«Այց թագավոր պապիկին», Ընկեր, նոյեմբեր 2025, 20-21։
Այց թագավոր պապիկին
Պապիկը Գիֆթին պատմեց նրա նախնիների պատմությունները։
Իրական պատմություն Նիգերիայից։
Գիֆթը հենվեց նավակի եզրին և զարմանքով դիտում էր, թե ինչպես է ջուրը հարվածում դրա կողերին։ Նա ձեռքը մեկնեց դեպի ալիքները, ջրի շիթերը նրբորեն խուտուտ էին տալիս նրա ձեռքերը։ Սա նրա սիրելի ճանապարհորդությունն էր։ Նա և իր ընտանիքը գնում էին պապիկի գյուղ, և ամեն պահի նա ավելի էր մոտենում մի աշխարհի, որն ավելի վայրի ու ազատ էր, քան այն քաղաքը, որը նա թողնում էր հետևում։
Քաղաքում Գիֆթը աչքի չէր ընկնում։ Նա միլիոններից մեկն էր։ Երբեմն դա հաճելի զգացում էր՝ պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց չափազանց հոգալու, թե ինչ ես ընտրում հագնել կամ անել։ Բայց նրա պապիկի գյուղում այլ էր։ Այնտեղ, Գիֆթը յուրահատուկ էր։ Նա արքայադուստր էր՝ իմաստուն թագավորի թոռնուհին։
Երկու ժամ անց նավը կանգ առավ։ Ուղևորության ամենաերկար մասը դեռ առջևում էր՝ վեց ժամ ավտոբուսով։ Նա գիտեր, որ հոգնած կլինի, բայց շուտով կրկին պապիկի հետ կլինի։ Դա ամեն ինչ արժեր։
Ճանապարհը անհարթ էր։ Գիֆթը փորձեց ժամանակ անցկացնել՝ պատուհանից տեսնելով ամպերի ձևերը և դիտելով գեղեցիկ ցամաքի մշուշոտ անցումը։ Արևը սկսում էր մայր մտնել, երբ ավտոբուսը կանգ առավ։ Վերջապես։ Պապի՛կ։ Գիֆթը ցատկեց ավտոբուսից և վազեց դեպի գյուղի տունը։
Նա ներսում պապիկին փնտրեց։ Նա զննեց ներքին բակը, որտեղ մայրը մանկության տարիներին այծեր էր պահել։ Նա զննեց ննջասենյակները, որտեղ գիշերը ստիպված էր լինում փակել պատուհանները՝ մոծակներին ներս չթողնելու համար։ Նա զննեց տան հետևի բակը, որտեղ հագնում էր թագավորական զգեստներ՝ պայծառ շարֆեր և թղթե թագ՝ գյուղի խորհրդին մասնակցելու համար։
Այնտեղ Գիֆթը տեսավ պապիկին, որը, հանդարտ նստած նստարանին, հսկում էր ընտանեկան այգին։ Գիֆթը ժպտաց:
«Պապիկ»,- կանչեց նա։
Պապիկը վեր կացավ և լայն բացեց ձեռքերը։ «Սիրելի՛ աղջիկս»,- շշնջաց նա՝ ջերմորեն գրկախառնվելով աղջկան։ «Նստիր և հանգստացիր ինձ հետ»։
«Ես կարոտել եմ քեզ»,- ասաց Գիֆթը։
«Ես քեզ ավելի շատ եմ կարոտել։ Ուրախ եմ, որ դու այստեղ ես»։ Պապիկը մի պահ լռեց, ապա հարցրեց. «Գիտե՞ս, թե որքան յուրահատուկ է այս այգին»։
Գիֆթը տարուբերեց գլուխը։
Պապիկը մատնացույց արեց իրենց առջևի ծառը։ «Սա տոհմածառն է»,- ասաց նա։ Գիֆթը նկատեց, որ այն հին և ամուր տեսք ունի։
«Ծառի շուրջը գետնին դրված սալիկների վրա մեր նախնիների անուններն են։ Մենք միշտ պետք է հիշենք մեր ընտանիքը»։
Գիֆթը չճանաչեց սալիկների վրա գրված շատ անուններ։ Ինչպե՞ս կարող էր նա հիշել իրեն անծանոթ մեկին։ «Պատմիր ինձ նրանց մասին, պապիկ»,- ասաց Գիֆթը։
Պապիկը մեկ առ մեկ կարդաց անունները և Գիֆթին պատմեց նրա նախնիների պատմությունները։ Մինչ պապիկը խոսում էր, Գիֆթը հասկացավ, որ որոշ առումներով սրանք նաև իր մասին պատմություններ էին։ Նա շատ ընդհանրություններ ուներ այս ընտանիքի անդամների հետ, որոնց երբևէ չէր հանդիպել։
Այդ պահին Գիֆթը մի կարևոր բան հասկացավ։ Ոչ միայն ալիքներն ու ցամաքն էին նրան այստեղ ազատության զգացում բերում։ Դա ընտանիքի հետ կապն էր, որը նա զգում էր այս գյուղում՝ պապիկի հետ։
Պապիկը պատմություններ էր պատմում այնքան ժամանակ, մինչև որ աստղերը երկնքում սկսեցին փոխել իրենց տեղերը։
Վերջապես պապիկը հառաչեց։ «Ավելի լավ է ներս մտնենք»։
«Մի րոպե ևս»,- ասաց Գիֆթը։
Գիֆթը մոտեցավ ծառին և նրբորեն դիպավ նրա կեղևին։ Ապա նա նայեց գետնին դրված սալիկներին՝ հիշելով յուրաքանչյուր նախնու պատմությունը։ Մի օր նա կայցելի տաճար և կկատարի սրբազան արարողություններ նրանց համար։ Նրանց շնորհիվ այժմ նա այստեղ էր։ Նա իր բաժինը կաներ՝ վերադարձնելու նրանց տված պարգևը։
Պապիկը ձեռքը մեկնեց նրա ձեռքին, և Գիֆթը բռնեց այն։ Վերջին անգամ նայելով տոհմածառին՝ Գիֆթը ներս մտավ, որտեղ նրա ընտանիքի մյուս անդամները սպասում էին` ողջունելու նրան։
Նկարը՝ Օդրի Դեյի