Երիտասարդներին զորացնելու համար
Առանց հույսի երբեք չենք լինի
Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2026


Առանց հույսի երբեք չենք լինի

Երբ մենք մտածում ենք, թե ինչ է Փրկիչն արել մեզ համար, կարող ենք շարունակել մեր ուղին՝ իմանալով, որ Նա միշտ մեզ հետ է։

Navy SEAL-ի վարժանքները ջրում

Նկարը՝ Ալբերտ Էսպիի

Պատկերացրեք՝ ձեր ձեռքերը կապված են մեջքի հետևում, ոտքերը՝ իրար, ու ձեզ նետում են ինը ոտնաչափ խորությամբ ջրավազանը։ Ի՞նչ կանեիք դուք։ Կփորձեիք ջրի երեսին մնալ և ուժասպա՞ռ կլինեիք, թե՞ կպահպանեիք հանգստություն և կգտնեիք ելք այդ դժվարին իրավիճակից։

ԱՄՆ ռազմածովային ուժերի SEAL-ներ դառնալու համար մարզվողները բախվում են հենց այս մարտահրավերին։ Դա կոչվում է «չխեղդվելու ստուգարք»։ Դրա նպատակը՝ տարբեր իրավիճակներում ջրում ողջ մնալու ունակությունը ցուցադրելն է։ Երբ նրանց կապում և ջուրն են նետում, ստուգարքը պահանջում է, որ նրանք առանց խուճապի սուզվեն մինչև ջրավազանի հատակը, ոտքերով հրում կատարեն հատակից, հասնեն մակերեսին, ապա արագ շունչ քաշեն՝ նախքան հաջորդ սուզվելը։ Սա կրկնվում է մի քանի անգամ։

Շատերիցս չի պահանջվի անցնել Navy SEAL-ի վարժանքը, բայց գուցե կան որոշ բաներ, որ մենք կարող ենք սովորել դրանից, և գուցե ավելի մեծ գնահատանք ձեռք բերենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության նկատմամբ՝ այդ ճանապարհին։

Մեր Փրկիչը բոլոր իրավիճակներում մեր կողքին է

Այս դժվարին փորձությունը հաղթահարելու համար SEAL-ները հույսը դնում են իրենց մարզական և ֆիզիկական պատրաստվածության վրա, և նրանք պետք է դա ամբողջությամբ հաղթահարեն ինքնուրույն։ Մենք բոլորս կյանքում դժվարությունների միջով ենք անցնում, բայց ի տարբերություն այդ վարժանքին մասնակցող SEAL-ների, մենք երբեք ստիպված չենք լինում միայնակ հաղթահարել մեր դժվարությունները։

Երբ մենք կապված ենք մեղքի, անհանգստության, վշտի կամ որևէ այլ մարտահրավերի կապանքներով և զգում ենք, որ խորտակվում ենք, կարող ենք դիմել Հիսուս Քրիստոսին։ Երբ մենք զգում ենք, որ գտնվում ենք հատակին և չենք կարող վերև բարձրանալ, կարող ենք հիշել, որ Փրկիչն արդեն այնտեղ եղել է, և Նա մեզ ուժ կտա վերև մղվելու, կրկին շնչելու և կյանքը շարունակելու համար։ Նրա հետ մենք երբեք առանց հույսի չենք լինի։

Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է մեղքից և մահից։ Հիսուս Քրիստոսը ձեր Քավիչն է, երբ դուք սխալվում եք և կարիք ունեք հոգևորապես առողջանալու։ Հիսուս Քրիստոսը ձեր Բժշկողն է այն հուզական, հոգևոր և երբեմն ֆիզիկական վերքերից ու ցավից, որոնք միայն Նա կարող է բուժել։ Հիսուս Քրիստոսի այս և մյուս անունները մատնանշում են այն փաստը, որ Նա է այն Մեկը, ում պետք է դիմել, հատկապես, երբ կյանքը դժվարանում է։

Սուրբ Զատիկի մոտենալուն պես մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Նա ապրո՜ւմ է: Եվ քանի որ Նա ապրում է, մենք կրկին կապրենք և կունենանք հավերժական կյանքի խոստումը։ Սակայն, նախքան Իր Հարությունը Փրկիչը տառապեց Գեթսեմանիում և մահացավ խաչի վրա մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ։ Նա «իջավ բոլոր բաներից ցած»՝ տառապելով ոչ միայն մեր մեղքերի , այլև զգալով ամեն տեսակի ցավ, վիշտ, տառապանք և գայթակղություն, որպեսզի կարողանար իմանալ, թե ինչպես օգնի մեզ (Վարդապետություն և Ուխտեր 88․6, տես նաև Ալմա 7․11

Ձեր հույսը Նրանում է

Երբ Փրկիչը խաչվեց, ամեն ինչ անհույս էր թվում։ Նրա աշակերտները խորապես վշտացած էին։ Նրանք հետևել էին Նրան, հավատացել էին Նրան, իսկ հետո՝ Նա հեռացել էր։ Երբ Հիսուսին դրեցին գերեզմանի մեջ, աշակերտները վիշտ և անորոշություն զգացին։ Սակայն երեք օր անց՝ կիրակի օրը, գերեզմանը դատարկ էր։ Հիսուս Քրիստոսը հարություն էր առել։ Այն, ինչ մի ժամանակ կորած էր թվում, այժմ վերածվել էր հույսի։

Եթե ամեն ինչ մռայլ ու հուսահատեցնող է թվում, կարծես ձեզ ջրավազանն են նետել՝ կապված ձեռքերով ու ոտքերով, և ելք չեք տեսնում, մի պահ կանգ առեք՝ գտնելու հույս Հիսուս Քրիստոսում և հիշեք, որ դա վերջը չէ։

Փրկիչը չէր հասնի այդ ուրախ Զատիկի կիրակիին՝ եթե երեք օր առաջ չդիմանար Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա։ Այսպիսով, եթե դժվար ժամանակներ եք ապրում, մի՛ հանձնվեք։ Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) մի անգամ ասել է. «Մեր վշտի խավարում կգա Կիրակին … Կապ չունի, թե ինչ վիշտ է, Կիրակին կգա»։

Իր քավիչ զոհաբերության և Հարության շնորհիվ Հիսուս Քրիստոսը միշտ ձեր կողքին է՝ որ օգնի ձեզ գտնել խաղաղություն և առաջ շարժվել՝ ձեռք բերելով ավելին, քան կարող էիք երբևէ հուսալ։

Հղում

  1. Ջոզեֆ Բ. Վիրթլին, 2006 թ․ հոկտ․ գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 30)։