«Դաս 3. Ուսուցչի նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին՝ մեր նախաերկրային Փրկչին և ղեկավարին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 3․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 3․ Ուսուցչի նյութ
Վստահել Հիսուս Քրիստոսին՝ մեր նախաերկրային Փրկչին և ղեկավարին
Նախաերկրային կյանքում Երկնային Հայրը մեզ ուսուցանել է Իր փրկության ծրագրի մասին: Այնտեղ մենք հնարավորություն ունեցանք կանգնել՝ ի աջակցություն Նրա ծրագրի, և աջակցել Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ: Այս դասին ուսանողները կբացահայտեն, թե նախաերկրային կյանքում մենք ինչու վստահեցինք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկչի ու ղեկավարի: Ուսանողները նաև կմտածեն, թե ինչպես կանգնեն Նրա կողքին այս կյանքում՝ սատանայի և նրա ուժերի դեմ շարունակվող պայքարում:
Ուսուցման առաջարկներ
Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնասիրությունը
Հետևեք ուսանողների ուսումնառությանը: Ուսանողների հավատքը կարող է ամրապնդվել, երբ նրանց հնարավորություն տրվի կիսվելու, թե ինչպես են իրենք օրհնվել՝ գործելով համաձայն նախորդ դասի ժամանակ տրված հրավերների: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ հնարավորություն փնտրեք հետևելու, թե ինչպես են ուսանողները կիրառում այն, ինչ սովորում են:
Հիսուս Քրիստոսը ի սկզբանե ընտրվեց որպես մեր Փրկիչ և Քավիչ
Դասարանով մի քանի րոպե հատկացրեք՝ բացահայտելով ճշմարտությունները, որոնք հայտնի են դարձել մեր նախաերկրային կյանքի մասին: (Անհրաժեշտության դեպքում առաջարկեք ուսանողներին ընտրել նախապատրաստական նյութի 1-ին կամ 2-րդ բաժինը և համառոտ վերանայել այն: Ուսանողները կարող են բացահայտել հետևյալ ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը. Մեծ խորհրդում Երկնային Հայրը ներկայացրեց Իր փրկության ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Նրա ներկայություն և նմանվել Նրան: Մեր Փրկիչը լինելու Հիսուս Քրիստոսի պատրաստակամությունը կարևոր էր Հոր ծրագրի հաջողության համար: Նախաերկրային կյանքում Հիսուս Քրիստոսը մեծագույնն էր և ամենախելացին էր Երկնային Հոր բոլոր զավակներից):
Երբ ձեր դասարանի անդամները սկսեն քննարկումը, մտածեք, թե ստորև բերված հարցերից որն առավել համապատասխան կլինի ձեր ուսանողների համար: (Նշում. Դարձի բերելու փորձառությունները խթանելու համար գուցե լավ լինի ավելի քիչ հարցեր տալ և ավելի խորը քննարկումներ ունենալ որոշակի թեմաների շուրջ, այլ ոչ թե փորձել տալ բոլոր առաջարկվող հարցերը:)
-
Ինչպե՞ս կարող է փրկության ծրագրի իմացությունն օրհնել մեկին, ով զգում է, որ իր կյանքն անիմաստ է կամ նպատակ չունի: (Դուք կարող եք վերանայել երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում։) Ինչպե՞ս է փրկության ծրագրի իմացությունն օգնել ձեզ դժվար ժամանակներում:
-
Ինչո՞ւ է Փրկիչ անհրաժեշտ Երկնային Հոր ծրագրում: (Տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը:)
-
Նկատի ունենալով այն անձնական գինը, որ Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերը քավելու համար, ի՞նչ եք մտածում կամ զգում մեր Փրկիչը դառնալու Նրա պատրաստակամության վերաբերյալ (տես Մովսես 4.2):
-
Աբրահամն ի՞նչ սովորեց նախաերկրային կյանքում Հիսուս Քրիստոսի եզակի կարգավիճակի մասին: (Օգտակար կլինի հիմնվել այն ճշմարտությունների վրա, որոնք ուսուցանվում են նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում:) Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի նախաերկրային մեծության մասին իմացությունն օգնել ձեզ վստահել Նրան այն մարտահրավերների հարցում, որոնց բախվում եք:
Դասի այս հատվածը ավարտին հասցնելու համար առաջարկեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե լինեին Մեծ խորհրդում, երբ Երկնային Հայրը ներկայացրեց փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսն ընտրվեց որպես մեր Փրկիչը: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով:
Հիսուս Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք հաղթել սատանայի և նրա հետևորդների դեմ ճակատամարտում
Ցուցադրեք Երկնային պատերազմի կից պատկերը: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող է այս պատկերը տարբերվել այն ամենից, ինչ մենք գիտենք Երկնային պատերազմի մասին ժամանակակից հայտնությունից: (Խրախուսեք ուսանողներին հիմնվել նախապատրաստական նյութի 3-րդ բաժնի Մովսես 4.1–4, Հայտնություն 12.7–11 և նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հայտարարության վրա:)
Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, տվեք հետևյալ հարցերը.
-
Սատանան ինչո՞ւ ապստամբեց։ Ինչպիսի՞ն էր նրա մարտավարությունը Երկնային պատերազմի ժամանակ (տես Մովսես 4.1, 3–4, Հայտնություն 12.7–9): Ինչպե՞ս է նա այս մարտավարությունը կիրառում մեր օրերում։
-
Համաձայն Հայտնություն 12.11 հատվածի, մենք ինչպե՞ս հաղթեցինք սատանայի և նրա հետևորդների դեմ ճակատամարտում: (Ձեր քննարկմանը ժամանակ կարող եք կարդալ եղբայր Ահմադ Ս. Քորբիտի հայտարարությունը նախապատրաստական նյութում: Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը և գրել այն գրատախտակին. Ինչպես մենք հաղթեցինք նախաերկրային կյանքում, մենք կարող ենք դիմակայել սատանայի զորությանը՝ Փրկչի Քավության հանդեպ հավատքի և Նրա մասին մեր վկայության միջոցով:
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ձեր վկայությունն օգնել ձեզ սատանայի և նրա գայթակղությունների դեմ պայքարում: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի մեծացնեք ձեր վստահությունը՝ սատանայի զորությունը հաղթահարելու գործում ձեզ օգնելու Փրկչի կարողության հանդեպ:
Դասը ավարտելու համար կարող եք ցուցադրել և բարձրաձայն կարդալ Յոթանասունից երեց Յորգ Քլեբինգատի հետևյալ արտահայտությունը.
[Երկնային պատերազմի ժամանակ] մեզանից նրանք, ովքեր զինված էին Հիսուս Քրիստոսի ապագա Քավության հանդեպ հավատքով, նրանք, ովքեր ոգևորվել էին Նրա աստվածային դերի մասին վկայություններով, նրանք, ովքեր ունեին հոգևոր գիտելիք և քաջություն՝ օգտագործելու այն ի պաշտպանություն Նրա սուրբ անվան, կռվեցին այս բառային պատերազմի առաջնագծում։ Հովհաննեսն ուսուցանեց, որ այդ քաջարի հոգիները և մյուսները հաղթեցին Լյուցիֆերին «Գառի արիւնովը եւ իրենց վկայութեան խօսքովը» (Հայտնություն 12.11, շեշտադրումն ավելացված է)։
Այո, Փրկչի խոստումը և արյունոտ Գեթսեմանին ու Գողգոթան հաղթեցին նախաերկրային պատերազմում: Բայց մեր նախաերկրային քաջությունն ու վկայությունը և այլ հոգիներին բացատրելու, տրամաբանելու և համոզելու մեր պատրաստակամությունը, նույնպես, օգնեցին կանգնեցնել կեղծիքի ալիքը, որը չտարածեց հակառակություն:
Պաշտպանելով Նրան և հաջողությամբ ավարտելով նախամահկանացու ծառայության շրջագայությունը՝ մենք դարձանք Նրա սուրբ անվան վկաները: Իսկապես, ապացուցելով մեզ մարտի դաշտում և այդպիսով վստահ լինելով մեր սրտերի և մեր քաջության մեջ, Տերն ավելի ուշ ասաց մեզ՝ Իսրայելի տան անդամներին, «Դուք էք իմ վկաները» (Եսայիա 43.10): Եկեք հարցնենք ինքներս մեզ. Արդյո՞ք այս հայտարարությունը մեզ համար ճշմարիտ է նույնիսկ այսօր»: (Jörg Klebingat, “Defending the Faith,” Ensign, Sept. 2017, 49–50)
Հրավիրեք ուսանողներին խորհել երեց Քլեբինգաթի հայտարարության շուրջ և որոշել, թե նրանք ինչ կարող են անել՝ մեր օրերում Հիսուս Քրիստոսի կողքին կանգնելու համար: Կարող եք հրավիրել նրանց գրի առնել իրենց մտքերն ու տպավորությունները:
Հաջորդ անգամ
Շաբաթվա ընթացքում դուք կարող եք հետևյալ հրավերն ուղարկել ուսանողներին. Երբ կարդաք 4-րդ դասի նախապատրաստական նյութը և խորհեք Արարման հրաշքների մասին, ինձ ուղարկեք կամ դասարան բերեք Աստծո արարչագործության որևէ նկար, որը ձեզ հատկապես ոգեշնչող կթվա: