«Վերջին մսագնդիկը», Ընկեր, նոյեմբեր 2025, 18-19։
Վերջին մսագնդիկը
Արդար չէ։ Ոչ ոք Ալեքսի հետ չէր կիսվում։
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Ալեքսն իջավ աստիճաններով և բարձր հառաչեց։
Մայրիկը գլուխը վեր բարձրացրեց գրքից։ «Ի՞նչ է պատահել»։
«Ոչ ոք ինձ հետ չի կիսվում»,- Ասաց Ալեքսը։ «Ես ատում եմ միջնեկ երեխա լինելը»։ Ալեքսի եղբայրները միշտ ստանում էին այն, ինչ ցանկանում էին։ Դա պարզապես արդար չէր։
«Վստահ եմ, որ եթե դու սիրալիր կերպով խնդրեիր, եղբայրներդ կկիսվեին քեզ հետ»,- ասաց մայրիկը։
Ալեքսը խոժոռվեց։ «Ես իրո՛ք սիրալիր կերպով խնդրեցի»։
«Ի՞նչ կասես, եթե փորձես ժամանակաչափ միացնել»։ Այդպիսով ձեզանից յուրաքանչյուրը կունենա նույնքան ժամանակ խաղալու համար»։
«Ես միացրի ժամանակաչափ»,- ասաց Ալեքսը։ «Բայց գուցե երկու ժամանակաչափ միացնեմ՝ ավելի վստահ լինելու համար»։ Նա խոհանոցի սեղանից վերցրեց լրացուցիչ ժամանակաչափը և աստիճաններով վեր սլացավ։ Նրա կրտսեր եղբայրը՝ Դեյվիդը, հեռուստացույցով խաղ էր խաղում։
«Մայրիկն ասում է, որ պետք է կիսվես»,- ասաց Ալեքսը։ Նա ժամանակաչափը դրեց հինգ րոպեի վրա։ «Երբ սա միանա՝ իմ հերթն է»։
Հաջորդ օրը, երբ Ալեքսը և նրա ավագ եղբայր Ջեյքը երկուսն էլ ցանկանում էին խաղ խաղալ, նրանք ժամանակաչափ միացրին ճիշտ 30 րոպեի համար։ Երբ Դեյվիդն ու Ջեյքը երկուսն էլ խաղում էին խորանարդիկներով, նրանք յուրաքանչյուրի համար հաշվեցին ճիշտ նույն քանակը։ Եվ երբ Դեյվիդն ու Ալեքսը երկուսն էլ ուզեցին վերջին շոկոլադե թխվածքաբլիթը, նրանք զգուշորեն այն կիսեցին ճիշտ երկու մասի։ Վերջապես ամեն ինչ սկսեց արդար թվալ։
Բայց հետո եկավ ընթրիքի ժամը…
Այդ երեկո նրանք սպագետի և մսագնդիկներ էին ուտելու։ Ջեյքը սկսեց մակարոնը կույտել իր ափսեի մեջ՝ նախքան Ալեքսը կհասցներ վերցնել գդալը։
«Էյ, արդար չէ»,- ասաց Ալեքսը։ «Ես էլ եմ քաղցած»։
Հայրիկը ձեռքը դրեց նրա ուսին։ «Ալեքս, բոլորի համար բավականաչափ ուտելիք կա»։ Տես, ես քեզ համար նույնչափ կլցնեմ, ինչ Ջեյքն ունի։ Հայրիկը մի քիչ մակարոն դրեց Ալեքսի ափսեի մեջ։
Ուտելիքը օրհնելուց հետո բոլորը սկսեցին ուտել։ Երբ Ալեքսը վերջացրեց իր ուտելիքը, նա դեռ քաղցած էր։ Նա նայեց սեղանի մեջտեղում գտնվող կաթսայի մեջ։ Մակարոնի կույտի վրա վերջին մսագնդիկն էր։ Նա գդալով դրեց այն իր ափսեի մեջ։
«Արդար չէ»,- ասաց Դեյվիդը: «Դա վերջինն է»։
Ջեյքը պատառաքաղով մատնացույց արեց մսագնդիկը։ «Ես էլ եմ ուզում մի քիչ։ Եկ կիսենք այն»:
«Կիսե՞նք»,- ասաց Ալեքսը։ «Մեզ՝ երեքիս համա՞ր։ Բայց դա այնքան փոքր է»։
Ջեյքն ու Դեյվիդը գլխով արեցին։ «Այդպես արդար կլիներ»։
Ջեյքը վերցրեց Ալեքսի ափսեն և սկսեց զգուշորեն մսագնդիկը բաժանել երեք մասի։ Ալեքսը նայում էր, թե ինչպես է մսագնդիկը գնալով փոքրանում։
Մայրիկը ծիծաղեց։ «Դրանք բավականին փոքր կտորներ են»։
Հայրիկը նույնպես ծիծաղեց։ «Միշտ չէ, որ պետք է լիովին արդար լինի»,- ասաց նա։ «Գուցե մենք կարող ենք փորձել ավելի լավ կիսվել մեր իրերով, քան ամեն ինչ կտորների բաժանել»։
Ալեքսը նայեց մսագնդիկի փոքրիկ կտորներին։ Դա մի փոքր հիմարություն էր։ Նրա խնդիրը իսկապես մսագնդի՞կն էր։ Գուցե նա իսկապես պետք է սովորեր ավելի շատ կիսվել։
Հաջորդ օրը, երբ Ջեյքն ու Ալեքսը երկուսն էլ ցանկացան խաղալ խորանարդիկներով, նրանք որոշեցին միասին ինչ-որ բան կառուցել։ Երբ Դեյվիդն ու Ջեյքը բակում էին, Ալեքսը թույլ տվեց նրանց հերթով իր հեծանիվը քշել։ Եվ երբ բոլորը ցանկանում էին հեռուստացույցով խաղ խաղալ, Ալեքսը ժամանակաչափ չէր միացնում։ Կիսվելն ու բարի լինելն իրականում ավելի լավ զգացում էր, քան կատարյալ արդար լինելը։
Այդ երեկո, երբ Ջեյքն ու Ալեքսը երկուսն էլ ընթրիքի ժամանակ ուզում էին վերջին բուլկին ուտել, Ալեքսն ասաց Ջեյքին, որ կարող է ամբողջը վերցնել։
«Շնորհակալություն»: Ջեյքը աչքով արեց։ «Համոզվա՞ծ ես, որ չես ուզում այն երեք մասի բաժանել»։
Դեյվիդն ու Ալեքսը ծիծաղեցին։ «Անկասկած՝ ոչ»։
Նկարը՝ Ալիսա Պիտերսենի