2026 թ․ Երիտասարդների թեմա
«Քայլիր ինձ հետ». եկեք բացատրենք
Այս տարվա թեման երեք բառից է բաղկացած, բայց դրանցից յուրաքանչյուրը մեզ շատ բան է սովորեցնում։
Ինչպես անցյալ տարվա երիտասարդների թեման՝ «Նայեք Քրիստոսին», այս տարվա թեման՝ «Քայլիր ինձ հետ», փոխաբերական իմաստ ունի։ Այս կյանքում մեզանից շատերը հնարավորություն չեն ունենա բառացիորեն տեսնելու կամ քայլելու Փրկչի հետ։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում «քայլել» մեկի հետ, ով ֆիզիկապես ներկա չէ։ Եկեք բացատրենք սա։
Քայլել
Երբ Տերը կանչեց Ենովքին որպես մարգարե, Նա նրան խոստում տվեց. «քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ» (Մովսես 6․34):
Եթե ձեզ խոստանային, որ Աստծո հետ քայլելը նշանակում է, որ Նա կարդարացնի ձեր խոսքերը, կհեռացնի ձեր ճանապարհից խոչընդոտները և միշտ կլինի ձեզ հետ, ապա մի՞թե չէիք քայլի Նրա հետ։
Հիանալի լուր. ձեզ սա խոստացել են, գուցե թերևս անցյալ կիրակի։ Երբ դուք ընդունում եք հաղորդությունը, դուք խոստանում եք «միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները»՝ այլ կերպ ասած՝ քայլել Նրա հետ։ Իսկ ինչու՞ եք դուք դա անում: «Որպեսզի [դուք] նրա Հոգին միշտ [ձեզ] հետ ունենա[ք]» (Վարդապետություն և Ուխտեր 20․77, շեշտադրումն ավելացված է):
Հիմա, դուք կնկատեք, որ Տերը չասաց Ենովքին. «Կանգնիր այստեղ և շուրջդ նայիր ինձ հետ»։ Նա չասաց. «Նստիր և մի քիչ հանգստացիր ինձ հետ»։ Նա ասաց. «Քայլիր ինձ հետ»։ Մենք պետք է գործենք ըստ մեր ստացած հոգևոր հուշումներիի: Մենք պետք է անենք և ասենք այն, ինչ հավատում ենք, որ ճիշտ է։
Ինչպես ասել է Առաջին Նախագահության խորհրդական, նախագահ Մարիոն Գ. Ռոմնին (1897–1988). «Նա կարող է ուղղորդել մեր քայլերը միայն այն ժամանակ, երբ մենք շարժում ենք մեր ոտքերը»։
Բայց նկատեք, թե էլ ինչ չասաց Տերը։ Նա չասաց՝ «Վազիր ինձ հետ»։ Նա չասաց. «Ցատկիր բոլոր խոչընդոտների վրայով հեշտությամբ ինձ հետ»։ Նա մեզ չի խնդրում «վազ[ել] ավելի արագ, քան [մեր] ուժ[ն է] » (Մոսիա 4․27): Նա չի ակնկալում, որ մենք անընդհատ շարժվենք առավելագույն արագությամբ։ Նա չի ակնկալում, որ մենք սխալներ չենք անի կամ չենք հուսահատվի։ Նա պարզապես ուզում է, որ մենք առաջ քայլենք։
Հետ
Մենք քայլում ենք Փրկչի հետ։ Ոչ թե նրանից առաջ։ Անկասկած՝ Նրանից ոչ հեռու։
Երբ դու բառացիորեն քայլում ես մեկի հետ, դու քայլում ես նրա կողքով։ Բայց այս փոխաբերության մեջ մենք մի փոքր հետ ենք մնում Փրկչից։ Նա առաջնորդում է, իսկ մենք՝ ուշադիր հետևում։
Երբ դու ճիշտ ճանապարհի վրա ես, այդ ճանապարհը չի «տանի» Հիսուսի մոտ. Նա էլ է այդ ճանապարհի վրա։ Հիշիր հաղորդությունը։ Տերը, Իր Հոգու միջոցով, միշտ ձեզ հետ կլինի, քանի դեռ դուք շարունակում եք հրավիրել Նրան։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն այնքան էլ չեն մտահոգվում նրանով, թե դուք ճանապարհի որ մասում եք գտնվում, որքան այն, թե որն է ձեր ուղղությունը։ Նրանք կհանդիպեն ձեզ, որտեղ էլ որ լինեք։ Կարևոր չէ նաև, թե որքան դանդաղ եք քայլում։
Ինձ
Մենք պետք է գործենք (ՔԱՅԼԻՐ): Մենք պետք է դա անենք Աստծո պատվիրաններին և Հոգու հուշումներին համապատասխան (ՀԵՏ)։ Եվ մենք պետք է այս ամենը անենք միայն Հիսուս Քրիստոսի հետ (ԻՆՁ):
(Քանի որ Հիսուս Քրիստոսը, Նրա Երկնային Հայրը և Սուրբ Հոգին բոլորը մեկ նպատակ ունեն՝ տես Հովհաննես 10․30, 17․21, Վարդապետություն և Ուխտեր 35․2, ճիշտ է ասել, որ դուք «քայլում եք Աստծո հետ», «քայլում եք Փրկչի հետ», «քայլում եք Հոգու հետ» կամ նմանատիպ որևէ բան):
Այս աշխարհում կան բազմաթիվ ձայներ, որոնց կարելի է հետևել։ Ազդեցիկ անձանց, հայտնիների և քաղաքական գործիչների պակաս չկա, ովքեր կցանկանային, որ դուք «քայլեք» իրենց հետ (կամ գոնե փող տաք իրենց): Ուրիշների ասածը կարող է օգտակար լինել, բայց միայն այն դեպքում, եթե այն համապատասխանում է Փրկչի ուսմունքներին։
Քայլիր Նրա հետ։