«Խաղաղություն աղոթքում», Ընկեր, նոյեմբեր 2025, 30-31։
Ռահվիրաներ ամեն երկրում
Խաղաղություն աղոթքում
Երկնային Հայրը կշարունակի առաջնորդել նրանց։
Իրական պատմություն ԱՄՆ-ից, 1844 թվական:
«Ավելի բարձր, հայրի՛կ»։ Մերին ճչաց։
Հայրը ծիծաղեց և ճոճանակին ևս մեկ ուժեղ հրում տվեց։ Ճոճանակը կապված էր մի մեծ ծառի, որը թեքվում էր Միսիսիպի գետի վրա։ Մերին սիրում էր դեմքին փչող քամին և որովայնի խուտուտը, երբ ճոճվում էր ջրի վրայով և վերադառնում։
«Հաջորդը ես եմ»,- Ասաց Էլիզաբեթը։
Մերին ցատկեց ճոճանակից, որպեսզի հերթը զիջի քրոջը։
Մերիի ընտանիքը ապրում էր Նավուում։ Նրա ծնողները միացել էին Եկեղեցուն մի քանի տարի առաջ, և նրանք վաճառեցին իրենց ամբողջ ունեցվածքը՝ այնտեղ տեղափոխվելու և մյուս Սրբերին միանալու համար։
Նավուն շատ աշխույժ վայր էր։ Ամեն օր նոր մարդիկ էին ժամանում։ Նոր քաղաքի կառուցումը պահանջում էր ծանր աշխատանք, և նույնիսկ երեխաներն էին օգնում։ Այդ գործին օգնելը Մերիին ստիպում էր իրեն մեծ և կարևոր զգալ։ Երբեմն նա օգնում էր՝ հորը ճաշ բերելով, մինչ նա աշխատում էր նոր տաճարի վրա։
Կիրակի օրը Մերին հագավ իր լավագույն զգեստը և օգնեց իր եղբայրներին ու քույրերին պատրաստվել եկեղեցուն։ Բոլորը հավաքվեցին ծառերի տակ՝ լսելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսուցումը Հիսուս Քրիստոսի մասին։ Մերիին դուր էր գալիս սովորել, թե իրենք ինչպես կարող են մի օր կրկին ապրել Երկնային Հոր հետ։ Մարգարեն տեսել և լսել էր շատ հրաշալի բաներ։
Սակայն մյուս մարդիկ չէին սիրում Մարգարեին։ Մերին լսել էր պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ցանկանում էին վնասել նրան։
Ամառային մի երեկո Մերին օգնում էր մայրիկին ընթրիքից հետո մաքրություն անել։ Հետո հայրիկը տուն եկավ։ Նրա աչքերում արցունքներ կային։
«Ի՞նչ է պատահել»,- մայրիկը հարցրեց։
«Մարգարե Ջոզեֆը սպանվել է»,- ասաց հայրիկը։
Մայրիկը նույնպես սկսեց լաց լինել։ «Ինչպե՞ս կարող է եկեղեցին շարունակել իր գործունեությունը առանց նրա»,- հարցրեց մայրիկը։
Մերին շատ տխուր և վախեցած էր։ Նա գիտեր, որ Մարգարեն Աստծո ընտրյալ ծառան է։ Ինչպե՞ս կարող էր Երկնային Հայրը թույլ տալ, որ սա տեղի ունենա։
Նա սկսեց լաց լինել և տնից դուրս վազեց դեպի այգի։ Թփերի մոտ ծնկի իջնելուց հետո Մերին սկսեց աղոթել։ «Օ՜, Երկնային Հայր, ի՞նչ ենք անելու մենք։ Մեր մարգարեն սպանվել է»։ Արցունքները վար էին հոսում նրա դեմքով։
Ապա Մերիի մտքին մի մեղմ ձայն եկավ։ Ես մեկ այլ մարգարե կբարձրացնեմ՝ իմ ժողովրդին առաջնորդելու համար։
Խաղաղության, ուրախության մի զգացում լցրեց նրա սիրտը։ Նա սրբեց աչքերը և որքան կարող էր արագ վազեց տուն։
«Մայրիկ, Հայրիկ»,- ասաց Մերին «Ես աղոթեցի, և Երկնային Հայրը պատասխանեց ինձ»։ Նա պատմեց ձայնի և այն խաղաղության զգացումի մասին, որ պատել էր իրեն։
Երբ մայրիկն ու հայրիկը գրկեցին նրան, Մերին հասկացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա դեռ տխուր էր և գիտեր, որ առջևում դժվար ժամանակներ էին սպասվում։ Բայց Երկնային Հայրը կշարունակեր առաջնորդել և օգնել նրանց։
Նկարները՝ Քրիստին Սորայի