Գերագույն համաժողով
Ակնածանք դրսևորենք սրբազան թեմաների հանդեպ
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


14:49

Ակնածանք դրսևորենք սրբազան թեմաների հանդեպ

Եղբայրներ և քույրեր, սրբության հանդեպ ակնածանքը խթանում է իսկական երախտագիտությունը, ընդլայնում է իսկական երջանկությունը, մեր միտքը տանում դեպի հայտնություն և ավելի մեծ ուրախություն է բերում մեր կյանքին:

Ելք գրքում մենք Մովսեսի հետ ճամփորդում ենք դեպի Քորեբ լեռան լանջերը, որտեղ նա հաճախ շեղվում էր իր ամենօրյա հոգսերից․ մի բան, որ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք անել՝ տեսնելու այրվող թուփը, որը չի սպառվել: Երբ նա մոտեցավ․ «Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց: «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց: «Ահա ես այստեղ եմ»: Աստված ասաց, … հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։ Մեծ ակնածանքով, խոնարհությամբ և զարմանքով Մովսեսը հանեց իր կոշիկները և պատրաստվեց լսելու Տիրոջ խոսքը և զգալու Նրա սուրբ ներկայությունը:

Այդ սուրբ լեռնային Աստվածահայտնությունը՝ ակնածանք ներշնչող զարմանալի մի փորձառություն, կապեց Մովսեսին իր աստվածային ինքնության հետ և, իրականում, հանդիսացավ խոնարհ հովիվից հզոր մարգարեի նրա փոխակերպման հիմնական տարրը, որը նրան առաջնորդեց գնալ կյանքի նոր ուղիով: Նմանապես, մեզանից յուրաքանչյուրը կարող է վերափոխել մեր աշակերտությունը հոգևորության ավելի բարձր օրինաչափության՝ ակնածանքի առաքինությունը դարձնելով մեր հոգևոր բնավորության սուրբ մասը:

Ակնածանք բառի հիմքը լատիներեն revereri բայն է, որը նշանակում է «վախենալ»։ Ավետարանի իմաստով այս սահմանումը միախառնվում է խոր հարգանքի, սիրո և երախտագիտության զգացումի կամ վերաբերմունքի հետ: Ովքեր ունեն փշրված սիրտ և խոր նվիրվածություն Աստծուն ու Հիսուս Քրիստոսին, սրբության նման արտահայտությունը նրանց հոգիներում խթանում է աճող ուրախությունը:

Սրբազան բաների հանդեպ ակնածանքը կենսական հոգևոր հատկության ամենամեծ դրսևորումն է. դա սրբության հետ մեր կապի արդյունքն է և արտացոլում է մեր սերը Երկնային Հոր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, նաև մեր հոգևոր մերձեցումը նրանց հետ: Դա նաև հոգու ամենասուրբ և հոգևոր փորձառություններից մեկն է: Նման առաքինությունն ուղղորդում է մեր մտքերը, սրտերը և կյանքը դեպի Աստվածություն: Իրականում, ակնածանքը պարզապես հոգևորության մի կողմ չէ, այլ դրա էությունն է՝ այն հիմքը, որի վրա կերտվում է հոգևորությունը՝ ստեղծելով անձնական կապ աստվածայինի հետ, ինչպես ուսուցանվում է մեր երեխաների կողմից այս երգում․ «Երբ ես խոնարհվում եմ, ես իմ սրտում գիտեմ՝ Երկնային Հայրը և Հիսուսը մոտ են»:

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, հրավիրված ենք մեր կյանքում զարգացնելու ակնածանքի պարգևը, որպեսզի բաց լինենք Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ավելի խոր հաղորդակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով մեր հոգևոր բնավորությունը: Եթե մենք ավելի շատ նման զգացումներ ունենայինք մեր սրտերում, ապա, անկասկած, ավելի մեծ ուրախություն և բերկրանք կլիներ մեր կյանքում, և ավելի քիչ տեղ կմնար վշտի և տխրության համար: Մենք պետք է հիշենք, որ սուրբ բաների հանդեպ ակնածանք ցուցաբերելը իմաստ է տալիս մեր առօրյա շատ գործողություններին և ուժեղացնում մեր երախտագիտության զգացումը` ակնածանք, հարգանք և սեր ներշնչելով ավելի բարձր և ավելի սուրբ բաների հանդեպ:

Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սուրբ բաների հանդեպ ակնածանք ցուցաբերելը գնալով ավելի հազվադեպ է դառնում: Իրականում, աշխարհը ողջունում է անհարգալից և անլուրջ վերաբերմունքը, ինչպես վկայում է ամսագրի, հեռուստատեսային ծրագրի կամ ինտերնետի ցանկացած ուսումնասիրություն: Սրբության հանդեպ հարգանքի բացակայությունը առաջացնում է վերաբերմունքի աճող անփութություն և վարքագծի անզգուշություն, ինչը կարող է մի սերնդի արագորեն հասցնել անտարբերության, իսկ հաջորդ սերնդին տանել դեպի թշվառություն։

Ակնածանքի բացակայությունը կարող է նաև մեզ հեռացնել այն կապերից, որոնք ապահովում են Աստծո հետ կնքված ուխտերը և նվազեցնում Աստվածության առաջ պատասխանատվության զգացումը: Հետևաբար, մենք հանդգնում ենք հոգ տանել միայն մեր հարմարավետության մասին՝ բավարարելով մեր անվերահսկելի ցանկություններն ու մղումները և, ի վերջո, հասնում ենք՝ սուրբ բաները, անգամ Աստծուն, և, հետևաբար, որպես Երկնային Հոր զավակներ մեր աստվածային էությունն արհամարհելու անսուրբ կետին: Սրբազան բաների հանդեպ ակնածանքի բացակայությունը առաջ է մղում հակառակորդի նպատակները՝ խաթարելով հայտնության մեր զգայուն ուղիները, որոնք վճռորոշ են մեր օրերում՝ մեր հոգևոր գոյատևման համար:

Սրբության հանդեպ ակնածանքի իմաստն ու կարևորությունը լավ ուրվագծված է սուրբ գրություններում: Վարդապետություն և Ուխտերում մի օրինակ, կարծես, ցույց է տալիս, որ Հոր և Որդու հանդեպ արտահայտվող այդ ակնածանքը նրանց հիմնական արժանիքն է կամ հատկանիշը, ովքեր հասնում են սելեստիալ արքայությանը։

Որպես եկեղեցի, մենք ձգտում ենք Հորը և Որդուն վերաբերվել առավելագույն սրբությամբ և հարգանքով՝ բոլոր առումներով, ներառյալ այն, թե մենք ինչպես ենք պատկերում Նրանց նկարներում: Սուրբ Հոգու առաջնորդությունը վճռորոշ բաղադրիչ է՝ որոշելու, թե այդ պատկերներն ինչպես պետք է արտացոլեն Հոր և Որդու սուրբ էությունը, բնավորությունը և աստվածային հատկությունները: Մենք զգուշորեն խուսափում ենք այնպիսի տարրերի պատկերումից, որոնք կարող են շեղել մեզ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ու նրանց ուսմունքների վրա կենտրոնանալուց, ներառյալ այն, թե մենք ինչպես ենք կիրառում տեխնոլոգիայի կողմից առաջարկվող առաջադեմ գործիքները, ինչպիսին է արհեստական բանականության (ԱԲ) օգտագործումը՝ բովանդակության և պատկերներ ստեղծելու համար:

Այս նույն սկզբունքը կիրառվում է Եկեղեցու պաշտոնական հաղորդակցման ուղիներով հասանելի տեղեկատվության ցանկացած աղբյուրի նկատմամբ: Յուրաքանչյուր դաս, գիրք, ձեռնարկ և ուղերձ խնամքով մշակվում և հաստատվում է Հոգու ղեկավարությամբ, որպեսզի համոզվենք, որ մենք պահպանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի սուրբ առաքինությունը, արժեքներն ու չափանիշները: Եկեղեցու չափահաս երիտասարդներին ուղղված վերջին ուղերձում երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Հոգևորության և տեխնոլոգիայի բարդ խաչմերուկում կողմնորոշվելու համար վերջին օրերի սրբերը պետք է խոնարհությամբ և աղոթքով (1) բացահայտեն ավետարանի այն սկզբունքները, որոնք կարող են առաջնորդել արհեստական բանականության օգտագործումը, և (2) անկեղծորեն ձգտեն ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունն ու հայտնության հոգևոր պարգևը»։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան էլ որ ժամանակակից տեխնոլոգիան դարձել է բարդ, պարզապես չի կարող նմանակել այն հարգանքն ու ակնածանքը, որն արտահայտվում է Սուրբ Հոգու ազդեցությունից ծնված ակնածանքի մեջ: Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, պետք է զգույշ լինենք և չթուլացնենք մեր կապը Աստծո և Նրա Որդու հետ՝ ոչ պատշաճ կերպով օգտագործելով ԱԲ-ի ստեղծած բովանդակությունն ու պատկերները: Մենք պետք է հիշենք, որ ժամանակակից տեխնոլոգիական «մարմնի բազկին» ապավինելը ոչ բավարար և անբարեկիրթ փոխարինողն է ոգեշնչումին, դաստիարակությանն ու վկայությանը, որը կարելի է ստանալ միայն Սուրբ Հոգու զորությամբ: Ինչպես Նեփին ասաց. «Ով Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան: Ես իմ վստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա»։

Մեկ այլ հայտնության մեջ Մարգարե Ջոզեֆ Սմիթին հրահանգվեց, որ Տիրոջ համար կառուցված տաճարները պետք է լինեն Նրա հանդեպ ակնածանքի վայր։ Իր ծառայության ընթացքում մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խստորեն ընդգծել է մեր ակնածալից երկրպագությունը սուրբ տաճարում։ Տիրոջ տանը մեզ սովորեցնում են Հոր և Որդու սուրբ ներկայությունը մտնելու մասին: Ես միշտ ուսանելի և նույնիսկ ոգեշնչող եմ համարել, որ առաջին բաներից մեկը, որ մենք անում ենք տաճար մտնելիս և այնտեղ սուրբ արարողություններին պատրաստվելիս, մեր կոշիկները հանելն է և մեր սպիտակ հագուստը հագնելը: Եթե մենք Մովսեսի նման նպատակային լինենք, կարող ենք գիտակցել, որ մեր աշխարհիկ կոշիկները հանելը՝ սուրբ հողի վրա ոտք դնելու և ավելի բարձր ու սուրբ ձևերով կերպարանափոխվելու սկիզբն է:

Եղբայրներ և քույրեր, մենք կարիք չունենք բարձրանալու լեռան գագաթը, ինչպես Մովսեսը, որպեսզի բացահայտենք ակնածանքը սուրբ բաների հանդեպ, և մեր աշակերտությունը հասցնենք հոգևորության ու նվիրվածության ավելի բարձր մակարդակի: Օրինակ՝ մենք կարող ենք գտնել այն, երբ ձգտում ենք պաշտպանել մեր տան միջավայրը աշխարհիկ ազդեցություններից: Սա կարող է իրականացվել՝ անկեղծորեն և ջերմեռանդորեն աղոթելով Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով և ձգտելով ավելի լավ ճանաչել մեր Փրկչին սուրբ գրություններում և մեր մարգարեների ուսմունքներում՝ Աստծո խոսքի ջանասեր ուսումնասիրության միջոցով: Բացի այդ՝ նման հոգևոր վերափոխումը կարող է տեղի ունենալ, երբ մենք ձգտում ենք պատվել ուխտերը, որոնք կապել ենք Տիրոջ հետ՝ ապրելով պատվիրաններով: Այդ ջանքերը մեր սրտերին հանգստություն և վստահ խաղաղություն կբերեն: Նման գործողությունների վրա կենտրոնանալն անկասկած կարող է օգնել մեր տները վերածել հոգևոր ապաստանի պատկառելի վայրերի՝ հավատքի անձնական սրբավայրերի, որտեղ բնակվում է Հոգին, ինչն էլ շատ նման է Մովսեսի լեռան վրա ունեցած փորձառությանը:

Մենք կարող ենք նաև զգալ նման հոգևոր վերափոխում, երբ հավատարմությամբ մասնակցում ենք Եկեղեցու երկրպագության ծառայությանը, նաև, երբ մեր սրտերը ներդաշնակեցնում ենք Տիրոջ հետ՝ սուրբ օրհներգերի մեր անկեղծ երգեցողության միջոցով: Ինչպես Մովսեսն էր շրջվում աշխարհիկ շեղումներից, մենք՝ սուրբ պահին ոչ ներդաշնակ որևէ բանից, հատկապես մեր բջջային հեռախոսներից շրջվելով, կարողանում ենք մեր ողջ ուշադրությունը դարձնել հաղորդությունը ճաշակելուն՝ մեր մտքերն ու սրտերը կենտրոնացած Փրկչի ու Նրա քավիչ զոհաբերության վրա՝ մեր ուխտերի հետ միասին: Հաղորդության նման կենտրոնացումը կխթանի Փրկչի հետ մեր հաղորդակցության՝ ակնածանքով նորոգվող պահը և Հանգստության օրը կդարձնի բերկրանք ու կփոխի մեր կյանքը:

Ի վերջո, մենք կարող ենք զգալ այս հոգևոր փոփոխությունը մեր աշակերտության մեջ, երբ կանոնավոր կերպով երկրպագենք Տիրոջ տանը սարի վրա՝ մեր սուրբ տաճարներում, և ձգտենք ապրել ուխտի վստահությամբ, հատկապես, երբ բախվում ենք մահկանացու կյանքի փորձություններին:

Ես և կինս անձամբ զգացել ենք ակնածալից սուրբ լեռնային պահեր, երբ ձգտել ենք կիրառել այդ սկզբունքները մեր կյանքում, ինչը նշանակալիորեն վերափոխել է մեր աշակերտության էությունը: Հիշում եմ, կարծես երեկ լիներ։ Ես քայլում էի գերեզմանոցով, նախքան մեր երկրորդ երեխայի թաղումը, որը վաղաժամ ծնվել էր և ողջ չէր մնացել, մինչ կինս դեռ ապաքինվում էր հիվանդանոցում։ Հիշում եմ, թե ինչպես էի ջերմեռանդորեն և ակնածանքով աղոթում Աստծուն և օգնություն խնդրում՝ այդ դժվարին փորձությունը հաղթահարելու համար: Անմիջապես ես իմ սրտում ստացա հստակ և հզոր հոգևոր հավաստիացում. ամեն ինչ լավ կլինի մեր կյանքում, եթե ես և կինս համբերենք՝ կառչելով այն ուրախությունից, որը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուց: Այն, ինչ թվում էր անհաղթահարելի ու տխուր մարտահրավեր այն ժամանակ, վերածվեց սուրբ, ակնածալից և նշանակալից փորձառության, որն օգնել է պահպանել մեր հավատքը և վստահություն է տվել Տիրոջ հետ կապած ուխտերին, և իմ ու ընտանիքիս տրված Նրա խոստումներին:

Եղբայրներ և քույրեր, սրբերի հանդեպ ակնածանքը խթանում է իսկական երախտագիտությունը, ընդլայնում է իսկական երջանկությունը, մեր միտքը տանում դեպի հայտնություն և ավելի մեծ ուրախություն է բերում մեր կյանքին: Այն մեր ոտքերը դնում է սուրբ հողի վրա և բարձրացնում մեր սրտերը դեպի Աստվածությունը:

Ես վկայում եմ ձեզ, քանի դեռ մենք ձգտում ենք ներառել այդպիսի առաքինությունը մեր առօրյա կյանքում, մենք կկարողանանք ավելացնել մեր խոնարհությունը, ընդլայնել մեր հասկացողությունը Աստծո կամքի մասին և ամրապնդել մեր վստահությունը՝ Տիրոջ հետ կապած ուխտերի խոստումների հանդեպ: Ես վկայում եմ, որ երբ մենք ընդունում ենք սուրբ բաների հանդեպ ակնածանքի այս պարգևը, լինի դա Տիրոջ տան սարում, հավաքատանը, թե մեր տանը, մենք կլցվենք ապշեցուցիչ զարմանքով ու ակնածանքով, երբ կապվենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրո հետ: Ես ակնածանքով հայտարարում եմ այս ճշմարտությունները մեր Փրկչի և Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: