Փայփայենք կյանքը
Կյանքը մեր Հոր կատարյալ ծրագրի ամենաթանկ մասն է, և Նրա հրամանով մենք փայփայում և պահպանում ենք կյանքը:
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոը մեզ ուսուցանել է․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Վերջերս Յուտայից մի եպիսկոպոս պատմեց ինձ, թե որքան շատ են իր ծխում սիրում մի երիտասարդ կնոջ և նրա ընտանիքին: Մի շարք հրաշալի իրադարձությունների միջոցով ծնողները որոշեցին վերադառնալ Փրկչի մոտ և Նրա Եկեղեցի: Այն ժամանակ, երբ նրանք հեռու էին Եկեղեցուց, նրանց դեռահաս դուստրը հանդիպում էր մի երիտասարդի հետ: Վերադառնալով՝ այս թանկագին դուստրը Երիտասարդ կանանց վկայության ժողովի ժամանակ անսահման սեր զգաց իր Երկնային Հոր կողմից: Նա որոշեց լիարժեք ապրել պատվիրաններով։ Նա գրել է. «Ես սկսեցի ապաշխարության գործընթացը իմ եպիսկոպոսի հետ»:
Շուտով նա սկսեց իրեն վատառողջ զգալ։ Նա պատմել է. «Թեստը ցույց տվեց … ես հղի էի: Ես … սկսեցի լաց լինել։ … Հայրս ինձ գրկեց և վստահեցրեց, որ ամեն ինչ լավ կլինի: … Ընկերս … խնդրեց ինձ ազատվել երեխայից: … Ես հրաժարվեցի»։
Հոգ տարեք կարիքավորների համար
Նա շարունակեց. «Ես մեծ սեր և աջակցություն ստացա մեր ծխի ընտանիքից: Այն պարուրել էր ինձ։ [Իմ] եպիսկոպոսը և Երիտասարդ կանանց նախագահը արեցին առավելագույնը՝ ցույց տալու իրենց սերն ու աջակցությունը: … Ես տեսա, թե ինչպես Աստծո ձեռքը … առաջնորդեց ինձ և իմ ընտանիքին … Նման ծուխն այն ընտանիքն է, որն անհրաժեշտ է բոլորին, հատկապես իմ կարգավիճակում գտնվող երիտասարդ կնոջը»:
Այդ կինը, նրա ընտանիքը և ծխի ընտանիքը սիրով ընդունեցին նրա փոքրիկ տղային այս անցած փետրվարին:
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին … ծառայելու կազմակերպված …ջանքերը, [սիրառատ բարությամբ ծառայելով] անհատին, ինչպես Նա ծառայեց»:
Արդարացի ընտրություններ
Երբ միայնակ կինը հայտնաբերում է, որ սպասում է չնախատեսված երեխայի, առողջության հետ կապված մտահոգությունները, հոգևոր ցնցումները, ամոթը, ֆինանսական խնդիրները, կրթական հարցերը, ամուսնության անորոշությունը և խորտակված երազանքների տխրությունը կարող են տարակուսանքի պահին խոհուն կնոջը մղել այնպիսի քայլերի, որոնք կբերեն խոր ցավ և զղջում:
Եթե ձեզանից որևէ մեկը զգացել է խոր ցավ և զղջում, հղիության արհեստական ընդհատում կատարելու կամ դրան մասնակից դառնալու արդյունքում, խնդրում ենք հիշել. չնայած մենք չենք կարող փոխել անցյալը, Աստված կարող է բուժել անցյալը: Ներումը կարող է գալ Նրա քավիչ շնորհի հրաշքի միջոցով, երբ դուք դիմեք Նրան խոնարհ և ապաշխարող սրտով:
Մահկանացու ծնունդի սուրբ էությանը հաճախ կցվում են երկու բառ՝ կյանք և ընտրություն: Կյանքը մեր Հոր կատարյալ ծրագրի ամենաթանկ մասն է, և Նրա հրամանով մենք փայփայում և պահպանում ենք կյանքը և ընտրում ենք սաղմի գոյության շարունակությունը: Մենք նաև թանկ ենք գնահատում բարոյական ազատ կամքի պարգևը, օգնելով ամրապնդել Աստծո կողմից հաստատված արդար ընտրությունները, որոնք բերում են հավերժական երջանկություն:
Երբ կինն ու տղամարդը այնպիսի փխրուն իրավիճակում են, որ կանգնած են վճռական ընտրության առաջ, մեր խոսքերը, ձեռքերը, սրտերը՝ հոգևոր, էմոցիոնալ և ֆինանսական առումով, կարող են օրհնել նրանց զգալ Փրկչի սերը և, ինչպես ասել է նախագահ Հենրի Բ․ Այրինգը, հստակեցնող պարզություն կտան նրանց հոգևոր աչքերին, սկսած այն բանից, ինչ «իրենք կարծում են, թե տեսնում են» մինչև այն, «ինչ իրենք դեռ չեն կարող տեսնել»:
Մահկանացու կյանքի վարդապետությունը
Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է․ «Վիժեցման հարցում մեր վերաբերմունքը հիմնված չէ բացահայտված գիտելիքների վրա, թե երբ է սկսվում մահկանացու կյանքը: … Մենք գիտենք, որ … Աստծո բոլոր հոգեղեն զավակները պետք է գան այս երկիր փառավոր նպատակի համար։ Անհատի ինքնությունը սկսվել է բեղմնավորումից շատ առաջ և կշարունակվի գալիք բոլոր հավերժություններում»:
Չծնվածների վերաբերյալ Տիրոջ խոսքը, տրված Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միջոցով, երբեք չի փոխվել և հաստատում է դարերի խորքից եկող մարգարեների խոսքերը՝ տալով աստվածային հստակություն այն բանին, ինչ Տերը խնդրել է մեզանից:
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատում է մարդկային կյանքի սրբությանը: Հետևաբար, Եկեղեցին դեմ է ընտրովի վիժեցմանը՝ անձնական կամ սոցիալական հարմարության համար, և խորհուրդ է տալիս անդամներին չդիմել վիժեցման, չկատարել, չխրախուսել, չվճարել դրա համար և չկազմակերպել դա:
[Տերը] հնարավոր բացառություններ է թույլ տալիս, … երբ.
-
Հղիությունը բռնաբարության կամ արյունապղծության արդյունք է:
-
Իրավասու բժիշկը որոշում է, որ մոր կյանքը կամ առողջությունը լուրջ վտանգի տակ է:
-
Իրավասու բժիշկը որոշում է, որ պտուղն ունի լուրջ արատներ, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծնունդից հետո»:
Առաջին Նախագահությունը շարունակում է․ «Վիժեցումը լրջագույն խնդիր է։ [Նույնիսկ այս հազվագյուտ իրավիճակներում] այն պետք է դիտարկվի միայն այն բանից հետո, երբ պատասխանատու անձինք աղոթքով ստանան հաստատում» և խորհրդակցեն ուրիշների հետ:
Երեսուն տարի առաջ Տիրոջ մարգարեները հռչակագիր տվեցին աշխարհին։ Այն պարունակում է հետևյալ խոսքերը.
«Մենք հայտարարում ենք … Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին:
Մենք հայտարարում ենք, որ երկրի վրա կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից: Մենք հաստատում ենք կյանքի սուրբ լինելը և նրա կարևորությունն Աստծո հավերժական ծրագրում»։
Դեռ չծնվածի կյանքը փայփայելն ու պաշտպանելը քաղաքական դիրքորոշում չէ: Դա բարոյական օրենք է, որը հաստատվել է Տիրոջ կողմից՝ Իր մարգարեների միջոցով:
Ավելի բաց խոսենք
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերի խոսքերը, ով ծառայել է Առաջին Նախագահությունում, հիանալի նկարագրում են մեր այսօրվա երիտասարդներին․ «Եկեղեցու երիտասարդները Հոգու բաների քաղց ունեն. նրանք փափագում են սովորել ավետարանը և ուզում են դա ազնվորեն, անաղարտորեն։ Նրանք ուզում են իմանալ …մեր համոզմունքները, նրանք ուզում են ձեռք բերել վկայություններ ճշմարտության մասին: Նրանք … ճշմարտության պրպտողներ, փնտրողներ են»: Եկեք մեր տներում, մեր երիտասարդների հետ և մեր Սփոփող միության և երեցների քվորումի ժողովներում ավելի հաճախ հավատքով և կարեկցանքով խոսենք Տիրոջ մաքրաբարոյության օրենքի, կյանքի սրբության և դեռևս չծնված երեխաների և նրանց մայրերի խնամքի մասին:
Մի սիրելի քույր ինձ գրել է տասնամյակներ առաջ ունեցած մի փորձառության մասին. «[17 տարեկան] հասակում ես հղիացա, իսկ ընկերս չաջակցեց ինձ։ Ես ամաչում և միայնակ էի զգում ինձ, [բայց] երբեք չմտածեցի [վիժեցման] մասին։ … Ինձ հետ էին իմ սիրող ընտանիքը և իմ եպիսկոպոսը, որոնց հետ ես կանոնավոր կերպով հանդիպում էի առաջնորդության համար: … Ես դիմեցի Աստծուն։ Ուսումնասիրում էի սուրբ գրություններն … ու աղոթում, [և] գտա ուժ իմ Փրկչի և ապաշխարության միջոցով։ … Ես ստացա [իմ աղոթքների պատասխանը,] ինչը ես չէի կարող հերքել։ … Մեծ ցավ էի զգում, բայց ես գիտեի, որ դստերս հանձնելու եմ որդեգրման։ … Ես աղոթեցի քաջության համար [և] հստակ զգացի Փրկչի սերը ապաշխարության միջոցով։ Ես գիտեմ, որ Աստված … պատասխանում է աղոթքներին և զորացնում է մեզ»:
Մի համերաշխ զույգ որդեգրեց թանկագին երեխային և ուսուցանեց նրան ավետարանը: Այժմ նա ամուսնացած է և ունի իր գեղեցիկ ընտանիքը:
Երբեմն, կյանքի պաշտպանությունը կարող է ուղեկցվել խորին ու տանջող անորոշությամբ:
Վերջերս մի երիտասարդ զույգ, որոնց ես ու Քեթին սիրում ենք, գրել են մեզ իրենց թանկագին երեխայի մասին, որին սպասում էին։
Հայրը գրել է. «[Երբ կինս] 10 շաբաթական հղի էր, մենք պարզեցինք, որ մեր հրաշք երեխան ունի տրիսոմիա 21 գենետիկ խանգարում, որը հայտնի է որպես Դաունի համախտանիշ: Մենք զգացինք ճնշում … բժիշկների կողմից` մտածելու հղիության դադարեցման մասին: Մի քանի շաբաթ անց մենք իմացանք, որ… մեր դեռևս չծնված երեխան … կունենար սրտի մի քանի վիրահատությունների կարիք իր կյանքի առաջին տարում: Այդ ընթացքում, երբ մենք ջերմեռանդորեն աղոթում էինք աստվածային օգնության համար, … մենք զգացինք, որ Հոգին մխիթարում է մեզ: Մենք ստացանք հայտնություն և հասկացողություն, որ մեր դուստրը Երկնային Հոր ազնվագույն զավակն է և ունի մեր ընտանիքում լինելու և երկիր գալու մեծ ցանկություն»:
Փոքրիկի մայրը գրել է. «[Մենք] ցնցված, շփոթված և լիովին հուսալքված էինք նորություններից: … Երբ 14 շաբաթական հղի էի, մենք պարզեցինք, որ մեր երեխան ուներ սրտի բազմաթիվ արատներ, որոնք կարող էին մահացու լինել: Մենք հանդիպեցինք անթիվ բժիշկների և մասնագետների հետ հղիության 10-18 շաբաթներում։ … Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մեզ հարցնում էին՝ արդյոք ցանկանում ենք շարունակել հղիությունը, թե՞ ընդհատել: … Փրկիչը բժշկեց իմ սիրտը և տվեց ինձ խաղաղության զգացում մեր փոքրիկ աղջկա մասին: … [Երկնային Հայրը] կրկին ու կրկին ցույց է տվել ինձ, որ Նա կատարյալ ծրագիր ունի ինձ համար [և] ես վստահում եմ Նրան»:
Նրանք ոգևորությամբ ընդունեցին իրենց փոքրիկ աղջկան ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Նրանք միմիանց էին պատկանում հավիտյան։
Անվեհեր հավատքը և բացառիկ քաջությունը Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշ հատկանիշներն են:
Հավատքի նշանակալից օրինակ
Տարիների ընթացքում ես արտոնություն եմ ունեցել հանդիպելու տղամարդկանց և կանանց, ովքեր խոնարհաբար ձգտել են վերադառնալ ուխտի ճանապարհին և իրենց քահանայության ու տաճարային օրհնություններին՝ իրենց անդամությունը կորցնելուց շատ տարիներ անց:
Մի անգամ ես պետք է հարցազրույց անցկացնեի մի մարդու հետ Առաջին Նախագահության անունից՝ նրա քահանայության և տաճարային օրհնությունների վերականգնման համար:
Սուրբ տաճարում իր ամուսնությունից և երեք հրաշալի երեխաներ ունենալուց հետո տղամարդը դավաճանել էր կնոջը և դրժել իր սուրբ ուխտերը: Ամուրի կինը հղիացավ և ցանկացավ վիժեցում կատարել։
Ամուսնու սուրբ կինը աղաչեց կնոջը, որ ունենա երեխային և խոստացավ, որ կմեծացնի նրան իր զավակների հետ:
Միայնակ կինը մտածեց ու համաձայնեց չընդհատել հղիությունը։
Անցել է տասը տարի։ Իմ դիմաց նստած խոնարհ քույրը սիրեց տղային հարազատ որդու պես։ Նա պատմել է ինձ իր ամուսնու ջանքերի մասին՝ փոխհատուցելու, սիրելու ու հոգ տանելու իր ու ընտանիքի համար: Մինչ նա խոսում էր, հայրը լաց էր լինում։
Ինչպե՞ս կարող էր Աստծո այս ազնվագույն կինն ընդունել երեխային, որը կարող էր ամեն օր հիշեցնել իր ամուսնու անհավատարմության մասին: Ինչպե՞ս։ Որովհետև նա ուժ գտավ Հիսուս Քրիստոսի միջոցով և հավատաց կյանքի սուրբ լինելուն։ Նա գիտեր, որ չծնված երեխան Աստծո զավակ է՝ անմեղ և մաքուր:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ամբողջ աշխարհում չծնված երեխաների հանդեպ սիրո պակասը խիստ մտահոգիչ է: Աստված փայփայում է կյանքը: Նրա գործը և փառքն է՝ իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մենք փայփայում ենք կյանքը։ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Եկեք ավելի առատորեն կիսենք մեր սերը նրանց հետ, ովքեր մեր կարիքն իսկապես շատ ունեն: Ես սիրում եմ ձեզ և մեր Երկնային Հայրը սիրում է երկիր եկող Իր զավակներն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: