Հիմնական դասընթացներ
Դաս 1․ Ուսուցչի նյութ․ Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը


«Դաս 1․ Ուսուցչի նյութ․ Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 1․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 1․ Ուսուցչի նյութ

Ընդունել Իր մասին սովորելու Փրկչի հրավերը

Այս դասընթացը ձեզ և ձեր ուսանողներին հիանալի հնարավորություն է տալիս մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի հանդեպ: Այս դասում ուսանողները կքննարկեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լիարժեք ընդունեն Իր մասին սովորելու Փրկչի հրավերը։ Նրանք նաև կքննարկեն ուսումնասիրության և հավատքի միջոցով հոգևոր ճշմարտությունը սովորելու կարևորությունը:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Օգտագործեք նախապատրաստական նյութը՝ ուսումը խթանելու համար Նախապատրաստական նյութի նպատակն է՝ օգնել ուսուցիչներին և ուսանողներին նախապատրաստվել և միասին ուսումնական փորձառություններ ունենալ: Մտածեք հետևյալ հուշումների շուրջ.

  • Հնարավորության դեպքում, նախքան դասի առաջին օրը, կապվեք այն ուսանողների հետ, որոնք գրանցվել են այս դասընթացին, և հրավիրեք նրանց նախքան դասի գալը կարդալ նախապատրաստական նյութը։

  • Քանի որ որոշ ուսանողներ նախապես ստացած չեն լինի նյութը, ցույց տվեք նրանց, թե ինչպես բացել թվային տարբերակը կամ դասարանով ձեր քննարկումից առաջ տրամադրեք նյութի տպագիր օրինակը: Նույն կերպ օգնեք առանձին ուսանողների, որոնք ձեր դասին կմիանան ավելի ուշ:

  • Դասարանային քննարկումների ժամանակ օգտագործեք նախապատրաստական նյութը կարդալու ուսանողների փորձը: Փնտրեք նաև նախապատրաստական նյութը դասի ժամանակ օգտագործելու եղանակներ նրանց համար, ովքեր նախապես չեն պատրաստվել:

  • Ժամանակ առ ժամանակ հրավիրեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչպես են օրհնվում, երբ ուսումնասիրում են նախապատրաստական նյութը:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլոր մարդկանց սովորել Իր մասին

Նշում. Ինստիտուտի առաքելության առանցքային նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ բոլորն իրենց ապահով, աջակցված և գնահատված կզգան: Որպեսզի օգնեք ստեղծել պատկանելության զգացում, կարող եք դասի սկզբում ժամանակ հատկացնել միմյանց ճանաչելու համար: Դասընթացի ընթացքում դուք կարող եք փնտրել եղանակներ, որոնք կօգնեն բոլոր ուսանողներին իրենց ընդունված և սիրված զգալ ձեր դասարանում:

Դասը սկսելու համար կարող եք ցույց տալ Հիսուս Քրիստոսի նկարը և համառոտ կիսվել Նրա մասին ձեր զգացմունքներով: Դուք կարող եք նաև հրավիրել, որ մի քանի ուսանողներ կիսվեն, թե ինչ են մտածում Փրկչի մասին:

Դասարանով կարդացեք Մատթեոս 11․28–30 և Վարդապետություն և Ուխտեր 19․23 հատվածները և հարցրեք ուսանողներին, թե ինչն է նրանց համար առանձնանում այս հրավերների և խոստացված օրհնությունների մեջ: Դուք կարող եք կարևորել այս հրավերների անձնական և սիրառատ բնույթը, երբ ուսանողները բացահայտում են հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին սովորել Իր մասին և զգալ Իր խաղաղությունը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել Քրիստոսի մասին: (Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ուսանողներին վերանայել երեց Քիմ Բ. Քլարկի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են խաղաղության, հանգստի և թեթևացած բեռների խոստումները կապված Հիսուս Քրիստոսի մասին սովորելու հետ: Ինչպե՞ս եք զգացել այդ տեսակի օրհնությունները:

Գրատախտակին կարող եք գրել Ավետարան = Բարի լուր արտահայտությունը: Այնուհետև հրավիրեք ուսանողներին կարդալ 3 Նեփի 27.13–16, 20–21-ը և քննարկել հետևյալ հարցերը զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով:

  • Համաձայն Փրկչի, որո՞նք են Նրա ավետարանի հիմնական ճշմարտությունները: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները բարի լուր մեզ համար։ (Դուք կարող եք վերանայել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում):

  • Ավետարանի ուսումնասիրությունն ու դրանով ապրելը ինչպե՞ս է օգնել ձեզ սովորել Փրկչի մասին և ավելի նմանվել Նրան:

Տերը մեզ ուսուցանեց, թե ինչպես սովորել հոգևոր ճշմարտությունը

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե որքանով է կարևոր, թե ինչպես կարող ենք սովորել հոգևոր ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, կարող եք ներկայացնել հետևյալ սցենարը.

Քլոեն՝ ձեր ընկերը, գիտականորեն է տրամադրված: Կարծես թե հավատալուց առաջ նրան պետք են ապացույցներ։ Քանի որ նա գիտի, որ դուք հավատում եք Հիսուս Քրիստոսին, հարցնում է, թե ինչպե՞ս կարող է իմանալ, որ Նա իրական է: Ի՞նչ կպատասխանեիք դուք:

Կարող եք հրավիրել ուսանողներին իրենց պատասխաններով կիսվել զուգընկերների հետ, որից հետո դասարանով քննարկեք, թե որքան սահմանափակ է Փրկչի մասին սովորելու գիտական մոտեցումը։ (Կարող եք կիսվել երեց Փոլ Վ. Ջոնսոնի հայտարարությամբ, որը գտնվում է նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում): Ձեր քննարկումը ընդլայնելու համար խորհեք հետևյալ հարցերից մեկի կամ մի քանիսի մասին.

  • Ո՞րն է հոգևոր ճշմարտությունը սովորելու Տիրոջ ուղին: (Կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․118։)

  • Ի՞նչ է նշանակում սովորել հավատքով։ (Օգտակար կլինի վերանայել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում։ Կարող եք նաև օգնել ուսանողներին բացահայտել նմանատիպ ճշմարտություն. Երբ ձգտենք սովորել ավետարանը՝ գործելով հավատքով, Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը կմեծանա:)

  • Բերեք սուրբ գրություններում նկարագրված մարդկանց կամ ձեր ծանոթների օրինակներ, ովքեր սովորել են հավատքով գործելու սկզբունքը: Մեկ րոպե տրամադրեք և մտածեք այն ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ինչ-որ բան եք սովորել, քանի որ հավատքով եք գործել: Ի՞նչ եք սովորել Նրա մասին:

Դուք կարող եք մի քանի րոպե տրամադրել ուսանողներին, որպեսզի խորհեն և գրի առնեն, թե այս դասընթացի ընթացքում ինչ են նրանք ամենաշատը ցանկանում սովորել Փրկչի մասին, և ինչպես կարող են բարելավել Նրա մասին սովորելու իրենց ունակությունը: Խրախուսեք նրանց գրի առնել իրենց նպատակները: Փնտրեք հնարավորություններ, որպեսզի ուսանողները վերանայեն իրենց նպատակները առաջիկա շաբաթների ընթացքում:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Դասերից դուրս շփվեք ուսանողների հետ: Որպեսզի հասկանաք ուսանողների կարիքները և ոգեշնչեք նրանց ուսումնասիրել նախապատրաստական նյութը, դուք կարող եք նրանց հետ հաղորդակցվել հաղորդագրությունների միջոցով: Կարող եք օգտագործել «Հաջորդ անգամ» կոչվող բաժնի առաջարկները կամ ստեղծել ձեր սեփական հաղորդագրությունը:

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին հաջորդ դասն ուսումնասիրելիս փնտրել, թե Հիսուս Քրիստոսի տարբեր անուններն ու տիտղոսները ի՞նչ են մեզ սովորեցնում Նրա մասին: Կամ կարող եք հրավիրել ուսանողներին խորհել, թե ինչու ենք Փրկչին անվանում «կենդանի Քրիստոս»: