«Թովմաս. քայլել հավատքի ճանապարհով», Լիահոնա, մարտ 2026։
Նրանք ճանաչում էին Փրկչին
Թովմաս. քայլել հավատքի ճանապարհով
Թովմասի պատմությունը մեզ ուսուցանում է, որ հարցերը, համբերությունը և վկայություն ստանալը մեր հավատքի և համոզմունքի աճի մասն են կազմում։
Նկարը՝ Լաուրա Սերայի, պատճենումն արգելված է
Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ լսում եք Փրկչի աշակերտ Թովմասի անունը։ Հաճախ մենք նրա անունը կապում ենք «կասկածողի» կամ «կասկածելու» հետ։
Բայց դա Թովմասի լրիվ ինքնությունը չի ներկայացնում։ Հովհաննեսի ավետարանում մենք տեսնում ենք Թովմասի հավատքի ճամփորդությունը, որը կարող է արտացոլել մերը. հավատքը կարող է ամրապնդվել ժամանակի ընթացքում, երբ մենք հավատում և գործում ենք մեր հավատքը խորացնելու համար։
Հարցեր ունենալը նորմալ է
Հիսուս Քրիստոսը կանչեց Թովմասին լինելու Իր Տասներկու Առաքյալներից մեկը, և Թովմասը հետևեց Փրկչին Նրա երեք տարվա ծառայության ընթացքում։ Նա սիրով նվիրված էր Փրկչին։ Երբ Թովմասը վախեցավ, որ Տիրոջ կյանքը վտանգված էր, նա հորդորեց մյուս առաքյալներին. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու» (Հովհաննես 11․16):
Չնայած իր նվիրվածությանը, նա հարցեր էր տալիս։ Գեթսեմանի գնալուց առաջ Հիսուսն Իր աշակերտներին ուսուցանեց, որ Ինքը հեռանալու է։ Թոմասը հարցրեց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։
Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14․5–6)։
Թովմասի նման, մենք միգուցե չհասկանանք Աստծո բոլոր ուսմունքները կամ փրկության ծրագրի բոլոր նրբությունները։ Բայց արդար հարցեր տալը կօգնի բացահայտել ճշմարտությունը Տիրոջից։ Դա անհրաժեշտ է մեր հավատքը զարգացնելու համար։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Եթե հարցեր ունենաք, իսկ ես հուսով եմ, որ կունենաք, պատասխաններ փնտրեք՝ հավատալու մեծ ցանկությամբ: …
Անկեղծ հավատքով տրված ձեր հարցերը միշտ կհանգեցնեն ավելի մեծ հավատքի և ավելի շատ գիտելիքի»։
Հավատքն ընդդեմ վախի
Երբ առաքյալներն իմացան, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից, դա «սրանց ականջին ցնորք թվաց, և նրանց չէին հավատում» (Ղուկաս 24․11): Միգուցե Թովմասն ավելի երկար ժամանակ էր կասկածում, քան մյուսները, քանի որ նա ներկա չէր, երբ հարություն առած Տերն առաջին անգամ հայտնվեց նրանց (տես Հովհաննես 20․24):
Երբ նրանք Թովմասին ասացին, որ տեսել են Փրկչին, նա պատասխանեց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհաննես 20․25):
Ութ օր անց Տերը կրկին հայտնվեց և հրավիրեց Թովմասին շոշափել Իր վերքերը։ Ի պատասխան՝ Թովմասը հայտարարեց. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը» (Հովհաննես 20․28): Այնուհետև Փրկիչը ուսուցանեց մի կարևոր ճշմարտություն. «Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20․29):
Պատասխանները գալիս են։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է. «Մեր Երկնային Հայրը լսում և պատասխանում է յուրաքանչյուր անկեղծ աղոթքի, սակայն մեր ստացած պատասխանները գուցե չհամապատասխանեն մեր սպասածին, չգան մեր ցանկացած ժամանակ կամ այն ձևով, ինչպես մենք ենք ակնկալում»:
Մնայուն համոզմունք
Երբ մենք պատասխաններ ենք ստանում տոկունության, աղոթքի և հայտնության միջոցով, մենք նաև կարող ենք ձեռք բերել համոզմունք՝ վկայություն։ Եթե մենք շարունակենք սնուցել մեր հավատքը, այդ վկայությունը կարող է մնալ մեզ հետ ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես Նախագահ Նելսոնն է ուսուցանել. «Երբ համբերությամբ հարգեք Տիրոջ ժամանակացույցը, ձեզ կտրվի գիտելիք և հասկացողություն, որին դուք ձգտում եք: Յուրաքանչյուր օրհնություն կկատարվի, որ Տերն ունի ձեզ համար, նույնիսկ հրաշքներ պիտի կատարվեն: Ահա թե ինչ կանի անձնական հայտնությունը ձեզ համար»:
Թովմասի փորձառությունը ցույց է տալիս մեզ, որ հավատքը նպատակակետ չէ, այլ գործընթաց։ Աստված պատվում է այդ գործընթացը և օրհնում մեզ, երբ մենք ընդունում ենք Նրա առաջնորդությունը և փնտրում այն վկայությունը, որը խաղաղություն է հաղորդում մեր սրտերին (տես Վարդապետություն և Ուխտեր 88․63):