Գերագույն համաժողով
Ողորմածության ծրագիրը
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:6

Ողորմածության ծրագիրը

Տերը ողորմած է, իսկ մեր Երկնային Հոր փրկության ծրագիրն իսկապես ողորմածության ծրագիր է:

Մարգարեի հրավերը

Անցյալ ապրիլ ամսին, անմիջապես այն ուրախ լուրից հետո, որ եկեղեցին ձեռք է բերել Կիրթլենդի տաճարը, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց մեզ ուսումնասիրել Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքը, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր գրքի 109-րդ բաժնում։ Նվիրագործման աղոթքը, ինչպես ասաց նախագահ Նելսոնը, «ուսուցում է այն մասին, թե ինչպես է տաճարը հոգևորապես զորացնում ինձ և ձեզ՝ այս վերջին օրերում կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար»։

Վստահ եմ, որ 109-րդ բաժնի ձեր ուսումնասիրությունն առաջ բերեց ձեզ օրհնող մտքեր։ Այս երեկո ես կիսվում եմ մի քանի բանով, որոնք սովորեցի մեր մարգարեի հրավերին հետևելու շնորհիվ։ Խաղաղություն պարգևող իմ ուսումնասիրությունը հիշեցրեց ինձ, որ Տերը ողորմած է, և որ մեր Երկնային Հոր փրկության ծրագիրն իսկապես ողորմածության ծրագիր է:

Տաճարում ծառայող նորակոչ միսիոներներ

Ինչպես տեղյակ եք, «նոր կանչված միսիոներներին խրախուսվում է ստանալ տաճարային օժտում որքան հնարավոր է շուտ և այցելել տաճար այնքան հաճախ, որքան հանգամանքները թույլ են տալիս»։ Օժտում ստանալուց հետո, նրանք նաև «կարող են ծառայել որպես տաճարային ․․․ ծառայողներ միսիոներական ծառայությունը սկսելուց առաջ»։

Տաճարում անցկացրած ժամանակը մինչև միսիոներների պատրաստման կենտրոն մտնելը (ՄՊԿ) հրաշալի օրհնություն կարող է լինել նոր միսիոներների համար, քանի որ նրանք ավելին են իմանում տաճարային ուխտերի մասին, նախքան այդ ուխտերի օրհնությունների մասին աշխարհի հետ կիսվելը:

Բայց ուսումնասիրելով 109-րդ բաժինը՝ իմացա, որ տաճարում Աստված զորացնում է նոր միսիոներներին, իսկապես, մեզ բոլորիս՝ լրացուցիչ սուրբ ձևով։ Հայտնությամբ տրված նվիրագործման աղոթքում Ջոզեֆը խնդրեց, որ «երբ Քո ծառաները գնան Քո տնից վկայություն բերելու Քո անվան մասին», «բոլոր մարդկանց» «սրտերը» թող «փափկեն»՝ թե «երկրի մեծամեծների», թե «բոլոր աղքատների, կարիքավորների ու տառապյալների»։ Նա աղոթեց, որ «նրանց նախապաշարմունքները տեղի տան ճշմարտությանը, և Քո ժողովուրդը կարողանա շնորհ գտնել բոլորի աչքում. որ երկրի բոլոր ծայրերը կարողանան իմանալ, որ մենք՝ Քո ծառաները, լսել ենք Քո ձայնը, և որ Դու ես մեզ ուղարկել»։

Սա գեղեցիկ խոստում է նորակոչ միսիոների համար, որ նախապաշարմունքները «տեղի տան ճշմարտությանը», նրանք «շնորհ գտնե[ն] բոլորի աչքում» և աշխարհը իմանա, որ նրանք ուղարկված են Տիրոջ կողմից։ Մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, այդ նույն օրհնությունների կարիքն ունի։ Ի՜նչ օրհնություն կլիներ, եթե հարևանների և գործընկերների հետ շփվելիս սրտերը փափկեին։ Նվիրագործման աղոթքը չի բացատրում, թե ինչպես է տաճարում անցկացրած մեր ժամանակը փափկեցնելու ուրիշների սրտերը, բայց ես համոզված եմ, որ դա սերտ կապ ունի այն բանի հետ, թե ինչպես է Տիրոջ տանը ժամանակ անցկացնելը փափկեցնում մեր սրտերը՝ կենտրոնացնելով մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ողորմածության վրա։

Տերը պատասխանում է Ջոզեֆ Սմիթի՝ ողորմածություն ստանալու խնդրանքին

Երբ ես ուսումնասիրում էի Կիրթլենդի նվիրագործման աղոթքը, զարմացել էի, որ Ջոզեֆը կրկին ու կրկին ողորմածություն էր խնդրում՝ եկեղեցու անդամների, եկեղեցու թշնամիների, երկրի առաջնորդների, երկրի ղեկավարների, Երկրի ազգերի համար։ Եվ, շատ անձնապես, նա աղոթեց Տիրոջը, որ հիշի իրեն և ողորմած լինի իր սիրելի Էմմայի և իրենց զավակների հանդեպ։

Ի՞նչ էր զգում Ջոզեֆը, երբ մեկ շաբաթ անց՝ 1836 թ․ ապրիլի 3-ի Զատկի օրը, Կիրթլենդի տաճարում Փրկիչը հայտնվեց իրեն և Օլիվեր Քաուդերիին և, ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր գրքի 110-րդ բաժնում, ասաց. «Ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմածությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը»։ Ողորմածության այս խոստումը պետք է որ հատուկ նշանակություն ունենար Ջոզեֆի համար։ Եվ ինչպես նախագահ Նելսոնը սովորեցրեց անցած ապրիլ, այս խոստումը նաև «այսօր վերաբերում է յուրաքանչյուր նվիրագործված տաճարի»:

Ողորմածություն գտնել Տիրոջ տանը

Շատ եղանակներ կան, որոնցով յուրաքանչյուրս կարող ենք ողորմածություն գտնել Տիրոջ տանը: Սա ճշմարիտ է այն ժամանակից ի վեր, երբ Տերն առաջին անգամ պատվիրեց Իսրայելին կառուցել խորան և կենտրոնում դնել «քավությունը»։ Տաճարում մենք ողորմածություն ենք գտնում մեր կնքած ուխտերի շնորհիվ: Այդ ուխտերը, ի լրումն մկրտության ուխտի, կապում են մեզ Հոր և Որդու հետ և ավելի հասանելի դարձնում «հատուկ սերը և ողորմությունը, որը կոչվում է հեսեդ» եբրայերենում, ինչպես սովորեցրել է նախագահ Նելսոնը:

Մենք ողորմածություն ենք գտնում հավերժության համար մեր ընտանիքների հետ կնքվելու հնարավորության մեջ: Տաճարում մենք նաև ավելի հստակ ենք հասկանում, որ արարումը, անկումը, Փրկչի քավիչ զոհաբերությունը և մեր Երկնային Հոր ներկայություն կրկին մտնելու մեր կարողությունը՝ իրականում, փրկության ծրագրի յուրաքանչյուր մասը, ողորմածության դրսևորում է: Կարելի է ասել, որ փրկության ծրագիրը երջանկության ծրագիր է հենց այն պատճառով, որ այն «ողորմածության ծրագիր» է։

Ներում փնտրելը դուռ է բացում Սուրբ Հոգու համար

Ես երախտապարտ եմ 110-րդ բաժնում տրված գեղեցիկ խոստման համար, որ Տերը ողորմածությամբ կհայտնվի Իր տաճարներում: Ես նաև երախտապարտ եմ այն գիտելիքի համար, թե ինչպես Տերը ողորմածությամբ կհայտնվի, երբ մենք, Ջոզեֆի նման, ողորմածություն խնդրենք։

Ջոզեֆ Սմիթի՝ ողորմածություն ստանալու խնդրանքը 109-րդ բաժնում առաջին անգամը չէր, որի արդյունքում հայտնություն էր տրվել։ Սրբազան պուրակում երիտասարդ Ջոզեֆը աղոթում էր ոչ միայն իմանալու համար, թե որ եկեղեցին է ճշմարիտ, այլև, ըստ իրեն, «ողորմածություն էր աղերսում Տիրոջից, քանզի ուրիշ ոչ ոք չկար, ումից կարող [էր] ողորմածություն ստանալ»։ Նրա գիտակցումը, որ ողորմածության կարիք ունի, որը միայն Տերը կարող է տալ, օգնեց բացել երկնքի պատուհանները։ Երեք տարի անց Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆին այն բանից հետո, երբ Ջոզեֆի խոսքերով՝ ինքն «աղոթքով ու աղաչանքով դիմեց Ամենազոր Աստծուն՝ բոլոր մեղքերի ու անմտությունների թողության համար»։

Ողորմածության խնդրանքից հետո հայտնություն ստանալու այս օրինակը կրկնվում է սուրբ գրություններում։ Ենովսը լսեց Տիրոջ ձայնը միայն ներում խնդրելուց հետո: Լամոնի թագավորի հոր դարձի գալը սկսվում է նրա աղոթքով. «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար»: Մենք կարող ենք օրհնված չլինել այս նույն տպավորիչ փորձառություններով, բայց նրանց համար, ովքեր երբեմն դժվարանում են զգալ աղոթքի պատասխանները, Տիրոջ ողորմածությունը փնտրելը Սուրբ Հոգու վկայությունը զգալու ամենազորեղ միջոցներից մեկն է:

Աստծո ողորմածության մասին խորհելը հնարավորություն է տալիս Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալ

Նմանատիպ մի սկզբունք գեղեցիկ կերպով ուսուցանվում է Մորոնի 10.3–5-ում: Մենք հաճախ կրճատում ենք այս հատվածները, որպեսզի սովորեցնենք, որ անկեղծ աղոթքի միջոցով կարող ենք իմանալ, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Բայց այս կրճատման պատճառով մենք անտեսում ենք ողորմածության կարևոր դերը։ Լսեք, թե ինչպես է Մորոնին սկսում իր հորդորը․ «Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, … որ դուք հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ, Ադամի ստեղծումից ի վեր, մինչև ընդհուպ այն ժամանակը, երբ դուք կստանաք այս բաները, և կխորհեք այն ձեր սրտերում»:

Մորոնին հորդորում է մեզ ոչ միայն կարդալ այս բաները՝ արձանագրությունները, որոնք նա պատրաստվում էր կնքել, այլ նաև խորհել մեր սրտերում այն մասին, թե ինչ է բացահայտում Մորմոնի Գիրքը՝ «թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ»: Տիրոջ ողորմածության մասին խորհելն է, որ մեզ պատրաստում է «հարցնե[լ] Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն»:

Մորմոնի Գրքի մասին խորհելիս մենք կարող ենք հարցնել. Արդյո՞ք ճշմարիտ է, ինչպես սովորեցրել է Ալման, որ Աստծո ողորմածության ծրագիրը հավաստիացնում է, որ բոլոր մարդիկ, որոնք երբևէ ապրել են այս երկրի վրա, հարություն կառնեն, և բոլոր բաները պիտի «վերականգնվեն իրենց … կատարյալ կառուցվածքով»: Արդյո՞ք ճշմարիտ է Ամուղեկը, ասելով, որ Փրկչի ողորմածությունը բավարարում է արդարադատության բոլոր դաժան ու իրական պահանջները, որոնց համար այլապես մենք պարտադրված կլինեինք վճարելու, և փոխարենը «օղակում է [մեզ] ապահովության բազուկների մեջ»։

Արդյո՞ք ճշմարիտ է, ինչպես վկայել է Ալման, որ Քրիստոսը տանջվեց ոչ միայն մեր մեղքերի, այլ նաև մեր «ցավեր[ի] և չարչարանքներ[ի]» համար, որպեսզի «իմանա[ր] … ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»։ Իսկապե՞ս Տերը ողորմած է այնքան, ինչպես ուսուցանում էր Բենիամին թագավորը, որ որպես անվճար պարգև քավեց «նրանց մեղքերը, … որոնք մահացել են՝ չիմանալով Աստծո կամքն իրենց վերաբերյալ, կամ ովքեր անգիտակցորեն են մեղք գործել»։

Արդյո՞ք ճշմարիտ է, ինչպես ասել է Լեքին, որ «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն․ և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»։ Եվ արդյո՞ք իսկապես ճշմարիտ է, ինչպես Աբինադին վկայում է, մեջբերելով Եսային, որ Հիսուս Քրիստոսը «խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղության պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված»։

Մի խոսքով, արդյո՞ք Հոր ծրագիրը, ինչպես ուսուցանվում է Մորմոնի Գրքում, իսկապես այդքան ողորմած է։ Ես վկայում եմ, որ դա այդպես է, և որ Մորմոնի Գրքում ողորմածության վերաբերյալ խաղաղություն պարգևող և հուսադրող ուսմունքները ճշմարիտ են:

Այնուամենայնիվ, ես պատկերացնում եմ, որ ձեզանից ոմանք գուցե դժվարանում են, չնայած ձեր հավատարիմ ուսումնասիրությանը և աղոթքներին՝ իրականացնել Մորոնիի խոստումը, որ Երկնային Հայրը «կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»: Ինձ ծանոթ է այդ դժվարությունը, քանի որ զգացել եմ այն շատ տարիներ առաջ, երբ Մորմոնի Գրքի իմ առաջին երկու ընթերցումները անմիջապես և հստակ պատասխան չտվեցին իմ աղոթքներին:

Եթե դուք պայքարում եք, կարո՞ղ եմ ձեզ հրավիրել հետևել Մորոնիի խորհրդին՝ խորհելու այն բազմաթիվ ուղիների շուրջ, որոնցով Մորմոնի Գիրքն ուսուցանում է այն մասին, թե «որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ»: Հիմնվելով իմ փորձի վրա՝ ես հույս ունեմ, որ երբ դուք այդպես վարվեք, Սուրբ Հոգու խաղաղությունը կարող է մտնել ձեր սիրտը, և դուք կարող եք իմանալ, հավատալ և զգալ, որ Մորմոնի Գիրքը և այնտեղ ուսուցանվող ողորմածության ծրագիրը ճշմարիտ են։

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հոր ողորմածության մեծ ծրագրի և այն իրականացնելու Փրկչի պատրաստակամության համար: Ես գիտեմ, որ Նա ողորմածությամբ կհայտնի Իրեն Իր սուրբ տաճարում և մեր կյանքի բոլոր բնագավառներում, եթե մենք փնտրենք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ. Նելսոն․ «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 121։

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», 121։

  3. General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 24.5.1, Gospel Library.

  4. Ինչպես տաճարի բոլոր օրհնությունների դեպքում, այնպես էլ Աստծո այս օրհնությունների շնորհումը կախված է տաճարում կնքած ուխտերը պահելուց։ Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ․ 2022, 96․ «Ամեն ոք, ով ուխտ է կապում ․․․ տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը»:

    Որպես մեկ այլ օրինակ դիտարկենք Առաջին Նախագահության հայտարարությունը տաճարի հանդերձ կրելու վերաբերյալ «Երբ դուք պահեք ձեր ուխտերը, ներառյալ հանդերձը կրելու սուրբ արտոնությունը, ինչպես հրահանգված է նախնական արարողություններում, ձեզ ավելի շատ հասանելի կլինի Փրկչի ողորմությունը, պաշտպանությունը, ուժը և զորությունը» (General Handbook, 26.3.3.2, շեշտադրումն ավելացված է):

  5. Վարդապետություն և Ուխտեր 109․55-57։

  6. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ. 2024, 121-22․ «Ահա իմ խոստումը ձեզ. յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում: Դուք կզգաք Նրա ողորմությունը»։

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․34․ «Ողորմած եղիր այս ժողովրդի հանդեպ, և քանի որ բոլոր մարդիկ մեղանչում են, ներիր քո ժողովրդի օրինազանցությունները, և թող դրանք ջնջվեն հավիտյան»:

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․50:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․54: Ջոզեֆը նաև խնդրեց Տիրոջը «ողորմած լինե[լ] Հակոբի զավակների հանդեպ, որպեսզի Երուսաղեմը, այս ժամից ի վեր սկսի փրկագնվել. Եվ Դավթի տան վրայի գերության լուծն սկսի ջարդվել. Եվ Հուդայի զավակներն սկսեն վերադառնալ այն հողերը, որոնք դու տվել ես Աբրահամին՝ նրանց հորը» (Վարդապետություն և Ուխտեր 109․62-64

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․68:

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․69: Oxford English Dictionary բառարանը ողորմածությունը սահմանում է որպես «ներողամտություն և կարեկցանք, որը ցուցաբերվում է անզորության վիճակում գտնվող մարդուն» (“mercy,” oed.com)։ Ողորմածությունը, ինչպես շնորհը, Աստծո սիրո և բարության դրսևորումն է՝ Նրա հեսեդը։ Մինչ ողորմածությունը կենտրոնացած է մեր արժանի պատիժը ետ պահելու վրա, շնորհը, սովորաբար, վերաբերում է այն բանին, որ Աստված առանց մեր արժանիքները հաշվի առնելու՝ մեզ օրհնություններ է տալիս, որոնց մենք արժանի չենք։

  12. Վարդապետություն և Ուխտեր 110․7։

  13. Անհատականացված ողորմածության դրսևորմամբ Ջոզեֆին և Օլիվերին ասվեց. «Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք» (Վարդապետություն և Ուխտեր 110․5):

  14. Ռասսել Մ. Նելսոն, «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», 119։ Նախագահ Նելսոնն ասել է․ «Ես հրավիրում եմ ձեզ խորհել, թե ինչ է նշանակում Տիրոջ խոստումը անձամբ ձեզ համար»։

  15. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Խորան»․ «Սրբության Սրբոցը պարունակում էր միայն մեկ կահույք՝ Ուխտի տապանակը։ .… Տապանակի վրա, կափարիչի դեր տանելով, քավությունն էր։ Այն տապանակի վրա ծառայում էր որպես զոհասեղան, որի վրա գործի էր դրվում հրեական օրենքով հայտնի բարձրագույն քավությունը։ Դրա վրա շաղ տրվեց Քավության օրվա՝ մեղքի համար զոհի արյունը (Ղևտական 16.14-15): Քավությունն Աստծո փառքի դրսևորման վայրն էր» (Ելք 25․22

  16. Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ. 2022, 5։ Ինչպես նշում է նախագահ Նելսոնը, հեսեդը չունի անգլերեն ճշգրիտ համարժեք բառ, բայց Հին Կտակարանում նրա ամենատարածված թարգմանությունը ողորմածությունն է։ Հին Կտակարանի՝ Ջեյմս թագավորի տարբերակում 248 անգամ օգտագործված հեսեդ բառը թարգմանվել է 149 անգամ՝ որպես ողորմածություն, 40 անգամ՝ բարություն, և 30 անգամ՝ սիրառատություն (տես Blue Letter Bible, blueletterbible.org/lexicon/h2617/kjv/wlc/0-1/)։

  17. Տես Ընդհանուր ձեռնարկ, 27.2: Փրկիչը սովորեցնում է մեզ, որ մեզանից ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իր միջոցով (տես Հովհաննես 14.6): Վարդապետություն և Ուխտերում Փրկիչը տալիս է գեղեցիկ մի նկարագրություն, թե ինչպես է աղոթում, որ մենք ողորմածություն ստանանք․

    «Լսեք նրան, որ ձեր բարեխոսն է Հոր առաջ, որը նրա առջև պաշտպանում է ձեր դատը,–

    Ասելով. Հայր, տես տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տես Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես.

    Ուստի, Հայր, խնայիր իմ այս եղբայրներին, որ հավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք» (Վարդապետություն և Ուխտեր 45.3-5):

  18. Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի անգամ ասել է․ «Աստված Իր կոչման մեջ ամենից շատ բավականություն է ստանում, երբ ողորմած է հատկապես նրանց հանդեպ, ովքեր չեն սպասում դրան և հաճախ զգում են, որ իրենք արժանի չեն դրան» («Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33)։ Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 128.19. «Արդ, ի՞նչ ենք մենք լսում ավետարանից, որը մենք ստացել ենք։ Ձայն ուրախության: Ողորմության ձայն երկնքից. ճշմարտության ձայն երկրից. ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության ավետիք»:

  19. Ալմա 42.15: Ողորմածությունը միշտ եղել է փրկության ծրագրի կենտրոնում: Քրիստոսի ծառայության մասին երեք սուրբ գրություններ արտահայտում են դա։ Նեփին ավարտում է Մորմոնի Գրքի առաջին գլուխը՝ ասելով․ «Բայց ահա, ես՝ Նեփիս, ցույց կտամ ձեզ, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ. դարձնելու նրանց հզոր՝ մինչև իսկ ի զորությունն ազատման» (1 Նեփի 1.20):

    Ելք 34.6-ում Տերն Իր անունը հռչակում է Մովսեսին որպես «Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ»: Ոմանք ենթադրում են, որ այս հատվածը կարող է հիշատակվել Հին Կտակարանի մարգարեների կողմից ավելի շատ, քան Հին Կտակարանի ցանկացած այլ հատված (տես, օրինակ՝ Bible Project, “The Most Quoted Verse in the Bible,” bibleproject.com/podcast/most-quoted-verse-bible/)։

    Հիշենք, որ Նոր Կտակարանում՝ Ղուկասի գրքում, Զաքարիան դարձավ «համր ․․․ ու չ[էր] կարողան[ում] խոսել», երբ կասկածեց հրեշտակի խոստմանը, որ Եղիսաբեթը իր ծերության մեջ կծներ որդի, որը կլիներ Հովհաննես Մկրտիչը (Ղուկաս 1․20): Երբ Զաքարիայի բերանն ու լեզուն բացվեցին, նա «Սուրբ Հոգով լցվեց» և առաջին հրապարակային հայտարարության մեջ, որ վերջապես եկել է Մեսիայի ժամանակը, նա «մարգարեացավ», որ Տերը կգա և «ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը՝ այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին» (Ղուկաս 1.67-73, շեշտադրումն ավելացված է):

  20. Gospel Topics Essays, “First Vision Accounts,” Gospel Library; see especially the 1832 account.

  21. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29։ Վարդապետություն և Ուխտեր 20․5-6 հատվածները մեկ այլ նկարագրություն են տալիս ապաշխարության դերի մասին այս երկու հզոր տեսիլքներում։ Ջոզեֆն ասել է, որ «ոչ ոք կարիք չունի [իրեն] մեղավոր կարծելու մեծ ու չարամիտ մեղքերում», այնուամենայնիվ նա «դատապարտված է[ր] զգում ի[ր] թուլությունների ու անկատարելության համար», և ներման կարիք ուներ (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․28, 29

  22. Տես Ենովս 1․1-8։

  23. Ալմա 22.18։ Ալմայի աղոթքը՝ «Ով Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ», հանգեցնում է լույսի առատության և ցավից ազատման (տես Ալմա 36.17-20): Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի անգամ ասել է Ալմայի աղաչանքի մասին. «Թերևս նման աղոթքը, թեև կարճ է, ամենանշանակալից աղոթքն է, որ կարելի է ասել այս ընկած աշխարհում։ Որքան էլ տարբեր լինեն մեր աղոթքներն ու կարիքները, բոլորս վերադառնում ենք այդ խնդրանքին. «Ով Հիսուս, դու, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ» (Our Day Star Rising: Exploring the New Testament with Jeffrey R. Holland [2022], 170–71)։

  24. Երեց Քայլ Ս. Մակքեյը գեղեցիկ ուսուցանել է, «Մշտական ապաշխարությամբ լի Ջոզեֆի կյանքն ինձ վստահություն է տալիս «նրա շնորհի աթոռին համարձակությամբ [մոտենալ], որպեսզի ողորմություն [ստանամ]»» («Մարդը, ով տեսավ Եհովային», Լիահոնա, նոյեմբեր 2024, 61)։

  25. Մորոնի 10.3:

  26. Մորոնիի խնդրանքը գեղեցիկ լրացում է Մորմոնի Գրքի հենց սկզբում գրված Նեփիի խոսքերին, որտեղ նա նշում է թիթեղների վրա գրելու իր նպատակը․ «Բայց ահա, ես՝ Նեփիս, ցույց կտամ ձեզ, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ. դարձնելու նրանց հզոր՝ մինչև իսկ ի զորությունն ազատման» (1 Նեփի 1.20):

  27. Մորոնի 10.4:

  28. Տես Մորմոն 9․13:

  29. Տես Ալմա 40․23․ «Հոգին պիտի վերականգնվի մարմնի հետ, և մարմինը՝ հոգու հետ, այո, և ամեն վերջավորություն և հոդ պիտի վերականգնվի իր մարմնի հետ. այո, նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի. այլ բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով»:

  30. Ալմա 34․16: Երբ մենք մտածում ենք, թե որքան ողորմած է եղել Տերը, մենք կարող ենք գայթակղվել տարանջատել ողորմածությունն արդարադատությունից՝ մտածելով, որ միայն մեր Երկնային Հոր սիրառատ ողորմածությունը բավարար է՝ հաղթելու արդարադատությունը: Բայց ինչպես Ալման է ուսուցանել, «ողորմության ծրագիրը չէր կարող իրականցվել, մինչև մի քավություն չարվեր. հետևաբար, Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը՝ իրականացնելով ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» (Ալմա 42․15, շեշտադրումն ավելացված է)։

    Փրկչի ողջ ողորմած սերը մեր հանդեպ չէր կարող փրկել մեզ։ Ընդհակառակը, արդարադատության իրական ու ցավալի պահանջների համար Նրա տառապանքն է փրկում մեզ։ Սա, իհարկե, չի նվազեցնում Նրա սիրո կարևորությունը։ Անշուշտ, մեր հանդեպ Նրա սերը և մեզ սիրող Հոր կամքը կատարելու ցանկությունն էր, որ ստիպեց Նրան տառապել (տես Հովհաննես 3.16, Վարդապետություն և Ուխտեր 34.3): Բայց միայն սերը բավական չէր։

    Երբեմն մենք գուցե այնքան կենտրոնանանք Նրա սիրո վրա, որ մոռանանք այն փաստը, որ այնպիսին, ինչպիսին մենք ենք՝ բնական տղամարդիկ և կանայք, որոնք անխուսափելիորեն թերանում են ըստ պատվիրանների ապրել, ուստի պահանջվում է, որ արդարադատությունը բավարարվի։ Եթե մենք թյուրըմբռնենք և համարենք Նրա սերը արդարադատության պահանջներից խուսափելու միջոց, մենք նվազեցնում ենք Նրա քավող զոհաբերության և տառապանքի պարգևը, որով Նա վճարել է արդարադատության սարսափելի գինը։ Հուսահատեցնող և զավեշտալի կլիներ, եթե համարվեր, որ Նրա սերը մեր հանդեպ ավելորդ է դարձնում Նրա քավիչ զոհաբերությունը։ Որքան ավելի լավ է ուղղակիորեն նայել արդարադատության լիարժեք պահանջներին և երախտապարտ լինել, որ Նա այնքան սիրեց մեզ, որ կարողացավ կրել այդ իրական պահանջները հանուն մեզ։

  31. Ալմա 7.11-12։

  32. Մոսիա 3․11:

  33. 2 Նեփի 2.25:

  34. Մոսիա 14.5:

  35. Մորոնի 10.4:

  36. Մորոնի 10.3:

  37. Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը քաջալերել է մեզ վկայություն տալ «այն մասին, ինչ դուք գիտեք, ինչին հավատում եք և ինչ զգում եք» («Հիշենք ամենակարևոր բաները», Լիահոնա, մայիս 2023, 107):

  38. Սրանով ես մտադիր չեմ առաջարկել փոխարինող «բանաձև» Մորմոնի Գրքի կամ ավետարանի ճշմարտացիության վկայության համար: Ինչպես սովորեցրել է երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, հայտնությունը կարող է գալ՝ ինչպես «մութ սենյակում լույսը վառելը», և հայտնությունը ընդունվում է «արագ, անմիջապես և ամբողջական»: Այն կարող է նաև լինել ինչպես «ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը … տող առ տող, ցուցում առ ցուցում (2 Նեփի 28.30): .… Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «իջնում են [մեր հոգիների] վրա, ինչպես ցողը երկնքից» (Վարդապետություն և Ուխտեր 121․45)։ Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում» («Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 88)։