Գերագույն համաժողով
Ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան
2025թ․ ապրիլի գերագույն համաժողով


11:44

Ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան

Ապաշխարելու հրավերը Աստծո սիրո արտահայտումն է։ Իսկ այդ հրավերն ընդունելը մեր սիրո արտահայտումն է։

Մի քանի տարի առաջ, Ֆլորիդա կատարած ուղևորության ժամանակ, ես նստած էի դրսում և գիրք էի կարդում։ Վերնագիրը հուշում էր, որ մենք դեռ կարող ենք հասնել դրախտ, թեև հիմա կատարյալ չենք: Մի անցորդ կին հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է»։

Ես շփոթված վեր նայեցի, ապա հասկացա, որ դա վերաբերում էր իմ կարդացած գրքին։ Ես ծիծաղելի կերպով պատասխանեցի․ «Դե, ես այդ մասին չեմ հասել, բայց կտեղեկացնեմ, թե ինչպես է գիրքն ավարտվում»։

Օ՜, որքան կցանկանայի վերադառնալ անցյալ և փոխել իմ պատասխանը։ Ես նրան կասեի. «Այո, հնարավոր է։ Որովհետև դրախտը կատարյալ մարդկանց համար չէ. դա այն մարդկանց համար է, ովքեր ներում են ստացել, ովքեր կրկին ու կրկին ընտրում են Քրիստոսին»։

Այսօր ես ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր երբեմն ունեն հեևյալ զգացումը. «Ապաշխարությունն ու ներողամտությունը կարծես բոլորի համար են, բացի ինձնից»: Ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր մտածում են այսպես. «Քանի որ ես շարունակում եմ նույն սխալները թույլ տալ, միգուցե ես այդպիսին եմ»։ Ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր, ինձ նման, ունենում են օրեր, երբ ուխտի արահետը թվում է զառիվերը հաղթահարելու ուխտի արշավ։

Ավստրալիայում ծառայող հրաշալի մի միսիոներ՝ երեց Գոնգան՝ Ֆիջիից, իր հեռանալուց առաջ վկայություն բերելով, կիսվել է նմանատիպ զգացումով. «Ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, բայց երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք Աստված գիտի, որ ես սիրում եմ Իրեն։ Քանի որ ես կատարյալ չեմ և դեռ սխալներ եմ թույլ տալիս»։

Այդ մեկ հուզող, անհանգստացնող հարցով երեց Գոնգան ամփոփեց այն, ինչի համար ես հաճախ եմ անհանգստանում։ Գուցե դուք էլ եք մտածում․ «Ես իսկապես փորձում եմ, բայց արդյո՞ք Աստված գիտի, որ ես այդքան ջանք եմ թափում։ Երբ ես շարունակում եմ ձախողվել, արդյո՞ք Աստված գիտի, որ ես սիրում եմ Իրեն»։

Ինձ տխրեցնում է խոստովանելը, բայց ես չափում էի Փրկչի հետ իմ հարաբերությունները այն բանով, թե որքան կատարյալ էի ապրում։ Ես կարծում էի, որ հնազանդ ապրելը նշանակում է, որ երբեք կարիք չեմ ունենա ապաշխարելու։ Եվ երբ ես սխալներ էի թույլ տալիս ամեն օր, ես հեռանում էի Աստծուց՝ մտածելով. «Նա հաստատ շատ հիասթափված է ինձանից»։

Դա ճիշտ չէ։

Ես սովորել եմ, որ եթե մարդը սպասում է բավականաչափ մաքուր կամ կատարյալ լինելուն՝ Փրկչի մոտ գնալու համար, ապա նա չի հասկացել փրկության ծրագրի իմաստը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե այլ կերպ մտածենք պատվիրանների և հնազանդության մասին։

Ես վկայում եմ, որ թեև Աստված անհանգստանում է մեր սխալների մասին, Նրան ավելի շատ է հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում սխալ գործելուց հետո։ Արդյո՞ք մենք նորից ու նորից կդառնանք դեպի Նա։ Արդյո՞ք մենք պատրաստվում ենք մնալ այս ուխտի հարաբերություններում։

Միգուցե դուք հիշում եք Տիրոջ խոսքերը՝ «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները» և զգում եք հուսահատ, քանի որ չեք պահել բոլոր պատվիրանները: Թույլ տվեք հիշեցնել, որ մեզ նաև պատվիրվել է ապաշխարել։ Իրականում, դա կարող է լինել սուրբ գրություններում ամենաշատ կրկնվող պատվիրանը։

Ալման իր մենախոսությունով՝ «Ախ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը … և ապաշխարություն աղաղակեի», չէր փորձում ամաչեցնել մեզ՝ մատնանշելով մեր սխալները։ Նա ուզում էր ապաշխարություն աղաղակել, որպեսզի ես և դուք կարողանայինք խուսափել աշխարհի տառապանքներից: Պատճառներից մեկը, թե ինչու էր Ալման ատում մեղքը, այն է, որ դա մեզ ցավ է պատճառում:

Երբեմն ստիպված եմ հաճախ հիշեցնել ինքս ինձ, որ պատվիրանները ցավից ազատվելու միջոց են։ Ապաշխարությունը՝ նույնպես։ Մեր մարգարեն ասել է. «Փրկիչը մեզ միշտ սիրում է, բայց հատկապես սիրում է, երբ մենք ապաշխարում ենք»:

Այսպիսով, եթե Տերն ասում է. «Ապաշխարեք, ապաշխարեք», պատկերացրեք, որ Նա ասում է. «Ես սիրում եմ ձեզ։ Ես սիրում եմ ձեզ»: Պատկերացրեք, որ Նա աղերսում է ձեզ թողնել ցավ պատճառող վարքագիծը, հրավիրում է դուրս գալ խավարից և դառնալ դեպի Նրա լույսը։

Իմ դստեր՝ Քարլիի ծխում մի նոր քահանա, ծնկի եկավ օրհնելու հաղորդությունը, և փոխանակ ասեր. «որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան», նա ակամայից ասաց. «որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ սիրո»։ Քարլին արտասվեց, երբ հասկացավ այդ խոսքերի ճշմարտությունը։

Մեր Փրկիչը պատրաստ էր տանել Իր Քավության ցավը, քանի որ Նա սիրում է ձեզ: Իրականում, դուք էիք «իր առջև դրված ուրախությ[ունը]», երբ Նա չարչարվում էր:

Ապաշխարելու հրավերը Աստծո սիրո արտահայտումն է։

Իսկ այդ հրավերն ընդունելը մեր սիրո արտահայտումն է։

Պատկերացրեք Քրիստոսի ձեր սիրած նկարը: Հիմա պատկերացրեք, թե ինչպես է Նա ուրախությունից պայծառ ժպտում ամեն անգամ, երբ օգտագործում եք Նրա պարգևը, քանի որ Նա «հույսի կատարյալ պայծառությունն է»։

Այո, ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան:

Եկեք կիսվենք սրանով:

Քանի որ ապաշխարությունը մեր լավագույն լուրն է:

Մենք չենք մնում ուխտի արահետի վրա՝ երբեք սխալ չգործելով։ Մենք մնում ենք արահետի վրա՝ ամեն օր ապաշխարելով։

Եվ երբ մենք ապաշխարում ենք, Աստված ներում է առանց մեզ ամաչեցնելու, մեզ որևէ մեկի հետ համեմատելու կամ նախատելու, որ սա այն նույն սխալն է, ինչի համար ապաշխարում էինք անցած շաբաթ:

Նա ուրախանում է ամեն անգամ, երբ տեսնում է մեզ ծնկաչոք: Նա հաճույքով ներում է մեզ, քանի որ Նրա համար մենք հաճելի ենք:

Չե՞ք զգում, որ դա ճշմարիտ է:

Այդ դեպքում, ինչո՞ւ է մեզ համար այդքան դժվար հավատալ։

Սատանան՝ մեծ չարախոսը և խաբեբան, օգտագործում է ամոթը, որպեսզի մեզ հեռու պահի Աստծուց։ Ամոթն այնքան ծանր բեռ է, որ թվում է, եթե այն հանես մարմնից, ապա իրական ծանրություն կունենա։

Ամոթն այն ձայնն է, որը ցածրացնում է քեզ՝ ասելով. «Ի՞նչ էիր մտածում»։ «Դու երբևէ ինչ-որ ճիշտ բան անո՞ւմ ես»։

Ամոթը մեզ չի ասում, որ մենք սխալ ենք գործել. այն մեզ ասում է, որ մենք մեր սխալներն ենք։ Այն գուցե ձեզ նույնիսկ ասի՝ «Թաքնվի՛ր»։ Հակառակորդն ամեն ինչ անում է, որ ծանրությունը ներսում մնա՝ ասելով, որ ներման գինը չափազանց բարձր է, որ ավելի լավ կլինի, որ դրա մասին ոչ ոք չիմանա՝ հեռացնելով բոլոր հույսերը։

Սատանան հույսի գողն է:

Դուք պետք է լսեք սա, ուստի ես բարձրաձայն կասեմ այս խոսքերը. «Դուք ձեր ներքին ձայնը կամ ձեր թույլ տված սխալները չեք»։ Գուցե դուք նույնպես պետք է բարձրաձայն ասեք սա։ Սատանային ասեք՝ «Այսօրվանից՝ ոչ»։ Հետևում թողեք նրան։

Զգացեք այդ փոփոխությունը՝ ըստ Աստծու ուզածի տրտմությունը, որը ձեզ դարձնում է դեպի ձեր Փրկիչը, և տեսեք, թե ինչպես է Նրա շնորհը մտնում ձեր կյանք և նրանց կյանք, ում սիրում եք: Ես խոստանում եմ, որ այն պահին, երբ մենք կոտրված սրտով խիզախորեն մոտենանք Նրան, Նա անհապաղ այնտեղ կլինի:

Եթե տեսնեիք ինչ-որ մեկին խեղդվելիս, չէի՞ք մեկնի ձեր ձեռքը և փրկի նրան: Պատկերացնո՞ւմ եք, որ ձեր Փրկիչը չբռնի ձեր մեկնած ձեռքը։ Ես պատկերացնում եմ, որ Նա սուզվում է ջրի մեջ, իջնում է բոլոր բաներից ցած, որպեսզի բարձրացնի մեզ, որպեսզի մենք կարողանանք շնչել։ Ոչ ոք չի կարող սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի լույսն է շողում:

Փրկիչը անսահման ավելի պայծառ է, քան ամոթի խավարը։ Նա երբեք չի ստիպի ձեզ անարժան զգալ։ Ուստի, ուշադիր նայեք։

  • Պատկերացրեք, որ այս ձեռքը ներկայացնում է արժեքը։

  • Այս ձեռքը ներկայացնում է հնազանդությունը։ Երևի այսօր առավոտյան արթնացաք, իմաստալից աղոթք ասացիք և ուսումնասիրեցիք սուրբ գրությունները՝ Աստծո ձայնը լսելու համար։ Դուք ճիշտ որոշումներ եք կայացրել և շրջապատող մարդկանց վերաբերվում եք Քրիստոսի նման: Դուք լսում եք գերագույն համաժողովը։ Ահա ձեր հնազանդությունը։

  • Կամ գուցե ամեն ինչ այդքան էլ լավ չի եղել։ Վերջերս դուք դժվարանում եք անել այդ փոքր, պարզ բաները՝ Աստծո հետ կապ պահպանելու համար։ Դուք որոշումներ եք կայացրել, որոնցից ամաչում եք։

  • Որտե՞ղ է ձեր արժեքը։ Արդյո՞ք այս ձեռքը շարժվել է։

Ձեր արժեքը կապված չէ հնազանդության հետ։ Այն հաստատուն է և երբեք չի փոխվում։ Այն ձեզ տրվել է Աստծո կողմից, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Հնազանդությունն օրհնություններ է բերում․ դա ճիշտ է։ Բայց արժեքը դրանցից մեկը չէ։ Ձեր արժեքը միշտ «մեծ է Աստծո աչքում», անկախ նրանից, թե ուր են ձեզ տարել ձեր որոշումները։

Չնայած ես սխալներ եմ թույլ տալիս, ես ուզում եմ մնալ ուխտի հարաբերությունների մեջ Քրիստոսի հետ, և ես կասեմ ձեզ, թե ինչու:

Երբ փոքր էի, ես ջրասուզման պարապմունքների էի մասնակցում և իմացա, որ երբ դատավորները գնահատում էին սուզվելը, նրանք հետևում էին կատարմանը։ Արդյո՞ք ջրի մեջ կատարյալ ուղղահայաց ես սուզվում, ոտքերի մատները ներքև ուղղած և ջրի նվազագույն ցայտումով։ Այնուհետև, նրանք անում են մի արտասովոր բան։ Նրանք հաշվի են առնում դժվարության աստիճանը։

Յուրաքանչյուրն ունի սուզվելու դժվարության աստիճան։ Եվ ձեր Փրկիչը միակն է, ով իսկապես գիտի ձեր սուզվելու դժվարությունը: Ես ուզում եմ հարաբերություն հաստատել այն մարդու հետ, ով ինձ հասկանում է, գիտի իմ սիրտը և որքան ջանք եմ թափում:

Նա գիտի, որ խավարի մշուշներն իջնում են բոլոր ճամփորդներիս վրա, և որ մեր ճամփան անցնում է կեղտոտ ջրերի գետի կողքով․ այսպիսով, նույնիսկ երբ մենք կառչած ենք երկաթյա ձողից, մեզ շրջապատող չարությունը կազդի մեր վրա:

Գալ Քրիստոսի մոտ նշանակում է հարցնել՝ «Դու կօգնե՞ս ինձ»՝ հույսով և հավաստիացած, որ Նրա բազուկները միշտ բաց են ձեզ համար։ Ես հավատում եմ, որ ապաշխարության մասին այս նոր տեսակետը նշանակում է, որ չնայած մենք հիմա կատարյալ հնազանդություն չունենք, մենք փորձում ենք սիրուց դրդված հնազանդվել՝ ընտրելով մնալ կրկին ու կրկին, քանի որ սիրում ենք Նրան։

Հիշո՞ւմ եք Բենիամին թագավորի ժողովրդին, որ «այլևս հակված չ[էր] գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք հավաքեցին իրենց վրանները, գնացին տուն և այլևս սխալ չգործեցի՞ն։ Իհարկե ոչ: Տարբերությունն այն է, որ նրանք այլևս չէին ուզում մեղք գործել։ Նրանք սիրուց դրդված էին հնազանդվում։ Նրանց սրտերը դարձան դեպի Աստված, մինչ նրանք պայքարում էին։

Մի անգամ լողափում տեսա մի թռչուն, որը թռչում էր քամուն հակառակ, թևերն այնքան ուժեղ թափահարելով, գրեթե խելահեղորեն, բայց մնում էր նույն տեղում։ Հետո նկատեցի մեկ այլ թռչուն, որն ավելի բարձր էր թռչում։ Այն վերելք էր կատարել և հեշտությամբ թռչում էր քամու մեջ։ Սա է տարբերությունն այն բանի միջև, երբ փորձում ենք դա անել ինքներս և դիմում ենք մեր Փրկչին՝ թույլ տալով, որ Նա բարձրացնի մեզ՝ «նրա թևերին՝ բժշկ[վելով]»։

Որպես միսիայի ղեկավարներ Ավստրալիայում, յուրաքանչյուր միսիոների հետ մեր վերջին հարցազրույցի ժամանակ մենք խոսեցինք 3 Նեփի 17-րդ գլխի մասին, որտեղ մարդիկ մոտ էին Փրկչին և կարող էին լսել, թե ինչպես է Նա աղոթում իրենց համար: Մենք հարցրինք. «Եթե դու կարողանայիր լսել, թե ինչպես է Փրկիչը աղոթում քեզ համար, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կասեր Նա»:

Նրանց պատասխանները լսելն իմ կյանքի Հոգով-լցված ամենազորեղ փորձառություններից էր։ Այդ միսիոներներից յուրաքանչյուրը կանգ էր առնում և արտասվում, երբ մենք հիշեցնում էինք նրանց՝ «Քո Փրկիչը գիտի քո դժվարության աստիճանը։ Նա զգացել է դա»։

Ահա, թե ինչ ասացին այդ միսիոներները հանդարտ և հուզված։ Քույրերից մեկն ասաց. «Հիսուսը Հորը կասեր՝ նա ամեն ինչ անում է։ Ես գիտեմ, թե որքան ջանք է թափում»։ Երեցներից մեկն ասաց. «Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրա կյանքում՝ Ես շատ հպարտ եմ նրանով»։

Եկեք փորձենք սա։ Այս երեկո, նախքան աղոթելը, պատկերացրեք Հիսուս Քրիստոսին ձեզ մոտ: Նա ձեր Բարեխոսն է Հոր մոտ: Հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ի՞նչ կասի իմ Փրկիչը Հորն իմ մասին»:

Ապա՝ լուռ մնացեք։

Լսեք այն ձայնը, որը բարի բաներ է ասում ձեր մասին՝ Փրկչի, ձեր լավագույն ընկերոջ և ձեր Երկնային Հոր ձայնը, որն իսկապես կա: Հիշեք, որ Նրանց սերը և ձեր արժեքը միշտ մեծ են, անկախ նրանից, թե ինչ կպատահի։

Ես կանգնած եմ այստեղ՝ վկայելու, որ Հիսուս Քրիստոսը լույս է տալիս նրանց, ովքեր նստած են խավարի մեջ: Այսպիսով, այն օրերին, երբ դուք լսում եք այդ ձայնը, որն ասում է ձեզ թաքնվել միայնակ մութ սենյակում, ես հրավիրում եմ ձեզ քաջ լինել և հավատալ Քրիստոսին: Գործեք և միացրեք Լույսը՝ մեր Հույսի կատարյալ պայծառությունը։

Պարուրված Նրա լույսով՝ դուք կտեսնեք այն մարդկանց ձեր շրջապատում, ովքեր զգացել են միայնակ, բայց հիմա, երբ լույսը կա, դուք և նրանք կմտածեք՝ «Ինչո՞ւ էինք մենք այդքան վախենում մթության մեջ։ Եվ ինչո՞ւ մենք այդքան երկար մնացինք այնտեղ»։

«Թող Լույսերի Տերը պարուրի ձեզ Իր գրկում, մխիթարի ու միշտ սիրի»։ Թող մենք շարունակ սիրենք Նրան և նորից ու նորից ընտրենք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: