«Դաս 27. Ուսուցչի նյութ․ Գտնել հույս՝ աշխարհի Լույսի և Կյանքի մեջ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 27. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 27. Ուսուցչի նյութ
Գտնել հույս՝ աշխարհի Լույսի և Կյանքի մեջ
Ուսանողները կարող են զգալ խավար, հիասթափություն և հուսահատություն շատ պատճառներով: Ի հակադրություն՝ նրանք կարող են լցվել հույսի զորությամբ, երբ կենտրոնանան Աշխարհի Լույսի՝ Հիսուս Քրիստոսի վրա: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան մտածելու, թե ինչ կարող են անել` Նրա հանդեպ իրենց հույսը մեծացնելու համար:
Ուսուցման առաջարկներ
Հիսուս Քրիստոսը հայտարարում է, որ Ինքն է աշխարհի Լույսը և Կյանքը
Դասը սկսելու համար, կարող եք ցուցադրել հետևյալ նկարը․
-
Սուրբ գրությունները խոսում են մարդկանց մասին, որոնք «քայլում են խավարում» կամ «նստած են խավարում» (տես Սաղմոս 82.5, Վարդապետություն և Ուխտեր 95.6, 12, Սաղմոս 107.10–11, Ղուկաս 1.79): Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է ներկայացնել այս խավարը:
Բարձրաձայն կարդացեք Հովհաննես 8.12 և Մոսիա 16.19 հատվածները և խնդրեք ուսանողներին փնտրել, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել մեզ հաղթել խավարին: Գրատախտակին ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսին, Նա կլինի մեր կյանքի լույսը:
-
Ի՞նչ ուղիներով է Հիսուս Քրիստոսը մեր կյանքի և՛ Լույսը, և՛ Կյանքը: (Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ուսանողներին վերանայել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում:)
Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել այս դասի արդիականությունը, կարող եք ցուցադրել և բարձրաձայն կարդալ ստորև ներկայացված հարցերը: Հրավիրեք ուսանողներին խորհել այդ հարցերի շուրջ, երբ նրանք դիտեն «The Light That Shineth in Darkness» տեսաֆիլմը (2:19):
-
Եթե Հիսուս Քրիստոսին հետևենք՝ որպես աշխարհի Լույսի ու Կյանքի, դա ինչպե՞ս կարող է օրհնել, զորացնել և օգնել մեզ:
-
Ե՞րբ եք զգացել Հիսուս Քրիստոսի տված լույսը կամ կյանքը: Դա ի՞նչ փոփոխություն է բերել կամ կարող էր բերել ձեր կյանք:
Տեսաֆիլմը դիտելուց հետո ուսանողներին առաջարկեք գրի առնել մի քանի մտքեր, որ իրենք ունեին այդ հարցերի վերաբերյալ: Դուք կարող եք հանձնարարել ուսանողներին քննարկել իրենց պատասխանները դասարանի հետ կամ փոքր խմբերով:
Կարող եք ցուցադրել Սոլթ Լեյքի Տաճարի ուղեկցող պատկերը և միասին կարդալ քույր Շերոն Յուբենկի խոսքը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։ Կամ կարող եք ցույց տալ տեսաֆիլմի հետևյալ հատվածը «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» (0:00–1:17) նրա ելույթից (Լիահոնա, մայիս 2019, 73–74):
-
Ի՞նչ ուղիներով է հակառակորդը «աշխատում է մեր լույսը խամրեցնել, կապի կարճ միացում առաջացնել» կամ կտրել մեզ Փրկչի լույսից: (Շերոն Յուբենկ, «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», 73):
-
Ի՞նչ ուղիներով կարող ենք միանալ կամ միացած մնալ Հիսուս Քրիստոսին`լույսի և կյանքի ճշմարիտ աղբյուրին: (Ապա կարող եք հրավիրել ուսանողներին գրի առնել, թե ինչ կարող են անել:)
Հույսը մեծանում է, երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա
Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը». Հիսուս Քրիստոսը լույսն է, կյանքը և հույսն աշխարհի»:
Ձեր ուսանողների կարիքներից ելնելով՝ օգտակար կարող է լինել համառոտ վերանայել հույսի սահմանումը և Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի երկրորդ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում։ Ապա կարող եք հարցնել․
-
Որքան օրհնված ենք մենք, երբ որպես մեր հույսի վերջնական աղբյուրի նայում ենք դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ հույսը նույնպես պարգև է:
Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել ծանոթ մեկի մասին, ով վհատված, տխուր, միայնակ, ճնշված կամ անհանգիստ է զգում: Հրավիրեք ուսանողներին վերանայել Մորոնի 7.40–42 և Եթեր 12.4-ը՝ փնտրելով ճշմարտություններ Քրիստոսում հույս ունենալու մասին, որը կարող է փոխել, թե ինչպես ենք դիմանում կյանքին:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց գտած ճշմարտություններով, և թե այդ ճշմարտությունները ինչպես կարող են մեծացնել մարդու հույսը Քրիստոսում:
Խնդրեք ուսանողներին անդրադառնալ ուսումնասիրելու համար իրենց ընտրած սուրբ գրության պատմությանը նախապատրաստական նյութի բաժին 2-ից: Նրանց մի քանի րոպե տվեք, որ վերանայեն իրենց սովորածը։ Դասարանը բաժանեք փոքր խմբերի և խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սուրբ գրության պատմությամբ և Քրիստոսում հույս ունենալու մասին դրանից իրենց սովորածով:
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ Քրիստոսում հույս ունենալու կարևորությունը, կարող եք ցուցադրել ամբողջը կամ հետևյալ հայտարարության մի մասը նախագահ Ուխդորֆի խոսքից, որն այդ ժամանակ ծառայում էր Առաջին Նախագահությունում․ Հետո, երբ ուսանողները մեկ րոպե ունեցել են այս հայտարարությունը կարդալու և խորհելու համար, դուք կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի վկայել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հույսի և այն մասին, թե ինչպես է դա ազդում իրենց կյանքի վրա։
Երեմիայի հետ ես հռչակում եմ. «Օրհնեալ է այն մարդը … որ Տէրն է նորա հույսը» [Երեմիա 17.7]:
Հովելի հետ ես վկայում եմ. «Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար» [Հովել 3․16]։
Նեփիի հետ ես հայտարարում եմ. «Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» [2 Նեփի 31.20]: …
Եվ բոլոր նրանց, ովքեր տառապում են, բոլոր նրանց, ովքեր հուսահատված են, անհանգիստ կամ միայնակ են զգում, սիրով և ձեր հանդեպ խորը մտահոգությամբ ես ասում եմ՝ երբեք մի հանձնվեք:
Երբեք մի հանձնվեք:
Երբեք թույլ մի տվեք, որ հուսահատությունը հաղթի ձեր ոգուն:
Ընդունեք և ապավինեք Իսրայելի Հույսին, քանի որ Աստծո Որդու սերը ճեղքում է ողջ խավարը, մեղմացնում է բոլոր վշտերը և ուրախացնում յուրաքանչյուր սիրտ: («Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյ. 2008, 24)
Հրավիրեք ուսանողներին մտածել հետևյալ հարցերի շուրջ և գրի առնել իրենց գաղափարները, տպավորություններն ու զգացումները.
-
Ի՞նչ եք դուք սովորել այսօր, որը կարող է օգնել ձեզ հույս գտնել պայքարի և հուսահատության ժամանակներում:
-
Ի՞նչ հասարակ բաներ կարող եք անել` մեծացնելու ձեր հավատքն ու հույսը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Հաջորդ անգամ
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել այս դասընթացի վերջին դասին, դուք կարող եք շաբաթվա ընթացքում ուղարկել հետևյալ հաղորդագրությունը. Երբ ուսումնասիրեք ձեր վերջին դասի նախապատրաստական նյութը, խորհեք, թե ինչ եք սովորել այս դասընթացից: Ինչպե՞ս է ձեր սովորածն ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հասկացողության և հավատքի վրա: