«Զրույց Էմիլիի հետ՝ մկրտության մասին», Ընկեր, հունվար 2026, 34-35։
Զրույց Էմիլիի հետ՝ մկրտության մասին
Էմիլին 9-ամյա աղջիկ է Սինալոայից, Մեքսիկա։ Մենք նրան մի քանի հարց տվեցինք նրա մկրտության վերաբերյալ։
Պատմեք մեզ ձեր մասին
Ես սիրում եմ նկարել, գծանկարել, աղանդեր թխել, ձեռագործ աշխատանքներ անել, ինչպես նաև պարել ու երգել քույրերիս ու եղբայրներիս հետ։ Ես նաև սիրում եմ գնալ պապիկիս ագարակ՝ ձի քշելու։
Ինչպե՞ս պատրաստվեցիր մկրտվելուն։
Ընտանեկան երեկոյի ժամանակ ծնողներս ինձ սովորեցրին հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին։ Ես պատրաստվեցի՝ նաև կարդալով սուրբ գրությունները, աղոթելով և դիտելով Հիսուս Քրիստոսի մասին տեսանյութեր։ Ինձ հատկապես դուր է գալիս Հորդանան գետում Փրկչի մկրտության մասին տեսանյութը։ Ես սիրում եմ այն հատվածը, երբ հայտնվում է սպիտակ աղավնին, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին։
Հայրիկիս հետ նաև պարապում էինք, թե ինչպես կանգնենք ավազանի մեջ։ Ես վախենում էի ջրի տակ մտնել, բայց հայրս սովորեցրեց ինձ ծալել ծնկներս, փակել քիթս ու աչքերս և նրբորեն ընկնել նրա գիրկը։ Մենք սա շատ էինք փորձում, և մկրտությանս օրը ես կարողացա դա շատ հեշտությամբ անել։
Ի՞նչն էր յուրահատուկ ձեր մկրտության ժամանակ։
Դա ինձ համար անմոռանալի օր էր։ Իմ ընտանիքի անդամներից մի քանիսը ելույթներ ունեցան, աղոթքներ ասացին և կանգնեցին որպես վկաներ։ Ես նաև երգեցի «Մկրտվելիս ընտրում եմ Փրկչի ուղին» երգը մեր Երեխաների միության դաշնակահարի օգնությամբ։ Մկրտվելուց հետո ես զգացի իմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այնքան մոտ ինձ։ Ես ուրախության արցունքներով արտասվեցի։
Այն նաև յուրահատուկ էր, քանի որ ես ցանկացա հրավիրել իմ ընկերներին և ընտանիքի անդամներին, ովքեր Եկեղեցու անդամ չեն, որպեսզի գան իմ մկրտությանը, և նրանք համաձայնեցին գալ։ Իմ ընկերներից մեկը, ով եկավ մկրտությանս, դեռ գալիս է եկեղեցու միջոցառումներին իր ծնողների հետ։
Ինչպե՞ս ես հիշում քո մկրտության ուխտերը։
Ես ձգտում եմ հիշել իմ ուխտերը՝ գնալով եկեղեցի, ընդունելով հաղորդությունը և հիշելով Փրկչին։ Գիտակցելով, որ Նա Իր կյանքը տվեց ինձ համար, ես երախտապարտ եմ զգում։ Ես նաև ամեն օր աղոթում եմ, կարդում եմ սուրբ գրությունները, ծառայում եմ ուրիշներին և ձգտում եմ լավ մարդ լինել։
Մկրտվելու պատրաստվող իմ ընկերներ, հուսով եմ՝ դուք կարող եք ավելի մոտենալ Երկնային Հորը և զգալ Նրա կատարյալ սերը։