Ավետարանի դասընթացներ
Հմտության կիրառում 9. Ճիշտ օգտագործեք տեխնոլոգիաները


Հմտության կիրառում 9

Ճիշտ օգտագործեք տեխնոլոգիաները

մարդը նայում է իր հեռախոսի մեջ

Տեխնոլոգիաների օգտագործումը կարող է առաջացնել և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Ճիշտ օգտագործելով տեխնոլոգիաները՝ մենք կարող ենք ավելի լավ իրականացնել Տիրոջ նպատակները մեզ համար որպես միսիոներներ և մեր առօրյա կյանքում:

Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:

Սահմանեք

Քննարկումը վարող․ Ներկայացրե՛ք այս հմտության կիրառման թեման՝ բացատրելով հետևյալը.

Էլեկտրոնային սարքերը, ինչպիսիք են հեռախոսները և համակարգիչները, կարող են հզոր գործիքներ լինել Տիրոջ աշխատանքն առաջ տանելու, մեր արտադրողականությունը բարձրացնելու և դրական հարաբերություններ զարգացնելու համար: Կան նաև բազմաթիվ գայթակղություններ, կապված այս սարքերի հետ:

Կարդացեք «Ինչ պետք է անեք, եթե խոցելի եք կամ զգայուն» գլուխ 2-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում ([2023], 21–22)։ Փնտրեք երեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված գայթակղությունները:

Քննարկումը վարող․ Կարող եք այդ սկզբունքները գրել գրատախտակին․

  • Սկզբունք 1․ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին, զգացմունքներին և վարքագծին:

  • Սկզբունք 2․ Գործեք։

  • Սկզբունք 3․ Սովորեք, ապաշխարեք և բարելավվեք:

Ցուցադրեք

Քննարկումը վարող․ Կիսվեք այսպիսի մի սցենարով։ Քննարկեք հարցերը միասին՝ ցույց տալու, թե ինչպես կարելի է օգտագործել երեք սկզբունքներն իրական կյանքում:

Ջեյմսը մի խաղ ունի իր հեռախոսում, որը հաճույքով է խաղում: Նա սովորաբար հանում է հեռախոսը ընթրիքի ժամանակ, եկեղեցում կամ դպրոցի դասի ժամանակ՝ խաղալու համար:

Սկզբունք 1․ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին, զգացմունքներին և վարքագծին:

  • Որո՞նք են այն մտքերը կամ զգացումները, որոնք ստիպում են Ջեյմսին անել դա:

  • Ի՞նչն է կարևոր, որ նա հասկանա այս իրավիճակներում տեխնոլոգիաների կիրառման մասին:

Սկզբունք 2․ Գործեք։

  • Ի՞նչ կոնկրետ գործողություններ կարող էր ձեռնարկել Ջեյմսը, որպեսզի ավելի ներգրավված լիներ այս սոցիալական միջավայրում:

Սկզբունք 3․ Սովորեք, ապաշխարեք և բարելավվեք:

  • Ի՞նչ կարող է սովորել Ջեյմսը իր փորձից, երբ ջանքեր է գործադրում կատարելագործվելու համար:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Սովորողներին ժամանակ հատկացրեք՝ կիրառելու երեք սկզբունքները այլ սցենարներում: Դուք կարող եք ցուցադրել հետևյալ սցենարները և դասարանը բաժանել փոքր խմբերի: Խնդրեք յուրաքանչյուր խմբին ընտրել երկու կամ երեք սցենար և քննարկել, թե ինչպես կարող են կիրառել երեք սկզբունքները իրենց ընտրած սցենարներում:

  • Սոֆիան սոցիալական ցանցերում տեսավ մի քննարկում, որը զայրացրեց նրան, և նա ուզում է պատասխանել:

  • Երբ Գիդեոնը ձանձրանում է, նա սկսում է թերթել իր հեռախոսը։ Վերջերս նրան գրավել է պոռնոգրաֆիա դիտելը։

  • Մարիան հաճախ համեմատում է սոցցանցերում իր ունեցած հավանումների և հետևորդների թիվը իր ընկերների հավանումների և հետևորդների թվի հետ:

  • Երբ Լուկասը քայլում է, նա գրեթե միշտ երաժշտություն է լսում ականջակալներով։

  • Ամարին հաճախ ուշ է քնում՝ տեսախաղեր խաղալու պատճառով։

Քննարկումը վարող․ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրեք մի քանի սովորողների կիսվել մի սցենարով, որը նրանք քննարկել են իրենց խմբում, և ասել, թե ինչպես են նրանք կիրառել երեք սկզբունքները այդ սցենարում:

Կիրառեք

Քննարկումը վարող․ Մասնակիցներին ժամանակ հատկացրեք մտածելու, թե ինչպես նրանք կարող են կիրառել այս երեք սկզբունքներն իրենց կյանքում: Հրավիրեք նրանց նպատակ դնել տեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու և աշխատել՝ նպատակն իրագործելու ուղղությամբ: