Ավետարանի դասընթացներ
Դաս 7․ Մկրտվելու և հաստատվելու հրավեր


Դաս 7

Մկրտվելու և հաստատվելու հրավեր

Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 3

մկրտություն

Փրկիչը գիտակից բոլոր մարդկանց պատվիրել է ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ հոգու պարգևը։ «Մկրտության ուխտի պահումը մեզ Աստծուն կապելու առաջին քայլն է, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա մաքրել, զորացնել և փոխել մեր էությունը դեպի լավը» (Քարոզիր Իմ ավետարանը․ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 28)։ Մկրտվելու և հաստատվելու հրավերներ հղելը կարևոր միջոց է, որով միսիոներները իրականացնում են իրենց նպատակը՝ օգնել մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Ուսումնական վարժությունների տարբերակներ

Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք ուսումնական տարբերակ(ներ)ը, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար։

Տարբերակ Ա․ ինչո՞ւ են մկրտությունն ու հաստատումը կարևոր

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Կարող եք մկրտվող մարդու նկար ցույց տալ։ Հրավիրեք սովորողներին քննարկել հետևյալ հարցն իրենց զուգընկերոջ հետ․

Մկրտություն 2
  • Ի՞նչ եք հիշում ձեր մկրտությունից և հաստատումից։

  • Ի՞նչ եղանակներով է Տերն օրհնել ձեզ՝ մկրտվելու և հաստատվելու ձեր որոշման արդյունքում։

Քննարկումը վարող․ Հիշեցրեք սովորողներին, որ մկրտության և հաստատման արարողությունների միջոցով մարդկանց հրավիրելը գալ դեպի Քրիստոսը կարևոր միջոց է, որով միսիոներները իրականացնում են իրենց նպատակը։ Կարող եք վերանայել միսիոներական նպատակը՝ դասարանով արտասանելով այն (տես «Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը», Քարոզիր Իմ ավետարանը [2023], 1)։

Հետևյալ ուսումնական վարժությունը կարող է օգնել աշակերտներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել նրանց, ովքեր ընտրել են մկրտվել և հաստատվել։ Օգնեք դասարանի անդամներին գտնել «Մկրտվելու և հաստատվելու հրավեր»-ը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ում (էջեր 28–29)։ Այնուհետև կիսվեք այս հրահանգներով․

Ուսումնասիրեք «Վարդապետության հիմունքներ» վերնագրի ներքո գտնվող պարբերությունները (Քարոզիր Իմ ավետարանը, 28)` սուրբգրային առնվազն երկու վկայակոչված հատվածների հետ։ Կարող եք փնտրել և նշել այն ուսմունքները, որոնք խորացնում են մկրտության և հաստատման վերաբերյալ ձեր հասկացողությունը։

Քննարկումը վարող․ Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրելը, կարող եք քննարկել հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ գտաք, որը կարող է օգնել որևէ մեկին մկրտվելու և հաստատվելու ցանկություն ունենալ։

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես է Աստված օրհնում նրանց, ովքեր ընտրում են մկրտվել և հաստատվել։

Քննարկումը վարող․ Նախորդ հարցը քննարկելիս կարող եք կիսվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությամբ։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել նախագահ Նելսոնի ուսմունքներից ստացած լրացուցիչ մտքերով։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտ կապելն էին: Մենք դառնում ենք կապված միմյանց հետ։ Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում։ Նա մեզ հետ կապված վեհ նպատակներ ունի։ («Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 28)

Քննարկումը վարող․ Որպեսզի օգնեք սովորողներին տեսնել մկրտության և հաստատման օրհնությունները, կարող եք ցուցադրել «Ինչպես Սառան երջանկություն գտավ» տեսանյութը (3։42, ChurchofJesusChrist.org)։ Տեսանյութից հետո կարող եք քննարկել, թե ինչպես օրհնվեց Սառայի կյանքը՝ մկրտվելու և հաստատվելու նրա որոշումով։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Հնարավորություն տվեք դասարանի անդամներին՝ վարժվելու բացատրել իրենց սովորածը մկրտության և հաստատման մասին: Դրա եղանակներից մեկը նրանց հրավիրելն է արձագանքել հետևյալ սցենարին։ Սկզբում նրանք կարող են գրի առնել իրենց պատասխանը՝ նախքան զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ կիսվելը:

Պատկերացրեք, թե խոսում եք որևէ ընկերոջ հետ, որը ծանոթ չէ մկրտության և հաստատման արարողություններին։ Ձեր ընկերը հարցնում է․ «Ինչո՞ւ պետք է մարդը մկրտվի և հաստատվի»։ Ի՞նչ կասեիք դուք:

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:

  • Գրի առեք, թե ինչպես եք օրհնվել, որովհետև մկրտվել և հաստատվել եք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ձեր գրածով կիսվեք հարազատի հետ, ծոմապահության և վկայության ժողովի ժամանակ կամ սոցիալական ցանցերում։

  • Մտածեք ուխտի մասին, որը կապել եք մկրտվելիս: Որոշեք, թե ինչպես կարող եք լիարժեքորեն պահել ձեր մկրտության ուխտը։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Տարբերակ Բ․ ինչպե՞ս կարող եմ հրավիրել մարդկանց մկրտվել և հաստատվել

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Կարող եք սկսել այս ուսումնական վարժությունը՝ կիսվելով հետևյալ սցենարով․

Պատկերացրեք, որ դուք նոր կանչված միսիոներ եք։ Դուք և ձեր զուգընկերը ծրագրում եք հաջորդ օրվա ձեր ժամանակացույցը։ Ձեր զուգընկերն ասում է, որ հուշում է ստացել մկրտության և հաստատման հրավիրել ձեր ուսուցանած մարդկանցից մեկին։ Ձեր զուգընկերը հարցնում է՝ արդյոք դուք կհղեք այդ հրավերը այս ցերեկ՝ ձեր դասի ժամանակ։ Սա կլինի առաջին անգամը, երբ դուք որևէ մեկին հրավիրում եք մկրտվելու և հաստատվելու։

  • Որքա՞ն վստահ կզգաք այս հրավերը հղելու համար։

  • Ի՞նչ հարցեր կտայիք:

Քննարկումը վարող․ Հետևյալ ուսումնասիրության վարժությունը կարող է օգնել սովորողներին պատրաստվել՝ հղելու մկրտության և հաստատման հրավերը։ Նրանց օգնեք գտնել «Մկրտվելու և հաստատվելու հրավեր»-ը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ում (էջեր 28–29)։ Այնուհետև կիսվեք այս հրահանգներով․

Ուսումնասիրեք «Հրավերի հղում» և «Մկրտվելու հրավերի գաղափարներ» (Քարոզիր Իմ ավետարանը, 28-29)։ Փնտրեք ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ հրավիրել որևէ մեկին մկրտվել և հաստատվել։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին քննարկել իրենց սովորածը՝ տալով նմանատիպ հարցեր:

  • Ո՞ր ուղեցույցները կամ առաջարկները համարեցիք ամենաօգտակարը։ Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ օգտակար կլինի՝ կենտրոնանալ Փրկչի օրինակի վրա, երբ մարդկանց հրավիրում եք մկրտվել։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Հնարավորություն տվեք սովորողներին՝ վարժվելու հրավիրել որևէ մեկին մկրտվել և հաստատվել։ Որպեսզի օգնեք նրանց տեսնել այդ անելու օրինակներ, կարող եք․

  • Օգտագործել տեսանյութ, ինչպես օրինակ՝ «Մկրտվելու հրավեր․ Գերման» (2։42) կամ Մկրտվելու հրավեր․ Ջինքս» (2։34)։ Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

  • Հրավիրեք դասարանի անդամներին դերախաղի՝ հրավիրելու որևէ մեկին մկրտվել և հաստատվել։ Նրանք կարող են օգտագործել շեղատառերով տեքստը «Հրավերի հղում» հատվածում (Քարոզիր Իմ ավետարանը, 29) կամ այս դասի վերջում տեղ գտած դերախաղերից մեկը։

Դասարանի անդամների հետ քննարկեք, թե ինչ սովորեցին տեսանյութերից կամ դերախաղերից, ինչն իրենց դուր եկավ և ինչը այլ կերպ կանեին։ Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․

Վարժվեք պատրաստել ու մկրտվելու և հաստատվելու հրավեր հղել՝ անելով հետևյալը․

  1. Գրեք մի պարզ ծրագիր այն մասին, թե ինչպես եք որևէ մեկին հրավիրելու մկրտվել և հաստատվել։ Ձեր ծրագրում փորձեք հետևել այս ուղեցույցներին․ (1) եղեք հստակ և անմիջական, (2) խոստացեք օրհնություններ և (3) կիսվեք ձեր վկայությունով։

  2. Զուգընկերոջ հետ հերթով հղեք հրավերը, որը պատրաստել եք։

  3. Ձեր զուգընկերոջ հետ վարժվելուց հետո որոշեք, թե ինչպես կարող եք համապատասխանեցնել ձեր հրավերը։

  4. Կրկին վարժվեք՝ այլ զուգընկերոջ հետ:

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:

  • Մկրտության և հաստատման վերաբերյալ ուսումնասիրեք սուրբգրային լրացուցիչ հատվածներ։ Այնուհետև ձեր սովորածով կիսվեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։

  • Մտածեք մեկի մասին, ում ուզում եք օգնել, որ ավելի մոտենա Հիսուս Քրիստոսին: Որոշեք մի հրավեր, որը կարող եք հղել նրան։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք դաս 8-ն ուսուցանել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 4-ը, որպեսզի պատրաստվեն դասին։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։

Ինչպես հղել մկրտվելու և հաստատվելու հրավեր

Դերախաղ 1՝ օգտագործել Հիսուս Քրիստոսի օրինակը

Պատմող․ Սառան Աստծո հետ հարաբերություններ ձեռք բերելու ցանկություն է զգացել քոլեջը սկսելուց ի վեր՝ երկու ամիս առաջ։ Վերջերս նա հանդիպեց միսիոներներին։ Իրենց առաջին այցելության ժամանակ քույր Հերնանդեսը և քույր Ուիլյամսը Սառային ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին և հրավիրեցին նրան կարդալ և աղոթել Մորմոնի Գրքի մասին: Այժմ միսիոներները կրկին հանդիպում են Սառայի հետ։ Նրանք առաջնորդված են զգում Սառային մկրտվելու հրավեր հղել։

Քույր Հերնանդես. Սառա, դու մեզ ասացիր, որ ցանկանում ես հետևել Աստծուն և խորացնել քո հարաբերությունները Նրա հետ: Եկեք միասին կարդանք Աստվածաշնչից այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց Աստծուն հետևելու ճանապարհը։

Քույր Ուիլյամս. Մատթեոս 3-րդ գլխում մենք կարդում ենք Հիսուսի մասին, ով գալիս է Հովհաննես Մկրտիչի մոտ: Սառա, կկարդա՞ս Մատթեոս 3.13–17 հատվածները:

Սառա․ [բարձրաձայն կարդում է Մատթեոս 3․13–17

Քույր Հերնանդես․ Սառա, Հիսուսը մկրտվեց, որպեսզի ամբողջ արդարությունը կատարի։ Դա նշանակում է, որ Նա հնազանդվեց մկրտվելու պատվիրանին: Ի՞նչ գիտեք մկրտության մասին:

Սառա․ Գիտեմ, որ դա մի բան է, որը մարդիկ հաճախ են անում։ Եկեղեցում, որտեղ ես մեծացել եմ, հիշում եմ, որ տեսել եմ մարդկանց մկրտվելիս։ Իմ ընտանիքից ոչ ոք չմկրտվեց։ Դրանից բացի շատ բան չգիտեմ։

Քույր Հերնանդես․ Շնորհակալություն դրանով կիսվելու համար, Սառա։ Թույլ տվեք ավելին բացատրել այն մասին, թե ինչ է մկրտությունը։ Աստված ցանկանում է, որ մենք վերադառնանք և ապրենք Իր հետ: Աստծո մոտ վերադարձի ուղին մենք սկսում ենք՝ հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոսը։ Հիսուս Քրիստոսին հավատալը մեզ տանում է կյանքի փոփոխության և մեր մեղքերի ապաշխարության: Մկրտությունն առաջին ուխտն է, որը մենք կապում ենք այդ ուղու վրա։ Այն մեզ ավելի է մոտեցնում Փրկչին, և մենք ուրախություն, ներում և հույս ենք զգում։ Մկրտությունը նաև արարողություն է։ Դա նշանակում է, որ սա այն արարողությունն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։

Քույր Ուիլյամս․ Երբ մկրտվում ենք, մենք ուխտ կամ խոստում ենք կապում Աստծո հետ։ Մենք նաև խոստանում ենք ծառայել Նրան և պահել Իր պատվիրանները: Որպես այս ուխտի մաս՝ Աստված խոստանում է, որ Նա կների մեր մեղքերը և կօրհնի մեզ Իր Հոգով, որպեսզի մենք կարողանանք մաքրվել, առաջնորդվել և մխիթարվել:

Քույր Հերնանդես․ Սառա, կհետևե՞ս Հիսուս Քրիստոսի օրինակին՝ մկրտվելով որևէ մեկի կողմից, ով կարգվել է կատարելու այս արարողությունը: Մենք կօգնենք քեզ նախապատրաստվել մկրտությանը: Մենք հավատում ենք, որ դու կարող ես պատրաստ լինել հուլիսի 29-ին: Դու կպատրաստվե՞ս, որպեսզի մկրտվես այդ օրը։

Սառա․ Այո։ Ինձ թվում է՝ սա այն է, ինչ ես փնտրում էի:

Քույր Ուիլյամս․ Սառա, մենք ոգևորված ենք այն օրհնությունների համար, որոնք կգան քեզ՝ այս ընտրությունը կատարելիս։ Մկտրվելը մեծ խաղաղություն և զորություն կբերի քո կյանք։ Մենք շատ բան ունեք քեզ ուսուցանելու, որը կօգնի քեզ նախապատրաստվել։

Ինչպես հղել մկրտվելու և հաստատվելու հրավեր

Դերախաղ 2՝ ուսուցանեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը

Պատմող․ Այզեքն առաջին անգամ է հանդիպում միսիոներներին։ Նա շատ հարցեր ունի կյանքի նպատակի և այն մասին, թե ինչպես կարող է ավելի շատ երջանկություն գտնել: Միսիոներները ուսուցանեցին Այզեքին Երկնային Հոր փրկության ծրագրի մասին։ Դասի ընթացքում երեց Բրաունինգը և երեց Սինգը հուշում են զգում Այզեքին հրավիրել մկրտվելու։

Երեց Բրաունինգ․ Այզեք, մենք ուզում ենք խոսել Երկնային Հոր մոտ վերադարձի ուղու մասին։ Նա ուզում է, որ մենք վերադառնանք և ապրենք Իր հետ, և Հիսուս Քրիստոսը դա հնարավոր է դարձրել։

Երեց Սինգ․ Աստծո մոտ վերադարձի ուղին մենք սկսում ենք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Երբ հավատք ունենք առ Հիսուս Քրիստոսը, մենք, ըստ էության, ուզում ենք փոխել մեր կյանքը և ավելի նմանվել Նրան։ Մենք հնազանդվում ենք Նրա ուսմունքներին և ապաշխարում ենք, երբ մեղանչում ենք։ Հավատքն ու ապաշխարությունը մեզ տանում են մկրտության և հաստատման։ Կասե՞ս մեզ, թե ինչ գիտես մկրտության մասին։

Այզեք. Ես մեկ-երկու մկրտություն եմ տեսել տարբեր եկեղեցիներում, բայց դրանից բացի շատ բան չգիտեմ: Կարծում եմ, որ դա մեղքերի մասին է:

Երեց Բրաունինգ․ Դու ճիշտ ես: Մկրտությունը մեզ Աստծուն կապելու առաջին քայլն է, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա մաքրել, զորացնել և դեպի լավը փոխել մեր էությունը: Այն նաև Աստծո հանդեպ մեր պարտավորվածության արտահայտումն է։ Երբ մենք մկրտվում ենք, ուխտ կամ պայման ենք կապում Նրա հետ, որ կծառայենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները։ Երբ մենք անում ենք դա, Աստված ուխտում է, որ դուրս կթափի Իր Հոգին մեզ վրա, և կների մեր մեղքերը։

Երեց Սինգ․ Նաև խոստանում ենք, որ կամենում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, պահել Աստծո պատվիրանները, ծառայել Աստծուն և ուրիշներին, և համբերել մինչև վերջ։ Դա նշանակում է, որ մկրտությունը նոր սկիզբ է մեր կյանքի համար: Մենք, իհարկե, դեռ կունենանք դժվարություններ և սխալներ կգործենք։ Բայց մեր ողջ կյանքում մենք երբեք չենք դադարի փորձել պահել մեր խոստումը և ապավինել Հիսուս Քրիստոսին։

Երեց Բրաունինգ․ Այզեք, կհետևե՞ս Հիսուս Քրիստոսի օրինակին՝ մկրտվելով որևէ մեկի կողմից, ով կարգվել է կատարելու այս արարողությունը: Մենք կօգնենք քեզ նախապատրաստվել մկրտությանը: Մենք հավատում ենք, որ դու կարող ես պատրաստ լինել հուլիսի 29-ին: Դու կպատրաստվե՞ս, որպեսզի մկրտվես այդ օրը։

Այզեք․ Այո։ Սա հենց այն է, ինչ ես փնտրում էի:

Երեց Սինգ․ Այզեք, մենք ոգևորված ենք այն օրհնությունների համար, որոնք կգան քեզ, մինչ դու կատարում ես այս ընտրությունը։ Մկտրվելը մեծ խաղաղություն և զորություն կբերի քո կյանք։ Մենք շատ բան ունեք քեզ ուսուցանելու, որը կօգնի քեզ նախապատրաստվել։