Գերագույն համաժողով
«[Վերադարձեք] ինձ մոտ … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:3

«[Վերադարձեք] ինձ մոտ … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»

Երկնքում ցնծություն կա նրանց համար, ովքեր վերադառնում են։ Երբեք ուշ չէ, որ վերադառնաք։

Ժամանակին մենք ապրում էինք մի տանը, որը շրջապատված էր հոյակապ ծառերով: Մուտքի կողքին մի գեղեցիկ ուռենի կար։ Մի տխուր գիշեր ուժեղ փոթորիկ փչեց, և ուռենին տապալվեց գետնին։ Այն ընկած էր գետնին՝ արմատները դուրս հանած, և դա ցավալի տեսարան էր։

Ես պատրաստ էի շղթայասղոցը միացնել և ծառը կտրել՝ վառելափայտի համար, երբ մեր հարևանը վազելով դուրս եկավ ինձ կանգնեցնելու: Նա հանդիմանեց ինձ ծառից հրաժարվելու համար և կարեկցանքով հորդորեց չազատվել դրանից։ Այնուհետև նա մատնացույց արեց մի արմատ, որը դեռևս հողի մեջ էր և ասաց, որ եթե մենք ամրացնենք ծառը մի հենակի, կտրենք ծառի ճյուղերը և սնուցենք, այն ևս մեկ անգամ արմատներ կգցի:

Ընկած ուռենին
Արմատներից մեկը դեռևս հողի մեջ էր։

Ես թերահավատ էի և կասկածում էի, թե ինչպես կարող է այսքան ակնհայտորեն ընկած և փորձանքի մեջ գտնվող ծառը գոյատևել և վերակենդանանալ: Ես մտածեցի, որ նույնիսկ եթե այն նորից սկսի աճել, հաստատ չի դիմանա հաջորդ փոթորկին: Բայց իմանալով, որ մեր հարևանը հավատում էր, որ ծառը դեռ ապագա ունի, մենք գործեցինք ծրագրի համաձայն:

Ծառի մերկ բունը
Ծառի աճի նշանները

Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում։ Որոշ ժամանակ անց, երբ ծառը սկսեց արմատներ գցել, մենք տեսանք կենդանության նշաններ։ Այժմ՝ 12 տարի անց, ծառը կենսունակ է և կյանքով լի՝ ամուր արմատներով և ևս մեկ անգամ նպաստում է բնապատկերի գեղեցկությանը:

Կենդանի և առողջ ծառ

Ամբողջ աշխարհում Սրբերին հանդիպելիս իմ միտքն է գալիս այս ուռենին, և թե ինչպես կա հույս, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում: Ոմանք մի ժամանակ ավետարանի մասին վկայություններ ունեին, որոնք ուժեղ էին և կենսունակ, ինչպես ուռենին: Հետո, անձնական եզակի պատճառներով, այդ վկայությունները թուլացան՝ հանգեցնելով հավատքի կորստի: Մյուսները մնացել են ամենաբարակ արմատներով, որոնք դիպչում են ավետարանի հողին:

Այդուհանդերձ, նորից ու նորից ես ոգեշնչվում եմ այնքան շատերի պատմություններով, ովքեր որոշել են նորոգել իրենց աշակերտությունը և վերադառնալ Եկեղեցու իրենց տունը: Իրենց հավատքն ու համոզմունքները անարժեք վառելափայտի պես անտեսելու փոխարեն՝ նրանք արձագանքել են հոգևոր հուշումներին և վերադարձի սիրալիր հրավերներին:

Կորեայում ես մի ցցի համաժողովի մասնակցեցի, որտեղ վերադարձող անդամը կիսվեց. «Շնորհակալ եմ եղբայրներին ինձ օգնության ձեռք մեկնելու իրենց պատրաստակամության համար՝ ընդունելու իմ հավատքի պակասը և իմ թուլությունը և շնորհակալ եմ այն անդամների համար, ովքեր միշտ այդքան բարի են իմ հանդեպ: Ես դեռ շատ ընկերներ ունեմ իմ շրջապատում, ովքեր ոչ ակտիվ են: Ծիծաղելի է, բայց նրանք միմյանց ասում են, որ վերադառնան Եկեղեցի, որպեսզի վերադարձնեն իրենց հավատքը: Կարծում եմ՝ միգուցե նրանք բոլորն էլ հավատքի կարոտ են»։

Բոլոր նրանց, ովքեր հավատքի կարոտ են, մենք հրավիրում ենք ձեզ վերադառնալ: Ես խոստանում եմ, որ ձեր հավատքը կարող է ամրապնդվել, երբ դուք կրկին անգամ երկրպագեք Սրբերի հետ:

Աֆրիկայից մի նախկին միսիոներ գրեց Եկեղեցու ավագ ղեկավարին՝ ներողություն խնդրելով և ներում փնտրելով մշակութային որոշակի ավանդույթի մասին նրա ուսմունքներից վիրավորվելու համար, ինչը հետո ստիպեց իրեն լքել Եկեղեցին: Նա խոնարհաբար ասաց. «Ցավոք, այն փաստը, որ ես վիրավորվել եմ 15 տարի առաջ, ինձ ստիպել է ծայրահեղ ծանր գին վճարել։ Ես շատ բան եմ կորցրել, շատ ավելին, քան երբևէ պատկերացրել եմ։ Ես խորապես ամաչում եմ, որ ընթացքում գուցե վնաս եմ հասցրել, բայց ամենից առաջ ես գոհ եմ, որ գտա վերադարձի ճանապարհը»։

Բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, թե ինչ են կորցրել, մենք հրավիրում ենք ձեզ վերադառնալ, որպեսզի կարողանաք ևս մեկ անգամ ճաշակել ավետարանի ուրախ պտուղը:

Միացյալ Նահանգներից մի քույր երկար տարիներ հեռացել էր Եկեղեցուց: Նրա վերադարձի պատմությունը ներառում է հզոր դասեր այն ծնողների և ընտանիքի անդամների համար, ովքեր տառապում են սիրելիների համար, որ հեռանում են: Նա գրել է.

«Ես կարող էի թվարկել անհամար պատճառներ, թե ինչու ես հեռացա Եկեղեցուց, ավետարանից և ինչ-որ կերպ՝ իմ ընտանիքից: Բայց իրականում դրանք նշանակություն չունեն: Ես Եկեղեցին լքելու մեկ մեծ որոշում չեմ կայացրել. ես հավանաբար հազար ընտրություն եմ կատարել: Բայց մի բան, որ ես միշտ իմացել եմ, այն է, որ ծնողներս մեկ մեծ որոշում կայացրին, և կառչեցին դրանից: Նրանք որոշեցին սիրել ինձ։

Ես չէի կարող իմանալ, թե որքան արցունք է թափվել, քանի անքուն գիշերներ են եղել, որքան սրտանց աղերսող խոսքեր են հնչել իմ համար։ Նրանք չքննադատեցին ինձ՝ մեղքերիս համար, այլ օգնության ձեռք մեկնեցին, երբ մեղքերի մեջ էի։ Նրանք չէին ստիպում ինձ անցանկալի զգալ իրենց տանը և ընտանեկան հավաքույթների ժամանակ. այդ զգացումներից ցանկացածը իմ նախաձեռնությամբ էր: Փոխարենը, նրանք շարունակեցին ողջունել ինձ։ Նրանք պետք է որ տեսած լինեին, թե ինչպես է ժամանակի ընթացքում իմ լույսը խամրում։ Բայց նրանք գիտեին, որ այն մարդը, որ ես այն ժամանակ էի, ընդամենը ստվերն էր այն բանի, թե ով դեռ պետք է դառնայի:

Որքան որ բարդ էր Եկեղեցուց հեռանալու իմ ճանապարհը, այնքան էլ բարդ էր վերադարձիս ճանապարհը: Բայց մի բան, որ դժվար չէր վերադառնալու համար, դա նորից տանը լինելու զգացումն էր, որտեղ ես պատկանում եմ»:

Այսօրվա իմ ուղերձը հատկապես ուղղված է բոլոր նրանց, ովքեր ժամանակին զգացել են Հոգին, բայց հարցնում են, թե արդյոք իրենց համար կա՞ վերադարձի ճանապարհ կամ տեղ՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում: Այն նաև բոլորի համար է, ովքեր դժվարանում են մնալ կամ ցանկանում են հեռանալ:

Այս ուղերձը մարտահրավեր չէ և ոչ էլ դատապարտում է։ Դա հրավեր է՝ ուղղված սիրով և անկեղծ ցանկությամբ՝ ողջունելու ձեր վերադարձը ձեր հոգևոր տուն:

Ես աղոթել եմ, որ դուք զգաք Սուրբ Հոգու վկայությունը՝ այժմ լսելով այս սիրառատ հրավերն ու հոյակապ խոստումը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից.

«Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։

Ամեն շաբաթ շատերն արձագանքում են Փրկչի հրավերին՝ վերադառնալով աշակերտության և Եկեղեցում ակտիվության՝ լուռ և խոնարհաբար փնտրելով Հիսուսի խոստացած բուժումը: Եվ հակառակ երբեմն շրջանառվող պատմությունների, մեր ռեկորդային թվով երիտասարդներ ընտրում են մնալ ամուր և մեծացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Երբ Կափառնայումում Հիսուսի հետևորդներից ոմանց համար դժվարացան Նրա ուսմունքները և որոշեցին հեռանալ, Նա դարձավ դեպի Իր Առաքյալները և հարցրեց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»:

Սա այն հարցն է, որին մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի, երբ բախվում ենք փորձության մեր ժամին: Պետրոսի պատասխանը Հիսուսին հավերժական է և հնչեղ. «Ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։

Այսպիսով, երբ դուք մտածում եք Փրկչի՝ Նրա մոտ վերադառնալու հրավերի մասին, ի՞նչ կարող եք սովորել ուռենու պատմությունից:

  1. Վերադարձի ճանապարհը հաճախ հեշտ կամ հարմարավետ չէ, բայց արժե անցնել: Երբ մեր ուռենին նորից տնկվեց, դրա բոլոր ճյուղերը կտրվեցին։ Այն գեղեցիկ չէր: Մենք նույնպես կարող ենք խոցելի զգալ, երբ որ հրաժարվենք հին ձևերից և զրկվենք հպարտությունից: Կենտրոնացնելով ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի՝ բնի և արմատների վրա, դուք հույս և քաջություն կստանաք՝ վերադարձի այդ առաջին քայլն անելու համար:

  2. Շատ տարիներ պահանջվեցին, որ մեր ուռենին վերականգնի իր նախկին ամրությունն ու գեղեցկությունը։ Այժմ այն նույնիսկ ավելի ամուր և գեղեցիկ է, քան նախկինում։ Եղեք համբերատար, քանի որ ձեր հավատքն ու վկայությունը նույնպես աճում են: Սա ներառում է չվիրավորվել չմտածված մեկնաբանություններից, ինչպիսիք են՝ «որտե՞ղ էիր այս տարիներին»։

  3. Ուռենին երբեք չէր գոյատևի առանց մշտական խնամքի և սնուցման։ Դուք կսնուցեք ձեր հավատքն ու վկայությունը, երբ ամեն շաբաթ ճաշակեք հաղորդությունը և երկրպագեք Տիրոջ տանը:

  4. Ինչպես որ ուռենին արևի լույսի կարիք ուներ, որպեսզի իր ճյուղերն ու տերևները նորից աճեն, այնպես էլ ձեր վկայությունը կաճի, երբ դուք զգայուն մնաք Հոգու զգացումների և վկայության նկատմամբ: Սովորեք Ամուղեկից, ով նկարագրեց իր ժամանակը որպես ոչ ակտիվ անդամի, ասելով. «Ես կանչվել եմ շատ անգամ, և ես չեմ կամեցել լսել»։

  5. Հարևանս գիտեր, թե ինչ կարող է նորից դառնալ ուռենին։ Այդպես էլ Տերը գիտի ձեր աստվածային ներուժը, և թե ինչ կարող են դառնալ ձեր հավատքն և ձեր վկայությունը: Նա երբեք չի հրաժարվի ձեզանից: Հիսուս Քրիստոսի քավության միջոցով բոլոր կոտրված բաները կարող են բուժվել։

