Լիահոնա
Արդար տնտեսներ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ
Մարտ 2026 Լիահոնա


«Արդար տնտեսներ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ», Լիահոնա, 2026։

Ուխտի կանայք

Արդար տնտեսներ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ

Երեք առակներն ուսուցանում են, թե ինչպես լինել տնտես, և բացատրում են, թե ինչպես խորացնել Հիսուս Քրիստոսի մեր աշակերտությունը։

տասը կույսերի առակի նկար

Տասը կույսեր, Հորհեի Կոկկո

Հիսուս Քրիստոսի լույսը մեր աշակերտության մեջ արտացոլելը վերականգնվող էներգիայի բարձրագույն ձևն է․ էներգիա, որը մշտապես վերականգնվում է իր աղբյուրից։ Քրիստոսի մխիթարությունն ու լույսը ուրիշներին տալով՝ մենք մեր սեփական մխիթարությունն ենք գտնում Նրանում։

Ուստի, խաղաղարար եղեք ձեր սեփական տանը, համայնքում և ձեր առցանց տիրույթում։ Թեթևացրեք տառապանքը ձեր իսկ շրջապատում։

Սատանայի նպատակն է, որ մենք դառնանք ազդեցության ենթակա։ Ի հակադրություն դրա, Հոր երջանկության ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս գործելու, լինելու բարու, խաղաղության և հույսի գործակալներ։

Մենք կարող ենք հակազդել ապատեղեկատվությանը՝ տարածելով ոգեշնչող, հուսադրող և ճշգրիտ տեղեկատվություն՝ դառնալով ճշմարտության պաշտպաններ, այլ ոչ թե պարզապես տեղեկատվության սպառողներ։ Մենք կարող ենք պատասխանել բացասականությանը՝ աշխարհը ողողելով Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսով և բարի լուրով։

Ինչպես մեր սիրելի մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է հայտարարել, պատասխանը միշտ Հիսուս Քրիստոսն է. «Ինչ հարց կամ խնդիր էլ ունենաք, պատասխանը միշտ գտնվում է Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ»։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ մեր աշակերտությունը դարձնել մեր «ամենաբարձր առաջնահերթությունը»։ Մենք խորացնում ենք մեր աշակերտությունը, երբ սովորում ենք Հիսուս Քրիստոսից և Հիսուս Քրիստոսի մասին։ Այսպիսով, եկեք քննենք Փրկչի ուսմունքները։

Տասը կույսերը

Մատթեոսի 25 գլխում կա երեք ուսուցանող առակ։ Նախ՝ տասը կույսերի առակը (տես 1-13 հատվածները): Հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ Տասն էլ ճիշտ տեղում սպասում էին փեսային, և յուրաքանչյուրը եկավ իր լապտերով։

Երբ փեսան՝ Փրկչին ներկայացնողը, եկավ կեսգիշերի անսպասելի ժամի, կույսերից հինգը բավարար յուղ չունեին իրենց լապտերների համար։ Գուցե նրանք կարծում էին, որ լրացուցիչ յուղ ունենալն անհրաժեշտ չէր։ Կամ գուցե նրանք իրենց ունեցած յուղի խելամիտ տնտեսներ չէին եղել։ Գուցե՝ շեղվելով նպատակից, նրանք թերացան և պատշաճ կերպով չպատրաստվեցին, որպեսզի իրենց ճրագները վառ մնան։

Եվ այսպես, հարսանեկան ընթրիքին մասնակցելու նրանց խնդրանքին ի պատասխան, փեսան պատասխանեց. «Դուք չեք ճանաչում ինձ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 25.11 [ Մատթեոս 25.12, ծանոթություն ա]): Ի հակադրություն, սա ենթադրում է, որ իրենց պատրաստվածության և իմաստուն տնտեսվարման շնորհիվ հինգ իմաստուն կույսերը ճանաչում էին Նրան։

Թանկարժեք յուղը կարող է դիտվել որպես նրանց անձնական դարձ։ Այն թույլ տվեց իմաստուն կույսերին վառել իրենց լապտերները և փեսայի հետ մտնել հարսանեկան խնջույքին։ Յուղը հնարավոր չէր կիսել ընկերների հետ, քանի որ անձնական դարձը հենց անձնական է։ Մենք կարող ենք և պետք է մեր լապտերների լույսը բարձր պահենք՝ ուրիշներին բարձրացնելու, զորացնելու և դեպի Քրիստոսը կանչելու համար, բայց մեզանից յուրաքանչյուրը իր սեփական դարձի տնտեսն է։

Ինչպես ասել է Փրկիչը․ «Հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ, որ կարողանաք պատրաստ լինել Փեսայի գալստի ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 33․17, շեշտադրումն ավելացված է)։

Քանքարները

Մատթեոսի 25 գլխի երկրորդ առակը քանքարների մասին է (տես հատվածներ 14–30)։ Այդ պատմության մեջ տերը, հեռավոր ճանապարհ ընկնելուց առաջ, իր ծառաներից երեքին քանքարներ տվեց։ Քանքարը խորհրդանշում էր փողը։ Մենք կարող ենք նաև դրանք ընկալել որպես մեր Երկնային Հոր կողմից տրված պարգևներ, կարողություններ և օրհնություններ։ Մի ծառային տերը տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու, իսկ երրորդին՝ մեկ։ Եվ հետո տերը ճանապարհ ընկավ։

Երբ նա վերադարձավ, պարզեց, որ ծառաները, որոնց տվել էր հինգ և երկու քանքար, հավատարիմ և պիտանի տնտեսներ էին և լավ էին օգտագործել քանքարները՝ կրկնապատկելով դրանց արժեքը։ Եվ քչի մեջ հավատարիմ լինելու համար տերն ավելին տվեց նրանց, գոչելով. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» հատված 21։

Ի հակադրություն դրան, մեկ քանքար ունեցող ծառան թաղեց այն՝ գուցե որովհետև շեղվել էր նպատակից և հետաձգել էր դա։ Կամ միգուցե նա հիասթափված էր այն պատճառով, որ չգիտեր՝ ինչպես սկսել, կամ վախենում էր, որ կձախողվեր։ Միգուցե նա իրեն համեմատեց մյուս ծառաների հետ, և իր կասկածներն իրեն եհտ պահեցին փորձելուց։ Նա չէր պատրաստվել տիրոջ վերադարձին, չզգաց հավատարիմ տնտեսվարման ուրախությունը և կորցրեց իր քանքարը։

Տասը կույսերի առակը և քանքարների առակը ընդհանուր նշանակություն ունեն։ Երկուսն էլ շեշտադրում են, որ մենք անձնական պատասխանատվություն ունենք մեր դարձի համար և պետք է պատրաստվենք Տիրոջ վեհացման պարգևը ստանալուն, և որ մենք ունենք տնտեսվարելու և անձնական պատասխանատվություն՝ մեզ տրված տաղանդների և պարգևների համար։

Բարի Հովվի ոչխարները

Վերջապես, Մատթեոսի 25 գլխում գրված է նրանց մասին, ովքեր «վստահություն ունեն Աստծո առաջ», և նկարագրվում են որպես Բարի Հովվի ոչխարներ՝ գտնվելով Նրա աջ կողմում, վայելելով հարսանեկան խնջույքը Նրա հետ և օրհնված լինելով որպես շատ բաների վրա իշխողներ (տես հատվածներ 31–40)։ Տերը նրանց կասի.

«Քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք,

մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մատթեոս 25․35–36

Որպես Նրա աշակերտներ՝ մենք պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին և հավատարմորեն ու արդյունավետ կերպով տնտեսվարում ենք այն, ինչով օրհնվել ենք։ Կարեկցանքը, գթությունը, առաքինությունը և հավատարիմ տնտեսվարումը մեզ որակավորում են ոչ միայն հետագայում Նրա հետ ապրելու, այլև այժմ վստահություն ունենալու Աստծո առաջ։ Ինչպես Մորմոնն է ուսուցանել, նրանց, ովքեր լցված են գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրով՝ «[նրանց] համար լավ կլինի» վերջին օրը։ Նրանք կլինեն Փրկչի նման՝ տեսնելով նրան այնպիսին, ինչպիսին Նա է, լցված հույսով և մաքրված, ինչպես Նա է մաքուր։ (Տես Մորոնի 7.47–48): Նախագահ Նելսոնը հայտարարել է. «Գթությունն ու առաքինությունը ճանապարհ են բացում Աստծո առաջ վստահություն ունենալու համար»։

Նկար՝ մարդը գառ է տանում՝ ուսին դրված

Հովիվ՝ տարբերակ IV, Հորհեի Կոկո

Հիսուս Քրիստոսի աշակերտները հոգ են տանում կարիքավորների համար։

Այս երեք առակներն էլ ուսուցանում են մեր սեփական դարձի տնտեսը լինելու մասին՝ այն պարգևների, տաղանդների և ունեցածի համար, որով օրհնվել ենք, ինչպես նաև մեր քաղցած, անօթևան, տառապող և հոգնած դրացիների համար։

Նրանք ուսուցանում են, թե ինչպես պետք է Քրիստոսի աշակերտները պատրաստվեն Փրկչի Երկրորդ Գալուստին նախորդող վտանգավոր ժամանակներին։ Սրանք այն ժամանակներն են, որոնցում մենք ապրում ենք։ Մենք պետք է բոցավառ պահենք մեր դարձի լապտերները՝ թույլ տալով, որ մեր լույսը շողա, օգտագործելով և ընդլայնելով մեր քանքարներն ու հոգ տանելով կարիքավորների մասին։ Սա նշանակում է լցված լինել գթությամբ՝ Քրիստոսի մաքուր սիրով։