«Աշակերտներն Էմմաուսի ճանապարհին. հայտնության և ճանաչման ճամփորդություն», Լիահոնա, մարտ 2026։
Նրանք ճանաչում էին Փրկչին
Աշակերտներն Էմմաուսի ճանապարհին. հայտնության և ճանաչման ճամփորդություն
Այս աշակերտների փորձառության նման, մեր սիրտը կարող է վառվել մեր մեջ՝ որպես Փրկչի Քավության և Հարության վկայություն։
Նկարը՝ Լաուրա Սերայի, պատճենումն արգելված է
Հարության օրը՝ կիրակի կեսօրին, երկու աշակերտներ քայլում էին Երուսաղեմից դեպի Էմմաուս ութ մղոն (13 կմ): Նրանք հուզիչ օր էին ունեցել՝ հուզիչ մի քանի օր։
Նրանց սիրտը տրտում էր։ Նրանց միտքը խառնված էր զարմանքից և տխրությունից։ Նրանք խոսում էին Հիսուս Նազովրեցու մասին՝ Նրա մահվան, Նրա հարության մասին լուրերի և այդ ամենի նշանակության ցավալի անորոշության մասին։
Երբ նրանք քայլում էին, մի անծանոթ միացավ նրանց զրույցին։ Դա Հիսուսն էր, չնայած նրանք չճանաչեցին Նրան։ Նրանց աչքերը փակ էին, իսկ հասկացողությունը՝ մշուշոտ։ Անծանոթը հարցրեց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք» (Ղուկաս 24:17):
Աշակերտներից մեկը՝ Կղեոպասը պատասխանեց՝ չհավատալով որ ինչ-որ մեկը կարող էր այդքան անլուր և անտեղյակ լինել այդ շաբաթավերջին Երուսաղեմը ցնցած իրադարձություններից․ «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։
«Ո՞ր բաները»,— հարցրեց Հիսուսը։
Նրանց պատասխանը սրտանց և անհապաղ էր. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ» (Ղուկաս 24․18–19): Նրանք ասացին, որ վստահել էին, որ Հիսուսը կփրկագներ Իսրայելը, սակայն դա Նրա մահից հետո երրորդ օրն էր։ Եվ չնայած որոշ կանայք հայտնել էին հրեշտակների այցելության մասին, որոնք հայտարարել էին, որ Հիսուսը կենդանի է, առաքյալները, որոնք գնացել էին հետաքննելու, չէին տեսել Նրան։
Ապա Հիսուսը խոսեց՝ ոչ թե որպես անծանոթ, այլ որպես ուսուցիչ։ «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին» (Ղուկաս 24․25): Նա բացատրեց նրանց սուրբ գրությունները՝ Մովսեսից մինչև բոլոր մարգարեները, բացահայտելով Իր մասին հատվածները։ Պատկերացրեք, որ շատ ժամեր քայլում եք Աստծո Որդու՝ կյանքի Տիրոջ հետ՝ լսելով Նրան, թե ինչպես է մեկնաբանում Մեսիայի մասին մարգարեությունները։ Նրանց վիշտը թեթևացավ՝ փոխարինվելով զարմանքով և ներքին հուզմունքով։
Մեզ հե՛տ մնա
Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ Բայց նրանք խնդրեցին Նրան. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է» (Ղուկաս 24․29): Նա մնաց նրանց հետ, նստեց և հաց կտրեց։
Հաջորդող իրադարձությունների վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեյմս Ի. Թալմեջը (1862–1933) գրել է. «Օրհնության եռանդի կամ հացը կտրելու և բաժանելու ձևի մեջ կարող էր ինչ-որ բան լինել, որը վերադարձրեց նախկին օրերի հիշողությունները, կամ միգուցե նրանք տեսան խոցված ձեռքերը, բայց, անկախ անմիջական պատճառից, նրանք ուշադիր նայեցին իրենց հյուրին, «նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից» [Ղուկաս 24․31]»:
Հաջորդ պահին նրանք դարձան միմյանց և ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում» (Ղուկաս 24․32): Այդ վառվելը շփոթմունք կամ վախ չէր, այլ ճանաչելն էր։ «Այս նկարագրված զգացումներն աստվածային Որդու մասին եզրափակիչ վկայությունն են», - սովորեցրել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–85):
Մեր անձնական ճանապարհը դեպի Էմմաուս
«Ի՞նչ կասեր Նա ձեզ, եթե կարողանայիք քայլել և խոսել Նրա հետ», - հարցրեց Յոթանասունից երեց Պատրիսիո Մ․ Ջիուֆրան։
«Աշակերտների նման, մենք միգուցե չճանաչենք Փրկիչին մեզ հետ քայլելիս»,- ասաց նա։ «Մենք կարող ենք չտեսնել, թե Նա ինչպես է մնում մեզ հետ, ճգնում է մեզ հետ, աշխատում է մեզ հետ և լաց է լինում մեզ հետ»: Կյանքի շեղող հանգամանքները՝ լինեն դրանք փորձություններ, թե հաղթանակներ, կարող են Նրա ներկայությունն աննկատելի դարձնել։
Մեզանից յուրաքանչյուրը քայլում է իր սեփական ճանապարհով դեպի Էմմաուս։ Այդ ճանապարհին մենք բախվում ենք հիվանդության, թուլության, դրամական խնդիրների կամ նույնիսկ հաջողությունից բխող հպարտության։ Սակայն կարիք չկա, որ մենք մենակ քայլենք, ինչպես ասել է երեց Ջիուֆրան։ «Մենք կարող ենք խնդրել Փրկչին մնալ մեզ հետ»:
Երբ մենք սովորում ենք Քրիստոսի մասին, հնազանդվում ենք Նրա պատվիրաններին, աղոթում, ուսումնասիրում սուրբ գրությունները, հետևում ապրող մարգարեներին և հրավիրում Նրան մնալ մեզ հետ, մենք սկսում ենք ճանաչել Նրա ազդեցությունը։ «Աշակերտների խնդրանքը՝ «Մեզ հե՛տ մնա», պետք է լինի նաև մեր խնդրանքը»,- ասել է երեց Ջիուֆրան։ Եվ երբ դա լինի, մեր սրտերը նույնպես կվառվեն մեր մեջ։