Գերագույն համաժողով
Հոգևորապես փրկված Նրանում
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:29

Հոգևորապես փրկված Նրանում

Փրկությունը անհրաժեշտաբար չի ենթադրում ֆիզիկական և էմոցիոնալ վերականգնում այս կյանքում: Փրկությունը ծնվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից և դարձից:

Տասը բորոտներ աղաղակեցին Փրկչին՝ «ողորմիր մեզ»: Եվ Հիսուսը ողորմաց։ Նա ասաց նրանց, որ իրենց ցույց տան քահանային, և երբ նրանք գնացին, մաքրված էին հիվանդությունից:

Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, բարձրաձայն փառաբանեց Աստծուն։ Նա վերադարձավ Փրկչի մոտ, ընկավ Նրա ոտքերի առաջ և գոհություն հայտնեց։

Եվ Փրկիչն ասաց նրան. «Քո հավատը փրկեց քեզ»:

Հիսուս Քրիստոսը բժշկեց տասը բորոտների։ Բայց մեկը, վերադառնալով Փրկչի մոտ, ավելին ստացավ: Նա փրկություն գտավ։

Ինը բորոտները բուժվեցին ֆիզիկապես։

Մեկը բուժվեց ֆիզիկապես և փրկվեց հոգևորապես։

Այս պատմության շուրջ խորհելիս ես մտածել եմ՝ արդյոք ճիշտ է նաև հակառակը: Եթե բուժումն ու փրկությունը նույնը չեն, կարո՞ղ է մարդը հոգևորապես փրկվել Նրա կողմից, բայց դեռևս ֆիզիկապես և էմոցիոնալ առումով չբժշկվել:

Բժշկող Տերը Իր ժամանակին կբուժի մեր բոլոր վերքերը՝ ֆիզիկական և էմոցիոնալ: Բայց բժշկվելու սպասումի մեջ մարդը կարո՞ղ է փրկվել։

Ի՞նչ է նշանակում լինել հոգևորապես փրկված։

Մենք փրկվում ենք Հիսուս Քրիստոսում, երբ մեր ազատ կամքով հետևում ենք Նրան հավատքով, սրտանց նվիրվում ենք Նրան, որպեսզի Նա կարողանա փոխել մեզ, պահում ենք պատվիրանները և ուխտի հարաբերություններ հաստատում Նրա հետ՝ հեզությամբ համբերելով և դասեր քաղելով երկրային մարտահրավերներից, մինչև որ վերադառնանք Նրա ներկայությունը և բժշկվենք բոլոր առումներով: Ես կարող եմ փրկվել, մինչ սպասում եմ բժշկվելուն, եթե անկեղծ լինեմ Նրա հետ իմ հարաբերություններում:

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը հույս է ծնում։ Ես հույս եմ գտնում փրկվելու ձգտման մեջ՝ փրկություն, որը ծնվում է առ Հիսուս Քրիստոս հավատքից: Նրա հանդեպ հավատքը մեծացնում է իմ բժշկվելու հույսը, և այդ հույսն ամրապնդում է իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս: Դա զորեղ շրջան է։

Տերն ասաց Ենովսին, որ նրա հավատքը նրան «ողջ» դարձրեց։ Ենովսը փրկություն գտավ, երբ խորհեց իր մարգարե-հոր՝ Հակոբի խոսքերի շուրջ, երբ հավերժական կյանքի հնարավորությունը հասկանալու քաղց զգաց, երբ աղաղակեց առ Աստված հզոր աղոթքով: Եվ այս ցանկության ու խոնարհության մեջ Տիրոջ ձայնը հասավ նրան՝ հայտնելով, որ նրա մեղքերը ներված են։ Եվ Ենովսը հարցրեց Տիրոջը․ «Ինչպե՞ս եղավ դա»։ Եվ Տերը պատասխանեց․ «Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ … քո հավատքը քեզ ողջ դարձրեց»։

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի միջոցով մենք կարող ենք ձգտել փրկվել հոգևորապես, մինչ սպասում ենք և հույս ունենք ֆիզիկական և էմոցիոնալ բժշկման:

Իր քավող զոհաբերության շնորհիվ, և երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, Փրկիչը բուժում է մեզ մեղքից, ինչպես Նա արեց Ենովսի դեպքում: Նրա անսահման Քավությունը օգնում է նաև փարատել մեր վշտերն ու ցավերը:

Բայց Նա գուցե չբժշկի հիվանդությունները՝ քրոնիկ ցավերը, աուտոիմունային խանգարումները, օրինակ՝ բազմակի սկլերոզը, քաղցկեղը, դեպրեսիան և այլն: Նման բժշկությունը տեղի է ունենում Տիրոջ ժամանակին: Եվ միևնույն ժամանակ մենք կարող ենք ընտրել հոգևորապես փրկված լինելը՝ գործադրելով մեր հավատքը Նրա հանդեպ:

Լինել փրկված՝ նշանակում է լինել ամբողջական և լրիվ: Հինգ իմաստուն կույսերի նման, որոնց լապտերները լցված էին ձեթով, երբ փեսան եկավ, մենք կարող ենք փրկություն գտնել Հիսուս Քրիստոսում, երբ մեր լապտերները լցնենք դարձի գալու սնուցող ձեթով: Այդ կերպ մենք պատրաստվում ենք խորհրդանշական հարսանեկան ընթրիքին՝ Նրա Երկրորդ Գալուստին:

Առակում բոլոր տասը կույսերը ճիշտ տեղում էին և սպասում էին փեսային: Նրանցից յուրաքանչյուրը եկել էր իր լապտերով։

Բայց երբ Նա անսպասելի եկավ կեսգիշերին, հինգ հիմարները բավարար ձեթ չունեին իրենց լապտերներում։ Նրանք նկարագրվում են ոչ թե որպես ամբարիշտ, այլ որպես հիմար։ Հիմարները չկարողացան պատշաճ կերպով պատրաստվել՝ իրենց լապտերները վառ պահելու դարձի ձեթով։

Եվ այսպես, հարսանեկան ընթրիքին մտնելու թույլտվություն ստանալու նրանց խնդրանքին ի պատասխան՝ փեսան ասաց. «Դուք ինձ չեք ճանաչում»:

Ապա ակնարկում է, որ հինգ իմաստուն կույսերը ճանաչում էին Իրեն։ Նրանք փրկված էին Նրանում:

Նրանց լապտերները լի էին դարձի թանկարժեք ձեթով, որը թույլ էր տալիս իմաստուն կույսերին հարսանեկան խնջույքի մտնել և փեսայի աջ կողմում լինել:

Ինչպես ասել է Փրկիչը․ «Հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ, որ կարողանաք պատրաստ լինել Փեսայի գալստի ժամանակ»։

Հինգ իմաստուն կույսերը, Բեն Համմոնդ

Հինգ իմաստուն կույսերը, Բեն Համմոնդ

Վերջերս Հինգ իմաստուն կույսերին պատկերող հոյակապ քանդակը տեղադրվել է Տաճարային հրապարակում՝ Սփոփող միության շենքի դռների մոտ և Սոլթ Լեյքի տաճարի ստվերում:

Դա առակը ներկայացնելու վայել տեղ է: Որովհետև երբ մենք ուխտեր ենք կապում և պահում, հատկապես նրանք, որոնք հասանելի են Տիրոջ տանը, մենք լցնում ենք մեր լապտերները դարձի ձեթով:

Հինգ իմաստուն կույսերը կիսվում են իրենց լույսով։
Հինգ իմաստուն կույսերը օգնում են իրար։

Թեև հինգ իմաստուն կույսեր ներկայացված կանայք չեն կիսում իրենց դարձի ձեթը, նրանք կիսում են իրենց պայծառ լույսը, երբ բարձրացնում են ձեթով լի լապտերները։ Հատկանշական է, որ նրանք պատկերված են որպես միմյանց աջակցող՝ ուս ուսի տված, միմյանց ձեռք բռնած, միմյանց աչքերի մեջ նայելով և լուսավորելով մյուսների համար։

Իսկապես՝ «[Մենք ենք] աշխարհի լույսը»։ Փրկիչը հայտարարել է․

«Ես տալիս եմ ձեզ՝ լինելու այս ժողովրդի լույսը: Մի քաղաք, որ գտնվում է սարի վրա, չի կարող թաքցվել:

Մի՞թե [մենք] վառում են[ք] մոմը և դնում այն գրվանի տակ: Ո՛չ, այլ մոմակալի վրա են[ք] դնում, և այն լույս է տալիս բոլորին, ովքեր տան մեջ են.

Հետևաբար, թող ձեր լույսն այնպես շողա այս ժողովրդի առաջ, որ նրանք կարողանան տեսնել ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որը երկնքում է»:

Մեզ պատվիրված է կիսվել Նրա լույսով: Այսպիսով, ձեր լապտերը լցված պահեք առ Հիսուս Քրիստոս դարձի ձեթով և պատրաստ եղեք ձեր լապտերը զարդարված ու վառ պահել: Ապա թույլ տվեք, որ այդ լույսը փայլի։ Երբ կիսվում ենք մեր լույսով, մենք բերում ենք Հիսուս Քրիստոսի սփոփանքը ուրիշներին, մեր դարձը դեպի Նա խորանում է, և մենք կարող ենք փրկվել՝ նույնիսկ բժշկվելուն սպասելիս: Եվ եթե թույլ տանք, որ մեր լույսը պայծառ փայլի, մենք ուրախ կլինենք նույնիսկ սպասելիս:

Սուրբգրային օրինակն օգնում է ամրապնդել այն սկզբունքը, որ մենք կարող ենք փրկվել, երբ դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսը և ուժ ենք ստանում Նրանից՝ նույնիսկ բժշկվելուն սպասելիս:

Պողոս առաքյալն ուներ տկարություն, ինչը նկարագրել է որպես «մարմնի խայթ», որը երեք անգամ խնդրել էր Տիրոջը հեռացնել: Եվ Տերն ասաց Պողոսին. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Ի պատասխան՝ Պողոսը հայտարարեց․

«Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։

Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, … որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ»։

Պողոսի օրինակը հուշում է, որ նույնիսկ մեր թուլության դեպքում Հիսուս Քրիստոսում մեր ուժը կարող է կատարյալ լինել, այն է՝ ամբողջական: Նրանք, ովքեր պայքարում են մահկանացու դժվարությունների դեմ և հավատքով դիմում Աստծուն, ինչպես Պողոսը, կարող են ստանալ Աստծուն ճանաչելու օրհնությունները:

Պողոսի տկարությունը չբուժվեց, բայց նա հոգևորապես փրկված էր Հիսուս Քրիստոսում: Նույնիսկ դժվար պահերին առ Հիսուս Քրիստոս դարձի գալու լույսը փայլում և ուժ էր տալիս, և նա ուրախանում էր: Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում նա գրում է․ «Միշտ Տիրոջով ուրախ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք»։

Քույրեր և եղբայրներ, պատասխանն է՝ այո, մենք կարող ենք հոգևորապես փրկվել, նույնիսկ եթե սպասում ենք ֆիզիկական և էմոցիոնալ բժշկմանը: Փրկությունը անհրաժեշտաբար չի ենթադրում ֆիզիկական և էմոցիոնալ վերականգնում այս կյանքում: Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից և դարձից, և թույլ տալուց, որ այդ դարձի լույսը շողա:

«Կանչվածները շատ են, [բայց քչերն են ընտրվում լինելու] ընտրյալները»։

Բոլորը ֆիզիկապես և էմոցիոնալ առումով կբժշկվեն Հարության ժամանակ։ Արդյո՞ք դուք այժմ ընտրում եք փրկություն գտնել Նրանում։

Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ դարձի եմ եկել առ Տեր Հիսուս Քրիստոսը: Ես ձգտում եմ փրկություն գտնել Նրանում։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և բժշկումը կգա Նրա ժամանակին, քանի որ Նա ապրում է:

Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի կողմից բժշկված կին էր: Եվ նա Հիսուս Քրիստոսում փրկված կին էր։ Որպես Նրա աշակերտ՝ նա հետևեց Փրկչին ողջ Գալիլեայում և ծառայեց Նրան:

Նա ներկա էր խաչի մոտ՝ վկա դառնալով Նրա մահվանը:

Նա գնաց Նրա գերեզման, ավարտելու թաղման նախապատրաստական աշխատանքները, և հայտնաբերեց, որ մուտքի քարը հեռացված էր, որ Տիրոջ մարմինն այնտեղ չէր։ Մարիամը գերեզմանի մոտ լաց էր լինում, երբ նրան հարցրին՝ նախ հրեշտակները, իսկ հետո՝ հենց Փրկիչը. «Կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։

Մարիամն ասաց. «Իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան»։

Եվ Հիսուսը քնքշորեն կանչեց նրա անունը՝ «Մարիամ»։ Եվ նա ճանաչեց Նրան և ակնածանքով պատասխանեց. «Ռաբբո՛ւնի … Վարպետ»:

Մարգարեանալով Փրկչի մասին՝ Եսային ասել է․ «Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից»։

Նրա Հարությունը թույլ տվեց, որ Մարիամի արցունքները սրբվեն։ Անշուշտ, Նա կսրբի նաև ձեր արցունքները:

Մարիամը հարություն առած Փրկչի առաջին վկան էր: Եվ նա առաջինն էր, որ ուրիշներին վկայեց իր տեսածի մասին:

Ես խոնարհաբար ավելացնում եմ իմ վկայությունը Մարիամի վկայությանը: Նա հարություն է առել։ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Ի վերջո, բոլորը ֆիզիկապես և էմոցիոնալ առումով կբժշկվեն Նրանում։ Եվ այդ բժշկության սպասումի մեջ հավատքը դեպի Բժշկող Տերը մեզ հոգևորապես կփրկի: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ղուկաս 17.11-19։ «Փրկեց» տերմինը թարգմանվել է հունարեն բառից, որը նշանակում է փրկել, օգնության հասնել, ազատել կամ բժշկել։ Դա կարծես ընդգծում է կենսական ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ ֆիզիկապես բուժել, և Նա կարող է նաև ազատել, օգնության հասնել, փրկել և բժշկել մեզ այլ ձևերով:

  2. Տես Ալմա 40․23․ «Հոգին պիտի վերականգնվի մարմնի հետ, և մարմինը՝ հոգու հետ, այո, և ամեն վերջավորություն և հոդ պիտի վերականգնվի իր մարմնի հետ. այո, նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի. այլ բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով»: Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հիսուս Քրիստոս. Բժշկող Տերը», Լիահոնա, նոյ. 2005, 87․ «Հարության պարգևը Տիրոջ բժշկության կատարյալ գործողությունն է»:

  3. Տես Մորոնի 7․40–42։

  4. Ենովս 1.8։

  5. Ենովս 1.7:

  6. Ենովս 1.8։

  7. Տես Մատթեոս 25.1–13:

  8. Հիմար, քանի որ նրանք չէին կարծում, որ լրացուցիչ յուղ ունենալը կարևոր է կամ անհրաժեշտ։

  9. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 25.12 ( Մատթեոս 25.12, ծանոթագրություն ա):

  10. Տասը կույսերի առակի մասին երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

    «Պատկերացրեք կույսերի լամպերը որպես վկայության լամպեր: Հիմար կույսերը վերցրին իրենց վկայության լամպերը, սակայն յուղ չվերցրին իրենց հետ։ Նկարագրված յուղը համարենք դարձի գալու յուղը։ …

    Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան յուղով կիսվել, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որն առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելու արդյունքում: Կարո՞ղ է արդյոք ջանասեր ուսումնասիրելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու խաղաղությունը փոխանցվել դժբախտություն կամ մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ»:

    Ապա նա բացատրեց, որ մենք ունենք «անհատական պատասխանատվություն՝ վառ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այդ թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ: Մենք չենք կարող ընտրել կարճ ճանապարհ և վերջին րոպեին հապճեպ պատրաստություն տեսնել» («Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 109):

  11. Վարդապետություն և Ուխտեր 33․17: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել. «Հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Հիմա է ժամանակը, որ մենք մեր աշակերտությունը դարձնենք մեր ամենաբարձր առաջնահերթությունը» («Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ. 2024):

  12. Բեն Համոնդը Հինգ իմաստուն կույսերը քանդակի հեղինակն է, որը պատկերել է հինգ իմաստուն կույսերին՝ որպես տարբեր տարիքի և ռասայական ծագման կանայք, որոնք ներկայացնում են կանանց բազմազանությունը, որոնք Հիսուս Քրիստոսի դարձի եկած աշակերտներն են:

  13. Երբ ընդունում ենք հաղորդությունը, մենք նորոգում ենք բոլոր ուխտերը, որոնք կապել ենք Տիրոջ հետ և կապում ենք նոր ուխտ, որով մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը և հնազանդվել Նրա պատվիրաններին: Քահանայության արարողություններին արժանի մասնակցությունը և ուխտեր կապելն ու պահելը մեզ դարձնում է ողջ: Այս սկզբունքը գեղեցիկ կերպով արտահայտված է հաղորդության օրհներգում՝ «Կենաց Հաց, Կենդանի Ջուր»։

    Կենաց Հաց, Կենդանի Ջուր,

    Կերակրիր հոգիս, լցրու սիրտս։

    Տեր, տուր ինձ նոր կյանք Քեզանում,

    Եվ ինձ դարձրու ողջ՝ ամբողջական և սուրբ,

    Հավերժ կապիր Քեզ հետ։

    (Hymns—For Home and Church, Gospel Library; emphasis added.)

  14. Մատթեոս 5․14։

  15. 3 Նեփի 12․14–16։

  16. Սիրված օրհներգում ասվում է.

    Իմ այս փոքրիկ լույսը, ես թույլ կտամ, որ փայլի …

    Ուր էլ գնամ, թույլ կտամ, որ փայլի …

    Հիսուսը տվեց ինձ այն. թույլ կտամ, որ փայլի:

    Թող այն փայլի, թող փայլի, թող փայլի։

    (“This Little Light of Mine,” Hymns—For Home and Church, Gospel Library.)

  17. Բ Կորնթացիներին 12.7:

  18. Տես Բ Կորնթացիներին 12․8։

  19. Բ Կորնթացիներին 12.9։

  20. Բ Կորնթացիներին 12.9–10:

  21. Փիլիպպեցիներին 4․4, տես նաև Բ Կորնթացիներին 1․3–4․ «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց»։

  22. Դեյվիդ Ա. Բեդնար, «Հագիր զորությունդ, ով Սիոն», Լիահոնա, նոյ․ 2022, 94։

  23. Մատթեոս 22.14, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․34-35։

  24. Տես Ղուկաս 8․2-3։

  25. Տես Հովհաննես 19․25։

  26. Հովհաննես 20․15, տես նաև հատված 13։

  27. Հովհաննես 20.13։

  28. Հովհաննես 20.16։

  29. Եսայի 25․8։