«Դաս 9. Ուսուցչի նյութ․ Ուրախանալ Հիսուս Քրիստոսի աստվածային ծնունդով», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 9. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 9․ Ուսուցչի նյութ
Ուրախանալ Հիսուս Քրիստոսի աստվածային ծնունդով
Ինչպես հայտարարեց հրեշտակը, Հիսուս Քրիստոսի ծնունդը պատճառ էր «մեծ ուրախութիւ[ա]ն» (Ղուկաս 2.10): Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու, թե ինչու էր Հիսուս Քրիստոսի եզակի ծագումը կարևոր, որպեսզի Նա դառնա մեր Փրկիչը: Ուսանողներին նաև կհրավիրեն կիսվել աստվածային սիրո մասին իրենց զգացմունքներով, որը դրսևորվում է Աստծո բարեհաճությամբ, և այդ սերը ինչպես կարող է ազդել իրենց կատարած ընտրությունների վրա:
Ուսուցման առաջարկներ
Մարիամը իմանում է, որ լինելու է Աստծո Որդու մայրը
Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը և հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ծնողներից ժառանգած հատկություններով:
Հրավիրեք ուսանողներին վերանայել Ղուկաս 1.30–35 հատվածները և փնտրել, թե ինչպես է Գաբրիել հրեշտակը նկարագրել Մարիամի որդուն:
Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը
Խուսափեք թեմաների շահարկումներից Հրաժարվեք ուսանողների հետ այնպիսի վարդապետական թեմաներ քննարկելուց, որոնք մարգարեներն ու առաքյալները չեն ընտրել ուսուցանելու համար, կամ որոնց մասին նրանք պաշտոնական հայտարարություն չեն արել: Օրինակ՝ Եկեղեցու ղեկավարները զգուշացրել են չշահարկել այն թեման, թե ինչպես է հղիացել Մարիամը (տես The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 14): Նման հանգամանքներում նորմալ է պարզապես ընդունել, որ մենք չգիտենք, կամ որ այդ տեղեկատվությունը չի բացահայտվել: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ մենք գիտենք, և Սուրբ Հոգին ինչ ճշմարտություն կարող է հաստատել ուսանողների սրտերում:
Գրատախտակին նկարեք ուղեկցող գծապատկերը:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի յուրահատուկ ծագման նշանակության մասին, մտածեք հետևյալ հարցերից մի քանիսի մասին.
-
Ի՞նչ եզակի հատկություններ է ժառանգել Հիսուս Քրիստոսը Մարիամից և Երկնային Հորից։
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի եզակի ծագումը կապված Նրա Քավության և Հարության հետ: (Քննարկման շրջանակներում կարող եք ուսանողների հետ վերանայել Հովհաննես 10.17–18-ը և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Իր եզակի ծագման շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն ուներ քավելու մեր մեղքերը, «դնել» Իր կյանքը և նորից «առնել» այն:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը մտածել այս վարդապետության մասին, կարող եք հրավիրել նրանց արձանագրել իրենց մտքերն ու տպավորությունները այս հարցերի վերաբերյալ.
-
Ի՞նչ կարող է սովորեցնել ձեզ Հիսուս Քրիստոսի երկակի էությունը մահկանացու կյանքում ձեզ հետ շփվելու Նրա ունակության մասին:
-
Այս նախադասության արտահայտությունները «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հայտարարությունից (հասանելի է ChurchofJesusChrist.org) ինչպե՞ս են վերաբերում ձեզանից յուրաքանչյուրին. «[Հիսուս Քրիստոսը] Հոր առաջնեկն էր, միածին Որդին մարմնում, աշխարհի Քավիչը»:
Նեփին տեսիլքում տեսնում է Աստծո բարեհաճությունը
Ցուցադրեք Հիսուսի հետևյալ նկարները՝ որպես աշխարհի Արարիչ, որպես անօգնական երեխա և որպես խաչի վրա միայնակ պատկեր: Հարցրեք ուսանողներին, թե ինչ են ուսուցանում այդ պատկերները Հիսուս Քրիստոսի բարեհաճության մասին: Եթե անհրաժեշտ է, կարդացեք բարեհաճության սահմանումը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:
Այս քննարկումը շարունակելու համար, ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ օժանդակ նյութի մեկական օրինակ։
Աստծո բարեհաճությունը
Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 9
Հետևյալ ընթերցանության առաջադրանքները բաժանեք ձեր խմբի անդամների միջև: Երբ կարդում եք, փնտրեք, թե Տերը ինչպես է կամովին իջել ավելի բարձր դիրքից ավելի ցածր կարգավիճակի:
-
Աբրահամ 3.24–25, 27, Փիլիպպեցիս 2.7–8
-
1 Նեփի 11․26-27, 31-33
-
Նախագահ Թադ Ռ. Քալիսթերի և երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում, ինչպես նաև Սփոփող միության գերագույն խորհրդատվական խորհրդի նախկին անդամ քույր Ուենդի Ուլրիխի հետևյալ հայտարարությունը.
[Փրկիչը] ծնվեց որպես մի անօգնական մանուկ՝ մահկանացու մարմնում, և Նրա համար հոգ էին տանում անկատար [ծնողները]: Նա պետք է սովորեր քայլել, խոսել, աշխատել և շփվել ուրիշների հետ: Նա քաղց ու ծարավ էր զգում, ունենում էր մարդկային զգացմունքներ և կարող էր հիվանդանալ, տառապել, արյունահոսել և մահանալ: (“It Isn’t a Sin to Be Weak,” Ensign, Apr. 2015, 33)
Ապա միասին քննարկեք հետևյալ հարցերը.
-
Այս խոսքերն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի բարեհաճության մասին:
-
Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը ի՞նչ է ուսուցանում մեզ մեր հանդեպ Փրկչի և Երկնային Հոր սիրո մասին։ Ձեր հանդեպ Նրանց սերն ինչպե՞ս է ազդում Նրանց հանդեպ ձեր սիրո վրա:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Աստծո բարեհաճությունը
Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 9
Քննարկման համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո դուք կարող եք ցուցադրել և կիսվել ձեր զգացմունքներով հետևյալ հայտարարության վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը ցույց է տալիս Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչից Նրա օրինակի միջոցով՝ բարեհաճությամբ օգնել մեզանից ամենափոքրին: (Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են կրկնել նախապատրաստական նյութի բաժին 2-ից Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլիի հայտարարությունը: Ուսանողները կարող են նաև մեկ րոպե խորհել, թե ինչպես կարող են հետևել Փրկչի օրինակին, երբ նրանք ձգտում են սպասավորել և ծառայել Երկնային Հոր բոլոր զավակներին:)
Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 2-ում նրանց հանձնարարվել է կարդալ կամ լսել օրհներգերի բառերը, որոնք անդրադառնում են Փրկչի բարեհաճությանը։ Ուսանողները կարող են կրկնել օրհներգերից մեկը և հետո դասարանի հետ կիսվել օրհներգի բառերով ու արտահայտություններով, որոնք ամենաշատն են տպավորել իրենց: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք նաև միասին երգել այս օրհներգերից մեկ կամ երկու հատված:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել և զգացել են դասի ընթացքում, հրավիրեք նրանց խորհել և գրանցել իրենց պատասխանները հետևյալ հարցին կամ ձեր ընտրած որևէ հարցի.
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Փրկչին ցույց տաք ձեր երախտագիտությունը բարեհաճ լինելու Նրա պատրաստակամության համար, որպեսզի Նա կարողանա փրկագնել և փրկել ձեզ:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և ուղարկեք հետևյալ ուղերձը կամ ձեր սեփական ուղերձը. Ի՞նչ առաջնահերթություն է ունեցել Փրկիչը ձեր կյանքում այս շաբաթ։ Մտածեք, թե ինչպես կարող է 10-րդ դասի նախապատրաստական նյութը օգնել ձեզ պատասխանել այս հարցին: