«Հովսեփ Արիմաթեացին․ արդար ցանկություններ և Աստծո հրաշքներ», Լիահոնա, մարտ 2026։
Նրանք ճանաչում էին Փրկչին
Հովսեփ Արիմաթեացին․ արդար ցանկություններ և Աստծո հրաշքներ
Ո՞վ էր Արիմաթեացի Հովսեփը, և ի՞նչ կարող ենք սովորել նրա դերից Զատիկի պատմության մեջ։
Նկարը՝ Լաուրա Սերայի, պատճենումն արգելված է
Արիմաթեացի Հովսեփը կարևոր դեր տարավ Զատիկի պատմության մեջ՝ օգնելով Տիրոջը մարդկության պատմության մեջ ամենամեծ հաղթանակին հասնելու գործում։ Երբ Հիսուս Քրիստոսը խաչվեց, Հովսեփը «համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել և խնդրել Հիսուսի մարմինը» (Մարկոս 15․43): Այն բանից հետո, երբ շատերը լքեցին Տիրոջը Նրա հուսահատության ժամին, ի՞նչը ստիպեց Հովսեփին մնալ և մասնակցել Փրկչի զոհաբերության այդքան առանցքային մասին։
Նրա նվիրվածությունը կարող է հակասական թվալ նրա կարգավիճակին՝ որպես հարուստ անդամ Ծերակույտում՝ հրեաների խորհրդում, որը կազմված էր փարիսեցիներից և սադուկեցիներից, որոնք մահվան էին դատապարտել Քրիստոսին (տես Մատթեոս 27․1, 57): Ավելին, Հովսեփը գաղտնի էր պահում իր Քրիստոսի աշակերտ լինելը՝ «հրեաներից վախի պատճառով» (Հովհաննես 19․38):
Այնուամենայնիվ, վերջում նրա նվիրվածությունը փայլեց։ Նա «նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել», ովքեր Փրկչի մահն էին ցանկանում (տես Ղուկաս 23․50–51): Եվ Փրկչի մահից հետո, Հովսեփը Տիրոջ մարմինը փաթաթեց կտավով և դրեց իր նոր գերեզմանի մեջ (տես Մատթեոս 27․59–60, Ղուկաս 23․52–53): Սա այն մարգարեության իրականացումն էր, որ Քրիստոսի գերեզմանը հարուստների հետ էր լինելու (տես Եսայի 53․9):
Նա հարություն առավ
Իր գերեզմանը Փրկչի թաղման համար տալով՝ Արիմաթեացի Հովսեփն օգնեց իրականացնել մարգարեությունները և ճանապարհ նախապատրաստեց Հիսուս Քրիստոսի Հարության հրաշալի վկայության համար։ Խաչելությունից հետո երրորդ օրը Քրիստոսի հետևորդները գերեզմանը դատարկ գտան, և հրեշտակի ձայնը հայտարարեց. «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28․6):
«Հիսուս Քրիստոսի Հարությունը վկայում է Նրա աստվածայնության մասին, և որ Նա հաղթահարել է բոլոր բաները», - ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը։ «Նրա Հարությունը վկայում է, որ Նրա հետ կապված լինելով ուխտով, մենք ևս կարող ենք հաղթահարել բոլոր բաները և դառնալ մեկ: Նրա Հարությունը վկայում է, որ Նրա միջոցով անմահությունը և հավերժական կյանքը իրականություն են»։
Հովսեփը գուցե չգիտեր, թե ինչ է նվիրել այդ առաջին Զատիկին, բացի Հիսուս Քրիստոսին մեծարելու ցանկությունից։ Սակայն Տերը Հովսեփի արդար ցանկություններն օգտագործեց որպես Իր վերջնական հրաշքի մաս՝ լինելու «ննջեցյալներից առաջինը» (Ա Կորնթացիներին 15․20)՝ առաջինը, որ հարություն կառնի մեռելներից։
Ճիշտ այնպես, ինչպես Հովսեփը կարևոր դեր ուներ, մեզանից յուրաքանչյուրը կարող է գործիք լինել Երկնային Հոր ձեռքում։ Նրա ծրագիրը բոլորի համար է, և Նա կօգտագործի մեր հմտությունները, փորձը և հանգամանքները՝ Իր մեծ գործը առաջ տանելու համար։ Այս Զատիկին մենք կարող ենք հիշել այս ուղերձը և փնտրել Հիսուս Քրիստոսին՝ զոհաբերելով այն, ինչ կարող ենք՝ օգնելու կառուցել Նրա արքայությունը և թույլ տալով, որ Նրա հրաշքները կատարվեն մեր կյանքում։