«Պատրաստ՝ շարունակելու աճը», Ընկեր, նոյեմբեր 2025, 36-37։
Պատրաստ՝ շարունակելու աճը
Ջուելը չէր ուզում թողնել Երեխաների միության իր ընկերներին։
Իրական պատմություն Պալաուից։
Հաղորդության ժողովի ժամանակ Ջուելը նստած էր նստարանին՝ իր ծնողների և եղբոր հետ։ Նա նկարներ էր նկարում սուրբգրային պատմություններից։ Նա փորձեց լսել խոսնակին, բայց ստամոքսը կարծես լի էր լարված թիթեռնիկերով։
Այսօր առաջին օրն էր, որ Ջուելը գնում էր Երիտասարդ կանանց դասարան՝ Երեխաների միության փոխարեն։ Նա չէր ուզում թողնել Երեխաների միության իր ընկերներին։ Նա սիրում էր երգել և կարդալ սուրբ գրությունները նրանց հետ։
Բայց Ջուելը այս տարի դառնում էր 12 տարեկան։ Ժամանակն էր անցնել Երիտասարդ կանանց ծրագրին։
Ջուելը փակեց աչքերը և լուռ աղոթեց։ Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ Երիտասարդ կանանց լավ դասարան ունենալ։
Հաղորդության ժողովի փակման աղոթքից հետո Ջուելը խոր շունչ քաշեց և քայլեց դեպի դասարան։ Ավելի մեծ աղջիկներն արդեն այնտեղ էին։ Նրանք չորսն էին։ Նրանք խոսում էին ու ծիծաղում։
«Բարև»,- ասաց Ջուելը։
Նրանք ժպտացին։ «Ողջո՛ւյն»։
Ուսուցիչը ներս մտավ և ողջունեց Ջուելին։ Ապա նա սկսեց դասը։
Դասի մեծ մասի ընթացքում Ջուելը իրեն միայնակ էր զգում։ Նա լարվում էր խոսելուց, քանի որ դեռ չէր ճանաչում մյուս աղջիկներին։ Նա պետք է երկար ժամանակ մնար Երիտասարդ կանանց հետ։ Դա հավերժություն էր թվում։ Մի՞թե նա միշտ այստեղ իրեն միայնակ կզգա։
Ապա նրա մտքին մի նուրբ ձայն եկավ։ Դու հավերժ չես լինի Երիտասարդ կանանց հետ։ Դու բավականաչափ մեծ էիր՝ առաջ շարժվելու և ավելին սովորելու Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու մասին։
Ջուելը մխիթարություն զգաց այդ խոսքերից։ Նա ճանաչեց դրանք որպես իրեն օգնող Սուրբ Հոգու խոսքեր։ Չնայած նա դեռ շատ ընկերներ չուներ Երիտասարդ կանանց մեջ, սակայն միայնակ չէր։ Սուրբ Հոգին նրա հետ էր։
Դասի ավարտից հետո Ջուելը գտավ իր ընտանիքին։
«Ինչպե՞ս անցավ Երիտասարդ կանանց դասը»,- հարցրեց մայրիկը։
Ջուելը գրկեց նրան։ «Նորմալ էր։ Ես կարոտում եմ Երեխաների միությունը և դեռ չեմ ճանաչում աղջիկներին։ Բայց ես զգացի, որ Սուրբ Հոգին մխիթարում է ինձ»։
Մայրիկը ժպտաց։ «Դա լավ է։ Եվ գուցե հաջորդ անգամ ավելի լավ լինի»։
Ջուելը գլխով արեց։ Նա հույս ուներ, որ մայրիկը ճիշտ է։
Երիտասարդ կանանց հաջորդ դասին Ջուելը կրկին ողջունեց աղջիկներին։
«Բարև, Ջուել»,- ասաց նրանցից մեկը։ «Դու պետք է իմ կողքին նստես»։
Ջուելը ժպտաց և նստեց աղջկա կողքին։ Նրա անունը Էլլի էր։ Նրանք շատ խոսեցին նախքան դասի սկսվելը։ Էլլին բարի էր և օգնեց Ջուելին ընդունված զգալ։
Դասի ընթացքում ուսուցիչը հարցրեց՝ արդյոք որևէ մեկը փորձառություն ունեցել է Սուրբ Հոգու հետ։
Ջուելը բարձրացրեց ձեռքը։ «Ես զգացի Սուրբ Հոգու օգնությունը, երբ լարվում էի Երիտասարդ կանանց միանալիս»,- ասաց նա։ «Սուրբ Հոգին օգնում է ինձ, երբ մեծանում եմ և դժվարությունների եմ բախվում»։
Ջուելը մտածում էր այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես մխիթարեց իրեն, երբ նա իրեն միայնակ էր զգում։ Հաճելի էր իր փորձով կիսվել Երիտասարդ կանանց աղջիկների հետ։
Նրա խոսքից հետո մի քանի այլ աղջիկներ նույնպես կիսվեցին։ Ջուելը սիրով լսում էր նրանց։
Նա դեռ երբեմն կարոտում էր Երեխաների միությունը։ Բայց Սուրբ Հոգու շնորհիվ նա պատրաստ էր շարունակել աճել։
Նկարը՝ Լիզ Բրիզիի