«Մի նոր սկիզբ», Ընկեր, հունվար 2026, 38-39:
Մի նոր սկիզբ
«Ինչպե՞ս կարող եմ մաքուր մնալ մկրտվելուց հետո»։
Իրական պատմություն Ֆրանսիայից:
Ալեքսանդրը ընդամենը մի քանի օրից կդառնար ութ տարեկան։ Նա շատ ոգևորված էր, քանի որ ինքն ու հայրիկը պլանավորում էին հատուկ ծննդյան ուտեստ իր համար, որը նա պետք է ուտեր դպրոցից հետո։ Երբ միսիոներները ժամանեցին ընթրիքի, Ալեքսանդրը նրանց պատմեց իր ընտրած համեղ շոկոլադե խմորեղենի մասին։
«Մենք ունենալու ենք ութ տորթ՝ մեկական մոմով, ութ մոմով մեկ տորթի փոխարեն»։
Երեց Լաուները ծիծաղեց։ «Հրաշալի է հնչում։ Մի քիչ ինձ համար էլ պահիր»։
Ընթրիքից հետո միսիոներները մկրտության մասին դաս ուսուցանեցին։ Երեց Դոյոնը շրջվեց դեպի Ալեքսանդրը։ «Երբ դու մկրտվում ես, դու խոստանում ես հետևել Հիսուս Քրիստոսին»։ Նա Ալեքսանդրին պատմեց իր մկրտության մասին և կիսվեց իր վկայությամբ։ «Սուրբ Հոգին օգնեց ինձ շատ երջանիկ զգալ, քանի որ այդ օրը ես որոշեցի հետևել Հիսուս Քրիստոսին»։
Ալեքսանդրը անհամբեր սպասում էր իր մկրտության օրվան։
Բայց երբ նա այդ գիշեր պառկեց քնելու, նրա համար դժվար էր քնել։ Նրան դուր էր գալիս մաքուր և նոր լինելու գաղափարը։ Բայց ինչպե՞ս էր նա մաքուր մնալու մկրտությունից հետո։
Հաջորդ առավոտյան Ալեքսանդրը հայրիկի հետ գնաց դպրոց։ «Այս առավոտ շատ լուռ ես»,- ասաց հայրիկը։ «Ի՞նչ խնդիր կա»։
Ալեքսանդրը հառաչեց։ «Կցանկանայի մեկից ավելի անգամ մկրտվել»։
«Ինչո՞ւ»,- հարցրեց հայրիկը։
«Ինչպե՞ս կարող եմ մաքուր մնալ մկրտվելուց հետո»,- հարցրեց Ալեքսանդրը։ «Ես անընդհատ մոռանում եմ բաներ, օրինակ՝ մեծահասակներին բարևելն ու շնորհակալություն հայտնելը, կամ կրտսեր եղբորս հետ համբերատար լինելը։ Գիտեմ, որ դեռ սխալներ կանեմ։ Միայն մեկ մկրտություն ենք ունենում, այնպես որ ես երբեք այլևս այդքան մաքուր չեմ լինի»։
Հայրիկը կանգ առավ և նայեց Ալեքսանդրի աչքերին։ «Վա՜յ։ Դա, հավանաբար, մի փոքր ճնշող է թվում։ Հիշո՞ւմ ես, երբ մենք խոսում էինք մկրտության ժամանակ խոստումներ տալու մասին»։
Ալեքսանդրը գլխով արեց։ «Կարծում եմ՝ այո»:
«Երբ դու մկրտվում ես, դու ուխտ ես կապում Երկնային Հոր հետ։ Դու խոստանում ես պահել Նրա պատվիրանները և հետևել Հիսուս Քրիստոսին։ Դրանից հետո, ամեն անգամ, երբ ընդունում ես հաղորդությունը, կարող ես հիշել Հիսուսին և այն մասին, թե ինչպես Նա կարող է օգնել քեզ ապաշխարել»։
Ալեքսանդրի աչքերը լայնացան։ «Ու կկարողանա՞մ ինձ նույնքան մաքուր զգալ, որքան մկրտվելիս»։
«Ճիշտ այդպես»,- ասաց հայրիկը։ «Երկնային Հայրը գիտի, որ դու կատարյալ չես, և երբեմն սխալ ընտրություններ ես կատարելու։ Բայց երբ մեղք ես գործում, կարող ես զղջալ և շարունակել փորձել հետևել Հիսուսին։ Ըստ քեզ կկարողանա՞ս անել դա»։
Ալեքսանդրը ժպտաց։ «Այո։ Կարծում եմ, որ կարող եմ դա անել»:
Երբ Ալեքսանդրի ծննդյան օրը եկավ, նրա ընտանիքը դպրոցից հետո նրա ծննդյան ուտեստը կերավ։ Այն շատ համեղ էր։ Եվ իր մկրտության ժամանակ Ալեքսանդրն իրեն առավել լավ զգաց, երբ ջրից դուրս եկավ։ Նա խոստացել էր հետևել Հիսուս Քրիստոսին, և դա հրաշալի զգացողություն էր։
Այդ շաբաթ Ալեքսանդրը ամեն ինչ արեց՝ պահելու իր նոր ուխտերը և բարի լինելու իր կրտսեր եղբոր հանդեպ։ Բայց երբ հաջորդ կիրակին եկավ, նա մի փոքր հիասթափվեց։ Նա զգում էր, կարծես այդ շաբաթ կարող էր ավելի լավ ընտրություններ կատարել։
Երբ հաղորդությունը մատուցվում էր, Ալեքսանդրը ձեռքերը ծալեց և գլուխը խոնարհեց։ Նա լուռ խնդրեց Երկնային Հորը օգնել իրեն հաջորդ շաբաթ ավելի լավ գործել։ Նա մտածեց այն մասին, թե որքան է Հիսուսը սիրում իրեն և որքան է ինքը ցանկանում ավելի նմանվել Նրան։
Հաղորդության սկուտեղից հացի մի կտոր վերցնելիս, Ալեքսանդրը ներսում ջերմություն և խաղաղություն զգաց։ Նա զգաց ճիշտ ինչպես իր մկրտության օրն էր զգացել։ Հայրիկը ձեռքը դրեց Ալեքսանդրի ուսին և ժպտաց նրան։
Այսօր նոր շաբաթվա սկիզբն էր, և Ալեքսանդրը պատրաստվում էր անել իր լավագույնը՝ Երկնային Հոր օգնությամբ։
Նկարները՝ Թոբի Նյուսոմի