Ավետարանի դասընթացներ
Հմտության կիրառում 8. Միտումնավոր շնչառություն


Հմտության կիրառում 8

Միտումնավոր շնչառություն

մարդը շնչում է

Միսիոներական ծառայության ընթացքում և մեր առօրյա կյանքում սթրեսային իրավիճակների առաջացումը սովորական երևույթ է: Միտումնավոր շնչառությունը տեխնիկա է, որը մենք կարող ենք օգտագործել սթրեսը նվազեցնելու և բարեկեցության զգացում ստեղծելու համար:

Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:

Սահմանեք

Քննարկումը վարող․ Խնդրեք սովորողներին խոսել այն մասին, թե ինչպես կարող է սթրեսը մեզ վրա ազդել ինչպես դրական, այնպես էլ բացասական ձևերով: Անհրաժեշտության դեպքում կարող եք ցուցադրել հետևյալ բացատրությունը.

Սթրեսը կարող է մեզ հնարավորություն տալ, որ լարենք մեր ուժերը, աճենք և Աստծուն ապավինենք՝ ուժ գտնելու համար: Այնուամենայնիվ, ինտենսիվ կամ երկարատև սթրեսից կարող են առաջանալ ֆիզիկական և հուզական խնդիրներ:

Քննարկումը վարող․ Միասին կարդացեք և քննարկեք Տիրոջ խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 101․16-ում։ Հարցրեք մասնակիցներին, թե ինչ կարծիքի են այս խորհուրդի մասին, որը վերաբերում է սթրեսային իրավիճակներին, ներառյալ այն իրավիճակներին, որոնց նրանք կարող են հանդիպել որպես միսիոներներ: Դուք կարող եք ներկայացնել միտումնավոր շնչառության հմտությունը՝ ցուցադրելով հետևյալը.

Սթրեսի բացասական ձևերին դիմակայելու դրական եղանակներից մեկը միտումնավոր շնչառական վարժություններն են: Միտումնավոր շնչելը կօգնի մեզ հանգստացնել մեր միտքն ու մարմինը: Այն նաև թույլ է տալիս մեզ բարելավել մեր կենտրոնացումը, կառավարել մեր հույզերը, բարելավել հիշողությունը և ավելի ընկալունակ դառնալ Հոգու հուշումներին:

Ցուցադրեք

Քննարկումը վարող․ Հետևյալ վարժությունները երկու տեսակի խորը շնչառական վարժություններ են, որոնք կարող եք ցուցադրել.

Տարբերակ 1. «Քառակուսի» շնչառություն

Նստեք աթոռին և տեղավորվեք: Համոզվեք, որ ձեր մեջքը հենված է, իսկ ոտքերը ամուր դիպչում են հատակին: Կարող եք ձեր աչքերը բաց կամ փակ պահել:

  • Քայլ 1․ Շնչեք քթով և դանդաղ հաշվելով մինչև հինգը՝ օդով լցրեք ձեր թոքերը:

  • Քայլ 2․ Պահեք ձեր շունչը հինգ վայրկյան։ Փորձեք չարտաշնչել հինգ վայրկյանների ողջ ընթացքում:

  • Քայլ 3․ Բերանով դանդաղ արտաշնչեք հինգ վայրկյան:

  • Քայլ 4․ Հինգ վայրկյան շունչը պահեք։

  • Քայլ 5․ Կրկնեք 1-ից 4-րդ քայլերը, մինչև հանգստանաք:

Քննարկումը վարող․ Կարող եք ցուցադրել հետևյալ աղյուսակը, որ օգնեք սովորողներին ավելի լավ հասկանալ այս շնչառական վարժությունը.

շնչել

Տարբերակ 2․ Շնչառական վարժություն Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում

Քննարկումը վարող․ Օգնեք սովորողներին բացել Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկը՝ Ավետարանի գրադարան հավելվածում (Գրադարան > Ձեռնարկներ և կոչումներ > Միսիայի կոչումներ > Հարմարվել Միսիոներական կյանքին)։

Գտեք «Շնչառական վարժություններ»-ը «Սթրեսի կառավարման հիմնական սկզբունքները» բաժնում՝ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում ([2013], 18)։ Հետևեք վարժության մեջ նկարագրված երեք քայլերին:

Վարժվեք

Քննարկումը վարող․ Շնչառական վարժություններից մեկը կամ երկուսը ցուցադրելուց հետո մասնակիցներին ժամանակ հատկացրեք՝ դրանք փորձելու համար: Կարող եք հրավիրել նրանց գնահատել սթրեսի կամ անհանգստության իրենց զգացումները 1-ից 5 սանդղակով, շնչառական վարժություններից առաջ և հետո՝ տեսնելու, թե արդյոք նրանք որևէ տարբերություն նկատում են:

Կիրառեք

Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրավերով՝ օգնելու մասնակիցներին կիրառել այս հմտությունը․

Վարժվեք միտումնավոր շնչել մի քանի րոպե ամեն օր, ինչպես նաև ցանկացած ժամանակ, երբ դուք սթրես եք ապրում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք զգում, երբ փորձում եք: Աղոթեք, խնդրելով Երկնային Հոր օգնությունը՝ ձեր կյանքում սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար: