3 եղանակ՝ մերժելու սատանային և ընտրելու Հիսուս Քրիստոսին
Նախաերկրային կյանքում տեղի ունեցածի ըմբռնումը կարող է օգնել ձեզ լավ ընտրություններ կատարել այժմ։
Նկարը` Դին Մակադամի
Երբ Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը մեր հավերժական երջանկության և առաջընթացի վերաբերյալ, Նա խոստացավ ուղարկել Փրկիչ՝ մեզ օգնելու համար։ Երբ Երկնային Հայրն ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ» (Աբրահամ 3․27), Հիսուս Քրիստոսը, որ «[Հոր] Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե» (Մովսես 4․2), ասաց․ «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3․27)։ Նա ոչինչ չխնդրեց, Նա պարզապես ուզում էր կատարել մեր Հոր կամքը (տես Մովսես 4․2)։
Ապա եկավ Լյուցիֆերը։ Նա նույնպես ասաց՝ «ի՛նձ ուղարկիր» (տես Մովսես 4.11): Բայց Լյուցիֆերը եսասեր էր և պատրաստ չէր զոհաբերություններ անել մեզ համար։ Նա ուզում էր ստանալ Աստծո պատիվը, զորությունը և փառքը (տես Մովսես 4․1)։ Լյուցիֆերը ցանկանում էր ոչնչացնել մեր կամքի ազատությունը։ Թե ինչպես էր նա պատրաստվում դա անել, պարզ չէ։ Բայց մենք գիտենք, որ առանց կամքի ազատության մենք երբեք չէինք կարողանա զարգանալ և դառնալ մեր Երկնային Հոր նման։ Այսպիսով, Լյուցիֆերը ապստամբեց Երկնային Հոր դեմ և մերժեց Նրա ծրագիրը։
Լյուցիֆերի ապստամբությունը պատերազմ հրահրեց երկնքում, որտեղ նա «ցած գցվե[ց]» և «դարձավ սատանա» (Մովսես 4․3–4)։ Երկնքի զորքերի մեկ երրորդը հետևեց նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 29․36)։ Բայց մենք գործադրեցինք մեր կամքի ազատությունը և հետևեցինք Հիսուս Քրիստոսին։
Պատերազմը, որը սկսվեց երկնքում, շարունակվում է այսօր: Սատանան և նրա հետևորդները անընդհատ փորձում են մեզ հակառակվել։ Ահա երեք եղանակ՝ սատանայի մարտավարությունն ու ռազմավարությունը ճանաչելու, նրա թակարդներից խուսափելու և Հիսուս Քրիստոսին մեր կյանքում ընտրելու համար։
1. Թույլ մի տվեք, որ դառնությունը հաղթի
Տարիներ առաջ ես փորձեցի դպրոցում ընկերներիս համոզել, որ չկատարեն իրենց տնային աշխատանքը, քանի որ ես իմը չէի կատարել։ Ես սխալվում էի, բայց կարծում էի, որ եթե բոլորս ձախողվենք, ես ինչ-որ կերպ ավելի լավ կզգամ ինձ։ Իմ սխալ վարքն ինձ հիշեցնում է սատանայի վերաբերմունքը մեր հանդեպ։ Քանի որ նա դժբախտ է, նա ուզում է ձախողել մեր հավերժական կյանքի ներուժը։
Սատանան այնքան է խեղաթյուրվել իր դառնությամբ, որ նույնիսկ գիտակցելով իր վերջնական ձախողումը, հուսահատորեն փորձում է «տարածե[լ] խավարի գործերը» (Հելաման 6․28), որպեսզի մեզանից որքան հնարավոր է շատերին վնասի։
Սատանայի թշվառ վիճակը մեր ընտրած ծրագիրը չէ։ Մենք կարող ենք օգտագործել մեր կամքի ազատությունը, որպեսզի շարունակենք հետևել Հիսուս Քրիստոսին և շարունակենք մերժել սատանայի դառը, էժանագին և ինքնասահմանափակող գայթակղությունները։ Փրկիչը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք դառնալ այն, ինչ Նա գիտի, որ կարող ենք դառնալ, և ճաշակենք հավերժական կյանքի քաղցրությունը։
2․ Մի տրվեք վախին
Ես երբեմն մտածում եմ, թե ինչու Աստծո հոգեղեն զավակների մեկ երրորդը ընտրեց մերժել Նրա ծրագիրը։ Սատանան գիտի, որ վախը և կասկածը հավատքը թուլացնելու արդյունավետ միջոցներ են։ Նա կարող է գայթակղել մեզ՝ կասկածի տակ դնելու մեր արժեքը կամ համոզելու, որ մենք իրականում չենք կարող մաքուր դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Կամ նա կարող է փորձել վախ ներշնչել մեզ՝ ապաշխարելու կամ Աստծո ծրագրին հետևելու հարցում։
Երբ բախվում ենք փորձությունների և դժվարությունների, մենք կարող ենք ընտրել վստահել Աստծո ծրագրին և Հիսուս Քրիստոսին։ Նա ամեն ինչ համբերությամբ տարել է, որպեսզի կարողանա մեր ուժը լինել, երբ մենք բախվում ենք վախին, և Նրա միջոցով մենք ի վերջո կարող ենք հաղթահարել այն։
3. Ընդունեք այն ամենը, ինչ Փրկիչն առաջարկում է ձեզ
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նպատակն է մեզ ազնվագույն և զորեղ դարձնելը։ Ուրիշ ո՞վ է ասում, որ ուզում է օգնել մեզ հասնելու մեր լավագույն ներուժին և տալ մեզ այն ամենը, ինչ ունի՝ առանց որևէ բան խնայելու։ Այն ամենը, ինչ ունի Հայրը, կարող է մերը լինել։ Սա մեզ առաջարկվում է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։
Երբ մտածում եմ Փրկչի անձնուրացության և փրկագնող զորության մասին, ուզում եմ հետևել Նրան։ Հիսուս Քրիստոսը կատարյալ ծրագրի կատարյալ պաշտպանն է։ Երբ մենք ընտրում ենք Նրան, Նա օգնում է մեզ հաղթահարել հակառակորդին, հետևել Երկնային Հոր ծրագրին և հասնել մեր աստվածային ճակատագրին։