Սուրբ Զատիկի տոնակատարություն. Միայն փաստեր
Ահա մի քանի փաստեր, որոնք դուք գուցե չգիտեիք Սուրբ Զատիկի տոնակատարության մասին։
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հարի Անդերսոն
Ի՞նչ գիտեք Սուրբ Զատիկի մասին Դուք, հավանաբար, գիտեք ամենակարևոր մասը. դա Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և Հարության տոնն է։
Գուցե ունեք որոշ հարցեր Զատիկի և այն մասին, թե ինչպես է այն նշվում մարդկանց մեծամասնության կողմից, ինչպես նաև՝ ինչու ենք մենք այդպես կենտրոնանում դրա վրա։ Ահա մի քանի նման հարցերի պատասխաններ։
Տեղեկություն Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա մասին
Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերջին շաբաթն է։ Ծաղկազարդը Ավագ շաբաթվա առաջին օրն է։ Այն նշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի օրը Երուսաղեմ՝ էշի վրա նստած, ի կատարումն մարգարեության։ Մարդիկ Նրա առաջ գետնին արմավենու ճյուղեր ու հագուստ էին փռում՝ գոչելով. «Օվսաննա՜»։ (Տես Մատթեոս 21․6-11։) Սա տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Հարությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Հարությունը նշվում է որպես Սուրբ Զատիկ՝ Ավագ շաբաթվա վերջին օրը։ Այս շաբաթը ներառում է նաև Ավագ Ուրբաթը (Քրիստոսի խաչելությունն և թաղումը հիշատակելու օր):
Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում, Դեն Բըր
Ե՞րբ են քրիստոնյաները առաջին անգամ նշել Սուրբ Զատիկը
Զատիկի տոնակատարության մասին մեզ հայտնի ամենավաղ արձանագրությունը վերագրվում է երկրորդ դարի կեսերին (մ.թ. 160-170 թվականներին): Այնուամենայնիվ, քրիստոնյաները, հավանաբար, շատ ավելի վաղ ժամանակներից ինչ-որ կերպ նշում էին Հիսուս Քրիստոսի խաչելությունն ու հարությունը։ Քանի որ Հիսուս Քրիստոսի հետևորդները հավատում են, որ Նրա քավիչ գործը, որը գագաթնակետին է հասնում Հարությամբ, ողջ մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունն է, տրամաբանական է, որ նրանք տոնել են այս իրադարձությունները քրիստոնեության վաղ շրջանից ի վեր։ Այսօր մենք կարող ենք տոնել Քրիստոսի Քավությունն ու Հարությունը ամեն կիրակի՝ մասնակցելով հաղորդությանը։
Ինչո՞ւ է Սուրբ Զատիկի ամսաթիվը ամեն տարի փոփոխվում
Մի փոքր բարդ հարց է, բայց Սուրբ Զատիկի կիրակի օրվա հիմնական հաշվարկը հետևյալն է. այն «պասեքի լիալուսնից» հետո առաջին կիրակին է, երբ Հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարից (մարտի 21) հետո առաջին լիալուսինն է լինում։ (Իրականում դա մի փոքր ավելի բարդ է, քան ասվածը, բայց բավարարվենք այս բացատրությունով):
Այս բանաձևի պատճառը կապված է երկու փաստի հետ՝ (1) Փրկչի խաչելությունը տեղի է ունեցել Պասեքի ժամանակ, և (2) Նրա Հարությունը տեղի է ունեցել շաբաթվա առաջին օրը (կիրակի):
Վաղ քրիստոնյաները վիճում էին, թե որն է կարևոր՝ Սուրբ Զատիկը նշել Պասեքի՞ն, թե՞ կիրակի օրը։ Պասեքը հրեական տոն է, կապված հրեական օրացույցի հետ, որը լուսնային օրացույց է և տարբերվում է մարդկանց մեծամասնության կողմից օգտագործվող արևային օրացույցից։ Եբրայական օրացույցում Պասեքը նշվում է յոթերորդ ամսվա 14-րդ օրը։ Բացի այդ, յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ ավելացվում է լրացուցիչ մեկ ամիս՝ եղանակների հետ համահունչ մնալու համար։ Այսպիսով, Սուրբ Զատիկը Պասեքի հետ կապելը նշանակում էր, որ ամսաթիվը շատ հաճախ պետք է փոխվեր և հազվադեպ լիներ կիրակի օրը։
Հարցը լուծելու համար 325 թվականին քրիստոնեական ժողովը որոշեց միասնականացնել Սուրբ Զատիկը տոնելու ամսաթիվը։
Կարճ ասած, քրիստոնյաների մեծամասնության կողմից օգտագործվող հաշվարկի հիման վրա, Զատիկը կարող է լինել սկսած մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։
Իմ հիշատակի համար, հեղինակ՝ Վոլթեր Ռեյն
Ի՞նչ կապ ունեն նապաստակներն ու ձվերը Սուրբ Զատիկի հետ
Սուրբ Զատիկի նապաստակները (կամ այլ կենդանիները), որոնք ձու էին բերում, Եվրոպայում սկսեցին հայտնվել 17-րդ դարում: Այս բաները տարածված չէին մինչև 19-րդ դարը։ Կարծիք կա, որ մարդիկ դրանք փոխառել են գարնան, նորացման և կյանքի ոչ քրիստոնեական խորհրդանիշներից, ապա կապել դրանք Սուրբ Զատիկի և Հիսուս Քրիստոսի Հարության հետ։
Հիսուսը դուրս է գալիս գերեզմանից, Դեն Բըր
Ինչո՞ւ ենք մենք այդքան կենտրոնանում Սուրբ Զատիկի վրա
Առաջին Նախագահությունը խնդրել է մեզ կարևորել Զատիկի տոնակատարությունը։ «Անկախ նրանից, թե ինչի են հավատում կամ անում մյուսները, մենք պետք է տոնենք մեր կենդանի Փրկչի Հարությունը՝ ուսումնասիրելով Նրա ուսմունքները և օգնելով հաստատել Զատիկի ավանդույթները մեր հասարակության մեջ, հատկապես մեր սեփական ընտանիքներում։ Մենք ձեզ կոչ ենք անում դա անել» (Դալլին Հ. Օուքս, «Նա հարություն է առել. Առաջին Նախագահության Սուրբ Զատիկի հատուկ ուղերձ» [տեսանյութ], Ավետարանի գրադարան):