Գերագույն համաժողով
Հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:0

Հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել

Խնդրում եմ, սովորեք և ուժ ստացեք նրանց հավատքից և վկայություններից, ովքեր ձեզնից առաջ են եղել:

Երբ ստուգայցով գտնվում էի Նեշվիլի (Թենեսի) տաճարում, այդ հանձնարարության շրջանակներում արտոնություն ունեցա ուսումնասիրելու Տիրոջ այդ գեղեցիկ տունը: Ինձ հատկապես տպավորեց մայրապետի աշխատասենյակում կախված Մերի Ուանլասի նկարը, որը կոչվում է Շարունակիր:

Սա նկարի հիմքում ընկած պատմությունն է.

«1862 թվականին Միսսուրիում 14-ամյա Մերի Ուանլասը խոստացավ իր մահամերձ խորթ մորը, որ իր հաշմանդամ հայրը և չորս կրտսեր եղբայրներն ու քույրերը կհասնեն Մեծ Սոլթ Լեյքի հովիտ: Մերին քշում էր եզներն ու կթու կովերը, որոնք քաշում էին սայլը, որտեղ գամված էր նրա հայրը, ինչպես նաև խնամում էր իր եղբայրներին ու քույրերին։ Ամեն օրվա ճամփորդությունից հետո նա կերակրում էր ընտանիքին՝ ուտելի բույսեր, ծաղիկներ և հատապտուղներ փնտրելով: Նրա միակ կողմնացույցը իր ստացած հրահանգն էր՝ շարունակել ճամփորդել դեպի արևմուտք, մինչև ամպերը սարեր դառնան:

Սեպտեմբերին նրանք հասան Յուտա հովիտը՝ ճամփորդելով ամբողջ գարնանն ու ամռանը: Նրա հայրը մահացավ շուտով, երբ ընտանիքը հաստատվեց Յուտա կոմսությունում, որտեղ Մերին ավելի ուշ ամուսնացավ և ապրեց իր ընտանիքի հետ»:

Սա 14-ամյա երիտասարդ կնոջ հավատքի և ուժի զարմանալի պատմություն է, որը կարող է օգնել մեզանից յուրաքանչյուրին այսօր «ուղղակի շարունակել»:

«Պարզապես շարունակիր» կամ իմ մայրենի հոլանդերենից թարգմանաբար՝ Gewoon Doorgaan-ը, նաև մայրիկիս ու հայրիկիս ողջ կյանքի կարգախոսն է։

Իմ և կնոջս ծնողները մեր ընտանիքի ռահվիրաներն են: Նրանք հատել են իրենց սեփական «հարթավայրերը», ինչպես բոլոր նրանք, ովքեր ամեն օր գալիս են Եկեղեցի՝ Տիրոջ փարախը: Նրանց պատմությունները քիչ առնչություն ունեն եզների և սայլերի հետ, բայց նույն ազդեցությունն ունեն ապագա սերունդների վրա:

Նրանք ընդունեցին ավետարանը և մկրտվեցին, երբ չափահաս երիտասարդներ էին։ Երկու ծնողներս էլ դժվար մանկություն են ունեցել։ Հայրս մեծացել է Ինդոնեզիայի Ճավա կղզում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան բռնությամբ բաժանեցին իր ընտանիքից և բանտարկեցին համակենտրոնացման ճամբարում, որտեղ երիտասարդ տարիքում նա անասելի դժվարություններ կրեց։

Մայրս մեծացել է ամուսնալուծված ընտանիքում և նույնպես տառապել է սովից ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարություններից: Երբեմն նա ստիպված էր լինում նույնիսկ կակաչի սոխուկներ ուտել։ Հոր արարքների և մոր հետ նրա հետագա ամուսնալուծության պատճառով աղջկա համար երբեմն դժվար էր Երկնային Հորը դիտարկել որպես սիրող Հայր:

Ծնողներս հանդիպեցին Եկեղեցու միջոցառման ժամանակ և կարճ ժամանակ անց որոշեցին ամուսնանալ ու կնքվել Բեռնի (Շվեյցարիա) տաճարում: Երբ նրանք կատարել էին տաճար գնալու համար իրենց փոքր խնայողությունների վերջին ծախսերը և սպասում էին կայարանում, մտածում էին, թե ինչպես են ծայրը ծայրին հասցնելու, բայց վստահ էին, որ ամեն ինչ կստացվի: Այդպես էլ եղավ:

Նրանք սկսեցին մեծացնել իրենց ընտանիքը Ամստերդամի կենտրոնում գտնվող ձեղնահարկի մեկ սենյականոց աղքատիկ բնակարանում: Մի քանի տարի իրենց հագուստները ձեռքով լվանալուց հետո նրանք վերջապես բավականաչափ գումար կուտակեցին՝ լվացքի մեքենա գնելու համար։ Գնումը կատարելուց անմիջապես առաջ եպիսկոպոսը այցելեց նրանց՝ խնդրելով ներդրում ունենալ Ամստերդամի ժողովատունը կառուցելու համար: Նրանք որոշեցին ամբողջ խնայած գումարը տալ և շարունակեցին ձեռքով լվացք անել։

Բոլոր ընտանիքների նման մենք ևս անցանք որոշ դժվարությունների միջով։ Դրանք մեզ միայն ավելի ուժեղ են դարձրել և խորացրել են մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը, ճիշտ այնպես, ինչպես երբ Ալման իր որդի Հելամանին պատմում էր, որ ինքը սատարվել է ամեն տեսակի փորձանքների և տագնապների ներքո, քանի որ վստահել է Տեր Հիսուս Քրիստոսին:

Երիտասարդ տարիներին այդքան փորձություն անցած երկու մարդ ինչպե՞ս կարողացան դառնալ ամենալավ ծնողները, որ ես երբևէ կցանկանայի ունենալ: Պատասխանը պարզ է. նրանք լիովին ընդունեցին ավետարանը և մինչ այսօր ապրում են իրենց ուխտերով:

Ավելի քան 65 տարվա ամուսնությունից հետո Ալցհեյմերի հիվանդությունով տառապող մայրս փետրվարին մահացավ։ Հայրս, որն 92 տարեկանում դեռ ապրում էր տանը, հաճախ այցելում էր նրան, մինչ նրա մահը: Որոշ ժամանակ առաջ նա ասաց իմ կրտսեր քույր-եղբայրներին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինդոնեզիայի ճամբարում նրա ունեցած սարսափելի փորձությունները նրան նախապատրաստել էին երկար տարիներ համբերությամբ խնամել իր կնոջը, երբ վերջինս հիվանդացավ այդ սարսափելի հիվանդությամբ, ինչպես նաև այն ճակատագրական օրվա համար, երբ նա ստիպված էր կնոջ հիմնական խնամքը վստահել ուրիշներին և այլևս չէր կարող նրա կողքին լինել: Նրանց կարգախոսը եղել և մնում է՝ «Պարզապես շարունակիր», ունենալով կատարյալ հույս Քրիստոսում՝ վերջին օրը հարություն առնելու և Նրա հետ հավերժ փառքով բնակվելու համար։

Նրանց հավատքն ու վկայությունները շարժիչ ուժ են իրենցից հետո եկող սերունդների համար:

Կինս մեծացել է գյուղում, որտեղ նրա ծնողները մշտապես հաճախում էին եկեղեցի և ընդունել էին վերականգնված ավետարանը որպես երիտասարդ ամուսնական զույգ։ Կինս այդ ժամանակ երկու տարեկան էր և նրանց միակ երեխան։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու որոշումը մեծ ազդեցություն ունեցավ նրանց կյանքի վրա, քանի որ ընտանիքն ու գյուղացիները խուսափում էին նրանցից: Պահանջվեցին շատ տարիներ, սիրառատ գրառումներ ընտանիքի անդամներին և ծառայություն՝ համայնքին, մինչև նրանք վերջապես ընդունվեցին:

Երբ կնոջս հայրը ծառայում էր որպես եպիսկոպոս, մի առիթով նրան ինչ-որ բանում կեղծաբար մեղադրեցին և անմիջապես հետ կանչեցին: Զոքանչս այնքան վիրավորված էր, որ ամուսնուն հարցրեց՝ արդյո՞ք իրենք պետք է շարունակեն եկեղեցի գնալ։ Նա պատասխանեց, որ իրենք, իհարկե, կշարունակեն գնալ եկեղեցի, քանի որ սա մարդկանց եկեղեցին չէ, այլ՝ Հիսուս Քրիստոսինը:

Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև ճշմարտությունը բացահայտվեց և նրանից ներողություն խնդրեցին: Այն, ինչը կարող էր լինել նրանց բեկումնային կետը, պարզապես ավելացրեց նրանց ուժն ու համոզմունքը:

Ինչո՞ւ մեզանից ոմանք չեն գնահատում մեր ծնողների հավատքն ու վկայությունները, ովքեր իրենց բոլոր դժվարությունների ընթացքում հավատարիմ են մնացել: Արդյո՞ք կարծում ենք, որ նրանք իրերի հստակ պատկերացումը չունեն։ Նրանք չեն խաբվել և չեն էլ խաբվի։ Նրանք պարզապես շատ փորձառություններ են ունեցել Հոգու հետ և կարող են ասել Մարգարե Ջոզեֆի հետ. «Ես գիտեի դա, … և չէի կարող ժխտել դա»:

Մի՞թե չեք սիրում Հելամանի բանակի մասին երգը Երեխաների երգարանից։

Նեփիի պես ծնվել ենք մենք,

Աստծուն սիրող ծնողներից:

Ուսուցանվել ենք մենք մանկուց

Հետևել պատվիրաններին։

Դուք, հնարավոր է, չունենաք մանուկ հասակում մորս նման փորձառություն, այնուամենայնիվ դուք կարող եք դառնալ «լավ ծնողներ, ովքեր սիրում են Տիրոջը», և արդար օրինակ ծառայել ուրիշներին:

Արդյո՞ք զգում ենք այդ բացարձակ ճշմարտությունը, երբ երգում ենք այս երգը: Արդյո՞ք զգում եք, որ դուք, «որպես Հելամանի բանակ», «կլինեք Տիրոջ միսիոներները՝ աշխարհին բերելու Նրա ճշմարտությունը»: Ես դա զգացել եմ շատ անգամներ, երբ երգել եմ այս երգը ԵԶՀ և երիտասարդների այլ հավաքներին։

Կամ ի՞նչ ենք զգում, երբ երգում ենք «Հավատքին հավատարիմ» օրհներգը:

Արդյո՞ք Սիոնի երիտասարդները վարանում են,

երբ պաշտպանում են ճշմարտությունն ու արդարությունը։

Մինչ թշնամին հարձակվում է,

Կխուսափե՞նք պատերազմից։ Ո՛չ:

Հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել:

Աճող սերնդի ներկայացուցիչներ, որտեղ էլ որ լինեք և ինչ իրավիճակում էլ որ հայտնվեք, խնդրում եմ, սովորեք և ուժ ստացեք նրանց հավատքից և վկայություններից, ովքեր ձեզնից առաջ են եղել: Դա կօգնի ձեզ հասկանալ, որ վկայություն ձեռք բերելու կամ աճելու համար պետք է զոհաբերություններ արվեն, որոնք իրենց հետ երկնքի օրհնություններ են բերում:

Մտածելով մի զոհաբերության մասին, որն իրապես կօրհնի ձեր կյանքը, խնդրում ենք հաշվի առնել և աղոթել մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Նելսոնի հրավերի մասին, երբ նա խնդրել է «յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: …

Երիտասարդ քույրեր համար, որոնք ի վիճակի են, միսիան թեև հզոր, բայց կամավոր հնարավորություն է»:

Դուք կարող եք կանչվել որպես ծառայության կամ ուսուցանող միսիոներ: Միսիոներների երկու տեսակներն էլ նպաստում են Քրիստոսի մոտ հոգիներ բերելու նույն նպատակին, յուրաքանչյուրն իր ուրույն և հզոր ձևով:

Ծառայությունների երկու տեսակների դեպքում էլ դուք ցույց կտաք Տիրոջը, որ սիրում եք Նրան և ցանկանում եք ավելի լավ ճանաչել Նրան: «Ինչպե՞ս է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից»:

Բոլորս, անկախ նրանից՝ ավետարանի առաջին սերունդն ենք, թե հինգերորդը, պետք է ինքներս մեզ հարց տանք, թե հավատքի, ուժի և սելեստիալ նվիրվածության ի՞նչ պատմություններ ենք փոխանցելու հաջորդ սերնդին:

Եկեք բոլորս շարունակենք մեր ջանքերը՝ ավելի լավ ճանաչելու մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, և Նրան դարձնելու մեր կյանքի կենտրոնը: Նա այն վեմն է, որի վրա մենք պետք է կառուցենք, որպեսզի երբ ժամանակները դժվարանան, կարողանանք ամուր կանգնել:

Եկեք լինենք «հավատարիմ այն հավատքին, որը փայփայել են մեր ծնողները, հավատարիմ ճշմարտությանը, որի համար զոհվել են նահատակները, հավատարիմ Աստծո հրահանգին, հոգուն, սրտին և ձեռքին, հավատարիմ և ճշմարիտ մենք հավերժ կանգնելու ենք»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: