Նրա ճանապարհի տեղանքը
Փրկչի ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է, բայց Նա կքայլի մեզ հետ և կառաջնորդի մեզ այնտեղ, որտեղ ուզում ենք գնալ։
Նկարները՝ Յուքեյ Դուի
Մենք սովորաբար ընտրում ենք որևէ ճանապարհ, քանի որ այն մեզ տանում է այնտեղ, որտեղ մենք ուզում ենք գնալ։ Բայց ճանապարհն ավելին է, քան պարզապես նպատակակետը։ Կա նաև տեղանքը՝ այն տեսակի հողը, որի միջով այն մեզ կտանի։
Հիսուս Քրիստոսը մեզ հրավիրում է քայլել Իր հետ (տես Մովսես 6․34, Միքիա 6․8, Ա Հովհաննես 2․6, Վարդապետություն և Ուխտեր 19․23)։ Այն ուղին, որով Նա մեզ հրավիրում է քայլել, ուխտի ուղին է՝ մեր Երկնային Հոր հետ խաղաղության, ուրախության և հավերժական կյանքի ուղին, որտեղ մենք ուզում ենք լինել։
Բայց ինչպիսի՞ն է այդ ճանապարհը։ Ինչպիսի՞ տարածքներով կանցնենք մենք՝ քայլելով Փրկչի հետ։
Նեղ
«Նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում» (Մատթեոս 7․14)։
Երբ Նրա ուղին սահմանափակ է թվում, կա պատճառ։ Ճանապարհի նեղությունը թույլ չի տալիս ձեզ քայլել այնտեղ, որտեղ կարող եք վնասվել կամ կորչել։
Ուղիղ
«Նրա շավիղներն ուղիղ են» (Ալմա 37․12)։
Նրա ճանապարհը ոլորապտույտ չէ։ Դա մեր հավերժական կյանքի նպատակին հասնելու ամենաուղիղ ճանապարհն է։ Այն չի շեղվում։ Բայց մենք երբեմն շեղվում ենք։ Փրկչի Քավության շնորհիվ մենք կարող ենք արագորեն ապաշխարել և վերադառնալ Նրա ճանապարհին։
Զառիվեր և երբեմն քարքարոտ
«Արահետը[, որ տանում է Աստծո տուն,] զառիվեր է և երբեմն քարքարոտ» (նախագահ Հենրի Բ․ Այրինգ, Առաջին Նախագահությունից, «Օգնեք նրանց դեպի տուն իրենց ճանապարհին», 2010 թվականի գերագույն համաժողով [Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 25]):
Վերելքը կարող է դժվար լինել, և դուք գուցե չկարողանաք տեսնել լեռան գագաթից այն կողմ։ Բայց Փրկիչը զորացնում և քաջալերում է ձեզ, երբ ձգտում եք անել այն դժվար գործերը, որոնք Նա հրավիրում է ձեզ անել։
Ձեր ճանապարհի քարերը կարող են տարբերվել մյուսների ճանապարհի քարերից։ Ձեր դժվարություններն ու հանգամանքները հատկապես ձեզ համար են։ Բայց Փրկիչը լավագույն ուղեկիցն է և կօգնի ձեզ հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ։
Լավ լուսավորված
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119․105)։ «Լույսի մեջ քայլ[եք], ինչպես որ նա է լույսի մեջ» (Ա Հովհաննես 1․7)։
Երբ ձեր ճանապարհը մթնում է, Փրկիչը կարող է լուսավորել ձեր ճանապարհը, նույնիսկ եթե դա բավարար է մեկ քայլի համար, ապա ևս մեկ քայլի համար՝ ձեր Երկնային Հոր մոտ՝ տուն վերադառնալու ճանապարհին։
Ապահով
«Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23․4):
Անկախ նրանից, թե որքան սարսափազդու, տանջալից կամ դժվար կարող է թվալ ձեր ուղին, դուք կարող եք խաղաղություն ունենալ՝ իմանալով, որ երբ քայլում եք Հիսուս Քրիստոսի հետ, Նա կքայլի ձեզ հետ և կառաջնորդի ձեզ դեպի անվտանգություն՝ վերադարձնելով ձեզ Երկնային Հոր մոտ։