Երիտասարդներին զորացնելու համար
Իմ օվսաննան
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Իմ օվսաննան

Յուրաքանչյուրիս կյանքում կա մի բան, որը ստիպում է մեզ ծնկի իջնել։

երիտասարդ կին

Նոր Կտակարանի իմ սիրելի գլուխներից մեկը պատմում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի մասին Երուսաղեմ։ Ժողովուրդը գոչում էր. «Օվսաննա՜ Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը․ օվսաննա՜ Բարձրյալին» (Մատթեոս 21․9)։ Երբ սա կարդում եմ, մտածում եմ՝ իսկ ո՞րն է իմ օվսաննան։

Ես միշտ կակազել եմ։ Երբեմն ես մեծ հիասթափություն և հուսահատություն եմ ապրել, քանի որ չեմ կարողացել արտահայտվել այնպես, ինչպես կցանկանայի։ Ես ցանկացել եմ կա՛մ կատարյալ խոսել, կա՛մ չխոսել ընդհանրապես։ Ես միշտ լարվում եմ, երբ խոսում եմ ուրիշների առաջ կամ բարձրաձայն աղոթում եմ։ Ես բազմիցս լուռ աղերսել եմ համբերության, խաղաղության և օգնության համար։ Սա իմ անձնական օվսաննաներից մեկն է՝ իմ փրկության աղերսը։

Ինչպես Քրիստոսը չանտեսեց Երուսաղեմի ժողովրդի աղաղակները, այնպես էլ՝ Նա չի անտեսել իմը։ Նա չի վերացրել իմ կակազությունը, բայց զորացրել է ինձ՝ անսպասելի եղանակներով։ Նա օգնել է ինձ խաղաղություն զգալ լարված պահերին և հասկանալ, որ իմ ձայնը, որքան էլ թերի լինի, բավարար է Իր համար։

Յուրաքանչյուրիս կյանքում կա մի բան, որը ստիպում է մեզ ծնկի իջնել։ Երբեմն մենք գուցե զգանք, թե մեր աղերսն անպատասխան է մնում։ Բայց Նա լսում է յուրաքանչյուր օվսաննան։ Եվ Իր կատարյալ ձևով և ժամանակին Նա կգա մեզ օգնության։

Գեթսեմանիում Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար և զգաց մեր ցավերն ու դժվարությունները։ Նա շարունակում է առաջնորդել և մխիթարել բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն և Երկնային Հորը։ Նույն Քրիստոսը, որը մեզ համար տառապեց Գեթսեմանիում և խաչի վրա, նույն Ինքը նաև հարություն առավ գերեզմանից՝ հաղթելով մահին, որպեսզի մենք հույս ունենանք։ Նրա Հարությունը յուրաքանչյուր օվսաննայի վերջնական պատասխանն է։

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում:

Հղում

  1. Եբրայերենից թարգմանաբար՝ Օվսաննա նշանակում է «փրկի՛ր, աղաչում ենք» կամ «փրկիր հիմա» (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ովսաննա», Աստվածաշնչի բառարան, «Ովսաննա»):