Թաքնված գանձեր
Փրկչի քավության մասին Հին Կտակարանում
Ուշադիր եղեք, խորապես ուսումնասիրեք։
Ոմանք գուցե մտածեն, որ Հին Կտակարանը, որը գրվել է Փրկչի ծննդից առաջ և չի հիշատակում Հիսուս Քրիստոսի անունը, շատ բան չունի ասելու Սուրբ Զատիկի մասին։ Սակայն, ինչպես Մորմոնի Գիրքն է պարզաբանում, հին ժամանակներում մարդիկ նույնպես գիտեին և հավատում էին Փրկչին (տես Հակոբ 4․4)։
Իսրայելացիներին ուսուցանվել էր, որ Մովսեսի օրենքի նպատակն էր՝ ուղղորդել նրանց դեպի Քրիստոսը։ Օրինակ, երբ նրանք բուժվեցին թունավոր օձերի խայթոցներից՝ նայելով այն պղնձե օձին, որը Մովսեսը պատրաստել էր Տիրոջ հրահանգով, Մովսեսը նրանց ուսուցանեց, որ դա խորհրդանշում էր Փրկչին, որը գալու էր և փրկելու նրանց իրենց մեղքերից (տես Թվեր 21․7–9, Ալմա 33․18–20)։
Դժբախտաբար, պարզ գրվածքներից շատ հատվածներ բացակայում են ներկայիս Աստվածաշնչից՝ դարերի ընթացքում տեղի ունեցած թե՛ միտումնավոր, թե՛ պատահական փոփոխությունների պատճառով (տես 1 Նեփի 13․23–27)։
Բայց եթե փնտրեք, Հին Կտակարանում կարող եք գտնել Փրկչի և Նրա քավության մասին բազմաթիվ հղումներ։ Եկեք խոսենք դրանցից մի քանիսի մասին։
Ծաղկազարդ, Գեթսեմանի և դատավարություն
«Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա» (Զաքարիա 9․9)։
Սա կատարվեց այն օրը, որը հայտնի է որպես Ծաղկազարդ, Սուրբ Զատիկից յոթ օր առաջ, երբ Հիսուսը հաղթականորեն մտավ Երուսաղեմ (տես Մատթեոս 21․15)։
«Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված» (Եսայի 53․4)։
Գեթսեմանիում Փրկիչը տառապեց բոլոր մեղքերի համար և զգաց երկրի վրա երբևէ ապրած կամ ապրող յուրաքանչյուր մարդու վշտերը, ցավերը, հիվանդություններն ու չարչարանքները։ Դրա շնորհիվ Նա գիտի, թե ինչպես մխիթարել մեզ մեր փորձությունների ժամանակ (տես Ալմա 7.11-13, տես նաև Մատթեոս 8․17):
«Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը» (Եսայի 53․7)։
Հիսուսը լուռ մնաց, երբ քահանայապետը հարցեր տվեց Նրան (տես Մարկոս 14․60-61)։
Խաչելությունը
«Չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը» (Սաղմոս 22․16)։
«Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա» (Սաղմոս 22․18)։
«Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ» (Սաղմոս 69․21)։
Խաչելությունը մահապատժի տարածված եղանակ էր այդ ժամանակ, բայց հռոմեացի զինվորները հատկապես դաժան էին Փրկչին ծաղրելու և տանջելու հարցում (տես Հովհաննես19․1–3, Մատթեոս 27․34–35, 48)։
Հարությունը
«Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս» (Եսայի 25.8):
«Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի. Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու» (Հոբ 19․25–26)։
Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ։ Նա այժմ ապրում է։ Անթիվ սուրբ գրություններ և վկայություններ հաստատում են դա։ Ավելին, մեր Երկնային Հայրն ի սկզբանե գիտեր, որ մենք Փրկչի կարիք կունենանք, և Նա Իր զավակներին, սկսած Հին Կտակարանի ժամանակներից, պատրաստել է Փրկչին ընդունելու համար։