Ձեր տունդարձի քարտեզը
Ինչո՞ւ է անչափ կարևոր հասկանալ փրկության ծրագիրը։
Նկարը` Մաքենզի Ալեքսանդրի
Մորմոնի Գրքում Հարոմ մարգարեն գրել է. «Ի՞նչ կարող էի ես գրել ավելի, քան իմ հայրերն են գրել: Քանզի չե՞ն բացահայտել նրանք փրկության ծրագիրը»: (Հարոմ 1․2)
Եթե նա կարծում էր, որ դա էր ամենը, ինչ մեզ անհրաժեշտ էր, ապա փրկության ծրագիրը պետք է որ բավականին կարևոր լինի։
Եվ դա այդպես է: Դա մեր կյանքի համար կատարյալ քարտեզն է։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ ասել է․ «Աստծո մեծ ծրագրի ըմբռնումը կյանքից հանում է առեղծվածը, իսկ մեր ապագայից՝ անորոշությունը»։
Այսպիսով, ինչպե՞ս կարող է այս քարտեզը օգնել ձեզ կողմնորոշվել կյանքի անորոշություններում։
Որտեղի՞ց եմ ես եկել
Աստված ձեր Երկնային Հայրն է։ Դուք ապրել եք Նրա հետ նախքան ծնվելը։ Նա սիրո՜ւմ է ձեզ։
Յոթանասունից երեց Ալան Թ․ Ֆիլիպսը բացատրել է․ «Դուք բնության պատահական ծնունդ չեք, տիեզերական որբ կամ ժամանակի և հնարավորության համընկնումի արդյունք։ Եթե կա ծրագիր, կա նաև նախագծող»:
Երբ կյանքը դժվարանում է, մխիթարական է իմանալ, որ դուք այստեղ եք որոշակի նպատակով և սիրող Երկնային Հայրը հոգ է տանում ձեր մասին։
Ո՞ւր եմ գնում
Դուք այստեղ չեք եկել աննպատակ թափառելու՝ դուք ունեք նպատակակետ։ Երկնային Հայրը ուզում է, որ դուք վերադառնաք Իր մոտ և դառնաք Իր նման։ Նա տվեց փրկության ծրագիրը, որպեսզի դուք կարողանաք ստանալ Նրա արքայության բոլոր օրհնությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 14․7)։
Երկնային Հոր ծրագրի իմացությունը կօգնի ձեզ կյանքում։ Երբ դուք «հեռուն նայեք» և ունենաք սելեստիալ մտածելակերպ, շատ ընտրություններ ավելի հեշտ կդառնան, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրությունը։
Ինչպե՞ս հասնեմ դրան
Մեզ նպատակակետ տալուց բացի՝ փրկության ծրագիրը նաև ցույց է տալիս այնտեղ հասնելու ուղին։
Հիսուս Քրիստոսը տունդարձի ուղուն հետևելու կատարյալ օրինակ է։ Եթե դուք նայեք Նրան և քայլեք Նրա հետ, Նա կօգնի ձեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ և ավելի նմանվել Նրան։ Ինչպես բացատրել է Յոթանասունից երեց Սերխիո Ռ. Վարգասը․ «Յուրաքանչյուրս մեր հոգու խորքում տուն վերադառնալու ցանկություն ունենք, և Հիսուս Քրիստոսը մեր երկնային առաջնորդության համակարգն է: Նա է ճանապարհը»:
Ի՞նչ անել, եթե մոլորվեմ
Նույնիսկ քարտեզն ունենալով դուք կարող եք սխալ շրջադարձ կատարել։ Դուք դեռ սխալներ կգործեք։ Բայց մի՛ անհանգստացեք: Երկնային Հայրը տվել է Փրկիչ, որպեսզի դուք միշտ կարողանաք ապաշխարել, վերադառնալ Նրա մոտ և ավելի նմանվել Նրան։ Հիշեք․ «Մենք չենք մնում ուխտի արահետի վրա՝ երբեք սխալ չգործելով։ Մենք մնում ենք արահետի վրա՝ ամեն օր ապաշխարելով»։
Երբ ուսումնասիրեք փրկության ծրագիրը, հիշեք, որ այն կազմվել է սիրով։ Երկնային Հայրն ուզում է, որ դուք տուն գաք։ Եվ եթե դուք հետևեք Նրա քարտեզին, Նա կօգնի ձեզ հասնել այնտեղ։