Հավերժության մեծ պարգևները՝ Հիսուս Քրիստոսի քավությունը, հարությունը, վերականգնումը
Զատիկի ժամանակ մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի մեջ խաղաղություն, փոփոխություն, պատկանելություն՝ այն, ինչ հավետ իրական է, ուրախ, երջանիկ և հավերժ։
Տարիներ առաջ մեր վաղ առավոտյան ավետարանի դասարանն անգիր էր սովորում աստվածաշնչյան հատվածներ։ Բնականաբար, ես նախընտրում էի կարճ հատվածները։ Դրանցից է Հովհաննես 11.35-ը՝ ամենակարճ հատվածը սուրբ գրություններում, ընդամենը երկու բառ՝ «Հիսուսն արտասվեց»։
Այն, որ Հիսուսն արտասվում է վշտի և ուրախության ժամանակ, վկայում է ինձ հրաշալի իրականության մասին՝ Աստծո սուրբ Որդին եկավ մահկանացու կյանք և իմացավ ըստ մարմնի, ինչպես ընդմիշտ լինել մեզ հետ և օրհնել մեզ։
Երբ մենք արտասվում ենք վշտից կամ ուրախությունից, Հիսուս Քրիստոսը հոյակապ հասկանում է։ Նա կարող է ներկա լինել այն պահերին, երբ մենք ամենաշատն ունենք հավերժության մեծ պարգևների կարիքը՝ Հիսուս Քրիստոսի քավության, հարության և վերականգնման։
Մարիամը և Մարթան արտասվում են իրենց եղբայր Ղազարոսի համար, որը մահացավ։ Հիսուսի գութը շարժվում է և Նա արտասվում է։ Նա կենդանացնում է Ղազարոսին։
Հիսուսը տեսնում է Երուսաղեմը Պասեքի նախօրեին։ Նա արտասվում է՝ չկարողանալով հավաքել Իր ժողովրդին, ինչպես հավն իր ճտերին։ Այսօր Նրա քավությունը տալիս է մեզ հույս, երբ վշտանում ենք այն բանի համար, ինչ կարող էր լինել։
Այգու Տերն արտասվում է, երբ հարցնում է Իր ծառաներին, որոնք կարող ենք լինել նաև մենք, որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, «Էլ ի՞նչ կարող էի ես անել իմ այգու համար»։
Մարիամը խուճապահար կանգնած է գերեզմանի մոտ։ Հիսուսը հարցնում է քնքշությամբ՝ «Ինչո՞ւ ես լալիս»։ Նա գիտի, որ «գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն»: Հարության միջոցով արշալույս կբացվի բոլորին։
Մորմոնի Գրքում, երբ հավատարիմ բազմությունը գալիս է Հիսուսի մոտ, Նրա ցնծությունը լիակատար է։ Նա արտասվում է։
«Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:
Եվ երբ նա արեց այս, նա կրկին արտասվեց»:
Այսպիսին է Զատիկը Հիսուս Քրիստոսում՝ Նա արձագանքում է մեր սրտի ցանկություններին և մեր հոգու հարցերին։ Նա սրբում է մեր արտասուքը՝ թողնելով միայն ուրախության արցունքները։
Երբ արտասվում ենք, երբեմն ներողություն ենք խնդրում, ամաչում։ Բայց գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հասկանում է կյանքի ցավն ու ուրախությունը, կարող է տալ մեզ ուժ, որը մեր ուժերից վեր է, երբ անցնում ենք կյանքի դառը և քաղցր ժամանակներով։
Հարավային Ամերիկայում մի հայր է լալիս։ Իր կյանքի մի փայլը՝ իր փոքր աղջիկը, մահացել է։ «Ամեն ինչ կտայի նրան կրկին տեսնելու համար»,- լալով ասում է նա իմ ձեռքերում։ Ես նույնպես լալիս եմ։
Պուեբլա Մեքսիկա տաճարի նվիրագործման ժամանակ երջանկության արցունքները թրջում են մի սիրելի քրոջ դեմքը։ Նրա դիմագծերը ճառագայթում են հավատք և զոհաբերություն։ Նա ասում է, «Todos mis hijos están aquí en el templo hoy»՝ «Իմ բոլոր երեխաներն այսօր այստեղ են՝ տաճարում»։ Սերունդների հավաքը Տիրոջ տանը բերում է ուրախության և երախտագիտություն արցունքներ։
Քաղաքացիական դաժան պատերազմում ընտանիքները և հերևանները անասելի բաներ են անում միմյանց համար։ Դառը արցունքները դանդաղորեն տեղ են տալիս հույսին։ Դողացող ձայնով գյուղաբնակ մի կին ասում է․ «Հարևա՛ն, գերեզման գնալուց առաջ ուզում եմ, որ դու իմանաս, թե որտեղ գտնես քո ընտանիքի կորած անդամներին»։
Մի պայծառ հարս և գեղեցիկ փեսա կնքվում են Տիրոջ տանը։ Հարսը 70 տարեկան է, ինչպես և փեսան։ Գեղեցիկ հարսնացուն արժանիորեն սպասել է այս օրվան: Նա համեստորեն այս ու այն կողմ է թափահարում իր հարսանեկան զգեստը։ Մենք ուրախությունից արտասվեցինք։ Աստծո խոստումներն իրականանում են։ Նրա ուխտերն օրհնություններ են բերում։
Մի այրի քրոջ համար տնային ուսուցման ժամանակ երիտասարդ Բոյդ Ք. Փաքերը մի նրբազգաց դաս սովորեց։ Ամուսնու հետ տարաձայնությունից հետո քույրը վերջին վիրավորական խոսքը հնչեցրեց։ Այդ օրը անսպասելի վթարը խլեց նրա ամուսնու կյանքը։ «Հիսուն տարի»,- լացեց այրին,- «ես ապրել եմ դժոխքում՝ իմանալով, որ վերջին բառերը, որոնք նա լսել է իմ շուրթերից, այդ դառը ու չար խոսքերն էին»։
Զատիկը Հիսուս Քրիստոսում օգնում է մեզ նորոգել, հաշտեցնել, ուղղել մեր հարաբերությունները վարագույրի երկու կողմերում։ Հիսուսը կարող է բուժել վիշտը, Նա կարող է տալ ներման հնարավորություն։ Նա կարող է ազատել մեզ և ուրիշներին այն բաներից, որոնք մենք կամ նրանք ասել կամ արել ենք, որոնք այլ կերպ տանում են մեզ գերության։
Զատիկը Հիսուս Քրիստոսում թույլ է տալիս մեզ զգալ Աստծո հավանությունը։ Այս աշխարհն ասում է, որ մենք չափազանց բարձրահասակ ենք, ցածրահասակ ենք, լայն ենք, նեղ ենք, բավականաչափ խելացի չենք, գեղեցիկ կամ հոգևոր չենք։ Հիսուս Քրիստոսում մենք կարող ենք փախչել հյուծիչ կատարելության ակնկալիքից։
Զատկի ուրախությամբ մենք երգում ենք՝ «Մարդն ազատ է, մահն հաղթված, Հիսուսն հաղթող հռչակված»: Քրիստոսի հարությունն ազատում է մեզ մահից, ձեռք բերած թուլություններից և ֆիզիկական անկատարությունից։ Հիսուս Քրիստոսի քավությունը վերականգնում է մեզ նաև հոգևորապես։ Նա արյունահոսեց ամեն մի ծակոտիից, արյուն-արցունք թափեց, որ պարգևի մեզ փախուստ մեղքից և բաժանումից։ Նա վերամիավորում է մեզ, փրկված և սրբագործված, միմյանց և Աստծո հետ։ Հիսուս Քրիստոսը առատորեն վերականգնում է և նախկինը, և այն, ինչ մենք կարող ենք դառնալ։
Հիսուսի կյանքը և լույսը վկայում են Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին։ Քանի որ մեր Հայր Աստված սիրում է Իր բոլոր զավակներին ամեն դարաշրջանում և երկրում, մենք տեսնում ենք Նրա սիրառատ հրավերը բազմաթիվ ավանդություններում և մշակույթներում՝ գալու և խաղաղություն ու ուրախություն գտնելու Նրանում։ Որտեղ, երբ և ով էլ լինենք, մենք նույն աստվածային ինքնությունն ունենք, որպես նույն Արարչի զավակներ։ Նմանապես, իսլամի, հուդայականության, քրիստոնեության հետևորդները կրոնական ժառանգություն ունեն հայր Աբրահամից և ուխտյալ կապ՝ Հին Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների միջոցով։
Հայր Աբրահամը եկավ Եգիպտոս և օրհնվեց։
Հովսեփը՝ ստրկության վաճառված Եգիպտոս, գիտեր, որ փարավոնի երազը նշանակում էր յոթ տարի առատություն, որին հետևելու էր յոթ տարի սով։ Հովսեփը փրկեց իր ընտանիքը և իր ժողովրդին։ Հովսեփը լաց եղավ, երբ տեսավ Աստծո ավելի մեծ ծրագիրը, որտեղ բոլոր բաները միաժամանակ գործում են նրանց բարիքի համար, ովքեր պահում են իրենց ուխտերը։
Եգիպտոսում, փարավոնի տանը մեծացած Մովսեսը, ստացավ և հետագայում վերականգնեց Աստծո զավակների հավաքման բանալիները։
Իրագործելով մարգարեությունը՝ Հովսեփը, Մարիամը և մանուկ Քրիստոսը ապաստան գտան Եգիպտոսում։ Կահիրեում բարեպաշտ մի մահմեդական ակնածանքով ասում է․ «Ղուրանը սովորեցնում է, որ Հովսեփը, Մարիամը և մանուկ Հիսուսն ապաստան գտան իմ երկրում։ Իմ երկրում փոքրիկ Հիսուսը կերավ մեր կերակուրից, արեց Իր առաջին քայլերը, ասաց Իր առաջին բառերը։ Այստեղ՝ իմ երկրում, մենք հավատում ենք, որ ծառերը վայր էին խոնարհվում Նրան և Նրա ընտանիքին պտուղ տալու համար։ Այն, որ Նա եղել է իմ երկրում, օրհնել է մեր ժողովրդին և երկիրը»։
Աստծո բարոյական և մահկանացու կամքի ազատության ծրագիրը մեզ թույլ է տալիս սովորել մեր սեփական փորձով: Մեր կյանքի որոշ ամենամեծ դասերը մենք ստանում ենք այն բաներից, որոնք մենք երբեք չէինք ընտրի։ Սիրով, Հիսուս Քրիստոսը վայր իջավ բոլոր բաներից ցած և վեր բարձրացավ բոլոր բաներից վեր։ Նա ուրախանում է մեր աստվածային ունակություններով՝ ստեղծարարությամբ, ցնծությամբ, բարությամբ՝ առանց վարձատրության հույսի, հավատքով ի ապաշխարություն և ներում։ Երկինքները, երկնքի Աստվածը և Քրիստոսը վշտով լաց են լինում մեր մարդկային ահռելի տառապանքների, դաժանության, անարդարության պատճառով, որոնք հաճախ մարդկային ընտրության արդյունք են։
Զատկի գարնանային բոլոր տոները վկայում են, որ հոգևոր հաջորդականությունը և համընկնումը Հիսուս Քրիստոսի միջոցով քավության, հարության և վերականգնման աստվածային օրինակի մի մասն են։ Այս սրբազան և խորհրդանշական համընկնումը պատահականություն կամ զուգադիպություն չէ։ Ծաղկազարդը, Սուրբ շաբաթը և Զատիկը Քրիստոսի քավության և հարության տոներ են։ Ինչպես այսօր, յուրաքանչյուր ապրիլի 6-ին, մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնադրումը և կազմավորումը։ Այս վերականգնումն է պատճառը, որ մենք հավաքվում ենք ամեն ապրիլ ամսվա առաջին կիրակի օրը գերագույն համաժողովում։
Վերականգնումը շարունակվեց, երբ հարություն առած Հիսուս Քրիստոսը, Մովսեսը, Եղիասը և Եղիան վերադարձրեցին քահանայության բանալիները և իշխանությունը նվիրագործված Կիրթլենդի տաճարում, Զատկի կիրակի օրը, 1836 թ.։ Այդ օրը Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցում վերականգնվեց Աստծո իշխանությունն ու օրհնությունները՝ հավաքելու Իր զավակներին, նախապատրաստելու Իր զավակներին վերադառնալու Իր մոտ և միավորելու ընտանիքները հավերժության համար: Այդ օրը վերականգնումը մարգարեության իրագործում էր՝ տեղի ունենալով և՛ Զատիկին, և՛ Պասեքին։
Վերջերս ես այցելեցի Օհայոյի սրբազան վայրեր, այդ թվում՝ Կիրթլենդի տաճար, որտեղ Մարգարե Ջոզեֆը և մյուսները տեսիլքում տեսան մեր Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Մարգարե Ջոզեֆը տեսավ, թե ինչպիսին է երկինքը։ Երկնքում Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսի միջոցով, «փրկում է իր ձեռքի բոլոր գործերը» փառքի արքայությունում։ Միակ բացառությունները նրանք են, ովքեր իրենց կամքով «ուրանում են Որդուն, այն բանից հետո, երբ Հայրը հայտնել է նրան»։
Երբ Նրա մահկանացու ծառայությունը սկսվեց, Հիսուսը հայտարարեց Իր առաքելությունը՝ օրհնել մեզանից յուրաքանչյուրին այն ամենով, ինչ մենք հոժար ենք ստանալ՝ ամեն ժամանակ, ամեն երկրում և ամեն հանգամանքում։ 40 օր ծոմ պահելուց հետո Հիսուսը գնաց ժողովարան և կարդաց հետևյալը. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու»:
Աղքատ, սրտով բեկյալ, գերի, կույր, հարստահարված՝ դա մենք բոլորս ենք։
Եսայիի գիրքը շարունակում է հույսի, ազատման, հավաստիացման մեսիական խոստումը․ «[Օծել է ինձ՝] Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն»։
Այսպիսով մենք բացականչում ենք՝ «Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ»:
Յուրաքանչյուր Զատկին մենք նշում ենք, որպես խորհրդանշական ամբողջություն, հավերժության մեծ պարգևները Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Նրա քավությունը, Նրա (և մեզ խոստացված) բառացի հարությունը, Նրա վերջին օրերի եկեղեցու վերականգնումը քահանայության բանալիներով և Աստծո բոլոր զավակներին օրհնելու իշխանությամբ: Մենք ցնծում ենք փրկության հանդերձով և արդարության պատմուճանով։ Մենք բացականչում ենք՝ «Ովսա՜ննա Աստծուն և Գառին»:
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Թող որ մեզանից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի քավության, հարության և վերականգնման մեջ խաղաղություն, փոփոխություն, պատկանելություն գտնի, գտնի այն, ինչ հավետ իրական է, ուրախ, երջանիկ և հավերժ։ Այս մասին եմ ես աղոթում Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ամեն։