«Հին Կտակարանի ուղեցույց՝ աստվածային ինքնությունն ընդունելու համար» Լիահոնա, մարտ 2026 թ․։
ՉԵ շաբաթական պարբերականից
Հին Կտակարանի ուղեցույց՝ աստվածային ինքնությունն ընդունելու համար
Հնարավոր է՝ Հին Կտակարանի մարդիկ բախվել են նույն հարցերին, որոնք ես և դուք ունենք այսօր։
Սկզբում էր Բանը, Եվա Թիմոթի, կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար
Սուտ կլիներ, եթե ասեի, որ երբեք կասկածի տակ չեմ դրել իմ դերն Աստծո ծրագրում։
Ինչպե՞ս կարող եմ ես, լինելով այսքան անկատար, Նրա կատարյալ ծրագրի մասը լինել։ Ինչպե՞ս կարող եմ արժանի լինել այն երկրորդ հնարավորություններին, որոնք Երկնային Հայրը կրկին և կրկին տալիս է ինձ։ Ինչպե՞ս կարող եմ վստահելի լինել՝ Նրա սերը ուրիշների հետ կիսելու համար, երբ ինքս եմ երբեմն դժվարանում եմ զգալ այն։
Եթե բացասական մտքերի այս կործանարար պարույրը ձեզ ծանոթ է, դուք միայնակ չեք։
Հակառակորդի ամենամեծ մարտավարություններից մեկը մեր աստվածային ինքնության ըմբռնման վրա հարձակվելն է։ Յոթանասունից երեց Բրայըն Ք. Թեյլորն ուսուցանել է. «Աստվածային էության վերաբերյալ մղվող մեծ պատերազմը գնալով ավելի կատաղի է դառնում, մինչ սատանայի արագ բազմացող զինանոցի նպատակն է կործանել մեր հավատը և գիտելիքը Աստծո հետ մեր հարաբերությունների վերաբերյալ»։
Բարեբախտաբար, Երկնային Հայրն ուսուցանել է և շարունակում է ուսուցանել Իր զավակներին իրենց արժեքի մասին։ Հենց սկզբից սուրբ գրություններում հիշատակված մարդիկ, հնարավոր է, բախվել են նույն հարցերին, որոնք ես և դուք ունենք այսօր։
Այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս կարող եք իմանալ ձեր սեփական աստվածային ինքնության մասին՝ սուրբ գրություններում նկարագրված մարդկանց փորձառությունները ձեր սեփական կյանքում կիրառելով։ Եվ գուցե այդ ընթացքում դուք գտնեք շատ կարևոր հարցի պատասխանները.
Ո՞վ եմ ես
Ես ․․․
Վստահված եմ սրբազան լիազորությամբ
Ադամն ու Եվան նշանավորում են մարդկության աստվածային ինքնությունը հասկանալու անհրաժեշտության սկիզբը։ Երկնային Հայրը նրանց արարեց Իր պատկերով, տվեց երկրի և դրա վրա գտնվող բոլոր արարածների վրա իշխանություն և պատվիրեց բազմանալ ու լցնել երկիրը (տես Մովսես 2․26–28):
Որպես Ադամի և Եվայի ժառանգորդ՝ դուք կարող եք նույն ինքնության սկզբունքները կիրառել ինքներդ ձեզ համար։ Դուք Աստծո հոգևոր զավակն եք՝ աստվածային պատասխանատվությամբ՝ գործելու որպես իմաստուն տնտես և կառուցելու հավերժական ընտանիք։
Երբ Ադամն ու Եվան ճաշակեցին բարու և չարի գիտելիքի ծառի պտղից, նրանք վտարվեցին Եդեմի պարտեզից։ Չնայած նրանք կտրված էին Երկնային Հոր ներկայությունից՝ և՛ մարմնապես, և՛ հոգևորապես, Նա տվեց Փրկիչ՝ օգնելու նրանց հաղթահարել և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր մահը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։
Ադամի և Եվայի նման, ձեր արժեքը «մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10):
Ես ․․․
Աբրահամի ուխտի զավակ եմ
Աբրահամի պատմությունը սերտ կապ ունի աստվածային ինքնության հետ։ Տերն Աբրահամին խոստում տվեց, որն ուներ հավիտենական նշանակություն.
«Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։
Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն» (Ծնունդ 12.2–3):
Հավատքով երկար տարիներ սպասելուց հետո Աբրահամն ու Սարան օրհնվեցին իրենց որդու՝ Իսահակի ծնունդով։ Այնուհետև Աստված պատվիրեց Աբրահամին զոհաբերել Իսահակին, որը «նմանությունն է Աստծո և նրա Միածին Որդու» (Հակոբ 4.5): Երբ Աբրահամը ցույց տվեց, որ պատրաստ է նման զոհաբերություն անել, նրան կանգնեցրեց Տիրոջ հրեշտակը։
Մենք կարդում ենք.
«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու այդ բանն արեցիր և չխնայեցիր քո միակ որդուն,
«քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները,
և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին» (Ծնունդ 22․16–18)։
Այս զորեղ պատմությունն ուսուցանում է, որ բոլոր նրանք, ովքեր Երկնային Հոր հետ ուխտեր են կապում և պահում, կարող են օգտվել Աբրահամի սերունդներին խոստացված օրհնություններից։ Որպես ուխտի զավակ՝ դուք կարող եք ստանալ Աբրահամի ուխտի խոստացված օրհնությունները՝ հավատարիմ մնալով մկրտության կամ տաճարային ուխտերի միջոցով Տիրոջը տված խոստումներին։
Ես ․․․
Տիրոջ տոկուն աշակերտ եմ
Հագարը՝ Սարայի աղախինը և Իսմայելի մայրը, ուսուցանում է մեր տոկունության տպավորիչ կարողությունը։ Աբրահամի և Սարայի որդու՝ Իսահակի ծնունդից հետո Հագարն ու Իսմայելը աքսորվեցին անապատ (տես Ծնունդ 21․9-14):
Տեսնելով նրա տառապանքը և Իսմայելի կյանքի համար ջերմեռանդ աղերսանքները՝ Տերը հրեշտակ ուղարկեց նրան մխիթարելու. «Մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան» (Ծնունդ 21․17–18)։
Նույնիսկ երբ Հագարն իրեն լիովին մենակ էր զգում անապատում, Երկնային Հայրը չլքեց նրան։ Նա պաշտպանված և հատուցված էր իր հավատքի և ջանասիրության համար։
Հագարի նման, դուք էլ կարող եք զգալ, որ մենակ թափառում եք անապատում։ Բայց դուք մեծ արժեք ունեք ձեր Երկնային Հոր համար։ Հնարավոր է՝ դուք մի որոշ ժամանակ թափառել եք անապատում, բայց Նա չի մոռացել ձեզ։ Նա պատրաստում է ձեզ՝ մեծ գործեր կատարելու Իր արքայության կառուցման համար։
Ես ․․․
Աստծո ձեռքերն եմ երկրի վրա
Մովսեսը կանչվեց Երկնային Հոր կողմից՝ ազատելու իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից։ Նա կատարեց մի շարք զորեղ հրաշքներ, որոնց արդյունքում նրանք ի վերջո փախան (տես Ելք 7, 14)։
Թեև Մովսեսը հաջողությամբ կատարեց իր առաքելությունը, միշտ չէ, որ նա վստահ էր իր ունակության մեջ՝ կատարելու այն, ինչ Երկնային Հայրը խնդրում էր իրենից։ Երբ Մովսեսն արտահայտեց իր անհամապատասխանության զգացումը, Տերը պատասխանեց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն» (Ելք 3․12):
Մովսեսն ընդունեց իր ինքնությունը որպես Աստծո զավակ և օգտվեց Երկնային Հոր զորությունից՝ Նրա հրաշքները կատարելու համար։ Մովսեսի նման դուք կարող եք զորություն ստանալ՝ կատարելու Աստծո գործը, երբ ընդունեք ձեր հավերժական հարաբերությունը Երկնային Հոր հետ։
Ես ․․․ եմ
Ուրեմն, ո՞վ եք դուք։
Այժմ ժամանակն է, որ դուք ինքներդ պարզեք պատասխանը։
Փնտրեք սուրբ գրություններում ձեր հարցերի պատասխանները, և դուք կգտնեք դրանք։ Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք ճշգրտորեն հասկանաք, թե ով եք դուք, որպեսզի կարողանաք սիրել ինքներդ ձեզ այնպես, ինչպես Նա է սիրում ձեզ։
Ձեր հավերժական, աստվածային ինքնության իմացությունը շատ մոտ է, այնպես որ, ինչի՞ն եք սպասում։