Ես վկայում եմ, որ երկնքում ցնծություն կա նրանց համար, ովքեր վերադառնում են։ Դուք պահանջված և սիրված եք։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և որ Նա օրհնում է բոլորին, ովքեր կվերադառնան Նրա մոտ, մեծ խաղաղությամբ և մեծ ուրախությամբ։ Նրա ողորմության բազուկները ծալված չեն, այլ բաց են և մեկնված են դեպի ձեզ։ Երբեք ուշ չէ, որ վերադառնաք։ Մեր սրտերի ողջ սիրով մենք ողջունում ենք ձեզ տանը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Սա եղել և մնում է Վաշինգտոնի Սպոքեն միսիայի տունը: Ուռենու լուսանկարներն արել է կինս՝ Ժակին։

  2. 3 Նեփի 9․13։ Նկատի ունեցեք, որ ապաշխարության հրավերը վերաբերում է բոլորիս: Տես Ա Հովհաննես 1․8 («Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում») և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ամեն օր ապաշխարելու հրավերը, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98-99:

  3. Տես Քվենթին Լ. Քուք, “Facing Life and Faith Challenges” (չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, նոյ. 14, 2023), Ավետարանի գրադարան, «Ի գիտություն ձեզ, երիտասարդները և չափահաս երիտասարդները ոչ ակտիվ չեն դառնում կամ չեն լքում Եկեղեցին ավելի շատ թվով, քան անցյալում, ինչպես լայնորեն շրջանառվում է։ Ծառայության կանչված միսիոներների թիվը շեշտակիորեն աճել է: Աճող սերնդի վերաբերյալ Եկեղեցու մասնակցության տոկոսը ցույց է տալիս շարունակական աճի միտում: Ավելին, ինստիտուտ հաճախող չափահաս երիտասարդների թիվը ևս աճել է։

    Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն և Քլարկ Գ․ Գիլբերտ, «Video: Elder Christofferson Challenges Narrative, Says Spirit Working in Youth», Church News, դեկ․ 13, 2024, newsroom.ChurchofJesusChrist.org։

  4. Հովհաննես 6․67:

  5. Հովհաննես 6․68։

  6. Տես Ալմա 5․28։

  7. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն», Լիահոնա, նոյ․ 2024, 102․ «Հիսուս Քրիստոսը և Նրա քավող զոհաբերությունը մեր վկայության արմատն են: Մնացած բոլոր բաները ճյուղեր են: … Երբ խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունները սնուցելուն, արդյո՞ք մենք երբեմն շփոթում ենք ճյուղերն արմատների հետ: … Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն»։

  8. Տես Ալմա 32․41։

  9. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 119. «Տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը հավատք է կերտում։ Եվ ձեր տաճարային ծառայությունն ու երկրպագությունը կօգնեն ձեզ սելեստիալ մտածելակերպ ունենալ»։

    Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 122․ «Ահա իմ խոստումը։ Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից, ինչպես տաճարային երկրպագությունը։ … Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը»։

  10. Տես Ալմա 32․28։

  11. Ալմա 10․6:

  12. Տես Պատրիկ Քիրոն, «Աստծո նպատակն է ձեզ տուն բերել», Լիահոնա, մայիս 2024, 87․ «Աստված անընդհատ հետևում է ձեզ»:

  13. Տես Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Կոտրված բաներ, որ պիտի նորոգվեն», Լիահոնա, մայիս 2006, 69-71։

  14. Տես Ղուկաս 15․11-32, Վարդապետություն և Ուխտեր 18․13:

  15. Տես Հովհաննես 15․9։

  16. Տես Ալմա 5.33:

  17. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ. 2024, 122․«Այժմ ոչ վաղ է, ոչ էլ ուշ, որ դուք դառնաք Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը: Այդ ժամանակ դուք լիովին կզգաք Նրա Քավության օրհնությունները»:

    Տես նաև Ռասսել Մ. Նելսոն․ «Հոգևոր լիցքի զորությունը», 99․ «Եթե դուք զգում եք, որ ուխտի ճանապարհից մոլորվել եք հեռուներում կամ մոլորվել եք երկար ժամանակ և չունեք հետդարձի ճանապարհ, դա պարզապես ճիշտ չէ»: