Գերագույն համաժողով
Ձեր սրտերը մի կարծրացրեք
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:6

Ձեր սրտերը մի կարծրացրեք

Եթե անկեղծորեն ապաշխարենք, խոնարհեցնենք մեզ և վստահենք ու ապավինենք Տիրոջը, մեր սրտերը կփափկեն։

Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը սկսվեց, երբ Հայր Աստված և Իր Սիրելի Որդին հայտնվեցին երիտասարդ Ջոզեֆ Սմիթին՝ պատասխանելով նրա խոնարհ աղոթքին։ Որպես վերականգնման մաս, Ջոզեֆ Սմիթը թարգմանեց հնագույն մի հիշատակարան՝ Աստծո պարգևով և զորությամբ։ Այն մի հիշատակարան է «Ամերիկյան աշխարհամասի հնագույն բնակիչների հետ Աստծո գործերի մասին և պարունակում է հավիտենական ավետարանի լրիվությունը»։

Երբ ես երիտասարդ տղա էի, Մորմոնի Գիրքը կարդալիս հաճախ զարմանում էի, թե ինչու Լամանը և Լեմուելը չէին հավատում այն ճշմարտություններին, որոնք տրվում էին նրանց, անգամ երբ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և խոսեց անմիջապես իրենց հետ։ Ինչո՞ւ Լամանը և Լեմուելը չէին կարող ավելի խոնարհ և հնազանդ լինել իրենց հոր՝ Լեքիի և կրտսեր եղբոր՝ Նեփիի ուսմունքներին։

Այս հարցի պատասխաններից մեկը ես գտել եմ 1 Նեփի գրքում, որտեղ ասվում է, որ Նեփին «վշտացած [էր] նրանց սրտերի կարծրության պատճառով»։ Նեփին հարցրեց իր ավագ եղբայրներին՝ «Ի՞նչպես է, որ դուք այդքան կարծր եք սրտով և այդքան կույր՝ մտքով»։

Ի՞նչ է նշանակում ունենալ սրտի կարծրություն։

«Կարծրություն» բառը Մորմոնի Գրքի կորեերեն թարգմանությունում կարդացվում է Ուան-Աակ완악 (Wan-Aak: 頑惡)։ Այս արտահայտությունն օգտագործում է «Ուան» չինական հիերոգլիֆը, որը նշանակում է «համառ» և «Աակ» հիերոգլիֆը՝ «չար» (頑), (惡)։ Երբ մենք կարծրացնում ենք մեր սրտերը, մենք կուրանում ենք, և ոչ մի բարի բան չի կարող մտնել մեր սիրտ կամ միտք։ Մենք դառնում ենք համառ և սկսում ավելի շատ կենտրոնանալ աշխարհիկ ցանկությունների վրա՝ հեռացնելով մեր սրտերն Աստծուց։ Մենք ընտրում ենք կենտրոնանալ միայն մեր սեփական մտքերի վրա՝ չընդունելով ուրիշների կարծիքները կամ ուղղորդումները։ Մենք ընտրում ենք բացել մեր սրտերը ոչ թե Աստծո առջև, այլ աշխարհի և հակառակորդի ազդեցության առջև։ Երբ մեր սրտերը կարծրացած են, մենք դիմադրում ենք Սուրբ Հոգու ազդեցությանը։ Մենք «դանդաղ [ենք] Տիրոջը հիշելիս» և ժամանակի ընթացքում «անզգայա[նում]» ենք Նրա խոսքերի հանդեպ։

Ամմոնիայի ժողովրդին Ալման ուսուցանել է, որ ոմանք «մերժում էին Աստծո Հոգին իրենց սրտերի կարծրության պատճառով»։ Նա նաև սովորեցրել է, որ «նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն բաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն իմանում նրա խորհուրդների մասին»։ Ի վերջո Հոգին ետ է քաշվում, և Տերը «վերցն[ում է] [Իր] խոսքը» նրանցից, ովքեր կարծրացրել են իրենց սրտերը, ճիշտ ինչպես Լամանը և Լեմուելը։ Քանի որ Լամանը և Լեմուելը շարունակ կարծրացնում էին իրենց սրտերը, դիմադրում Սուրբ Հոգուն և չէին ընդունում իրենց հոր և Նեփիի խոսքերն ու ուսմունքները, նրանք վերջնականապես մերժեցին հավերժական ճշմարտություններն Աստծուց։

