Հմտության կիրառում 6
Խոսեք բոլորի հետ
Երբ երիտասարդները խոսում են անծանոթ մարդկանց հետ, սովորական բան է, որ նրանք գուցե անհարմար զգան կամ լարվեն: Այս վարժությունը կօգնի դասարանի անդամներին սովորել զրույցներ վարել այն մարդկանց հետ, ում նրանք հենց նոր են հանդիպել:
Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:
Սահմանեք
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ միսիոներական աշխատանքի մի մասն է՝ ամեն օր զրուցել մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում:
-
Ո՞րն է ձեր վերջին փորձը, երբ առաջին անգամ խոսել եք մեկի հետ: Ինչպե՞ս ընթացավ դա:
Քննարկումը վարող․ Նախքան հատուկ ուղեցույցներ ներկայացնելը, որոնք կկենտրոնանան այս հմտության վարժանքի վրա, կարող եք միասին կարդալ «Խոսեք բոլորի հետ» նյութը (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 166–167)։ Կարող եք հրավիրել սովորողներին քննարկել այն առաջարկները, որոնք նրանց համար առավել օգտակար էին:
Բացատրեք, որ այս հմտության կիրառումը կենտրոնանալու է երեք ուղեցույցների վրա, որոնք ամփոփված են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից (տես էջ 166–167) և Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկից (տես էջ 35–36)։ Ցուցադրեք այս ուղեցույցները և հրավիրեք դասարանի մի քանի անդամների հերթով բարձրաձայն կարդալ դրանք։
-
Գտեք զրույց սկսելու մի պարզ եղանակ: Եղեք ջերմ, անկեղծ և ընկերական: Փորձեք բարևել, հաճոյախոսություն անել, ինչ-որ բանով օգնել կամ հարց տալ (օրինակների համար տե՛ս հաջորդ պարբերանշումը):
-
Հարցեր տվեք։ Փորձեք մարդկանց հարցնել նրանց համար հետաքրքիր կամ կարևոր բաների մասին: Սա կարող է ներառել նրանց աշխատանքը, հոբբիները, հետաքրքրությունները, ընտանիքը կամ այն վայրը, որտեղ նրանք հաճախում են եկեղեցի կամ դպրոց: Պատրաստ եղեք պատասխանել նաև ձեր մասին նրանց հարցերին:
-
Ուշադիր լսեք։ Ավելի շատ կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ասում է դիմացինը, քան նրա վրա, ինչ դուք կասեք հետո: Զրույցի ընթացքում պահպանեք աչքերի շփումը: Ցույց տվեք, որ հետաքրքրված եք այն անձով, ում հետ խոսում եք և նրանով, թե ինչ է նա ասում: Կարող եք նրան լրացուցիչ հարցեր տալ՝ ավելին իմանալու համար:
Ցուցադրեք
Քննարկումը վարող․ Օրինակով ցույց տվեք այս հմտությունները դասարանի համար՝ հրավիրելով մի պատրաստակամ մասնակցի գալ կանգնել դասարանի առաջ: Զրույց ունեցեք՝ հետևելով նախորդ բաժնում թվարկված ուղեցույցներին: Երբ ավարտեք, հրավիրեք դասարանին կիսվել, թե ինչպես են հետևել ուղեցույցներին:
Այս հմտության օրինակը ցուցադրելու մեկ այլ միջոց է ցուցադրել «Խոսեք բոլորի հետ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org, դիտեք 4:00 մինչև 6:08 ժամանակահատվածը)։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Յուրաքանչյուր մասնակցի նշանակեք զուգընկեր: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով։ Եթե ժամանակը թույլ է տալիս, սովորողներին հնարավորություն տվեք կրկնել այս վարժանքը դասարանից մի քանի ուրիշների հետ:
Ձեր զուգընկերոջ հետ հերթով սկսեք զրույց՝ օգտագործելով մեր քննարկած երեք ուղեցույցները.
-
Գտեք զրույց սկսելու մի պարզ եղանակ:
-
Հարցեր տվեք։
-
Ուշադիր լսեք։
Կիրառեք
Քննարկումը վարող․ Հղեք հետևյալ հրավերը։ Կարող եք հետևել այս հրավերի ընթացքին հաջորդ դասի ժամանակ:
Հաջորդ շաբաթվա ընթացքում հնարավորություններ փնտրեք զրույց սկսելու մեկի հետ, ում առաջին անգամ եք հանդիպում կամ լավ չեք ճանաչում: Զրույցի ընթացքում կիրառեք այն հմտությունները, որոնք սովորեցիք այսօր: