Ավետարանի դասընթացներ
Դաս 1․ Մենք հրավիրում ենք մարդկանց գալ դեպի Քրիստոսը


Դաս 1

Մենք հրավիրում ենք մարդկանց գալ դեպի Քրիստոսը

Փրկիչը ժպտում է

Միսիոներական ողջ աշխատանքը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի վրա։ Իրոք, միսիոների հիմնական նպատակն է «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգված ավետարանը» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 1): Հիսուս Քրիստոսը հրավիրում է Իր հետևորդներին կիսվել ավետարանի ուղերձով բոլորի հետ: «Փրկչի և Նրա քավության մասին [մեր] հասկացողության ու վկայության աճի հետ մեկտեղ կմեծանա ավետարանով կիսվելու [մեր] ցանկությունը» (Քարոզիր Իմ ավետարանը, 2)

Բարի գալուստ

Քննարկումը վարող․ Դասարանի որոշ անդամներ գուցե իրենց անվստահ զգան նոր դաս սկսելու և նոր մարդկանց հանդիպելու համար։ Դուք կարող եք միասին կարդալ Հովհաննես 13.34–35 հատվածները և հրավիրել դասարանի անդամներին կիսվել օրինակներով, թե Փրկիչն ինչպես սիրեց ուրիշներին։ Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կիրառել ուրիշներին սիրելու Փրկչի օրինակը։

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս կցանկանար, որ վերաբերվեիք մարդկանց, որոնց դուք չեք ճանաչում կամ ձեզանից տարբեր են թվում:

Քննարկումը վարող․ Հետևյալ վարժությունը կարող է օգնել աշակերտներին ճանաչել միմյանց և ստեղծել պատկանելության զգացում: Ցուցադրեք հրահանգները և դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք միմյանց հետ խոսելու համար: Դուք կարող եք նաև օգտագործել այս հնարավորությունը բացատրելու համար, որ մարդկանց հանդիպելն ու նրանց հետ «ջերմ, անկեղծ և ընկերական ձևով» վերաբերվելը ավետարանով կիսվելու կարևոր մաս է (Քարոզիր Իմ ավետարանը, 166):

Հաջորդ մի քանի րոպեները տրամադրեք մեր դասարանում երեքից չորս նոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Ահա մի քանի խորհուրդներ, ձեր զրույցները սկսելու համար.

  • Իմացեք միմյանց անունները:

  • Հարցրեք հետաքրքրությունների, տաղանդների, դպրոցի, աշխատանքի կամ նախասիրությունների մասին:

  • Հարցրեք վերջին արձակուրդի, արկածների, մարտահրավերի կամ մի բանի մասին, որին նրանք անհամբերությամբ սպասում են:

Առաջարկվող ուսումնական վարժություն

Ինչո՞ւ է կարևոր, որ օգնենք մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Ցուցադրեք հետևյալ պատկերը և հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ գիտեն պատկերված պատմության մասին: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․

Ուսումնասիրեք Մատթեոս 28.18–20 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Իր առաքյալներին այս առիթով:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է հրավիրում Իր հետևորդներին ավետարանով կիսվել մարդկանց հետ:

Հիսուսը ուսուցանում է տասներկու առաքյալներին

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի՝ Իր առաքյալներին ավետարանով կիսվելու հրահանգը վերաբերում է նաև Իր հետևորդներին մեր օրերում։

Ցուցադրեք հետևյալ հրահանգները և դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ որոշ հատվածներ ինքնուրույն ուսումնասիրելու համար։ Բացի այդ, դուք կարող եք միասին ուսումնասիրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը՝ «Քարոզել խաղաղության ավետարանը» (Լիահոնա, մայիս 2022, 6–7), կամ դիտել «Մարգարեական կոչ. Զգացեք միսիոներական ծառայության ուրախությունը» (2:12, Ավետարանի գրադարան):

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը, փնտրելով ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք կարող են օգնել մարդկանց գալ Իր մոտ։ Դուք նաև կարող եք օգտագործել Ավետարանի գրադարանի ուսումնասիրության գործիքները, որպեսզի գտնեք այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ։

Քննարկումը վարող․ Դասարանը բաժանեք փոքր խմբերի և հրավիրեք խմբի յուրաքանչյուր անդամի կիսվել հետևյալ հարցերի պատասխաններով.

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

  • Ինչպե՞ս են այդ ճշմարտությունները ազդել ձեզ վրա:

  • Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն օգնում ձեզ ուսուցանել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին։

Քննարկումը վարող․ Երբ խմբերն ավարտեն քննարկումը, հրավիրեք աշակերտներին կիսվել իրենց բացահայտած ճշմարտությամբ դասարանի մնացած մասի հետ: Օգտագործելով իրենց իսկ բառերը՝ աշակերտները կարող են բացահայտել այսպիսի ճշմարտություններ.

  • Երբ մենք գանք Քրիստոսի մոտ, Նա կարող է թեթևացնել մեր բեռները (տես Մատթեոս 11.28-30):

  • Հիսուս Քրիստոսը մեր վերադարձի ճանապարհն է Երկնային Հոր մոտ (տես Հովհաննես 14.6):

  • Մենք փրկվում ենք Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով (տես 2 Նեփի 2.6–8):

  • Երբ մենք հետևենք Փրկչի օրինակին և համբերենք մինչև վերջ, կստանանք հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ (տես 2 Նեփի 31.17–21

  • Եթե մենք ապաշխարենք և գանք դեպի Հիսուս Քրիստոսը և մկրտվենք, ապա մենք կարող ենք սրբագործվել Սուրբ Հոգու միջոցով և վերջին օրը անբիծ կանգնել Քրիստոսի առջև (տես 3 Նեփի 27.20–22

  • Քանի որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում, Նա ուրախություն է զգում, երբ մենք ապաշխարում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10–16):

Վարժվեք

Քննարկումը վարող․ Աշակերտներին հնարավորություն տվեք վարժվել ուսուցանել Հիսուս Քրիստոսի կարևորությունը: Դա անելու միջոցներից մեկն այն է, որ կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը և հրահանգները։ Դասարանի անդամներին բավարար ժամանակ հատկացրեք պատասխան ստեղծելու համար: Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեն, ուղղորդեք նրանց «Հիսուս Քրիստոսի Քավությունը» վերնագրի ներքո տրված կետերին (Քարոզիր Իմ ավետարանը, 48):

Պատկերացրեք, որ մի ընկեր ունեք, որը Եկեղեցու անդամ չէ, բայց հետաքրքրված է ձեր համոզմունքներով: Մի զրույցի ընթացքում ընկերդ ասում է. «Ես նկատել եմ, որ Հիսուսը, կարծես, կարևոր է քեզ համար։ Իսկ ինչո՞ւ»:

Պատրաստեք պատասխան ձեր ընկերոջ համար, որը ներառում է հետևյալը.

  1. Հակիրճ բացատրություն, թե մենք ինչու ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը

  2. Առնչվող սուրբ գրություն

  3. Ձեր վկայությունը

Քննարկումը վարող․ Դասարանը բաժանեք զույգերի և հրավիրեք յուրաքանչյուրին զուգընկերոջ հետ կիսվել իրենց պատասխանով: Ավարտելուց հետո կարող եք հրավիրել աշակերտներին անհատապես գնահատել իրենց պատասխանը և որոշել, թե ինչ փոփոխություններ են նրանք ցանկանում կատարել։ Այնուհետև սովորողին կցեք մեկ այլ զուգընկերոջ և հրավիրեք նրանց կրկին կիսվել իրենց պատասխանով, ներառելով ցանկացած փոփոխություն:

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ խորհելու իրենց սովորածի շուրջ և նպատակներ դնելու համար։ Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է այսօրվա ձեր սովորածին։ Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը կամ մտածեք ձերը։

  • Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում նշեք կամ ընդգծեք հատվածներ, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա քավությունը:

  • Կիսվեք Հիսուս Քրիստոսի և Նրա քավության մասին ձեր վկայությամբ ինչ-որ մեկի հետ՝ անձամբ, տեքստային հաղորդագրությամբ կամ առցանց:

  • Հրավիրեք մի ընկերոջ, որն այսօր այստեղ չէ, որպեսզի սկսի ձեզ հետ հաճախել այս դասին:

Իմ նպատակը

  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Կարող եք աշակերտներին ժամանակ հատկացնել՝ ընտրելու դասընկեր կամ հասակակիցների մի խումբ, որի հետ նրանք կարող են կիսվել իրենց նպատակներով ամբողջ դասընթացի ընթացքում։ Կարող եք հրահանգել խմբերին, որ մտածեն մի եղանակ, որով հաջորդ դասից առաջ միմյանց կհիշեցնեն իրենց նպատակների մասին։ Կարող եք նաև հաջորդ դասից առաջ հիշեցնող հաղորդագրություն ուղարկել աշակերտներին:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե դուք պատրաստ եք դաս 2 ուսուցանել հաջորդ անգամ, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին որոշ ժամանակ անցկացնել Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկին ծանոթանալու համար, որպեսզի պատրաստվեն դասին։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։