Ի տարբերություն Լամանի և Լեմուելի, Նեփին շարունակ խոնարհեցնում էր իրեն՝ առաջնորդություն փնտրելով Տիրոջ Հոգուց։ Դրա դիմաց Տերը փափկացրեց Նեփիի սիրտը։ Նեփին պատմում է՝ «ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից»։ Տերն օգնեց Նեփիին ընդունել, հասկանալ և հավատալ Աստծո բոլոր խորհուրդներին և Նրա խոսքերին։ Նեփին կարողացավ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալ:

Ի՞նչ կարող ենք անել մեր սրտերը չկարծրացնելու համար:

Առաջինը՝ մենք կարող ենք ապաշխարել ամեն օր։

Փրկիչն ուսուցանել է՝ «Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ»։ Մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանել է.

Ապաշխարությունը առաջընթացի բանալին է։ Մաքուր հավատքը մեզ ստիպում է առաջ ընթանալ ուխտի ճանապարհով:

«Խնդրում եմ, մի վախեցեք և մի հետաձգեք ապաշխարությունը: ․․․ Սատանան հրճվում է ձեր թշվառությունից: … Այսօրվանից սկսեք զգալ բնական մարդուն հանելու ուրախությունը: Փրկիչը մեզ միշտ սիրում է, բայց հատկապես սիրում է, երբ մենք ապաշխարում ենք»:

Մինչ մենք զգում ենք մեր սրտերը փափկացնելու և դեպի Տերը դառնալու ուրախությունը, մենք դառնում ենք «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:

Երկրորդը՝ մենք կարող ենք զարգացնել մեր խոնարհությունը։

Ամենօրյա ապաշխարությունը լցնում է մեր սիրտը խոնարհությամբ։ Մենք ցանկանում ենք դառնալ խոնարհ Տիրոջ առջև, ինչպես փոքր երեխան է հնազանդվում իր հորը։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին մեզ հետ կլինի, և մեր սրտերը կփափկեն։

Ես և կինս՝ Սյուն, վերջին չորս տարիների ընթացքում ճանաչում ենք մի հրաշալի զույգի։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք նրանց, ամուսինը եկեղեցու նոր անդամ էր, իսկ նրա կինը հանդիպում էր միսիոներների հետ ավետարանն ուսումնասիրելու համար։ Շատ միսիոներներ հանդիպեցին նրան՝ օգնելու գալ դեպի Քրիստոսը։ Մենք զգում էինք, որ նա ավետարանի բուռն վկայություն ուներ և գիտեր, որ եկեղեցին ճշմարիտ է։ Նա հաճախ էր զգում Հոգին մեր այցելությունների ժամանակ և ակտիվորեն մասնակցում էր բոլոր ժողովներին։ Նա սիրում էր շփվել ծխի հիասքանչ անդամների հետ։ Այնուամենայնիվ, նա դժվարանում էր պարտավորություն վերցնել՝ մտնելու մկրտության ջրերը։ Մի օր նա կարդում էր Մորոնի 7․43-44

«Եվ դարձյալ, ահա ես ասում եմ ձեզ, որ նա չի կարող ունենալ հավատք և հույս, եթե նա չլինի հեզ և սրտով խոնարհ:

Եթե այդպես է, [քո] հավատքը և հույսը զուր է, քանզի ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից»:

Այդ հատվածները կարդալուց հետո նա գիտեր, թե ինչ պետք է աներ։ Նա կարծում էր, որ հասկանում էր, թե ինչ է նշանակում լինել հեզ և խոնարհ։ Այնուամենայնիվ, նրա հասկացողությունը բավարար չէր բավականաչափ հավատք և հույս ունենալու՝ Աստծո պատվիրաններին հնազանդվելու համար։ Նա պետք է մի կողմ դներ իր՝ սեփական իմաստությունից բխող համառությունը։ Անկեղծ ապաշխարությամբ՝ նա սկսեց խոնարհեցնել իրեն Տիրոջ առջև։ Նա սկսեց նայել խոնարհությանն Աստծո աչքերով։ Նա ապավինեց Երկնային Հորը և աղոթեց՝ փափկացնելու իր սիրտը։ Այս աղոթքների միջոցով նա զգաց, որ Հոգին վկայում է իրեն, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ նա մկրտվի։

Ամուսինները կիսվեցին, որ որքան խոնարհ էին դառնում, այնքան ավելի շատ էին հասկանում Աստծո խոսքերը, և նրանց սրտերը փափկում էին՝ հետևելու Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։

Երրորդը՝ մենք կարող ենք վստահել և ապավինել մեր Փրկչին։

Նեփին հիանալի օրինակ էր այն բանի, որ թույլ տվեց, որ իր սիրտը փափկի՝ վստահելով Տիրոջը: Նա ուսուցանել է․ «Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան: Ես իմ վստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա»։ Նմանապես, Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն ասել է․ «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել․ այո՛, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել»։ Երբ դնենք մեր վստահությունը Տիրոջ վրա և ապավինենք Նրան, Նա կփափկացնի մեր սրտերը, և մենք կսատարվենք մեր փորձանքների, տագնապների և չարչարանքների մեջ։

Եթե անկեղծորեն ապաշխարենք, խոնարհեցնենք մեզ և վստահենք ու ապավինենք Տիրոջը, մեր սրտերը կփափկեն։ Ապա Նա կհեղի Իր Հոգին և ցույց կտա մեզ երկնքի խորհուրդները։ Մենք կհավատանք բոլոր խոսքերին, որ Նա սովորեցրել է, և մեր հասկացողությունը կխորանա։

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հեզության մեծագույն օրինակն է։ 2 Նեփի 31․7 հատվածում կարդում ենք․ «Բայց չնայած իր սուրբ լինելուն, նա ցույց է տալիս մարդկանց զավակներին, որ ըստ մարմնի նա իրեն խոնարհեցնում է Հոր առաջ, և վկայում է Հորը, որ նա հնազանդ կլինի նրան՝ նրա պատվիրանները պահելիս»: Չնայած նրան, որ Նա սուրբ էր և կատարյալ, Նա խոնարհեցրեց Իրեն Հոր առջև և հնազանդվեց Նրան՝ մկրտվելով։

Իր մահկանացու կյանքի ավարտին, Հիսուս Քրիստոսն Իր կամքը հնազանդեցրեց Իր Հորը՝ խմելով դառը բաժակը։ Այս տառապանքը ստիպեց Նրան «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով»։ Փրկիչը խնդրեց, որ «գուցե չխմ[ի] դառը բաժակը և ընկրկ[ի]»։ Այնուամենայնիվ, Նա ասաց՝ «փա՛ռք լինի Հորը, և [Նա] ճաշակեց ու ավարտեց [Իր] նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:

Եղբայրներ և քույրեր, մեզ տրվել է կամքի ազատություն։ Մենք կարող ենք ընտրել կարծրացնել մեր սրտերը կամ կարող ենք ընտրել փափկացնել մեր սրտերը։ Մեր առօրյա կյանքում մենք կարող ենք ընտրել անել բաներ, որոնք հրավիրում են Տիրոջ Հոգուն գալ և բնակվել մեր սրտերում։ Ես գիտեմ, որ այս ընտրություններում խաղաղություն և ուրախություն կա։

Եկեք հետևենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակին, ով հետևեց Հոր կամքին։ Երբ մենք դա անենք, Տերը խոստացել է՝ «Քանզի, ահա, ես հավաքելու եմ նրանց, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, եթե նրանք չկարծրացնեն իրենց սրտերը»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: