2026 թ․ Երիտասարդների թեմա
Քայլիր ինձ հետ
2026 թվականի Երիտասարդների թեման կօգնի ձեզ հիշել, որ երբ դուք մոտ եք մնում Աստծուն, Նա միշտ կքայլի ձեզ հետ։
Ձախից աջ՝ Թամարա Վ. Ռունիա, առաջին խորհրդական, Էմիլի Բել Ֆրիման, նախագահ, և Անդրեա Մունյոս Սպաննաուս, երկրորդ խորհրդական
Դուք մենակ չեք
Ձեզ երբևէ խնդրե՞լ են անել այնպիսի բան, որը դուք չէիք կարծում, որ կարող եք անել։ Գուցե դուք ձեզ բավականաչափ ուժեղ կամ խելացի չէիք համարում, կամ անհանգստանում էիք, որ ուրիշները կծիծաղեն և կքննադատեն ձեզ։ Եթե երբևէ այսպես եք զգացել, ապա միայնակ չեք։
Հազարավոր տարիներ առաջ մի մարդ կար՝ Ենովք անունով։ Աստված խնդրեց Ենովքին քարոզել ապաշխարություն մարդկանց՝ աշխարհի վրա երբևէ եղած ամենաամբարիշտներին։
Ենովքը կարծում էր, որ չէր կարող դա անել։ Նա Աստծուն ասաց, որ ինքը շատ երիտասարդ է, բավականաչափ ընկերներ չունի և բավականաչափ խելացի չէ (տես Մովսես 6․31):
Բայց Աստված Ենովքին մի խոստում տվեց։ Նա վախեցած մարդուն ասաց. «Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ, և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ:» (Մովսես 6․32, 34):
«Քայլիր ինձ հետ»։ Ինչ պարզ, գեղեցիկ հրավեր է։
Աստված խոստացավ Ենովքին, որ եթե նա բավականաչափ քաջություն ունենա սկսելու համար, ապա Աստված նրա հետ կլինի ճանապարհի յուրաքանչյուր քայլին։ Աստված Ենովքին հզոր կդարձներ և կուժեղացներ՝ ավելին անելու և կօգներ նրան դառնալ ավելին, քան նա երբևէ կարող էր պատկերացնել։
Փրկչի բազմաթիվ անուններից մեկն Էմմանուելն է, որը նշանակում է՝ «Աստված մեզ հետ» (Մատթեոս 1.23): Տիրոջ անվան և բնույթի մեջ է մեզ հետ քայլելը։ Ընտրությունը մերն է՝ մենք էլ Նրա հետ կքայլե՞նք։
Այսօր մենք Ենովքին համարում ենք հավատքի մարդ, մեծ մարգարե և առաջնորդ։ Բայց Ենովք մարգարեից առաջ կար մի երիտասարդ Ենովք, որը չէր հավատում իր ուժերին, բայց միևնույն է, ընտրում էր քայլել Աստծո հետ։
Երբ կյանքը դժվար է, երբ անընդհատ կասկածի տակ եք դնում ձեր կարողությունները, հիշեք Տիրոջ խոստումը Ենովքին և ձեզ։ Նա ձեզ հետ կքայլի։ Նա ձեզ մենակ չի թողնի, ոչ մի քայլ անգամ։
Էմմանուել: Աստված մեզ հետ: Աստված ձեզ հետ։
Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն
Ձախից աջ՝ Դեյվիդ Ջ. Վանդերլի, առաջին խորհրդական, Թիմոթի Լ. Ֆարնս, նախագահ, և Շոն Ռ. Դիքսոն, երկրորդ խորհրդական
Նրա օգնությամբ դուք կարող եք ամեն ինչ անել
Ինչպես ձեզ՝ երիտասարդներիդ, Տերը խնդրեց Ենովքին կատարել քահանայության կարևոր պարտականությունները։ Նրա հանձնարարությունն էր ամբարիշտ ժողովրդին ապաշխարություն քարոզել։ Ենովքը խոսեց իր կասկածների մասին։ «Ես մի պատանի եմ միայն, - ասաց նա,- և բոլոր մարդիկ ատում են ինձ … ես ծանրախոս եմ. ուստի, մի՞թե ես քո ծառան եմ» (Մովսես 6.31)։
Տերը պատասխանեց զորությամբ և վստահությամբ։ «Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ, … Բացիր բերանդ, և այն կլցվի … Իմ Հոգին քո վրա է, … սարերը կփախչեն քո ներկայությունից, … քայլիր ինձ հետ» (Մովսես 6․32, 34)։
Ենովքը սովորեց, որ երբ Տերը մեզ առաջադրանք է տալիս, մենք դա մենակ չենք կատարում։ Երբ Քրիստոսի հետ ուխտեր ենք կապում և պահում, մենք քայլում ենք Նրա հետ և կիսում Նրա զորությունը․ մենք գործիքներ ենք դառնում Նրա ձեռքում։
Ենովքի նման, դուք նույնպես ունեք կենսական դեր՝ սպասավորել, տաճարում ծառայել, հաղորդությունը մատուցել, սուրբ գրություններն ուսումնասիրել, ավետարանի չափանիշներով ապրել, ապաշխարել, միսիայի պատրաստվել և այլն։ Դա կարող է ճնշող թվալ։ Դուք կարող եք ձեզ ոչ համապատասխան զգալ։ Դա նորմալ է: Իմաստը դա մենակ անելը չէ։ Կարևորն այն է, որ ընտրենք Աստծո հետ քայլել՝ այսօր և ամեն օր։
Նրա օգնությամբ դուք կարող եք ամեն ինչ անել։ Նա կզորացնի, կների և ձեզ ձեր բնական կարողություններից ավելի կարողունակ կդարձնի։ Նա սիրում է ձեզ։ Որպես Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահություն, մենք սիրում ենք ձեզ և անհամբեր սպասում ենք միանալ ձեզ՝ ուսումնասիրելու 2026 թվականի ոգեշնչող թեման՝ «Քայլիր ինձ հետ»։
Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահություն