Պասեքը և Զատիկը
Տեսեք, թե ինչպես կարող են Պասեքի տարրերն օգնել մեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և Աստծո հետ մեր ուխտերի վրա։
Պասեքի ժամանակ տոնվում է Տիրոջ կողմից Իսրայելի ժողովրդի ազատագրումը Եգիպտոսում տեղի ունեցած վերջնական կործանարար աղետից։ Մովսեսի միջոցով Տերը նրանց պատվիրեց կատարել որոշակի գործողություններ, որպեսզի կործանիչ հրեշտակն անցներ նրանց վրայով և խնայեր նրանց առաջնեկներին։ Այնուհետև Տերն ազատեց նրանց գերությունից և ուղարկեց խոստացված երկիր։ (Տես Ելք 12:)
Պասեքի տարբեր տարրերը ներկայացնում են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեր մեղքերի համար, ինչպես նաև մեր ուխտերն Աստծո հետ։
Գառ
Մեկ տարեկան անարատ արու գառ։
Այն մորթվում էր, ապա ամբողջությամբ խորովվում կրակի վրա՝ առանց ոսկորները կոտրելու, գլխով, ոտքերով և ուտելի ներքին մասերով։ Այն պետք է ուտեին Պասեքի գիշերը, և մինչև առավոտ ոչինչ չպետք է մնար։ Եթե ինչ-որ բան մնար, պետք է այրվեր։
Հնարավոր իմաստ․ Հիսուս Քրիստոսը՝ որպես մեղքերի համար անմեղ զոհ, Նրա մոտ գալու քաղցրությունը՝ հակադրված մեղքի դառնությանը, Քրիստոսի լիարժեք նվիրվածությունն Իր առաքելությանը, նվիրվածությունը, որը պահանջվում է նրանցից, ովքեր ուխտեր են կապել Աստծո հետ։
Արյուն՝ սեմի և դրանդիների վրա
Գառան արյան ամանի մեջ թաթախում էին եղեգ (խոտաբույս, որը հետագայում օգտագործվում էր ծիսական մաքրագործումների ժամանակ), ապա արյունը քսում էին դռան սեմին և դրանդիներին։
Հնարավոր իմաստ․ Աստծո ուխտի ժողովրդին բնորոշող նշան, մաքրագործում Հիսուս Քրիստոսի արյան միջոցով, որը թափվեց մեր մեղքերի քավության համար։
Բաղարջ հացը
Հաց, որը պատրաստվում էր առանց խմորիչի կամ այլ թթխմորների, ամենայն հավանականությամբ՝ հաճարենու ցորենից, գարուց կամ նեգրավարսակից Հին Եգիպտոսում։ Խմորիչը հացը դարձնում է ավելի փափուկ, բայց նաև ավելի հեշտ փչացող։ Բացի այդ, ժամանակ է պահանջվում, որ խմորիչով խմորը բարձրանա, ուստի այն ավելի երկար է պատրաստվում։
Այն ուտում էին յոթ օր։ Այդ ընթացքում յուրաքանչյուր տնից պետք է հեռացվեր խմորիչը (որն ապականության նշան էր) (տես Ելք 12․19):
Հնարավոր իմաստ․ մաքրություն, շուտափույթ փախուստ գերությունից, Քրիստոսը Կյանքի Հացն է (տես Ա Կորնթացիներին 5․7):
Դառը խոտեր
Ներառում էր ջրկոտեմ, բողկ, էնդիվ, ծովաբողկ և հնարավոր է՝ այլ դառնահամ խոտաբույսեր։
Դրանք պետք է ուտեին գառան հետ միասին։
Հնարավոր իմաստ․ Եգիպտոսում ստրկության և գերության դառնությունը, մեղքի ստրկության դառնությունը, մեր մեղքերի համար Քրիստոսի տառապանքի դառնությունը։
Գոտիները՝ մեջքին, կոշիկները՝ ոտքերին, ցուպը՝ ձեռքին, կանգնած ուտելիս
Հնարավոր իմաստ․ գերությունից շտապ փախուստի պատրաստակամություն, մեղքից ազատվելու ցանկություն։