«Աստվածային ինքնություն. ավետարանի ճշմարտությունը, որը փոխեց իմ կյանքը», Լիահոնա, մարտ 2026։
ՉԵ շաբաթական պարբերականից
Աստվածային ինքնություն. ավետարանի ճշմարտությունը, որը փոխեց իմ կյանքը
Աստված ձեզ լիովին ճանաչում է և գիտի, թե ինչն է ձեզ համար լավագույնը։
Ես հուսահատորեն աղոթում էի իմ իրավիճակը հասկանալու համար։ Իմ միսիայի կանչը եկավ շատ ուշ, և ես ամաչեցի գրվածից. Ալպյան գերմանախոս միսիա։
Իմ երկրում։
Ի՞նչ։
Ես չէի ցանկանում իմ երկրում ծառայել: Ես ևս ակնկալում էի գնալ ուրիշ տեղ, ինչպես ընկերներիս մեծ մասը։ Այս լուրը ինձ ստիպեց զգալ, որ Երկնային Հայրն ինձ կարողունակ չէր համարում Իրեն ծառայելու համար։
Բայց երբ հուսահատորեն աղոթեցի, հարցնելով Նրան՝ արդյոք Նա հոգ է տանում իմ մասին, և արդյոք այս միսիայի կանչը սխալ էր, զգացի, որ մի ծանրություն ընկավ ուսերիցս։ Ես զգացի, որ Հոգին վստահեցրեց ինձ, որ Աստված ինձ լիովին ճանաչում է և գիտի, թե ինչն է լավագույնը ինձ համար։
Այդ պահին Հոգին հաստատեց, որ ես Աստծո զավակն եմ։
Դա առաջին դեպքերից մեկն էր, երբ ես իսկապես զգացի իմ աստվածային ինքնության զորությունը։
Ամենակարևոր ճշմարտությունը
Հիսուս Քրիստոսի ավետարանի կյանք փոխող ճշմարտություններից մեկն այն է, որ մենք երկնային ծնողների զավակներ ենք։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է «հավերժական ճշմարտության համապարփակ պարգևի մասին, որը խթանում է մեր ունակությունը՝ ստանալու այն ամենը, ինչ մեր Հայրը ցանկանում է շնորհել մեզ․ դա գիտելիքի կենսական պարգև է, որը լիարժեք ստանալով և ընդունելով հոգու խորքում՝ իմաստավորվում են կյանքի ուրախություններն ու դժվարությունները և մեր անպատասխան հարցերը. դա այն է, որ մենք իսկապես Աստծո զավակներն ենք»։
Իմ միսիայի կանչը ստանալու փորձառությունից ի վեր ես զգացել եմ այդ խոսքերի ճշմարտացիությունը։ Ես երբեք չեմ մոռացել, թե որքան վստահություն և զորություն զգացի, երբ հասկացա, որ Աստված ճանաչում և սիրում է ինձ։
Կենտրոնանալ իմ ինքնության վրա
Չնայած այս ճշմարտությանը, շրջապատող աշխարհը քիչ բան է անում՝ ինձ հիշեցնելու իմ աստվածային ժառանգության մասին։ Ես հասկացա, որ պետք է գիտակցաբար հիշեմ իմ աստվածային ինքնությունը և դրանից բխող զորությունը։
Ինձ համար, դա ներառում է՝ իմ մարմնի հրաշքի մասին խորհելը և այն ամենը, ինչ այն թույլ է տալիս ինձ անել ու զգալ ամեն օր։
Ես նաև կապված եմ զգում իմ Արարչի հետ, երբ բնության լռության մեջ եմ։ Լեռների գեղեցկությունը կամ մայրամուտը տեսնելն ինձ հիշեցնում է, որ Աստված պարտավոր չէր գեղեցկացնել երկիրը։ Բայց Նա և Հիսուս Քրիստոսը դա արեցին մեզ համար, քանի որ Նրանք ցանկանում են, որ մենք վայելենք այս աշխարհի հրաշքները և հիշենք Նրանց սիրո մասին (տես Մովսես 6․63):
Եվ ամեն օր Երկնային Հորն աղոթելը, Նրան իմ զգացումների մասին պատմելը և գիտակցելը, որ Նա ցանկանում է լսել և խոսել ինձ հետ, օգնում է ինձ խորացնել իմ աստվածային կապը Նրա հետ։ Աղոթքն ինձ հիշեցնում է, որ ես մենակ չեմ, և որ Նա առաջնորդում է ինձ, նույնիսկ եթե այն, ինչ ես ուզում եմ, հիմա տեղի չի ունենում։ Ես վստահ եմ, որ Նա՝ սիրող Հայրը, գիտի, թե երբ է ճիշտ ժամանակը ինձ որոշակի օրհնություններ տալու համար։
Մահկանացու կյանքի պարգևը
Իմ միսիան այնպիսին չէր, ինչպիսին ես ակնկալում էի, բայց ես ունեցա փորձառություններ, որոնք օգնեցին ինձ հասկանալ, թե ինչու էր Երկնային Հայրը ցանկանում, որ ես լինեի իմ երկրում։ Երբ կիսվեցի աստվածային ինքնության ճշմարտությամբ այն մարդկանց հետ, որոնք նախկինում երբեք չգիտեին դա, ես լցվեցի ուրախությամբ։
Ես չեմ պատկերացնում կյանքն առանց իմ իրական ինքնության մասին գիտելիքի. ես դատարկ և կորած կզգայի։
Երբ մտածում եմ կյանքիս նպատակի մասին, ինձ մեծ հույս է տալիս իմացությունը, որ մահկանացու կյանքը Երկնային Հոր` ինձ համար նախատեսված ծրագրի ընդամենը մի փոքր մասն է։ Ես կարողանում եմ անել, սովորել և դառնալ ավելին, քան հիմա եմ՝ կյանքի աստվածային պարգևի շնորհիվ, որը Նա տվել է ինձ՝ որպես Իր զավակ։ Ես շատ երախտապարտ եմ, որ Նա տվեց Իր սիրելի Որդուն՝ որպես իմ Փրկիչ, և Նա թույլ տվեց ինձ ընտրել մահկանացու կյանքը՝ Նրա նման դառնալու և տուն վերադառնալու համար։
Ինչ դժվարությունների էլ առնչվեք աշխարհում, հուսով եմ՝ միշտ կհիշեք, թե ով եք իրականում։ Այդ ճշմարտությունը ձեզ զորություն կտա դիմակայելու ձեր ճանապարհին հանդիպող ցանկացած մարտահրավերի։
Ինչպես Աստված լսեց ինձ հուսահատության պահին, այնպես էլ ես գիտեմ, որ Նա միշտ լսում և սիրում է նաև ձեզ։
Հեղինակն ապրում է Լիստալում (Շվեյցարիա)։