Փրկչի հանդեպ իմ սերն իմ «ինչու»-ների պատասխանն է
Ես սիրում եմ մեր Փրկչին։ Սա է իրական և ամենազորեղ պատճառը, թե ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ։
Դուք նկատե՞լ եք, որ մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, շարունակ հրավերներ է հղում մեզ: Զարմանալի չէ, որ նա մեզ հրավիրել է ուսումնասիրել և խորհել վերջին երկու համաժողովների ընթացքում հնչած ուղերձների շուրջ: 2024 թ․ ապրիլին նա ասել է․ «Հուսով եմ, որ առաջիկա ամիսների ընթացքում դուք բազմիցս կուսումնասիրեք այս համաժողովի [խոսնակների] ուղերձները»։ Ապա, 2024 թ․ հոկտեմբերին նա ասել է․ «Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել [խոսնակների] ուղերձները։ Օգտագործեք դրանք որպես լակմուսի թուղթ՝ պարզելու, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, հաջորդ վեց ամիսների ընթացքում»:
Այս հրավերները կարող են ավելացվել մարգարեական հրավերներին, որոնք մենք ստացել ենք մեր ողջ կյանքի ընթացքում, ներառելով հատկապես վերջին տարիներին ստացածները: Մենք կարող ենք մտածել, որ այս հրավերները պարզապես լրացումներ են մեր ամենօրյա գործերի ցանկին, որովհետև մեզ խնդրել են դա անել: Բայց գուցե դրանք ավելի՞ն են։
Խորհելով այս և մեր ստացած բոլոր հրավերների շուրջ՝ ես հիշեցի մի բան, որը սովորել և որոշել էի վաղուց: Ես փորձում եմ անել այս բաները, որոնք կարևոր են ինձ համար, քանի որ սիրում եմ Նրան, ես սիրում եմ մեր Փրկչին: Սա է իրական և ամենազորեղ պատճառը, թե ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ, և դա կապված է ձեր հանդեպ իմ սիրո հետ, իմ եղբայրներ և քույրեր:
Որպես ձեր եղբայր, ես հուսով եմ, որ դուք կընդունեք իմ խոսքերը որպես անկեղծ հրավեր և կձգտեք հասկանալ մեր գործողությունները Փրկչի հանդեպ մեր սիրո հետ կապելու հնարավորությունը:
Դա կօգնի մեզ հասկանալ իրական «ինչու»-ն այն ամենի հետևում, ինչ մենք անում ենք՝ որպես Փրկչի աշակերտներ: Սա կօգնի մեզ ամրապնդել մեր ուխտի կապը Աստծո հետ՝ հասկանալով Նրա աստվածային և հավերժական ճշմարտությունները, Նրա հավերժական և բացարձակ ճշմարտությունները, որոնք երբեք չեն փոխվի: Հավերժական ճշմարտություններ, ինչպիսին է՝ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Հետաքրքիր է, որ երբեմն, քանի որ մենք հետևողականորեն անում ենք ավանդույթ դարձած բաներ, մենք թույլ ենք տալիս, որ դրանք ուղղորդեն մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը զորացնելու մեր ջանքերը։ Թվում է, թե մենք անում ենք դրանք, քանի որ արել ենք երկար տարիներ՝ չմտածելով դրանց ազդեցության մասին Փրկչի հետ մեր ուխտի կապի վրա:
Մեր աշխարհում մենք սովորաբար կենտրոնանում ենք մեր գործողությունների, ինչպես նաև առաջադրանքների և նպատակների հետևողական իրականացման վրա: Հոգևոր ոլորտում մենք հնարավորություն ունենք չսահմանափակվել միայն գործեր անելով կամ նպատակներին հասնելով, այլ հասկանալ, թե ինչու ենք դրանք անում։ Եթե մենք կարողանանք հասկանալ և նկատել, որ մեր գործողությունների պատճառը կապված է Փրկչի և մեր Երկնային Հոր հանդեպ մեր սիրո հետ, օգտվելով այս հնարավորություններից մենք կհասկանանք, որ թեև արդար բաներ անելը, ինչպես օրինակ Եկեղեցու գործերը կամ ավանդույթները, և դրանք պատշաճ կերպով կատարելը լավ բան է, երբ դրանք կապենք ինչու-ի հետ, մենք օրհնված կլինենք՝ հասկանալու պատճառը: Դա պարզապես լավ բաներ անելը կամ ճիշտ անելը չի լինի․ մենք նաև ճիշտ կընկալենք ամեն բան։
Օրինակ, երբ դուք նպատակ եք դնում կարդալ սուրբ գրությունները, անկեղծ աղոթքներ ասել կամ որևէ միջոցառում պատրաստել ձեր ընտանիքի կամ ծխի համար, արդյո՞ք իրական նպատակը պարզապես այդ առաջադրանքները կատարելն է: Թե՞ այդ գործողությունները հասանելի միջոցներ են, գործիքներ՝ իրական նպատակին հասնելու համար։ Արդյո՞ք նպատակը զուտ միջոցառում անցկացնելն է, որովհետև մենք դա արել ենք երկար տարիներ և հետո նշել վանդակը, քանի որ մենք այն ավարտել ենք: Կամ, կրկին, արդյո՞ք սրանք այն միջոցներն են, որոնք մենք օգտագործում ենք սովորելու, զգալու և Փրկչի հետ կապվելու համար:
Խնդրում եմ սխալ չհասկանալ իմ տեսակետը միջոցառումներ անցկացնելու և ավանդույթների առկայության կամ նպատակներ դնելու ու դրանց հասնելու համար քրտնաջան աշխատելու մասին. դրանց մեջ վատ բան չկա։ Այնուամենայնիվ, ես հրավիրում եմ ձեզ բացել ձեր սրտերն ու մտքերը հնարավորության և օրհնության համար՝ հասկանալու, թե ինչու ենք մենք անում այս բաները և ինչպես ենք կիրառում մեր կրոնը:
Քրիստոսակենտրոն ավանդույթների վառ օրինակն այն մարտահրավերն է, որը նախագահ Դալլին Հ. Օուքսը բոլորիս ուղղեց Առաջին Նախագահության անունից: Նախագահ Օուքսն ասել է. «Մուտք գործելով այս նոր տարին՝ եկեք պատրաստվենք Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության Զատիկի տոնակատարությանը: … Անկախ ուրիշների համոզմունքներից կամ արարքներից, մենք պետք է տոնենք մեր կենդանի Փրկչի Հարությունը՝ ուսումնասիրելով Նրա ուսմունքները և օգնելով հաստատել Զատիկի ավանդույթները մեր հասարակության մեջ, հատկապես մեր ընտանիքներում»: Ինչպես տեսնում եք, դա պարզապես ավանդույթներ ունենալու հրավեր չէ։ Փոխարենը՝ մենք օգտագործում ենք այդ ավանդույթները որպես Փրկչի մասին ավելին իմանալու և Նրա Հարությունը հիշելու միջոց:
Որքան շատ կարողանանք պատճառը կապել Փրկչի հանդեպ մեր սիրո հետ, այնքան ավելի շատ կկարողանանք ստանալ այն, ինչը մեզ անհրաժեշտ է, կամ ինչը փնտրում ենք: Նախագահ Նելսոնն ասել է․ «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ»։ Եվ հետո նա հղել է այս հրավերը. «Իմացեք ավելին Նրա Քավության, Նրա սիրո, Նրա ողորմածության, Նրա վարդապետության և Նրա բժշկող ու զարգացնող վերականգնված ավետարանի մասին։ Դիմեք Նրան։ Հետևեք Նրան»։
Խորհեք այս մասին ձեր սրտում և մտքում. արդյո՞ք դուք կարծում եք, որ նախագահ Նելսոնի հրավերը նպատակ ուներ օգնելու մեզ պատրաստել ստուգաթերթ, որը մեզ կօգներ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել և առաջադրանքներ կատարել, որպեսզի կարողանանք հանել դրանք մեր անելիքների ցանկից: Թե՞ նա հրավիրում է մեզ դիտարկել այս հավերժական ճշմարտությունները և սկզբունքները որպես հնարավորություն՝ հասկանալու ինչուները և կապելու մեր հանդեպ Փրկչի ուխտյալ սերը մեր ողջ կյանքի աշակերտության ճամփորդության հետ:
Թույլ տվեք լուսաբանել այն սկզբունքը, որը փորձում եմ հաղորդել: Տարբերակներից մեկը, որը հավանաբար ծայրահեղ է, կարող է լինել գերագույն համաժողովի բոլոր ուղերձները մեկանգամից կարդալը, և երբ ավարտեմ, ես կստուգեմ այս հրավերը իմ անելիքների ցանկից՝ առանց որևէ այլ բան անելու իմ կարդացածով: Ես հասկանում եմ, որ սա ծայրահեղ դեպք է, բայց դա անիրական չէ։ Հավանաբար, մեզանից շատերը գտնվում են այս իրավիճակի և կատարելության միջև ընկած կետում:
Հրավերն է՝ ուսումնասիրել և խորհել գերագույն համաժողովի ուղերձների շուրջ և օգտագործել դրանք՝ որոշելու և հասկանալու, թե յուրաքանչյուրս ինչ կարող ենք անել՝ կատարելագործվելու համար:
Երբ մենք ընդունենք հրավերը, հասկանալով դրա հետևում թաքնված ինչուն, մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք ավելի մոտենալու Փրկչին: Մենք կսկսենք հասկանալ, որ քանի որ սիրում ենք Փրկչին, ուզում ենք ավելին իմանալ Նրա մասին՝ ուսումնասիրելով կենդանի մարգարեների խոսքերը: Եվ քանի որ սիրում ենք մեր մերձավորին, կկիսվենք մարգարեների, տեսանողների և հայտնողների ուսմունքներով ուրիշների հետ՝ սկսելով մեր սիրելիներից:
Երկու օրինակում էլ դուք արդար գործ եք անում: Մեկում, թվում է, թե նպատակն է օգտագործել Երկնային Հոր և Փրկչի կողմից մեզ տրված միջոցները՝ գերագույն համաժողովի ընթացքում հնչած ուղերձները: Երկրորդ տարբերակը ներառում է հիմքում ընկած պատճառների մասին խորաթափանցություն ձեռք բերելու մեծագույն օրհնությունը՝ առաջարկելով հավերժական ճշմարտությունն ու օրհնությունները հասկանալու ուղին այն մարդկանց, որոնք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու կյանքը դարձնում են իրենց կյանքի առանցքը:
Սիրելի եղբայրներ և քույրեր, հուսով եմ, դուք կարող եք զգալ և տեսնել մեր գործողությունները Փրկչի հանդեպ մեր սիրո հետ կապելու կարևորությունը: Գլոբալիզացված աշխարհում շատ ձայներ կփորձեն ազդել ձեզ վրա և հնարավորության դեպքում կառաջնորդեն ձեզ հավատալու, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի որոշ հիմնարար ճշմարտություններ ավելորդ են։ Այդ ձայները սկսվում են այս վերջին օրերում վերականգնման անհրաժեշտության առանցքային ճշմարտությունից, ներառյալ երկրի վրա Աստծո թագավորության անհրաժեշտությունը՝ ներկայացված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:
Դուք կարող եք լսել ձայներ, որոնք պնդում են, որ միայն անձնական հարաբերությունը կամ փոխըմբռնումը Փրկչի հետ բավական է, իսկ կրոնը կամ վերականգնված Եկեղեցին ավելորդ է կամ ոչ էական: Ես հրավիրում եմ ձեզ չշտապել եզրակացություններ անելիս կամ նույնիսկ դիմադրել այդ ապակողմնորոշիչ գաղափարների ազդեցությանը և ավելի արագ հիշել այն, ինչ Փրկիչը ասել և ուսուցանել է մեզ հին ժամանակներից՝ սկսած մեր հանդեպ ունեցած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրուց, և կապելով մեր սերը Նրանց հանդեպ՝ որպես Նրանց հետևելու պատճառ:
Հայր Աստվածն ու Իր Որդին եկան և խոսեցին Ջոզեֆ Սմիթի հետ՝ վերականգնելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և սկսելով ժամանակների լրության տնտեսությունը՝ երկրի վրա Նրա թագավորությունը: Հետևաբար, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն միջոցն է, որը հաստատվել է Երկնային Հոր կողմից՝ կապելու ուխտեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս վերադառնալ տուն: Այսպիսով, մեզ ավելին է պետք, քան պարզապես անձնական հարաբերություն ունենալը Երկնային Հոր և Նրա Որդու հետ. մեզ անհրաժեշտ են քահանայության կարևոր արարողությունները, որոնց միջոցով մենք ուխտեր ենք կապում Նրանց հետ: Սա ապահովում է ուխտյալ կապ Նրանց հետ և մեզ պարգևում է Նրանց ուխտյալ սերը, ինչը հնարավոր է դարձնում հասնել փառքի բարձրագույն արքայությանը, որը պատրաստված է նրանց համար, ովքեր ճշմարտապես հավատարիմ են իրենց ուխտերին:
Իմ հոգու ողջ կորովով ես վկայում եմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու և աստվածայնության մասին։ Նա սիրում է ձեզ։ Նա գիտի, թե ինչ է կատարվում ձեր կյանքում: Նա լայնորեն պարզել է Իր բազուկները և հղում է հրավեր՝ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:
Ես սիրում եմ Փրկչին, և Նրա հանդեպ իմ սերն իմ «ինչու»-ների պատասխանն է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: