Երիտասարդներին զորացնելու համար
Երկնային Հոր ծրագիրը ընտանիքների համար
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Երկնային Հոր ծրագիրը ընտանիքների համար

Տաճարի ուսմունքները, արարողությունները և ուխտերը օրհնում են երկրի բոլոր ընտանիքներին։

Հակոբը երազում տեսնում է երկինք տանող սանդուղք

Նկարները՝ Շոնա Թեննիի

Վերջերս քույր Ուխդորֆի հետ մասնակցեցինք մեր ծոռներից մեկի մկրտությանը։ Երբ տեսանք, թե ինչպես են մի քանի սերունդներ ուրախությամբ նշում այս իրադարձությունը, խորին երախտագիտություն զգացինք մեր Երկնային Հոր հանդեպ՝ Իր զավակների փրկության ծրագրի համար։ Մենք զգացինք, թե որքան կարևոր են ընտանիքն ու սրբազան ուխտերը Նրա համար հենց սկզբից ի վեր։

Այդ կարևորությունը կարելի է տեսնել Հին Կտակարանի հավատարիմ Հակոբի պատմության մեջ, որը երկար և դժվարին ճանապարհ անցավ՝ կին գտնելու, ուխտով ամուսնանալու և ընտանիք կազմելու համար։

Մի երեկո Հակոբը կանգ առավ՝ գիշերելու, բայց միայն քարեր գտավ՝ գլխի տակ դնելու համար։ Նա, հավանաբար, շատ հոգնած էր, որովհետև կարողացավ քնել և նույնիսկ երազ տեսնել։

Հակոբը տեսավ «երկրի վրա դրված մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։

Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը» (Ծնունդ 28․12–13

Այնուհետև Տերը մի քանի կարևոր ուխտի խոստումներ տվեց Հակոբին, որոնք Նա տվել էր նաև Հակոբի հորը և պապին՝ Իսահակին և Աբրահամին։ Դրանց թվում էին․

  • Խոստումները, որ Հակոբը կդառնա «ժողովուրդների բազմության» հայր (Ծնունդ 28․3, 14):

  • Հակոբի սերնդի համար խոստացված երկիրը (տես Ծնունդ 28․4, 13):

  • Խոստումները, որ Հակոբի միջոցով և նրա «սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը» (Ծնունդ 28․14, շեշտադրումն ավելացված է):

Հակոբի փորձառությունն այնքան սրբազան էր, որ նա հայտարարեց. «Իրապես Տերն այստեղ է … Սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը» (Ծնունդ 28․16–17)։ Եվ այսպես, Հակոբը այդ վայրն անվանեց Բեթել, որը նշանակում է «Աստծու տուն» (տես Ծնունդ 28․19, ծանոթագրություն ա):

Տաճարները շատ նման են այն սանդուղքին, որ Հակոբը տեսավ։ Տիրոջ տան ուսմունքները, արարողությունները և ուխտերը կապում են երկինքն ու երկիրը։ Ուխտերը կարելի է համեմատել սանդուղքի աստիճանների հետ, որոնք մեզ ավելի են մոտեցնում Տիրոջը։ Եվ սուրբ տաճարներում մեր ծառայության միջոցով մենք օրհնում ենք երկրի բոլոր ընտանիքներին՝ անցյալի, ներկայի և ապագայի։

Երկնքի երջանիկ տեսարան

Երեց Բրյուս Ս. Հեյֆենը՝ Յոթանասունի պատվավոր անդամը, մի անգամ հեռախոսազանգ ստացավ ազգային լրատվական ամսագրի խմբագրից՝ խոսելու մի գրքի մասին, որը տարբեր կրոնների տեսանկյունից տալիս էր երկնքի մասին հավատալիքների պատմությունը:

«Հեղինակները պարզել են, որ հանրությունը համատարած քաղց է զգում երկնքի՝ երկնային ընտանիքների»,- ասել է երեց Հեյֆենը։ Սակայն «քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը քիչ է արձագանքում այս ներքին ծարավին», բացառությամբ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու։

Փրկչի վերականգնված Եկեղեցում մենք ունենք սրբազան տաճարներ։ Մենք ունենք հավերժական ամուսնություն՝ այն կնքելու լիազորությամբ, որն օրհնություն է ֆիզիկական մահից հետո։ Մենք ունենք հավիտենական ապագայի խոստումը՝ սիրելիների հետ՝ Հոր և Որդու ներկայության մեջ։ Հաշվի առնելով այս ամենը, հեղինակները եզրակացրել են, որ երկնքի մասին Վերջին Օրերի Սրբերի պատկերացումն ամենաամբողջականն է, իսկ ես կավելացնեի՝ ամենաերջանիկը։

Ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել. «Տերը … ստեղծեց երկիրը, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել ֆիզիկական մարմիններ և կազմել ընտանիքներ»։ Նա հիմնադրեց Իր Եկեղեցին՝ ընտանիքները վեհացնելու համար։ Նա տաճարներ է տրամադրում, որպեսզի ընտանիքները կարողանան հավերժ միասին լինել»։

ընտանիքը տաճարի մոտ

Պաշտպանել ընտանիքը

Մեզ չպետք է զարմացնի այն փաստը, որ Աստծո ծրագրում այդքան կարևոր մի բանը կարող է բախվել ընդդիմության։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023) ասել է. «Սատանան գիտի, որ Տիրոջ գործը խափանելու ամենահաստատ և ամենաարդյունավետ միջոցը ընտանիքի արդյունավետությունը և տան սրբությունը նվազեցնելն է»։

Իմանալով այն, ինչ գիտենք, մենք պետք է լինենք ընտանիքի ամենաջանասեր պաշտպաններից մեկը աշխարհում։

Ինչպե՞ս ենք դա անում:

Մենք կարող ենք անել «փոքր և հասարակ բաներ» (Ալմա 37․6), որոնք կամրապնդեն ընտանեկան կապերը։ Սա ներառում է ընտանիքի հռչակագրում նշված սկզբունքներին հետևելը՝ «հավատ, աղոթք, ապաշխարություն, ներողամտություն, հարգանք, սեր, կարեկցանք, աշխատանք և առողջ ու ստեղծարար միջոցառումներ»: Անկախ ձեր ներկայիս ընտանեկան իրավիճակից, կարող եք ձեր գործողություններով ցույց տալ, որ ընտանեկան կապերը հավերժական կարևորություն ունեն ձեզ համար։

Ապրելով, պաշտպանելով և կիսվելով ընտանիքի մասին հավերժական ճշմարտություններով՝ մենք կարող ենք օգնել մարդկանց տեսնել, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» և որ «սուրբ տաճարներ[ը] հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»։

Հիսուս Քրիստոս

Ընտրյալը, Դեն Ուիլսոն

«Ես քեզ հետ եմ»

Երբ ես և քույր Ուխդորֆը տեսնում ենք, թե ինչպես են մեր ընտանիքի անդամները սուրբ ուխտեր կապում մեր սիրող, հավերժական Երկնային Հոր հետ, մեր սրտերը լցվում են ուրախությամբ և երախտագիտությամբ։ Մենք ուրախանում ենք ոչ միայն մեր երեխաներով և նրանց երեխաներով, այլև մեր ծնողներով և նրանց ծնողներով։ Մենք խորունկ սիրով խորհում ենք այն մասին, թե ինչպես են ավետարանի ուխտերը միավորում մեզ սերնդե-սերունդ։

Օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ նրա երազում, ամբողջովին առնչվում են ընտանիքներին։ Եվ դրանք տարածվում են Նրա բոլոր ուխտյալ զավակների վրա, ներառյալ՝ ձեզ և ինձ։ «Ահա,- ասաց Տերը,- ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ, … որովհետև քեզ չեմ թողնի» (Ծնունդ 28․15):

Ես խոստանում եմ, որ երբ դուք հետևեք և կիսվեք ընտանիքների համար նախատեսված մեր Երկնային Հոր ծրագրով, Նա ձեզ հետ կլինի, հատկապես, երբ դուք և ձեր մտերիմները փորձություններ ունենաք։ Նա կբարձրացնի և կտանի ձեզ դեպի ուրախության լիություն՝ Իր հետ, Իր Որդի Հիսուս Քրիստոսի հետ և ձեր ընտանիքի հետ՝ առհավետ։