Երիտասարդներին զորացնելու համար
Ամեն ինչ ավելի լավ է, երբ վստահում ես Աստծուն
Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2026


Ամեն ինչ ավելի լավ է, երբ վստահում ես Աստծուն

Երբ դուք վստահում եք Երկնային Հորը, կկարողանաք դիմակայել ձեր անցած ցանկացած դժվարության։

երիտասարդ կին

Լուսանկարները՝ Ջովանա Ֆլավիա դե Ալմեյդա Կամպոսի

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ ութ տարեկանից։ Իմ մկրտությունից մի քանի ամիս անց ես և իմ ընտանիքը հեռացանք Եկեղեցուց։

Տարիներ անց, երբ մենք որոշեցինք վերադառնալ, սկսվեց COVID-19 համավարակը, և Եկեղեցու ժողովները սկսեցին անցկացվել հեռավար։ Եվս մեկ անգամ ես հայտնվեցի հեռու՝ ճանապարհին բախվելով բազմաթիվ դժվարությունների։

Դժվարություններ և կասկածներ

Այդ ընթացքում ես սկսեցի կասկածել ավետարանի ճշմարտացիության, իմ վկայության և այն մասին, թե ով էր Հիսուս Քրիստոսը։ Մի պահ ես նույնիսկ կասկածի տակ դրեցի Նրա գոյությունը և սկսեցի մտածել, որ աթեիստ եմ։ Սիրտս սառույցի պես կարծր ու սառն էր։

Կյանքիս այդ փուլը աներևակայելի դժվար և բարդ էր։ Կարծում եմ՝ դա այն պատճառով է, որ երբ մենք դադարում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին և Նրա զորությանը, մեր կյանքը կորցնում է իմաստը և դառնում դժբախտ։

Սեմինարիան փոխել է ինձ

Ի վերջո, հայրս դրդեց ինձ, որ նորից սկսեմ եկեղեցի հաճախել։ Ես դա արեցի, չնայած դեռ շփոթված էի և բազմաթիվ հարցեր ունեի։

Մի օր եկեղեցում ես տեսա մի պաստառ սեմինարիայի մասին։ Դա ինձ հետաքրքրեց։ Ես մոտեցա իմ եպիսկոպոսին՝ հարցնելու նրան դրա մասին։ Նա անմիջապես ինձ ավելացրեց սեմինարիայի խմբին և ասաց, որ այն սկսվում է ժամը 5:30։

Երիտասարդ կինը սուրբ գրություններ է կարդում սեմինարիայում
երիտասարդ կինը կարդում է սուրբ գրությունները

Այսպիսով, ես սկսեցի հաճախել սեմինարիա։ Սա օգնեց ինձ ձեռք բերել նոր ընկերներ և, ի վերջո, վկայություն Եկեղեցու և սուրբ գրությունների մասին։ Ես ունեի մի ուսուցիչ, որն իսկապես քաջալերում էր մեր դասարանին և բացահայտում մեր լավագույն կողմերը։ Ես հասկացա, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունն իսկապես թույլ է տալիս մեզ ճանաչել Փրկչին։ Տարբերություն կա ուրիշի վկայությունը լսելու և ուսումնասիրության ու հավատքի միջոցով ձեր սեփականը փնտրելու միջև։

երիտասարդ կանայք

Ժասմինն իր ընկերուհիների՝ Վիկտորիայի (ձախից) և Քերոլի (աջից) հետ։ Ժասմինի ընկերներն օգնում են նրան ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։

10 խորհուրդ՝ Քրիստոսի աշակերտ դառնալու համար

Սկզբում ես Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին գիտեի ուրիշների պատմածներից։ Բայց մենք միշտ չէ, որ կարող ենք հույսը դնել միայն ուրիշների վկայությունների վրա։ Մենք ինքներս պետք է ձգտենք ճանաչել Փրկչին։

Երիտասարդ կինն աղոթելիս

Մենք պետք է ժամանակ հատկացնենք Փրկչին և աստվածային բաներին, որպեսզի կարողանանք դառնալ Նրա աշակերտներից մեկը։ Ես սովորել եմ, որ դու ճանաչում ես Նրան, երբ՝

  1. Մտադրված փնտրում ես Նրան։

  2. Կարդում ես սուրբ գրությունները։

  3. Ձգտում ես հոգևորապես կատարելագործվել։

  4. Աղոթում ես։

  5. Հաճախում ես տաճար:

  6. Ծառայում ես ուրիշներին:

  7. Ծոմ ես պահում։

  8. Հետևում ես Նրա օրինակին։

  9. Բարի սիրտ ունես։

  10. Հրաժարվում ես ուրիշների մասին վատ խոսելուց կամ բամբասելուց։

Այս բաներն օգնեցին ինձ ճանաչել Փրկչին և դառնալ Նրա աշակերտներից մեկը։ Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը շատ կարևոր է, քանի որ մենք կարող ենք օգտագործել Նրա լույսը՝ ուրիշներին օգնելու համար։ Մեր լավ օրինակների միջոցով ուրիշները կարող են տեսնել, թե ինչ օրհնություն է ավետարանը։

մարդիկ դուրս են գալիս հավաքատնից

Եկեղեցի գնալը և ավետարանով ընտանիքի հետ կիսվելը շատ են օրհնել Ժասմինի կյանքը։

Ամեն ինչ ավելի լավ կլինի

Երբ վերադարձա եկեղեցի, ես ամենավատ վիճակում էի՝ լի կասկածներով, առանց ընկերների և հույսի, չգիտեի, թե ով եմ ես իրականում կամ որն է իմ նպատակը։

Այժմ ավետարանն այն «հուրն» է, որը լուսավորել է իմ կյանքը և օգնում է ինձ անել ճիշտ բաներ և դառնալ ավելի լավ մարդ։ Առանց ավետարանի, չգիտեմ՝ ինչ իրավիճակում կլինեի։

Կյանքում ամեն ինչ ավելի լավ է, երբ դու վստահում ես Աստծուն։ Այն պահից, երբ դուք փնտրեք Նրան, դուք կսկսեք հաղթահարել դժվարությունը, և ամեն ինչ ավելի լավ կլինի։ Իհարկե, դեռ կլինեն դժվարություններ, բայց այս վստահությունն ու հավատալու ցանկությունը աստիճանաբար կբարձրացնեն ձեզ։ Կարող է ժամանակ պահանջվի, բայց ամեն ինչ ավելի լավ կլինի։

Երբ դուք վստահեք Երկնային Հորը, կկարողանաք դիմակայել ձեր կյանքի ցանկացած իրավիճակին՝ լինեն դրանք դժվարություններ, կասկածներ, առողջական խնդիրներ, թե միայնություն։ Օրինակ, դուք կարող եք լավ գնահատականներ ստանալ քննություննից, բարելավել ձեր առողջությունը կամ ստանալ պատասխաններ՝ երբեմն այնպիսի պատասխաններ, որոնք փնտրել եք 10 տարեկանից, ինչպես իմ դեպքում էր, եթե փնտրեք և վստահեք Նրան։

Ես վստահ եմ այս բաներում։ Կարող եմ ասել, որ փոխվել եմ ավետարանի շնորհիվ։ Իրականում ամեն ինչ փոխվել է՝ իմ սիրտը, մտքերը, վարքը և սկզբունքները։ Հիմա ես գիտեմ ճշմարտությունը, և դա ամեն ինչ փոխում է։ Ամեն ինչ ավելի լավ է դարձել Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ։

Հեղինակը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից է։