«Կարո՞ղ է կատարյալ Փրկիչը հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել», Լիահոնա, մարտ 2026 թ․։
ՉԵ շաբաթական պարբերականից
Կարո՞ղ է կատարյալ Փրկիչը հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել
Քանի որ Հիսուս Քրիստոսը կատարյալ է, մենք երբեմն մոռանում ենք, որ Նա գիտի, թե ինչ է նշանակում պայքարել։
Նկարը՝ Բրենդոն Գոնսալեսի
Ես հակված եմ մտածելու, որ դժվարությունների բախվելիս զրկված եմ Քրիստոսի աստվածային օգնությունից։ Ես երբեմն մտածում եմ, որ Նա՝ անմեղ և կատարյալ Փրկիչը, երբեք չէր կարող հասկանալ, թե ինչ է նշանակում պայքարել։
Հիշում եմ, թե ինչ էի զգում, հատկապես, որպես միսիոներ։ Ինձանից մեծ ջանք պահանջվեց հասկանալու համար, որ Քրիստոսը գիտի, թե ինչ է նշանակում դժվարություն ունենալ։
Ինչպե՞ս կարող էր Նա իմանալ, թե ես ինչ էի զգում
Ես կարծում էի, որ իմ միսիայի գագաթնակետին էի հասել՝ ուսուցանում էի նոր միսիոների, պատրաստվում էի մկրտության և տիրապետում էի ողջ միսիոներական աշխատանքին։ Ես այնքան երջանիկ էի։
Բայց չէի նկատում իմ ներսում կուտակվող սթրեսն ու անհանգստությունը։
Մի գիշեր, երբ պառկել էի քնելու, սկսեցի խուճապի մատնվել, որը երկրորդ անգամ էր տեղի ունենում իմ կյանքում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել ինը տարի առաջ։ Ի՛նը տարի։
Ինչո՞ւ, եթե մանկությանս շրջանում անհանգստությունը միայն կարճ ժամանակ տևեց, այն հանկարծակի վերսկսվեց հիմա։
Ես համառորեն փորձում էի սովորականի նման շարունակել իմ միսիան՝ կարծելով, որ կարող էի ինքս լուծել իմ խնդիրները։
Մինչ ես պայքարում էի իմ հոգեկան առողջության հետ, ինչ-որ մեկը կիսվեց ինձ հետ մի խորիմաստ մտքով, որը ստացել էր Գեթսեմանիում Փրկչի փորձառության մասին կարդալիս։
Հիսուսն ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։ Այնուհետև Փրկիչն աղոթեց՝ ասելով. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթեոս 26․38–39)։
Երբևէ զգացե՞լ եք ձեր սեփական վշտի ծանրությունը։ Դուք երբևէ հարցրե՞լ եք Աստծուն. «Կա՞ արդյոք այլ ճանապարհ»։
Կատարյալ պատրաստակամությամբ, կատարյալ հնազանդությամբ և կատարյալ սիրով մեր Փրկիչն ընդունեց Հոր կամքը։ Նա կատարյալ էր, քանի որ անմեղ էր, այնուամենայնիվ, Նա զգում էր ցավ, վիշտ և միայնություն։
Ի վերջո, Նա իջել է այդ ամենից ցած, որպեսզի կարողանա բարձրացնել մեզ։
Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Հիսուսը «վշտերի մարդ էր» [Եսայի 53․3], ասվում է սուրբ գրություններում։ Նրան ծանոթ էին տխրությունը, հոգնածությունը, հիասթափությունն ու տանջալից մենությունը: Այս և բոլոր ժամանակներում Հիսուսի սերը չի պակասում, ոչ էլ՝ Նրա Հոր սերը»։
Քրիստոսը ճշգրիտ գիտի, թե մենք ինչ ենք զգում
Այն, որ Քրիստոսը դժվարությունների է առնչվել, ինձ հիշեցնում է, որ Նա ավելի լավ է հասկանում սրտի վիշտը, ընկճախտը, հյուծվածությունը, հիասթափությունը, անհանգստությունը և միայնությունը, քան որևէ մեկը։
Նա էր, որ արտասվեց, երբ Ղազարոսը մահացավ (տես Հովհաննես 11․33–36): Եվ հենց Նա էր, որ խաչի վրա մահանալիս հարցրեց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»։ (Մարկոս 15․34)
Բայց Հիսուս Քրիստոսը նաև ճանաչում է ուրախությունը, սերը, կարեկցանքը, ողորմությունը և խաղաղությունը ավելի խորությամբ, քան որևէ մեկը։ Քանի որ Նա կատարյալ է։ Այսպիսով, Նա կատարելապես գիտի, թե ինչ ենք մենք զգում։
Նախագահ Հոլլանդը վկայել է. «Զատկի այս տոների մեծ սփոփանքն այն է, որ քանի որ Հիսուսը կատարելապես միայնակ անցավ այդ երկար, մենավոր ճանապարհը, կարիք չկա, որ մենք նույնպես անցնենք այն։ Նրա մենավոր ճամփորդությունը մեզ համար մեծ ընկերակցություն բերեց այդ ճանապարհի մեր փոքր տարբերակի համար՝ մեր Երկնային Հոր ողորմած հոգածությունը, Նրա Սիրելի Որդու անխափան ընկերակցությունը, Սուրբ Հոգու անսպառ պարգևը»։
Գիտակցելով, որ Հիսուս Քրիստոսը կատարելապես հասկանում էր, թե ինչ էի զգում, երբ պայքարում էի անհանգստության դեմ, ես վերջապես թույլ տվեցի Նրան օգնել ինձ կրել իմ բեռը։
Իմ անհանգստությունը հեշտությամբ չանցավ։ Ես դժվար օրեր անցկացրի։ Բայց Քրիստոսին մոտ լինելը, ամեն դեպքում, ինձ երկարատև ուրախություն էր պարգևում, որովհետև գիտեի, որ Նա ինձ հետ էր ու ասում էր. «Ես գիտեմ։ Ես կատարելապես գիտեմ, թե ինչ ես զգում»։
Այս փորձառության ընթացքում Քրիստոսը դարձավ իմ ամենամտերիմ, վստահելի անձը։
Կարծում եմ, որ երբեմն մենք հակված ենք մտածելու, որ Քրիստոսի կատարելությունը նշանակում է, որ Նա հեռու է և անհասանելի, որ Նրա մեծագործություններն ու հրաշքներով լի կյանքը Նրան այնքան տարբեր են դարձնում մեզանից՝ սովորական, անկատար, հպարտ էակներից։ Բայց Նա երբեք մեզ ավելի մոտ չէ, քան այն ժամանակ, երբ մենք բախվում ենք մեր ամենադժվար խնդիրներին, ամենածանր վշտերին և ամենասարսափելի պայքարին։
Այս Զատիկին մենք կարող ենք հիշել, որ Հիսուս Քրիստոսը ճշգրտորեն գիտի, թե ինչ է նշանակում պայքարել, քանի որ Նա կատարյալ էր․ միակ մարդն էր, որը կարող էր զգալ մեր ցավը և կրել մեր բեռները։
Ուրեմն, երբ պայքարում եք, դիմեք Նրան։ Նա կատարելապես հասկանում է։