Գերագույն համաժողով
Մեր երկնային առաջնորդության համակարգը
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


10:48

Մեր երկնային առաջնորդության համակարգը

Երբ կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կգտնենք դեպի տուն տանող ճանապարհը՝ համբերելով և ցնծալով մինչև վերջ։

Հիսուս Քրիստոսն իմ կյանքը փոխեց, երբ ես 26 տարեկանում մկրտվեցի իմ սիրելի Ֆրուտիյարում (Չիլի)։ Այդ ժամանակ աշխատանքս ինձ օվկիանոսից, գետերից, և գեղեցիկ չիլիական Պատագոնիայից այն կողմ էր տանում։ Մկրտությունիցս հետո, աշխատանքս ու կյանքս նոր և այլ կերպ էի տեսնում՝ հասկանալով, որ «բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված»։

Բնության մեջ սաղմոնը ծնվում է գետերի ակունքներում։ Իրենց կյանքի ինչ-որ պահի նրանք պետք է լողան գետով ներքև՝ օվկիանոս հասնելու համար, որտեղ նրանք գտնում են իրենց զարգացման համար անհրաժեշտ սնունդն ու պայմանները:

Բայց օվկիանոսը նաև վտանգավոր վայր է, որտեղ թաքնված են գիշատիչներ, և որտեղ ձկնորսները փորձում են բռնել սաղմոնին՝ փայլուն կարթերով, որոնք նմանակում են սնունդը, բայց չեն սնուցում նրանց։ Եթե սաղմոնը կարողանա գոյատևել այս սպառնալիքների ներքո, այն պատրաստ կլինի օգտագործել առաջնորդող հզոր համակարգը՝ գետով վերադառնալու նույն վայրը, որտեղ ծնվել է՝ հանդիպելով նոր և որոշ ծանոթ մարտահրավերների: Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են նրանց միգրացիոն վարքագիծը և պարզել, որ նրանք օգտագործում են GPS-ի նման մագնիսական քարտեզ՝ անհավանական ճշգրտությամբ իրենց վերջնական նպատակակետ ուղղորդելու համար։

Մենք բոլորս կարող ենք մի օր վերադառնալ երկնային տուն, որտեղից եկել ենք: Եվ, սաղմոնի նման, մենք ունենք մեր մագնիսական քարտեզը կամ Քրիստոսի լույսը՝ մեզ այնտեղ առաջնորդելու համար։ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։

Երբ կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կգտնենք դեպի տուն տանող ճանապարհը՝ համբերելով և ցնծալով մինչև վերջ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։

Մեր աստվածային բնույթը և ճակատագիրը

Ընտանիքի մասին հռչակագրում կարդում ենք, որ «[մեզանից] յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: … Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»։

Մահկանացու կյանք գալուց առաջ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Մովսեսին և Հոր անունից խոսեց նրա հետ։ Նա Մովսեսին ասաց, որ Ինքը մեծ աշխատանք ունի նրա համար: Այդ հանդիպման ժամանակ Տերը նրան մի քանի անգամ «որդիս» անվանեց։

Այդ փորձառությունից հետո սատանան եկավ նրան գայթակղելու՝ ասելով․ «Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ»։

Հիշելով իր աստվածային բնույթը` Մովսեսը պատասխանեց գայթակղությանը․ «Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ»։ Ճշմարտությունն ազատեց Մովսեսին հակառակորդի հարձակումից։

Եղբայրներ և քույրեր, մահկանացու կյանքի կարթերն իրական են։ Հաճախ դրանք հրապուրիչ են, սակայն միայն մեկ նպատակ են հետապնդում․ դուրս հանել մեզ կենդանի ջրերի ուղուց, որը տանում է մեզ դեպի Հայրը և հավերժական կյանք։

Ես գիտեմ, թե որքան իրական կարող են լինել մահկանացու կյանքի կարթերը։ Մի կիրակի, որպես նորադարձ, ես քահանայության դաս էի ուսուցանում, երբ անհարմար մի զրույց սկսվեց։ Ես դժվարացա ավարտել իմ դասը։ Վիրավորվեցի և զգացի, որ ես զոհ եմ։ Առանց մեկ բառ ասելու՝ ես դեպի ելքը գնացի այն մտքով, որ երկար ժամանակ եկեղեցի չեմ վերադառնա։

Այդ ժամանակ քահանայություն կրող մի մտահոգ եղբայր կանգնեց իմ դիմաց։ Նա սիրալիր կերպով հրավիրեց ինձ կենտրոնանալ Քրիստոսի և ոչ թե այն իրավիճակի վրա, որը մենք ունեցանք դասարանում: Հետադարձ հայացք գցելով նրա հետ ունեցած փորձառությանը, նա պատմեց ինձ, որ լսել էր մի ձայն, որն ասում էր նրան. «Գնա նրա հետևից, նա ինձ համար կարևոր է»:

Երեց Վարգասը և ղեկավարը, որը գնաց նրա հետևից։

Իմ թանկագին ընկերներ, մենք բոլորս կարևոր ենք Նրա համար։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ «Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա երբեք չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։ Մեր աստվածային բնույթը և Աստծո հետ ուխտի փոխհարաբերությունները մեզ իրավունք են տալիս ստանալ աստվածային օգնություն:

Սնուցման կարիքը

Ինչպես սաղմոնը պետք է սնվի օվկիանոսում, որպեսզի աճի, մենք նույնպես պետք է հոգեպես սնվենք, որպեսզի խուսափենք հոգևոր թերսնումից մահանալուց: Աղոթքը, սուրբ գրությունները, տաճարը և կիրակնօրյա ժողովներին մեր կանոնավոր հաճախումը կենսական նշանակություն ունեն մեր հոգևոր ճաշացանկում:

1956թ. նոյեմբերին Ռիկարդո Գարսիան մտավ մկրտության ջրերը Չիլիում՝ դառնալով Եկեղեցու առաջին անդամը իմ երկրում։ Իր մահից ընդամենը մեկ օր առաջ, իր ընտանիքի և ընկերների առջև նա հայտարարեց. «Շատ տարիներ առաջ միսիոներները հրավիրեցին ինձ երջանիկ լինել ընտանիքիս հետ: Ես երջանիկ մարդ եմ: Չիլիում բոլորին ասեք, որ ավետարանը երջանկություն է»։

Հիսուս Քրիստոսի ավետարանով սնուցվելուց հետո Ռիկարդոն իր ողջ կյանքը նվիրեց Աստծուն և իր մերձավորներին սիրով ծառայելուն: Աշակերտության նրա օրինակը սերունդներ է օրհնել, այդ թվում՝ ինձ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Աստծո սիրով լցված մարդը չի ձգտում օրհնել միայն իր ընտանիքը, այլ տարածում է այն ողջ աշխարհի վրա, ցանկանալով օրհնել ողջ մարդկային ցեղը»:

Վերադարձ դեպի մեր երկնային տուն

Յուրաքանչյուրս մեր հոգու խորքում տուն վերադառնալու ցանկություն ունենք, և Հիսուս Քրիստոսը մեր երկնային առաջնորդության համակարգն է: Նա է ճանապարհը: Նրա քավող զոհաբերությունը մեզ համար հնարավոր է դարձնում Աստծո հետ սուրբ ուխտեր կապելը: Երբ մենք ուխտեր կապենք, երբեմն կտեսնենք, որ լողում ենք հոսանքին հակառակ: Վտանգը, հիասթափությունը, գայթակղությունը և չարչարանքը կփորձեն մեր հավատքն ու հոգևոր ուժը: Օգնություն խնդրեք: Հիսուս Քրիստոսը հասկանում է և միշտ ցանկանում է կիսել մեր բեռը:

Հիշեք, որ Նա հայտնի է որպես, «վշտերի մարդ ․․․ ու ցավերի ծանոթ»։ Փրկիչն ուսուցանել է. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»: Նրա քավող զոհաբերությունը թույլ է տալիս, որ մեր մեղքերը ներվեն այն աստիճան, որ Նա այլևս չհիշի դրանք։

Հնարավոր է, որ մենք ամբողջությամբ չմոռանանք մեր մեղքերը՝ որպես մեր մահկանացու ուսման մաս, ուստի մենք կհիշենք, որ չկրկնենք դրանք։ Փոխարենը, մենք կհիշենք Նրան, երբ հաղորդություն վերցնենք եկեղեցում ամեն կիրակի: Այս արարողությունը երկրպագության և հոգևոր զարգացման կարևոր մաս է: Ուրախությունը գալիս է, երբ հասկանում ենք, որ սա հերթական օր չէ: «Շաբաթը մարդու համար է»՝ նպատակ ունենալով մեզ հանգիստ տալ աշխարհից և նորոգել մեր մարմինն ու հոգին։

Մենք նաև հիշում ենք Նրան, երբ գնում ենք տաճար՝ Տիրոջ տուն: Տաճարները մեզ ավելի խոր գիտելիք են տալիս Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես ուխտի առանցք, որը մեզ առաջնորդում է դեպի հավերժական կյանք, որ «մեծագույնն է Աստծո … պարգևներից»:

Տաճար այցելելն ինձ մխիթարություն և մեծ հույս է տվել մեր հավերժական ճակատագրի վերաբերյալ: Ես զգացել եմ երկնային կապ վարագույրի երկու կողմերում գտնվող մարդկանց հետ: Ես տեսել եմ բուժիչ հրաշքներ իմ երեխաների կյանքում, որոնցից երկուսն ապրում են անտեսանելի հիվանդություններով, որոնք ամենօրյա խնամք են պահանջում ողջ կյանքի ընթացքում:

Մեր ընտանիքն ուրախանում է, երբ մենք կիսվում ենք երջանկության ծրագրի մասին: Իմ երեխաների դեմքերը փայլում են, երբ նրանք լսում են, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նրանց «չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ»: Մենք խորապես սիրում ենք մեր երեխաներին և գիտենք, որ մի օր, ինչպես ուսուցանել է նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը, նրանք «կկանգնեն մեր առջև փառավորված, զարմանալիորեն կատարյալ մարմնով և մտքով»։ Մեր ուխտերը մեզ մոտեցնում են Աստծուն այն աստիճան, որ անհնարինը հնարավոր է դառնում՝ լցնելով խավարի և կասկածի յուրաքանչյուր տարածություն լույսով և խաղաղությամբ:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ կա հույս և հիմնավոր պատճառներ՝ շարունակելու սիրել, աղոթել և աջակցել նրանց, ում մասին հոգ ենք տանում:

Ես գիտեմ՝ Նա ապրում է: Նա ճանաչում է մեզ և սիրում է մեզ: Նա է ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքն աշխարհի։

Ես այսօր հրավիրում եմ մեզ բոլորիս կենտրոնացնել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա: Այդ անելը կօգնի մեզ խուսափել գայթակղության, վիրավորանքի և ինքնախղճահարության կարթերը կծելուց: Մենք կկանգնենք տաճարների նման՝ սուրբ, հաստատուն և հարատև: Մենք կդիմանանք փոթորիկներին և տուն կհասնենք՝ համբերելով և ցնծալով մինչև վերջ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: