից հետո, երբ նրանք բռնի կերպով տեղահանվեցին Միսսուրիից և Նավուից: Մյուսների համար այն սկսվեց, երբ նախագահ Բրիգամ Յանգը հայտարարեց ձեռնասայլերի ծրագրի մասին, որը միտված էր ավելի մատչելի դարձնելու արտագաղթը։ Ձեռնասայլերն ավելի էժան էին, քան սայլերն ու եզները։

Անգլիայից Միլեն Աթվուդ անունով մի միսիոներ ասել է, որ երբ ձեռնասայլերի ծրագիրը հայտարարվեց, «այն տարածվեց՝ ինչպես կրակը չոր հարդի մեջ, և աղքատ Սրբերի սրտերը ցնծությունից և ուրախությունից դողացին»։ Շատերն «օր ու գիշեր աղոթել և ծոմ էին պահել, որ լեռներում գտնվող իրենց եղբայրներին և քույրերին միանալու արտոնությունն ունենան»։

Ձեռնասայլերով Սրբերի մեծ մասը դժվարություններ կրեց, բայց խուսափեց հիմնական անբարենպաստ իրադարձություններից։ Սակայն ձեռնասայլերի երկու խումբ՝ Վիլլի ու Մարթին խմբերը տեսան սով, սառնամանիք և շատ զոհեր ունեցան։

Այս ճամփորդներից շատերը 1856 թվականին երկու նավով նավարկել էին Անգլիայի Լիվերպուլ քաղաքից։ Հունիսին և հուլիսին նրանք հասան Այովա քաղաքի ձեռնասայլերի կայանը։ Չնայած նախազգուշացումներին՝ երկու խմբերն էլ շատ ուշ ճանապարհ ընկան դեպի Սոլթ Լեյքի հովիտ։

Նախագահ Բրիգամ Յանգն այս խմբերի վտանգավոր իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացավ 1856 թվականի հոկտեմբերի 4-ին։ Հաջորդ օրը Սոլթ Լեյք Սիթիում նա կանգնեց Սրբերի առաջ և ասաց․ «Մեր եղբայրներից և քույրերից շատերը հարթավայրերում են՝ ձեռնասայլերով, … և նրանք պետք է այստեղ բերվեն, մենք պետք է օգնություն ուղարկենք նրանց … նախքան ձմռան սկսվելը»։

Նա եպիսկոպոսներին խնդրեց տրամադրել 60 ջորիներով թիմեր, 12 և ավելի սայլեր, 12 տոննա (10886 կգ) ալյուր և բացականչեց, «Գնացեք և բերեք այդ մարդկանց, որ հիմա հարթավայրերում են»։

Վիլլի և Մարթին ձեռնասայլերով խմբերի ռահվիրաների ընդհանուր թիվը շուրջ 1100 էր։ Այս թանկագին Սրբերից շուրջ 200-ը ճանապարհին մահացան։ Առանց ժամանակին հասած փրկության ավելի շատերը կմահանային։

Ձմեռային փոթորիկները սկսվեցին գրեթե երկու շաբաթ անց այն օրից, երբ առաջին փրկարարները հեռացան Սոլթ Լեյք Սիթիից։ Վիլլի և Մարթին խմբերի անդամների պատմությունները նկարագրում են կործանարար մարտահրավերներ՝ փոթորիկները սկսվելուց հետո։ Այդ պատմությունները նկարագրում են նաև մեծ ուրախությունը, երբ փրկարարները ժամանեցին։

Նկարագրելով ժամանման տեսարանը՝ Մերի Հուրենն ասել է․ «Տղամարդկանց այտերից արցունքները վար էին հոսում, իսկ երեխաները ուրախությունից պարում էին։ Հենց որ մարդիկ կարողացան կառավարել իրենց զգացմունքները, բոլորը ծնկի եկան ձյան մեջ և շնորհակալություն հայտնեցին Աստծուն»։

Երկու օր անց Վիլլի խումբը պետք է անցներ ճանապարհի ամենադժվար հատվածը՝ Ռոքի լեռնեզրը՝ սառնամանիքի և բուքի միջով։ Նրանցից վերջինը միայն հաջորդ օրը առավոտյան ժամը 5-ին միացավ ճամբարին։ Տասներեք մարդ մահացավ և թաղվեց մեկ ընդհանուր գերեզմանում։

Նոյեմբերի 7-ին Վիլլի խումբը մոտենում էր Սոլթ Լեյքի հովտին, բայց այդ առավոտյան ևս մահվան երեք դեպք ունեցան։ Երկու օր անց Վիլլի խումբը վերջապես հասավ Սոլթ Լեյք, որտեղ նրանց ջերմորեն ողջունեցին և տեղավորեցին Սրբերի տներում։

Այդ նույն օրը Մարթին խումբը դեռ ճանապարհին էր՝ 325 մղոն (523 կմ) հետ, շարունակելով տառապել ցրտից ու անբավարար սննդից։ Դրանից օրեր առաջ նրանք անցել էին Սվիթվոթր գետը, որպեսզի հասնեին այժմ Մարթինի ծովախորշ կոչող վայրը, որտեղ հույս ունեին պաշտպանություն գտնել բնության տարերքից։ Ռահվիրաներից մեկն ասել է․ «Դա արշավախմբի ամենավատ գետային անցումն էր»։ Փրկարարներից ոմանք, ինչպես իմ նախապապ Դեյվիդ Փաթեն Քիմբալը, որն ընդամենը 17 տարեկան էր, իր պատանի ընկերներ «Ջորջ Վ․ Գրանթի, Ալեն Հանթինգթոնի, Ստիվեն Թեյլորի և Այրա Նեբեկերի հետ ժամեր է անցկացրել սառը ջրում», հերոսաբար օգնելով խմբին անցնել Սվիթվոթր գետը։

Մինչ այս պատմությունը շատ ուշադրության արժանացավ, փրկարարների մասին ավելին իմանալու ընթացքում ես հասկացա, որ նրանք բոլորը հետևում էին մարգարեին և վճռական դեր էին խաղում հարթավայրերում մնացած Սրբերի փրկության գործում։ Ինչպես բոլոր արտագաղթողները, բոլոր փրկարարները ևս հերոսներ էին։

Ուսումնասիրելով նրանց պատմությունը՝ ես գնահատեցի արտագաղթողների միջև եղած թանկագին կապերը և երկարատև հավերժական տեսլականը։ Ջոն և Մարիա Լինֆորդները և իրենց երեք որդիները Վիլլի խմբի անդամներ էին։ Ջոնը մահացավ առաջին փրկարարների ժամանելուց ժամեր առաջ։ Նա Մարիային ասաց, որ ուրախ էր, որ սկսել են այդ ճանապարհորդությունը։ «Ես չեմ ապրի մինչև Սոլթ Լեյք հասնելը,- ասել է նա,- բայց դու և տղաները կհասնեք, և ես չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել ենք, եթե մեր տղաները կարողանան մեծանալ և ընտանիքներ կազմել Սիոնում»։

Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը հրաշալիորեն ամփոփում է տվել․ «Ձեռնասայլերով ռահվիրաների հերոսական ջանքերից մենք կարող ենք մեծ ճշմարտություն սովորել։ Բոլորը պետք է անցնեն զտիչի կրակի միջով, և մեր կյանքի աննշանն ու անկարևորը թափթփուկի նման կհալվեն, և մեր հավատքը պայծառ, անձեռնմխելի և ամուր կդառնա։ Թվում է, որ բոլորի համար կա տագնապ, վիշտ և հաճախ հուսահատություն, ներառյալ նրանց, ովքեր անկեղծորեն ձգտում են ճիշտը գործել և լինել հավատարիմ։ Սակայն սա մաքրման մի մասն է, որպեսզի ծանոթանանք Աստծո հետ»։

Հավերժություն հղկող Իր քավությամբ և հարությամբ Փրկիչը բոլորի համար կոտրեց «մահվան կապանքները՝ հաղթանակ տանելով մահվան դեմ»։ Նրանց համար, ովքեր ապաշխարել են մեղքերից, Նա «իր վրա [է վերցրել] նրանց անօրինությունը և նրանց օրինազանցությունները, [փրկագնելով] նրանց և [բավարարելով] արդարադատության պահանջները»։

Առանց քավության մենք չենք կարող ինքներս մեզ փրկել մեղքից և մահից։ Մինչ մեղքը կարող է նշանակալի դեր ունենալ մեր փորձություններում, կյանքի դժբախտությունները բաղկացած են սխալներից, վատ ընտրություններից, մյուսների չար գործողություններից և մեր տիրապետումից դուրս գտնվող շատ բաներից։

Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկն ուսուցանում է․ «Երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա քավությանը, Նա կարող է օգնել մեզ դիմանալ մեր փորձություններին, հիվանդություններին և ցավին: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի քավության միջոցով»։

Զատիկի այս տոներին մեր ուշադրությունը կենտրոնացած է Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վրա։ Քավությունը հույս ու լույս է տալիս, երբ կյանքը շատերի համար մութ ու մռայլ է թվում: Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին հայտարարել է, «Երբ ամբողջ պատմությունը քննվում է, ․․․ չկա ոչինչ այնքան հրաշալի, այնքան վեհաշուք, այնքան վիթխարի, որքան շնորհի այս գործը»։

Ես կիսում եմ երեք առաջարկություններ, որոնք, իմ կարծիքով, հատկապես տեղին են մեր օրերի համար:

Առաջին՝ մի թերացեք անելու ամեն բան ձեր ուժերի սահմաններում, որպեսզի փրկեք ուրիշներին ֆիզիկական և հատկապես հոգևոր դժվարություններից։

Երկրորդ՝ երախտագիտությամբ ընդունեք Փրկչի քավությունը։ Մենք բոլորս պետք է ձգտենք ուրախություն և երջանկություն ցուցաբերել, նույնիսկ՝ կյանքի դժվարություններին բախվելիս։ Մեր նպատակը պետք է լինի լավատեսորեն ապրել փողոցի արևոտ կողմում։ Ես նկատել եմ, որ իմ թանկագին կողակիցը՝ Մերին, այդպես է անում իր ողջ կյանքի ընթացքում։ Ես շնորհակալ եմ նրա խանդավառ, ոգևորիչ մոտեցման համար, նույնիսկ՝ տարիների ընթացքում խնդիրների բախվելիս։

Իմ երրորդ խորհուրդն է՝ հետևողականորեն ժամանակ հատկացնել՝ հավատարմորեն խորհելու Փրկչի Քավության մասին: Դա անելու բազմաթիվ եղանակներ կան մեր անձնական կրոնական արարողակարգում։ Ինչևէ, հաղորդության ժողովին հաճախելը և հաղորդությունից ճաշակելը առանձնահատուկ կարևոր են։

Հավասարապես կարևոր է հաճախակի տաճար հաճախելը, որտեղ որ հնարավոր է։ Տաճարն ապահովում է շարունակական հիշեցում Փրկչի Քավության և այն մասին, թե ինչ է այն հաղթահարել։ Եվ, նույնիսկ ավելի կարևոր է, որ տաճար հաճախելը մեզ թույլ է տալիս ապահովել հոգևոր փրկություն մեր մահացած սիրելիների և հեռու նախնիների համար։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեր վերջին համաժողովի ժամանակ շեշտել է այս սկզբունքը և ավելացրել, «[Տաճարային] օրհնությունները նաև օգնում են պատրաստել մի ժողովուրդ, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին»։

Մենք երբեք չպետք է մոռանանք մեր նախորդ սերնդի զոհաբերություններն ու օրինակները, բայց փառաբանությամբ, գնահատանքով և պաշտելով պետք է կենտրոնանանք աշխարհի Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վրա։ Ես վկայում եմ, որ Հոր երջանկության ծրագրի բանալին մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից գործված քավությունն է։ Նա ապրում և առաջնորդում է Իր Եկեղեցին: Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունն այն դժվարություններից, որոնց մենք բախվում ենք այս կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Կասպերի (Վայոմինգ) տաճարը նվիրագործվեց 2024 թվականի նոյեմբերի 24-ին։

  2. Վիլլի և Մարթին խմբերի և նրանց հասած դժբախտությունների մասին ես տեղեկացա, երբ դեռ շատ երիտասարդ էի։ Իմ նախապապ Դեյվիդ Փաթեն Քիմբալը Սոլթ Լեյք հովիտից մեկնող թիմի մասն էր, որին նախագահ Բրիգամ Յանգն ուղարկեց փրկելու այս Սրբերին։ (Տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 237։)

  3. Albin Veselka, Between Storms, original painting in the Casper Wyoming Temple (see “Casper Wyoming Temple Open House Commences,” Newsroom, Aug. 26, 2024, newsroom.ChurchofJesusChrist.org).

  4. «Ամպի և արևաշողի ժամին, Տեր մնա ինձ հետ»: (“Abide with Me!,” Hymns, no. 166).

  5. Jim Wilcox, Heaven’s Portal, original painting in the Casper Wyoming Temple (see “Casper Wyoming Temple Open House Commences,” newsroom.ChurchofJesusChrist.org).

  6. Joseph Brickey, Risen Hope, giclée of original painting (see “Casper Wyoming Temple Open House Commences,” newsroom.ChurchofJesusChrist.org).

  7. Տես William G. Hartley, “The Place of Mormon Handcart Companies in America’s Westward Migration Story,” The Annals of Iowa, vol. 65, nos. 2, 3 (Spring/Summer 2006), 107–9։

  8. Millen Atwood, “Account of His Mission,” Deseret News, Nov. 26, 1856, 300; cited in Andrew D. Olsen and Jolene S. Allphin, Follow Me to Zion: Stories from the Willie Handcart Pioneers (2013), xi.

  9. Հոջեթս և Հանթ սայլերի խմբերը ճամփորդում էին Մարթին ձեռնասայլերի խմբի մոտով և նույնպես պետք է փրկվեին:

  10. Վիլլի խմբի մեծ մասը եկել էր Անգլիայի Լիվերպուլ քաղաքից Թորնթոն նավով 1856թ․ մայիսի 4-ին։ Մարթին խմբի մեծ մասը եկել էր Անգլիայի Լիվերպուլ քաղաքից Հորիզոն նավով 1856թ․ մայիսի 25-ին։

  11. Տես «Handcart Camp Dedicated in Iowa as Historic Site», Church News, օգտ․ 9, 1980, 3, 5։

  12. Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252; punctuation modernized.

  13. Բրիգամ Յանգ «Remarks», 252:

  14. Տես Olsen and Allphin, Follow Me to Zion, 217։

  15. Mary Hurren, in Olsen and Allphin, Follow Me to Zion, 131.

  16. 1994 թվականի հուլիսի 23-ին նախագահ Գորդոն Բ. Հինքլին նվիրագործեց Rock Creek Hollow հուշարձանը և տուրք մատուցեց այն հավատարիմ Սրբերին, որոնք մահացան Ռոքի լեռնեզրով արշավի ժամանակ (տես Julie Dockstader Heaps, “Trail of Handcart Pioneers Sanctified by Sacrifice,” Church News, July 30, 1994, 8–9, 11): Նախագահ Ռոբերտ Սկոտ Լորիմերն ուղեկցում էր նախագահ Հինքլիին նվիրագործման ժամանակ։ Որպես Ռիվերթոն Վայոմինգ ցցի նախագահ՝ նա առանցքային դեր խաղաց ողբերգության միջով անցածների պատմական և հոգևոր գործողությունները բացահայտելու և վերահսկելու գործում:

  17. Տես James G. Willie emigrating company journal, Nov. 7, 1856, Church History Library, Salt Lake City։

  18. Ջոն Ջաքեզ, «Some Reminiscences», «Salt Lake Daily Herald», դեկ․ 15, 1878, 1։

  19. Saints, 2:237. Իմ պապ Քրոզիերը՝ Դեյվիդ Փաթենի որդին, ինձ կարևոր դասեր է ուսուցանել։ Նա նշել է, որ Դեյվիդը հետևում էր մարգարեին, և մենք պետք է հետևենք մարգարեի խորհրդին մեր օրերում։

  20. John Linford, in Golden C. Linford, Linford Family Heritage (1995), 214; see also Val Parrish, “President’s Message,” Pioneer, vol. 71, no. 3 (Fall 2024), 1.

  21. James E. Faust, in “Faith in Every Footstep: The Epic Pioneer Journey” (video presentation in general conference, Apr. 6, 1997), Ensign, May 1997, 63.

  22. Մոսիա 15․8։

  23. Մոսիա 15․9, տես նաև Ալմա 34․16։

  24. Տես Ալմա 22․12–15:

  25. Քարոզիր Իմ Ավետարանը. Ուղեցույց Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու համար (2023), 56:

  26. Gordon B. Hinckley, “The Wondrous and True Story of Christmas,” Liahona, Dec. 2000, 4.

  27. President Thomas S. Monson both taught and lived the rescue principle (see Teachings of Presidents of the Church: Thomas S. Monson [2020], 67–76).

  28. Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ․ 2024, 121։