Աստվածային օգնություն մահկանացու կյանքի համար
Մեր Երկնային Հոր ծրագիրը տալիս է օգնություններ՝ առաջնորդելու մեզ մեր մահկանացու ճամփորդության ընթացքում։
I.
Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը մի քանի բան է հայտնել մեր նախաերկրային կյանքի մասին: Այնտեղ մենք գոյություն ունեինք որպես Աստծո հոգեղեն զավակներ։ Քանի որ Աստված ցանկանում էր օգնել Իր զավակներին զարգանալ, Նա որոշեց ստեղծել մի երկիր, որտեղ մենք կկարողանայինք մարմին ստանալ, սովորել փորձի միջոցով, զարգացնել աստվածային հատկանիշներ և ստուգվել` արդյոք մենք կպահենք Աստծո պատվիրանները։ Նրանք, ովքեր կորակվեն, «նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից» (Աբրահամ 3.26)։
Այս աստվածային ծրագրի պայմանները հաստատելու համար Աստված ընտրեց Իր Միածին Որդուն՝ որպես մեր Փրկիչ: Լյուցիֆերը, որի առաջարկած այլընտրանքը կկործաներ մարդու կամքի ազատությունը, դարձավ սատանա և «ցած գցվե[ց]»: Արտաքսվելով երկիր և զրկվելով մահկանացու կյանքի արտոնությունից՝ սատանային թույլ տրվեց, որ «խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել [Աստծո] ձայնին» (Մովսես 4.4):
Աստծո մեծ ծրագրում Իր զավակների մահկանացու աճի համար էականն այն է, որ նրանց փորձառություններում «հակադրություն լինի բոլոր բաներում» (2 Նեփի 2.11): Ճիշտ, ինչպես մարդու ֆիզիկական մկանները չեն կարող զարգանալ կամ պահպանվել առանց ձգողության օրենքի դեմ պայքարի, այնպես էլ մահկանացու աճը մեզանից պահանջում է պայքար սատանայի գայթակղությունների և այլ մահկանացու հակադրությունների դեմ: Հոգևոր աճի համար ամենից կարևորը զորությունն է և չարի ու բարու միջև ընտրություն կատարելու պահանջը։ Նրանք, ովքեր ընտրում են բարին, առաջընթաց կունենան դեպի իրենց հավերժական ճակատագիրը: Նրանք, ովքեր ընտրում են չարը, ինչպես բոլորն են անում մահկանացու կյանքի տարբեր գայթակղությունների ժամանակ, փրկարար օգնության կարիք ունեն, որը սիրող Աստված նախատեսել էր ապահովել:
II.
Անշուշտ, մահկանացու կյանքում Աստծո ամենամեծ օգնությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսին ուղարկելն էր, որը պիտի տառապանքով վճարեր գինը և ներում շնորհեր ապաշխարած մեղքերին: Այդ ողորմած և փառահեղ Քավությունը բացատրում է, թե ինչու է հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը հանդիսանում ավետարանի առաջին սկզբունքը: Նրա Քավությունը «իրագործում է մեռելների հարությունը» (Ալմա 42․23) և «քավ[ում] աշխարհի մեղքերը» (Ալմա 34․8)՝ ջնջելով մեր բոլոր ապաշխարած մեղքերը և տալով մեր Փրկչին զորություն՝ սատարելու մեզ մեր մահկանացու թուլություններում:
Գործված մեղքերի այդ փառահեղ ջնջումից և ներումից բացի՝ սիրող Երկնային Հոր ծրագիրը մեզ պաշտպանելու համար շատ այլ պարգևներ է տալիս, այդ թվում՝ նախ պաշտպանելով մեզ մեղք գործելուց: Մեր մահկանացու կյանքը միշտ սկսվում է հորից և մորից: Լավագույն դեպքում երկուսն էլ ներկա են՝ տարբեր պարգևներով՝ առաջնորդելու մեր աճը։ Եթե ոչ, ապա նրանց բացակայությունը հակադրության մաս է, որը մենք պետք է հաղթահարենք։
III.
Մեր Երկնային Հոր ծրագիրը տալիս է այլ օգնություններ՝ առաջնորդելու մեզ մեր մահկանացու ճամփորդության ընթացքում։ Ես կխոսեմ դրանցից չորսի մասին: Խնդրում եմ չկառչել չորս թվից, քանի որ այս օգնությունները ընդհանուր կողմեր ունեն։ Ավելին, սրանցից բացի կան նաև այլ ողորմած պաշտպանություններ։
Առաջին՝ ես խոսում եմ Քրիստոսի Լույսի կամ Հոգու մասին: Մորոնիի գրքի իր հրաշալի ուսմունքում Մորոնին մեջբերում է իր հոր խոսքերը․ «Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից» (Մորոնի 7․16)։ Այս նույն ուսմունքը մենք կարդում ենք ժամանակակից հայտնություններում․
«Եվ Հոգին լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս. և Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին» (Վարդապետություն և Ուխտեր 84․46):
Կրկին․ «Քանզի իմ Հոգին աշխարհ է ուղարկվել, որ լուսավորի խոնարհներին ու ապաշխարողներին և դատապարտի անաստվածներին» (Վարդապետություն և Ուխտեր 136․33):
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է այս սուրբ գրությունները. «Տերը չի թողել մարդկանց (երբ նրանք ծնվում են այս աշխարհում) անօգնական, խարխափելով գտնելու լույսն ու ճշմարտությունը, այլ յուրաքանչյուր մարդ … ծնված պահից իրավունք ունի Քրիստոսի Հոգուց ստանալու առաջնորդություն, հրահանգ, խորհուրդ կամ Ճշմարտության Լույս, որը երբեմն մեր գրվածքներում կոչվում է Տիրոջ Հոգի»։
Երկրորդ մեծ օգնությունը, որը Տերը տալիս է մեզ ճիշտն ընտրելու համար, սուրբ գրություններում աստվածային հրահանգների մի շարք է՝ որպես փրկության ծրագրի (երջանկության ծրագրի) մաս: Սրանք պատվիրաններ, արարողություններ և ուխտեր են:
Պատվիրանները սահմանում են այն ուղին, որը մեր Երկնային Հայրը նախանշել է մեզ համար, որպեսզի առաջադիմենք դեպի հավերժական կյանք: Մարդիկ, որոնք դիտարկում են պատվիրանները որպես Աստծո համար միջոց՝ որոշելու, թե ում պատժել, չեն հասկանում Աստծո՝ երջանկության սիրառատ ծրագրի այս նպատակը: Այդ ուղին կարող է մեզ աստիճանաբար հասցնել մեր Փրկչի հետ անհրաժեշտ փոխհարաբերությանը և որակում Նրա զորության ավելացման համար, ինչը կօգնի մեզ հասնել այն նպատակակետին, որ Նա ցանկանում է բոլորիս համար: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վերադառնան սելեստիալ արքայություն, որտեղ բնակվում են Աստված և մեր Փրկիչը, և վայելել կյանքը սելեստիալ փառքի մեջ:
Արարողությունները և ուխտերը մասն են օրենքի, որը սահմանում է հավերժական կյանքի ուղին։ Արարողությունները և դրանց միջոցով Աստծո հետ կապած սուրբ ուխտերը անհրաժեշտ քայլեր են և կարևոր պաշտպանիչ ճաղաշար՝ ուղու երկայնքով: Ուխտերի դերը կայանում է նրանում, որ Աստծո ծրագրի ներքո Նրա բարձրագույն օրհնությունները տրվեն նրանց, ովքեր նախապես խոստանում են պահել որոշակի պատվիրաններ և պահում են այդ խոստումները:
Ճիշտ ընտրություններ կատարելու համար Աստծո տված այլ օգնություններ են Սուրբ Հոգու հայտնությունները։ Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Սուրբ գրություններում սահմանված Նրա գործառույթն է Հոր և Որդու մասին վկայելը, ուսուցանելը, բոլոր բաները հիշեցնելը և դեպի ողջ ճշմարտությունն առաջնորդելը։ Սուրբ գրությունները ներառում են Սուրբ Հոգու հայտնությունների բազմաթիվ պատմություններ, օրինակ՝ հոգևոր վկայություն՝ ի պատասխան Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ հարցին: Հայտնությունը չպետք է շփոթել Սուրբ Հոգու պարգևի հետ, որը տրվում է մկրտությունից հետո:
Իր հավատարիմ զավակների համար Աստծո ամենակարևոր օգնություններից մեկը Սուրբ Հոգու պարգևն է: Այս պարգևի կարևորությունն ակնհայտ է, քանի որ պաշտոնապես շնորհվում է ապաշխարությունից և ջրով մկրտությունից հետո, «և ապա [սուրբ գրությունները բացատրում են] գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով» (2 Նեփի 31․17)։ Մարդիկ, որոնք ունեն մեղքերի այս թողությունը, և կանոնավոր մաքրվում են ամենօրյա ապաշխարությամբ և ուխտերի համաձայն ապրելով, որը կապում են հաղորդության արարողության միջոցով, որակվում են խոստումի համար, որ Սուրբ Հոգին՝ Տիրոջ Հոգին, «միշտ իրենց հետ ունենան» (Վարդապետություն և Ուխտեր 20․77)։
Այսպիսով, նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուսուցանել է, որ Սուրբ Հոգին կկամենա «լուսավորել մարդկանց մտքերը Աստծո բաների վերաբերյալ, որպեսզի դարձի գալու ժամանակ նրանց հավաստիացնի Աստծո կամքը կատարելու վերաբերյալ և նրանց մեջ լինի հաստատուն վկայություն, որպես իրենց կյանքի ընկերակից, գործելով որպես դեպի ամեն ճշմարտություն տանող հաստատուն և ապահով առաջնորդ և օրեցօր լցնելով նրանց ուրախությամբ ու ցնծությամբ, բոլոր մարդկանց հանդեպ բարիք գործելու տրամադրվածությամբ, գերադասելով վնասվել, քան վնասել, լինել բարի ու ողորմած, համբերատար ու գթասիրտ: Նրանք, ովքեր ունեն այս անգին պարգևը՝ այս թանկագին մարգարիտը, ունեն արդարության անհագ ծարավ: Առանց Սուրբ Հոգու օգնության ոչ մի մահկանացու չի կարող քայլել նեղ ու անձուկ ճանապարհով», - ավարտում է Նախագահ Սմիթը։
IV.
Մահկանացու ճամփորդության ընթացքում մեզ առաջնորդելու հզոր օգնությունից հետո հիասթափեցնող է, որ շատերը մնում են անպատրաստ մեր Փրկչի և Քավիչ Հիսուս Քրիստոսի հետ նշանակված հանդիպմանը: Տասը կույսերի մասին Նրա առակը, որի մասին շատ խոսվեց այս համաժողովի ընթացքում, հուշում է, որ Նրան հանդիպելու հրավիրվածներից միայն կեսը պատրաստ չի լինի:
Բոլորս գիտենք անպատրաստ լինելու օրինակներ. վերադարձած միսիոներներ, ովքեր ընդհատել են իրենց հոգևոր աճը ոչ ակտիվ դառնալով, երիտասարդներ, որոնք վտանգել են իրենց հոգևոր աճը՝ չմասնակցելով Եկեղեցու ուսուցմանը և միջոցառումներին, տղամարդիկ, որոնք հետաձգել են Մելքիսեդեկյան քահանայության իրենց ձեռնադրությունը, տղամարդիկ և կանայք, երբեմն ազնիվ ռահվիրաների և ծնողների սերունդներ, հեռացել են ուխտի արահետից՝ սուրբ տաճարում ուխտեր կապելուց և պահելուց առաջ:
Նման շեղումներ տեղի են ունենում, երբ անդամները չեն կարողանում հետևել հոգևորը պահպանելու հիմնական ծրագրին՝ անձնական աղոթքին, սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությանը և հաճախակի արվող ապաշխարությանը: Ի հակադրություն, ոմանք անտեսում են հաղորդությունը ճաշակելու միջոցով ուխտերի շաբաթական նորոգումը։ Ոմանք ասում են, որ Եկեղեցին չի արդարացնում իրենց ակնկալիքները, փոխարինելով իրենց ընկալած ապագա կարիքներով այն, ինչը Տերը տվել է Իր բազմաթիվ ուսմունքների և ուրիշներին ծառայելու հնարավորությունների միջոցով:
Խոնարհությունն ու Տիրոջ հանդեպ վստահությունը նման շեղումների դեղամիջոցներն են: Ինչպես Մորմոնի Գիրքն է ուսուցանում, Տերը «օրհնում ու բարգավաճեցնում է նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա» (Հելաման 12․1)։ Տիրոջը վստահելը հատուկ կարիք է նրանց համար, ովքեր սխալմամբ չափում են Աստծո պատվիրանները և Նրա մարգարեների ուսմունքները մարդկային վերջին բացահայտումների և իմաստության հետ:
Ես խոսել եմ այն բազմաթիվ օգնությունների մասին, որոնք տալիս է մեր սիրառատ Երկնային Հայրը մահկանացու կյանքում, որպեսզի օգնի Իր զավակներին վերադառնալ Իր մոտ։ Այս աստվածային ծրագրում մեր բաժինն է վստահել Աստծուն և փնտրել ու օգտագործել այս աստվածային օգնությունները, հատկապես Նրա սիրելի Որդու՝ մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ես աղոթում եմ, որ մենք ուսուցանենք և ապրենք այս սկզբունքներով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: