Եկ, հետևիր ինձ
Ծնունդ 22․1-18
Ահա՛ ես
Թող մենք միշտ պատասխանենք Տիրոջն այնպես, ինչպես Աբրահամն արեց։
Նկարները՝ Ջուլի Ռոջերսի
Ջոզեֆ Սմիթը մի անգամ ասել է. «Երբ Տերը պատվիրում է, կատարիր նրա խոսքը»։ Հավատքի և գործողության այս արտահայտությունը ինձ այլ նմանատիպ փորձառություններ է հիշեցնում։
Օրինակ, երբ Ադամին հարցրին, թե ինչու է զոհեր մատուցում, նա պատասխանեց, որ չգիտեր, բայց գիտեր, թե ով էր իրեն պատվիրել (տես Մովսես 5․6): Ես նաև հիշում եմ Լեքիի պատրաստակամությունը՝ թողնելու իր տունն ու ունեցվածքը՝ Տիրոջ հրահանգներին հետևելու համար (տես 1 Նեփի 2․2–4), կամ Նեփիի հավատքը՝ համաձայնելու վերադառնալ՝ թիթեղները վերցնելու համար (տես 1 Նեփի 3–4):
Ես կարող էի սուրբ գրություններից բազմաթիվ հստակ օրինակներ մեջբերել, որոնք ցուցադրում են հնազանդության ոգին, բայց ես ցանկանում եմ կենտրոնանալ Աբրահամի փորձառության վրա։
Աբրահամի հնազանդությունը
Տերն Աբրահամին և Սարային խոստացավ բազմամարդ սերունդ։ Այդ օրհնությունը երկար ժամանակ չէր տրվում, կամ, ավելի ճիշտ, այն տրվեց Տիրոջ ժամանակին։ Սակայն Տերը փորձեց Աբրահամի հավատքը, երբ խնդրեց նրան զոհաբերել իր որդուն՝ Իսահակին, որն այն օրհնությունն էր, որի համար նրանք աղոթել էին և այդքան երկար սպասել։ Մենք հավանաբար բազմիցս կարդացել ենք այս սուրբգրային պատմությունը, բայց որքա՞ն հաճախ ենք պատկերացրել մեզ Աբրահամի տեղում։
Դժվար է նույնիսկ պատկերացնել սիրող հոր զգացումները նման հանձնարարությունից առաջ։ Սակայն, Աբրահամի հնազանդվելու վճռականությունը երբեք չի դադարում զարմացնել ինձ, երբ նա պատրաստվում էր գնալ Մորիայի մոտ գտնվող մի սար և մատուցել պահանջված զոհը։ Երկնային Հոր կամքին պատրաստակամություն և հնազանդություն ցուցաբերելով՝ նրա պատասխանը միշտ նույնն էր մնում. «Ահա՛ ես»։ (Տես Ծնունդ 22․1-2։)
Իր հնազանդության դիմաց նա օրհնվեց Իսահակի կյանքի պահպանմամբ, ինչպես նաև հրաշալի և անսահման օրհնություններ ստացավ իր, Սարայի և նրանց սերունդների համար (տես Ծնունդ 22․15–18):
Փրկչի հնազանդությունը
Անկասկած, Երկնային Հորը հնազանդվելու և ենթարկվելու գերագույն օրինակը կենտրոնացած է Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու վրա։ Նա ցույց տվեց հնազանդվելու Իր պատրաստակամությունը՝ գալով այս երկիր, մկրտվելով, մաքուր և կատարյալ լինելով, և տալով Իր կյանքը որպես զոհաբերություն և Իր վրա վեր առնելով Իր ժողովրդի ցավերը, չարչարանքները, թուլությունները, մեղքերը և մահը, որպեսզի կարողանա իմանալ, թե ինչպես սատարել մեզ ըստ մարմնի (տես Ալմա 7․11–13):
Այդ փորձառությունն այնքան ուժգին էր, որ մի պահ Նրան ստիպեց հարցնել, թե արդյոք կա՞ արդյոք որևէ միջոց այդ դառը բաժակը շրջանցելու համար։ Ապա Նա անմիջապես ասաց. «Սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։42), այլ կերպ ասած, «Ահա՛ ես»՝ այդպիսով ցույց տալով Հոր կամքը կատարելու Իր պատրաստակամությունը։
Հնազանդություն և սեր
Ինչպե՞ս կարող ենք զարգացնել «Ահա՛ ես» ասելու պատրաստակամությունը՝ ի պատասխան Երկնային Հոր կողմից մեզ ուղղված յուրաքանչյուր խնդրանքի՝ որպես Եկեղեցու անդամների, կամ երբեմն որպես անհատ։
Պողոսը հռոմեացիներին ուսուցանեց. «Օրենքի լրումը սերն է» (Հռոմեացիներին 13․10): Եթե ես ցանկանայի գտնել մի հոմանիշ, որը կփոխարիներ «օրենքի լրում» արտահայտությանը, կարծում եմ՝ հնազանդություն բառն արագ կմտաբերեի։ Հետևաբար, կարող ենք ասել, որ սերը հնազանդություն է։ Եվ այսպես, Փրկչի «եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները» (Հովհաննես 14․15) արտահայտությունը շատ իմաստալից է։
Մենք կարող ենք պատասխանել «Ահա՛ ես» կամ, Նեփիի խոսքերով՝ «ես կգնամ ու կանեմ» (1 Նեփի 3․7): Մեր ժամանակակից խոսակցական լեզվով կարող ենք ասել. «Իհարկե, ես պատրաստ եմ անել այն, ինչ Երկնային Հայրն է պատվիրում, անկախ հանգամանքներից»։
Սակայն ես կցանկանայի ընդգծել սեր-հնազանդություն հարաբերությունը, որը նշանակում է, որ մենք հնազանդվում ենք Հորը, որովհետև սիրում ենք Նրան։ Ես հավատում եմ, որ հնազանդվելը Նրա հանդեպ մեր սերը հստակորեն արտահայտելու լավագույն միջոցներից մեկն է։ «Հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2․26), և անձամբ ես չեմ կարծում, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սերն առանց հնազանդության նույնպես շատ կենդանի է։
Ինչպես խորացնել մեր սերն ու հնազանդությունը
Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը Նրա հանդեպ և մեր հնազանդությունը Նրան։ Փրկիչն ասել է․ «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։ Հիսուս Քրիստոսին և Նրա միջոցով Հորը ճանաչելը մեզ հնարավորություն է տալիս իմանալ այն սիրո մասին, որը Նրանք ունեն մեր հանդեպ, և այն աննկարագրելի բաների մասին, որոնք Նրանք արել են և դեռ կանեն մեզ համար, այդ թվում՝ այս մահկանացու կյանքում մեր ունեցած դժվարին պահերին։ Նրանց մասին իմանալը փոխում է մեր սրտերը՝ մեր մեջ ցանկություն առաջացնելով հետևել Նրանց օրինակին մեր գործերում և պատրաստ լինել խոսքով ու գործով ասելու՝ «Ահա՛ ես»։ Այս պատրաստակամությունը ցուցադրվում է սուրբ գրությունները կարդալու կամ Երկնային Հորն աղոթքով դիմելու ցանկությամբ։
«Ահա՛ ես» արտահայտությունը կարող է լինել միսիա ծառայելու կամ այնպիսի պատվիրաններին հնազանդվելու մեջ ավելի նվիրված լինելու պատասխան, ինչպիսիք են՝ Հանգստության օրը սուրբ պահելը, ծնողներին պատվելը կամ բարոյապես մաքուր կյանքով ապրելու ձգտումը։ «Ահա՛ ես» արտահայտությունն է, որը անընդհատ ուղեկցում է Քրիստոսի աշակերտներին, նույնիսկ երբ պահանջված զոհաբերությունն ազդում է այն բանի վրա, ինչը մենք ամենաշատն ենք ցանկանում կամ որի համար մենք բարձր գին ենք վճարել։
Հնազանդվելու այս պատրաստակամությունը շատ արժեքավոր է, հատկապես այն ուխտերի առումով, որոնք մենք կապել ենք մկրտվելիս կամ տաճարում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե մենք անընդհատ մտածեինք՝ «Ահա՛ ես», երբ մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը կամ որպեսզի միշտ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները։ Հաղորդությունը ճաշակելը մեզ հրավիրում է թարմացնել այդ պարտավորությունը, որը պետք է արտացոլվի մեր գործողություններում ողջ շաբաթվա ընթացքում։ Նույնը կիրառվում է նաև այն ժամանակ, երբ մենք գնում ենք տաճար՝ կապելու կամ հիշելու այնտեղ կապած ուխտերը։
Երիտասարդ կնոջ օրինակը
Հիշում եմ մի զրույց, որն ունեցա նորապսակ զույգի հետ տարիներ առաջ, երբ ծառայում էի որպես եպիսկոպոս։ Մի գիշեր նրանք երկար ու լարված քննարկում ունեցան տասանորդի վճարման վերաբերյալ։ Երիտասարդ ամուսինը դժվար աշխատանքային շաբաթ էր ունեցել և ցանկանում էր խնայել իր վաստակած գումարն իրենց անձնական որոշ ծախսերի համար։ Այնուամենայնիվ, ես հիշում եմ երիտասարդ կնոջ խոսքերը, երբ ամուսնու ներկայությամբ ասաց. «Եպիսկոպոս, ես պատրաստ եմ չանել այդ ծախսերը և նույնիսկ չուտել, եթե անհրաժեշտ լինի, բայց ես ցանկանում եմ տասանորդ վճարել և հնազանդվել Տիրոջը»։
Երիտասարդ կնոջ կողմից այդքան մեծ վկայությամբ ասված «Ահա՛ ես» արտահայտությունն այնքան հնչեղ էր, որ ես ու նրա ամուսինը զրույցի ընթացքում ուժեղ զգացինք Հոգու ազդեցությունը։ Ի վերջո, չգիտեմ՝ դա նրա սեփական ցանկությա՞մբ էր, թե՞ կնոջ համոզմամբ, բայց ամուսինն այդ շաբաթավերջին վճարեց իր տասանորդը։
Հաջորդ կիրակի՝ ժողովներից առաջ, երիտասարդ ամուսինը խնդրեց ինձ հետ մի փոքր զրուցել։ Նախորդ շաբաթվանից տարբերվող դեմքի արտահայտությամբ նա ինձ ասաց. «Եպիսկոպոս, գիտե՞ք, որ անցյալ շաբաթ ես վերջապես վճարեցի տասանորդս, և վախենում էի, որ բավարար գումար չեմ ունենա ուտելիքի համար, բայց ուզում էի, որ իմանաք՝ այս շաբաթ մենք սննդի համար կրկնակի գումար ունենք, քան սովորաբար։ Եպիսկոպոս, դա հրաշք էր, և ես ուզում եմ միշտ տեսնել այդ հրաշքներն իմ կյանքում»։ Ինձ համար, կարծես այդ երիտասարդն ասում էր. «Եպիսկոպոս, ես պատրաստ եմ պատասխանել՝ «Ահա՛ ես», ինչ էլ որ Աստված խնդրի ինձանից»։
Մեր խոստումը
Տերն ասել է, որ Նա կապված է, երբ մենք անում ենք այն, ինչ Նա ասում է (տես Վարդապետություն և Ուխտեր 82․10): Արդյո՞ք մենք իսկապես հավատում ենք այդ խոստման խստությանը։
Հնարավոր է՝ օրհնությունները չեն գալիս այն ժամանակ, երբ մենք ակնկալում ենք, կամ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, բայց ես վկայում եմ ձեզ, որ խոստումն իրական է և ճշմարիտ։ Անհրաժեշտ է Նրա հանդեպ սեր, հնազանդություն, Նրա կամքը կատարելու ցանկություն և ապրել որպես Քրիստոսի աշակերտներ։ Նա կօգնի և կօրհնի մեզ՝ հասկանալու և պահելու մեր ուխտերը։ Այդպիսով, երբ Նա մեզ խնդրում է կատարել Իր կամքը, եկեք պատասխանենք բարձրաձայն՝ «Ահա՛ ես»։