Լիահոնա
Կայիափան՝ քահանայապետը
Մարտ 2026 Լիահոնա


«Կայիափան՝ քահանայապետը», Լիահոնա, մարտ 2026։

Նրանք ճանաչում էին Փրկչին

Կայիափան՝ քահանայապետը

Աշխարհիկ նպատակներով տարված և չնայած բազմաթիվ հնարավորություններ ունենալուն՝ նա չկարողացավ ճանաչել Մեսիային։

Կայիափա քահանայապետի նկարը

Նկարը՝ Լաուրա Սերայի, պատճենումն արգելված է

Այն բանից հետո, երբ Փրկիչը կենդանացրեց Ղազարոսին մեռելներից, հրեա ամենահզոր առաջնորդները խորհուրդ հրավիրեցին՝ որոշելու, թե ինչպես վարվել Հիսուսի հետ։ Նրանք վախենում էին Նրա ժողովրդականությունից, քանի որ Նա բազմաթիվ հրաշքներ էր գործում։ (Տես Հովհաննես 11․47։)

Կայիափան գլխավորեց այս խորհուրդը որպես նախագահող քահանայապետ և Ծերակույտի՝ հռոմեական տիրապետության ժամանակ հրեաների կառավարող մարմնի առաջնորդ։ Որպես քահանայապետ՝ նա վերահսկում էր տաճարային արարողությունները, որոնք պետք է մարդկանց ուշադրությունն ուղղեին դեպի Քրիստոսը։

Բայց երբ Քրիստոսը եկավ, նա չճանաչեց Փրկչին։ Ոչ միայն չճանաչեց, այլև դավադրություն կազմակերպեց Նրան սպանելու համար։ Դա Նոր Կտակարանում գրանցված մեծ հեգնանքներից մեկն է։

Մարգարեական խոսքեր

Չնայած նրա կարևոր դերին, Կայիափայի մասին քիչ բան է հայտնի։ Նրա մասին Նոր Կտակարանում հիշատակվում է ընդամենը ինը անգամ։ Նա կապող օղակ էր հանդիսանում հրեաների և հռոմեացիների միջև։ Նա սադուկեցի էր՝ Քրիստոսի ժամանակների հրեական աղանդ, որը չէր հավատում հարությանը (տես Գործք առաքելոց 23․8):

Կայիափան խոսեց այն խորհրդում, որը գումարվեց Քրիստոսի կողմից Ղազարոսին կենդանացնելուց հետո՝ մի հրաշք, որը մտահոգում էր նրան և մյուս սադուկեցիներին իրենց համոզմունքների պատճառով։

Խորհուրդը տեսություն առաջ քաշեց, որ եթե նրանք ոչինչ չանեն այս հայտնի հրաշքին ի պատասխան, մարդիկ կհավատան, որ Հիսուսը Մեսիան է՝ հրեաների Թագավորը, և «հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը» (Հովհաննես 11․48):

«Դուք ոչինչ չեք հասկանում,- պատասխանեց Կայիափան,- և չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի» (Հովհաննես 11․49–50):

Հովհաննես առաքյալը նշում է, որ Կայիափան «այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։

Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի միավորեր նաև Աստծու ցրված զավակներին» (Հովհաննես 11․51–52

Դատապարտում

Կայիափայի անունը կրկին նշվում է Նոր Կտակարանում, երբ Քրիստոսին հարցաքննում են խաչելությունից առաջ։

Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Մատթեոս 26․63

Հիսուսը հաստատեց, որ Ինքն էր Քրիստոսը. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ. Այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերի վրայով գալիս» (Մատթեոս 26․64). Ի պատասխան սրան, Կայիափան կրկին ուրացավ Փրկչին։ «Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց» (Մատթեոս 26․65

Չնայած աշխարհի Փրկչի ներկայությանը, որը նախապես ընտրված էր քավելու ողջ մարդկության մեղքերը և կրելու բոլոր ցավերը, վշտերն ու չարչարանքները, Կայիափան չճանաչեց, որ Հիսուսը Քրիստոսն է, և դատապարտեց Նրան։

Աստծո Որդին ապրում է

Կայիափան կրկին հիշատակվում է Աստվածաշնչում՝ Գործք Առաքելոց 4-րդ գլխում։ Այդ գլխում գրված է, թե ինչպես Պետրոս առաքյալը բուժեց մի մարդու, որն ի ծնե կաղ էր (տես Գործք Առաքելոց 3․1–8): Այնուհետև, երբ նա և Հովհաննեսը քարոզում էին Քրիստոսի Հարության մասին, նրանք ձերբակալվեցին Ծերակույտի լիազորության ներքո։ Նրանց այդ գիշեր բանտարկեցին և բերեցին խորհրդարանի առաջ, որի կազմում էին Կայիափան և նրա աները՝ նախկին քահանայապետ Աննասը։ (Տես Գործք Առաքելոց 4․1-6, տես նաև Հովհաննես 18․13։)

Երբ նրանց հարցրեցին, թե ինչ իշխանությամբ էին բժշկել այդ մարդուն, Պետրոսը պատասխանեց. «Թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել» (Գործք Առաքելոց 4․10

Սա Կայիափայի վերջին հնարավորությունն էր Քրիստոսին ընդունելու համար, որը գրանցվել է սուրբ գրություններում։ Փոխարենը, խորհուրդը սպառնաց Պետրոսին և Հովհաննեսին։ Բայց նրանց սպառնալիքները չփոխեցին այն ճշմարտությունը, որ Քրիստոսն ապրում է։ (Տես Գործք Առաքելոց 4․13–22

Հիսուս Քրիստոսի զորության և իշխանության միջոցով Պետրոսը բժշկեց կաղ մարդուն։ Նմանապես, հրաշքներ կարող են տեղի ունենալ այսօր՝ Քրիստոսի վերականգնված քահանայության և Նրա անվան հանդեպ հավատքի միջոցով։ Կայիափայից կարող ենք մի պարզ դաս քաղել։ Նա չընդունեց Հիսուսին որպես Քրիստոս՝ Աստծո Որդի, բայց մենք կարող ենք։ Երբ մենք հավատանք Նրան, նշաններ և հրաշքներ տեղի կունենան (տես Մարկոս 16․17–18):

Հղում

  1. Sես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կայիափա»։