«20 գաղափար ձեր Զատիկի տոնակատարության համար», Լիահոնա, մարտ 2026։
20 գաղափար ձեր Զատիկի տոնակատարության համար
Ծանոթ եղանակներից մինչև նորը, կան բազմաթիվ միջոցներ քրիստոսակենտրոն ավանդույթներ ստեղծելու համար։
Նկարները՝ Քրիստինա Մաքմասթերի
2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովի իր ելույթի ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսի Հարության ուսմունքը և տոնակատարությունը՝ Զատիկի պատմությունը, տոնել Հիսուս Քրիստոսի ծննդյան ամբողջական և կրոնական ավանդույթներով հարուստ՝ Սուրբ ծննդյան պատմության նման»։
Աշխարհով մեկ անդամներն այժմ ավելի շատ են կենտրոնանում Զատիկի տոնի վրա։ Ահա մի քանի պարզ, օգտակար միջոցառումներ՝ Զատիկի տոնը և Փրկչի երկրպագությունն ավելի հետաքրքիր դարձնելու և ընդլայնելու համար՝ անհատների, խմբերի և համայնքների համար։
Գաղափարներ անհատների և ընտանիքների համար
-
Պատրաստեք թղթե շղթա քրիստոսակենտրոն սուրբ գրություններից կամ մեջբերումներից և Զատիկին նախորդող ամսվա ընթացքում ամեն առավոտ խորհեք դրանցից մեկի շուրջ։
-
Սուրբ գրություններում առարկաները կարող են խորհրդանշել Զատիկի իրադարձությունների տարբեր կողմերը։ Օրինակ՝ որոշ մարդիկ գունավոր օդապարուկներ են թռցնում՝ Քրիստոսի գերեզմանից հարություն առնելը հիշելու համար։ Տոնի ընթացքում փնտրեք առարկաներ, որոնք ձեզ հիշեցնում են Փրկչին։
-
Զատիկի տոնի համար բացիկներ պատրաստելը կարող է լինել Հիսուսի լույսով կիսվելու ստեղծարար միջոց։ Մտածեք այս ստեղծագործական աշխատանքները ձեր ընկերներին կամ հարևաններին նվիրելու մասին։
-
Քրիստոսի հետևորդները խոտաբույսեր օգտագործեցին Նրան պատվելու համար Նրա թաղման ժամանակ (տես Հովհաննես 19․39–40): Զատիկի տոնի ուտեստներում խոտաբույսերի օգտագործումը կարող է ձեր մտքերն ուղղորդել դեպի այդ սուրբ պահը։
-
Քրիստոսն ապրեց ծառայելով ուրիշներին, և մենք կարող ենք հիշել Նրան՝ այս Զատիկին՝ նույնը անելով։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ թող ինչ-որ մեկին ընտրի և Ավագ շաբաթն անցկացնի՝ գաղտնի կերպով այդ անձին ծառայելով։
-
Ոմանք ձիթենու ճյուղերն ու ձիթապտղի յուղն օգտագործում են որպես խաղաղության և Քրիստոսի քավիչ զոհաբերության հիշեցում։ Եկեղեցու անդամները կարող են մտածել այս տարրերը զարդարելու կամ ճաշատեսակների մեջ ներառելու մասին՝ արտացոլելու Փրկչի առաջարկած խաղաղությունը։
-
Զատիկի որոշ թեմաներ ավելի լուրջ են, և Ավագ շաբաթվա ընթացքում լուռ ուսումնասիրության և խորհրդածության համար ժամանակ հատկացնելն այդ թեմաները հիշելու միջոցներից մեկն է։
-
Զատիկը երախտագիտության տոն է այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար։ Տարվա ընթացքում ժամանակ գտեք պատը կամ պաստառը զարդարելու այն բաներով, որոնց համար երախտապարտ եք Փրկչին։
-
Աշխարհի որոշ մասերում Զատիկը նշվում է կյանքի նորացման ժամանակ, այնպես որ այդ ժամանակաշրջանն ինքնին ծառայում է որպես Քրիստոսի Հարության տեսողական հիշեցում։ Փնտրեք բնության մեջ զբոսնելու տեղ և գնահատեք այս խորհրդանշականությունը։
-
Գառը Զատիկի ավանդական ուտեստ է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին որպես Աստծու Գառ՝ իրականացնելով Պասեքը, որը նախանշում է զոհաբերության միջոցով ազատումը (տես Ելք 12; Հովհաննես 1․29): Գառան միս մատուցելն ընտանիքների համար մի միջոց է հիշելու Փրկչի դերը մեզ մեղքից ազատելու գործում՝ Իր Քավության միջոցով։
Գաղափարներ ծխի և ցցի համար
-
Ծոմապահությունն ու աղոթքը Քրիստոսի հետ կապվելու զորեղ միջոցներ են։ Մտածեք Ավագ շաբաթվա ընթացքում ծխի անդամների հետ միասին ծոմապահություն կազմակերպելու մասին՝ տեղական համայնքի համար կարևոր նպատակի համար:
-
Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ մարդիկ սիրում են բեմականացնել Քրիստոսի ծննդյան տեսարանը։ Հարգանքից ելնելով՝ մենք չենք բեմականացնում Զատիկի իրադարձությունները, բայց ծխերը կարող են անցկացնել հոգևոր հավաքներ, որոնք կընդգծեն Փրկչի ուսմունքները Ավագ շաբաթվա ընթացքում և կքննարկեն այդ տեսարանների իմաստը։
-
Քրիստոսի Հարության շնորհիվ, Զատիկը նորացման ժամանակ է։ Այդ թեմայի օգտակար հիշեցում կարող է հանդիսանալ ինչ-որ մեկի տունը կամ բակը մաքրելու համար խումբ հավաքելը։
-
Աշխարհի որոշ շրջաններում Զատիկի ժամանակ խարույկներ են վառվում՝ խորհրդանշելով լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Կրակ կամ մոմ վառելը կարող է ներկայացնել Փրկչին որպես Աշխարհի Լույս, որը հաղթահարեց մահն ու մեղքը։
-
Դասի շրջանակներում կիսվեք Զատիկի թեմայի շուրջ օրհներգերի խոսքերով։ Քննարկեք յուրաքանչյուր հատվածի վարդապետությունն ու վկայությունը։
-
Հրավիրեք անդամներին ցուցադրել նկարներ կամ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Զատիկի թեմաները։
-
Հիսուսն ունի բազմաթիվ անուններ և տիտղոսներ, և յուրաքանչյուրը բացահայտում է Նրա բնավորության որևէ գիծը։ Դրանց մասին նկարների ցուցադրություն կազմակերպելու նպատակով որպես ծուխ հավաքվելը կարող է հիանալի միջոց լինել Զատիկի ժամանակ Քրիստոսի վրա կենտրոնանալու համար։
-
Դիտարկեք երաժշտության միջոցով երկրպագելու ավանդույթ ստեղծելու հնարավորությունը՝ սուրբ գրությունների և երգերի միջոցով խորհելով Փրկչի զոհաբերության և սիրո մասին։ Ծուխը կամ ցիցը կարող է հավաքվել՝ սովորելու և երգելու Զատիկի օրհներգեր, ինչպես նաև կիսվելու Զատիկի հետ կապված սուրբ գրություններով։
-
Հիսուս Քրիստոսի միջոցով ընտանիքները կարող են հավերժական լինել։ Ընտանեկան պատմության միջոցառում կամ տաճարային ուղևորություն պլանավորելը կարող է հիշեցնել անդամներին այս սկզբունքի մասին Զատիկի ժամանակ։
-
Կավիճով նկարչությունը զվարճալի զբաղմունք է բոլոր տարիքի մարդկանց համար, և Զատիկի տոնին միջկրոնական կավճանկարչության միջոցառումը կարող է լինել Քրիստոսի մասին վկայություններով կիսվելու և ստանալու ստեղծարար միջոց։